Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՌՄԲԱՀԱՐԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓԸ»

 

Երեկ հայրենի խորհրդարանում ամփոփվեցին ԵԽԽՎ-յան ձմեռային նստաշրջանի իրադարձություններն ու արդյունքները: Իհարկե, քննարկումը մասնավորապես ծավալվեց հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցած բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով զեկույցի ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով զեկույցի նախագծերի քվեարկության մասին, որի հետեւանքով ունենք մեկ «վնասազերծված» զեկույցի նախագիծ եւ մեկ արդեն ընդունված հակահայկական բանաձեւ: Այս մասին մի քանի պարզաբանումներ ստացանք հենց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ հետայսու նաեւ ԵԽԽՎ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՑ:

 

«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԵԽԽՎ ՄԱՆԴԱՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ»

 

Տիկին Նաղդալյան, ԵԽԽՎ-ում տեղի ունեցածից հետո, արդյոք ժամանակը չէ, որ պաշտպանվողի ու պատասխանողի կարգավիճակից անցում կատարենք եթե ոչ հարձակվողի, ապա նախաձեռնողի դիրքերից: Օրինակ, նույն այդ կառույցում բարձրացնելով Հայաստանի 25 տարի շրջափակման մեջ լինելու խնդիրը:

– Որպեսզի նախաձեռնողականության մասին ճիշտ պատկերացում ունենանք, պետք է նորից հիշենք ԵԽԽՎ մանդատը եւ ԵԽԽՎ խնդիրների շրջանակը: Այս շրջանակներում Լեռնային Ղարաբաղը, կոնֆլիկտների կարգավորումը չեն տեղավորվում: Եվ երկար տարիներ Ադրբեջանի քաղաքականության նպատակը եղել է հենց սա, որպեսզի բերեն եւ այս ձեւաչափով, այս կազմակերպության օրակարգում տեղավորեն կոնֆլիկտին` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող խնդիրներ: Մենք ունենք մեր ռազմավարությունը, եւ այն եղել է հետեւյալը` կոնֆլիկտին վերաբերող բոլոր խնդիրների լուծման տեղը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Ու նախեւառաջ այն գլխավոր պատճառով, որ Մինսկի խումբը միակ միջազգային հանրության կողմից լիազորված մանդատն է: Իսկ երկրորդ հերթին շատ կարեւոր է այս ձեւաչափը նրա համար, որ այն հավասարապես աշխատում է երեք կողմերի հետ` Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի: Մեկ այլ ձեւաչափ, որտեղ ԼՂ-ն եւս հավասարապես ներկայացված կլինի, մենք այսօր չունենք: Այս աշխատանքը Մինսկի խումբն է կարողացել միայն կատարել, եւ հենց դրա համար էլ Ադրբեջանը փորձում է, աշխատում է, ձգտում է ռմբահարել Մինսկի ձեւաչափը: Ավելին` բերել խնդիրը հասցնել ԵԽԽՎ, որտեղ կօգտագործի իր թվային մեծամասնությունը, իր լոբբիզմը, եւ որտեղ Լեռնային Ղարաբաղը ներկայացված չի լինի, որպեսզի միակողմանի, ոչ օբյեկտիվ ձեւով փորձի իր համար բարենպաստ լուծումներ ստանալ: Սա է պատասխանն այն հարցի, թե ինչու չենք ներկայացնում սեփական նախաձեռնություններ ԵԽԽՎ-ում` կապված կոնֆլիկտի կամ Ղարաբաղ-Ադրբեջան կամ Ադրբեջան-Հայաստան-Ղարաբաղ խնդիրների վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ, իհարկե, մենք կարող ենք եւ աշխատում ենք ԵԽԽՎ մանդատի շրջանակներում նոր նախաձեռնություններով հանդես գալ: Ու նման նախաձեռնություններ ունեցել ենք գոնե վերջին մեկուկես տարվա ընթացքում մի քանի անգամ, եւ կարծում եմ` այս երկու զեկույցների ընդունումից հետո, երբ պարզապես մի փոքր ավելի մեր ծանրաբեռնվածությունը կպակասի, ընթացք կտանք նաեւ մեր մյուս նախաձեռնություններին:


«ՇԱՏ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԵՐԺՄԱՆ, ԲԱՅՑ...»


Այնուամենայնիվ, վերադառնալով ԵԽԽՎ լիագումար նիստում արդեն քվեարկված հակահայկական զեկույցներին` եւս մեկ հարց. հնարավո՞ր չէր ավելի վաղ կանխել հենց Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը, երբ այն քննարկվում էր դեռեւս հանձնաժողովում:

– Դոշ ծեծելով, սրտացավորեն ոմանք ասում էին, թե այդ ինչպես եղավ, որ եկավ-հասավ հարցը լիագումար նիստ, բայց այդտեղ շատ պարզ կանոնակարգային պատասխան կա. զեկույցը ներկայացվում է հանձնաժողովին ընդամենը հանձնաժողովի նիստից մեկ շաբաթ առաջ: Այսինքն` նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստից ընդամենը մեկ շաբաթ առաջ էր ներկայացվել զեկույցի նախագիծը, եւ պատվիրակության անդամները, ինչպես նաեւ հանձնաժողովի մյուս անդամները զեկույցի նախագիծը տեսել են այդ ժամանակ: Ասեմ, որ մեր կողմից եղել են համատեղ աշխատելու առաջարկներ` այն տեսլականով, ինչպիսին մենք ունենք: Մեր պատվիրակության անդամները` Վահան Բաբայանն ու Նաիրա Կարապետյանը, սոցիալական հանձնաժողովում ներկայացրել են մի շարք լրացումներ, փոփոխություններ: Այնպես որ, այդ առաջարկները եղել են, բայց հանձնաժողովի մեծամասնությունը հակված է եղել դեպի զեկույցն այդ տեսքով ընդունելուն, եւ դրա վտանգը մենք բնականաբար շատ լավ գիտեինք: Ուստի` հաշվարկում էինք, թե ինչպիսին են մեր հնարավորություններն ու ուժերը: Կոնկրետ տվյալ պահին, թեպետ շատ ավելի դժվար է լիագումար նիստում հասնել զեկույցի մերժման, որն անցել է համապատասխան հանձնաժողովով, բայց մենք ԵԽԽՎ այդ հանձնաժողովում ունեինք ընդամենը երկու պատվիրակ: Դրա համար, չնայած ունեինք քիչ ժամանակ, բայց դեկտեմբեր-հունվար ամիսներին բացատրական, տեղեկատվական մեծ աշխատանք կատարեցինք, նամակներով, հանդիպումներով, զրույցներով, նյութեր ներկայացնելով հիդրոտեխնիկական մասնագիտության վերաբերյալ եւ այլն, արեցինք հնարավորը, որպեսզի կանխվեր այդ զեկույցների ընդունումը:


«ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿ-ԵՐԿՈՒՍԻՆ ԵԽԽՎ ՄԱՅԹՈՒՄ ԶԲՈՍՆԵԼԻՍ ՏԵՍԵԼ ԵՄ, ՈՉ ԱՎԵԼ»


Ամեն դեպքում, առ այսօր ԵԽԽՎ-ից տեղյակ ու անտեղյակ շատ գործիչներ շարունակում են քննադատություններ հնչեցնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հասցեին: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

– Այն «մեծ» մասնագետները, ում մասին դուք խոսում եք, կամ ովքեր հանդես էին գալիս այդ քննադատական, վերլուծական «ստեղծագործություններով», նրանց` որպես ԵԽԽՎ-ի վերաբերյալ խորը, լավ մասնագետ, երբեւիցե չեմ տեսել եւ չեմ էլ պատկերացնում: Նրանցից մեկ-երկուսին ԵԽԽՎ մայթում զբոսնելիս տեսել եմ, ոչ ավել: Չեմ հիշում, որ որեւէ մեկը ԵԽԽՎ-ի շենք մտած լինի եւ պատվիրակներից որեւէ մեկի հետ գոնե մի հարցի մասին քննարկած կամ գոնե մի բան համոզած լինի: Այդ քննադատական վերլուծությունների մեծ մասը մակերեսային էին եւ ցույց են տալիս մի բան, որ հարցերը, որոնք բարձրաձայնվում են, պարզապես, գալիս են ԵԽԽՎ կանոնակարգերը եւ աշխատակարգերը չիմանալուց:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ