Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԻՍԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼԻՍ` ՄԻԱՅՆ ԱՆԱՉԱՌՆԵՐԸ»

 

Մինչ Ստրասբուրգում հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունը փորձում էր չեզոքացնել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հակահայկական բանաձեւերը, նույն ժամանակ Ստրասբուրգում էր գտնվում նաեւ ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այս հանդիպման, ինչպես նաեւ ԵԽԽՎ-յան իրադարձությունների ու ադրբեջանական արձագանքների մասին էլ ծավալվեց մեր զրույցը Ա. Հովհաննիսյանի հետ:

 

«ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ»


Ստրասբուրգում Ձեր հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Եվրոպայի խորհրդում խիստ քննադատության ենթարկեց Ադրբեջանի վարած քաղաքականությունը մարդու իրավունքների ոտնահարման հարցում: Կարելի՞ է ասել, որ սա եւս մեր հաղթանակն էր այդ հարթակում:

– Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտը ամենախոցելիներից է, եւ գրեթե ամեն օր ականատես ենք լինում, որ այդ ոլորտում Ադրբեջանը հետընթաց է արձանագրում, որը տեսնում են նաեւ եվրոպացի պաշտոնյաները: Իսկ ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խոսում են բոլորը, իրավիճակն արձանագրում են բոլորը, իսկ գնահատական տալիս` միայն անաչառները: Կարծում եմ` պետք է բարձր գնահատել նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքը` եվրոպացիների ուշադրությունն այս հարցին սեւեռելու ուղղությամբ:

Տարածված հաղորդագրության մեջ ասված էր, որ հանդիպման շրջանակներում Թ. Յագլանդի հետ քննարկել եք նաեւ Սահմանադրության արդյունքում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին հարցեր: Ինչպիսի՞ն են սրա հետ կապված եվրոպացի պաշտոնյայի տեսակետները:

– Մեր հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը դրական է գնահատել սահմանադրական փոփոխությունները, եւ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդունվող կարեւոր իրավական ակտերի հետ կապված հարցերում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել:


«ՈՐԵՎԷ ԽՈՍՔ` ՈՒՂՂՎԱԾ ԱԼԻԵՎՅԱՆ ԿԼԱՆԻՆ, ՈՐԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԶՄ»


Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներում իր ելույթի համար քննադատության է արժանացել ինչպես Թ. Յագլանդը, այնպես էլ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին, ով հանձ էր առել Խադիջա Իսմայիլովայի դատական գործը, որը ադրբեջանական կառավարության ամենաակտիվ քննադատողներից մեկն է: Քլունին առաջարկել է ՄԻԵԴ-ում վերաքննել Իսմայիլովայի կալանավորման հարցը, եւ սրա համար Ամալ Քլունիին ադրբեջանական մամուլը սկսել է համարել հայկական լոբբիստ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ակնհայտ է, որ այն մարդիկ, ովքեր խոսում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումից, Ադրբեջանի իշխանությունն այդ մարդկանց համարում է հայկական լոբբիստներ: Ադրբեջանում անհանդուրժողականության մթնոլորտն արդեն անասելի չափերի է հասել, եւ որեւէ խոսք` ուղղված ալիեւյան կլանին, ընդհանրապես, մարդու իրավունքների վիճակին, որակվում է հայկական լոբբիզմ: Զավեշտալի օրինաչափություն կա. ԵԽԽՎ-ում բոլորը գիտեն, որ ադրբեջանցի այն իրավապաշտպանը, ով հայտարարություն է անում իր երկրում տիրող մարդու իրավունքների ոլորտի վիճակի մասին, Ադրբեջան վերադառնալով` նրա դեմ քրեական գործ է հարուցվում եւ, որպես կանոն, նրանք դատապարտվում են կամ հարկերից խուսափելու, կամ խուլիգանության հոդվածով:


«ԶԵԿՈՒՅՑՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՇՌՈՎ ՆՈՒՅՆԸ ՉԷԻՆ»


Դուք եղել եք ԵԽԽՎ հայաստանյան խորհրդարանական պատվիրակության անդամ եւ քաջածանոթ եք այդ հարթակի աշխատանքներին, ինչպե՞ս կգնահատեք երկու հակահայկական բանաձեւերի դեմ տարված աշխատանքը:

– Կարծում եմ` ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը եւ, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը իր դիվանագիտական, խորհրդարանական եւ քաղաքացիական հատվածով կատարել է ահռելի աշխատանք` այս զեկույցների տապալման համար: Պետք է ասեմ նաեւ, որ զեկույցներն իրենց կշռով նույնը չէին. Ադրբեջանի բարձրացրած վայնասունը հենց դրա մասին է վկայում: Այնուամենայնիվ, կարծում եմ` դեռեւս բավական աշխատանք ունենք կատարելու` ընդունված բանաձեւի հետեւանքները չեզոքացնելու համար:

Իսկ չե՞ք կարծում, որ ԵԽԽՎ-ից Հայաստանի Հանրապետությունն ավելի վնասներ է կրում, քան օգուտներ, ու սա հաշվի առնելով` արդյո՞ք ժամանակը չէ այլեւս բոյկոտել ԵԽԽՎ-յան աշխատանքները:

– Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի հետ ունի արդյունավետ համագործակցության լայն ձեւաչափ, եւ տրամաբանական է, որ Խորհրդարանական վեհաժողովը` որպես Եվրոպայի խորհրդի կառույցներից մեկը, իր բնույթով պետք է լիներ շատ քաղաքականացված, որովհետեւ այնտեղ  բախվում են պետությունների շահեր եւ յուրաքանչյուր պետություն փորձում է դրանց կիզակետում հնարավորինս անխոցելի պահել իր շահը: Իսկ ինչ վերաբերում է ԵԽԽՎ աշխատանքները բոյկոտելուն, ապա կարծում եմ, որ դա խնդիրների լուծման լավագույն միջոցը չէ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ