Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Մշակույթ
Շաբաթ, 30 Հունվար 2016 14:39

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԹՎԱԾԱՀԱ՞Ր Է ԵՂԵԼ


Հայաստանում գրեթե ամեն օր տպագրվում են զանազան գրքեր, որոնք ընթերցողին ընտրության լայն հնարավորություն են տալիս` գտնել, կարդալ, քննարկել ու քննադատել: Ահա այս քննադատությունների արդյունքում է, որ արժեքավոր ստեղծագործություններն ու գրքերը մարդիկ տարբերակում են ոչ արժեքավորից, եթե իհարկե քննադատությունն առողջ է: Բայց, արի ու տես, որ վերջին տարիներին գրականագետներին մտահոգում է առողջ քննադատության, տվյալ դեպքում գրաքննադատության բացակայությունը: Պատճառն էլ բացատրում են հետեւյալ կերպ` սոցիալական ծանր պայմանների պատճառով շատ գրաքննադատներ իրենց օրվա հացը վաստակելու համար վարձատրվող աշխատանք են կատարում, իսկ գրքեր կարդալու եւ գրաքննադատական հոդվածներ գրելու համար` գումար չկա: Եվ ուրեմն, այս դեպքում ստացվում է, որ Հայաստանում գրականագիտությունն ու գրաքննադատությունը հետընթաց է ապրում: Այս հրատապ թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց որոշ գրականագետների եւ գրաքննադատների հետ:

 

 

«ԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՎ` ԳԻՏՆԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ»
Գրականության ինստիտուտի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ.
- Այսօր, գուցե, չափանիշներն այն չեն, ինչ, ասենք` եղել է Խորհրդային Միության տարիներին, երբ կային հստակ սահմանումներ: Մենք ինչ աստիճանի եւ հիմքերի վրա ենք, այդ հիմքերի վրա էլ մեր գրականագիտությունն է: Ամեն դեպքում, ֆինանսական միջոցները ազդում են գրաքննադատության եւ գրականագիտության վրա, որովհետեւ որեւէ գիտական ինստիտուտում աշխատելով` գիտնականը չի կարող ապրել, ստիպված դասախոսություններ է կարդում, զբաղվում խմբագրական աշխատանքով: Բայց, չեմ կարծում, որ ֆինանսը էական նշանակություն ունի, ամեն դեպքում գրաքննադատությունը զարգանում է բնականոն հունով: Հայտարարությունը, թե գրաքննադատությունը կաթվածահար է եղել, բոլորովին սխալ է եւ մռայլ, մարդկանց թյուր ըմբռնումների արդյունք:
«ՆԱԽՈՐԴ ԴԱՐԻ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ ՉԵՆ
ԿԱՐՈՂ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ»
Գրականագետ ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ.
- Միշտ էլ սոցիալական պայմանները ազդել են գիտության վրա: Որ ասեմ` մեր Գրականության ինստիտուտը ոչինչ չի անում, ճիշտ չի լինի: Այս հարցերով զբաղվում են, սակայն այն մակարդակը, որին կցանկանայի հասնեինք, դեռ չենք հասել: Կարծում եմ, որ նախորդ դարի մեր մեծերին չեն կարող որեւէ կերպ բարձրացնել: Մենք պետք է աշխատենք գրականագիտությունն ու գրաքննադատությունը հասցնել ավելի բարձր մակարդակի:
«ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՈՐՊԵՍԶԻ «ՅՈԼԱ» ԳՆԱՆ»
Գրականագետ, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ.
- Գրականությունը ինքնաբուխ երեւույթ է, եւ սոցիալական վիճակը կարող է դառնալ հենց գրականության նյութ: Գրականությունը գտնվում է վատ վիճակում, այնտեղ որոշակի դադար կա, ինչը բնական երեւույթ է: Կարող եմ ասել, որ ունենք հզոր արժեքներ ստեղծող գրողներ: Ինչ վերաբերում է գրաքննադատությանը եւ գրականագիտությանը, ապա դրանք պետք է ֆինանսավորվեն, գրականագիտությունը մեզանում գրեթե չի վճարվում: Նրանք, ովքեր պետք է զբաղվեն այդ գործով, կատարում են շատ ծանր աշխատանքներ, որպեսզի կարողանան «յոլա» գնալ: Բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով գրաքննադատությունը մի փոքր հետ է մնում գրականությունից, սակայն ստեղծվող գրականությունը, այնուամենայնիվ, իր գնահատության մեջ արժեւորվում է, մի խոսքով` պարապ չեն մնում, էլի:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ