Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԹԵ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԼԻՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱՆՁ, ՑՈՒՅՑ ԿՏԱ ԺԱՄԱՆԱԿԸ»

 

Երեկ կայացած ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի առաջին նիստը բավական ակտիվ ու թեժ էր, հատկապես երբ քննարկվում էր «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին» օրենքի նախագիծը: Նախագծի քննարկումը վերածվեց ՀՀ Մարդու իրավունքների 3-րդ պաշտպանի հրաժարականի պատճառների քննարկման ու ընդունելի թեկնածուի փնտրտուքների: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

 

Տիկին Վարդանյան, տարբեր պատգամավորների կողմից ԱԺ ամբիոնից կարծիքներ հնչեցին, որ Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը պարտավոր էր պարզաբանում տալ հանրությանը, թե ինչու է հրաժարական տվել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Երեւի կկրկնվեմ, բայց մեկ անգամ եւս պետք է ասեմ, որ այն դեպքում, երբ լինում են ստվերային գործընթացներ, դա որոշակի ջրբաժան է հանդիսանում հասարակության եւ իշխանության, այս դեպքում` նաեւ մարդու իրավունքների պաշտպանի միջեւ: Չնայած այդպիսի ավանդույթ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է, եւ անընդհատ ականատես ենք լինում տարբեր ստվերային որոշումների: Ու հասարակությունն այդպես էլ չի հասկանում, թե ինչպիսի պատճառներ կային, եւ սա վերաբերում է տարբեր գործընթացներին` հրաժարականներին, նշանակումներին, ինչու ոչ, նաեւ կարեւորագույն քաղաքական որոշումներին:

ՄԻՊ-ի հարցը խորհրդարանում շատ անձնավորվեց եւ նույնիսկ եղավ տեսակետ, որ օմբուդսմենը պետք է այնքան ուժեղ լինի, որ կարողանա տղամարդավարի դիմակայել հնարավոր ճնշումներին: Ի վերջո, Հայաստանում մարդու իրավունքնե՞րը, թե հենց օմբուդսմենը պաշտպանության կարիք ունի:

– Մարդու իրավունքները Հայաստանում այնքան ոտնահարված են, որ մեզնից յուրաքանչյուրը իրավունքների պաշտպանության կարիք ունի: Եվ այստեղ նշել, որ մարդու իրավունքների պաշտպանը օգնության կարիք ուներ եւ այլն, կարծում եմ ` մի փոքր հուզական, էմոցիոնալ դաշտից էին: Խնդիրն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանը հենց կոչված է բարձրացնելու խնդիրներ եւ դրանով վեր հանելու առաջարկներ: Հետեւաբար, այս դեպքում  պետք է նայենք բուն գործընթանցերին, թե որքանով է պաշտպանը կարողնանում այդ ամենը կատարել: Իմ գնահատմամբ` գոնե Կարեն Անդրեասյանը վերջին տարիների ընթացքում իր գործունեությամբ կարողացել է վեր հանել բազմաթիվ խնդիրներ եւ նաեւ ներկայացնել առաջարկներ:

Խորհրդարանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու կարգը, կարծես թե, անբարենպաստ իրավիճակ է ստեղծել ԲՀԿ-ի համար, ով ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում, որի որոշմամբ կառաջադրվի թեկնածուն կամ թեկնածուները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր չկա:

– Բայց կա խմբակցությունից ներկայացված պատգամավոր` Տիգրան Ուրիխանյանը: Եվ, ի վերջո, որոշումը դեռ վերջնական չէ եւ առաջարկներով կարող է վերջնական տեսքի բերվել, որտեղ հաշվի կառնվեն տարբեր շահեր:

Ի դեպ, շահերի մասին, ՄԻՊ թեկնածուների շարքում շրջանառվում են նաեւ ընդդիմադիր որոշ պատգամավորների անուններ: Որքանո՞վ կարող է ընդդիմադիր այս կամ այն պատգամավորը լինել ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից ընդունված ու հեղինակություն վայելող ՄԻՊ թեկնածու:

– Դժվարանում եմ այդ հարցին անդրադառնալ, որովհետեւ թեկնածուների մասին գիտեմ այնքան, որքան եւ դուք, պարզապես` լրատվամիջոցներում եղած հրապարակումներից: Իրականում, թե ովքեր կլինեն թեկնածուները, եւ թե առաջադրվող ՄԻՊ թեկնածուն կլինի հասարակության կողմից ընդունված անձ, ցույց կտա ժամանակը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ