Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

Դ. Սահակյանց. «ԿԱՏԱՂԻ ԿՌԻՎ Է ԳՆՈՒՄ, ՉԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ»

 

«Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել էր «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի ղեկավար, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻՆ, ում ուղղված մի քանի տասնյակ հեռախոսազանգերն ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը վերաբերում էին ոչ միայն մշակույթին, այլ նաեւ քաղաքական ու հասարակական թեմաներին:

 

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՇԱՏ ՎԱՏԸ»


Պարոն Սահակյանց, ըստ Ձեզ` ո՞րն է Հայաստանի ճիշտ ուղին` արժեհամակարգի անկում ապրող Եվրոպայի եւ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանի արանքում: (ՔՐԻՍՏԻՆԵ, ք. Երեւան)

– Իմ կարծիքով` շատ դրական կողմեր կան ե՛ւ եվրոպական, ե՛ւ ռուսական ուղու մեջ, բայց նաեւ շատ բացասական կողմեր էլ կան: Մենք պետք է ունենանք այն գիտակցությունը եւ այն պատմական հնուց եկած ճիշտ ընկալումը, որպեսզի կարողանանք տարբեր իրավիճակներում, տարբեր հարցերի շուրջ ճիշտ ընտրություն կատարել: Չի կարելի մի ուղի ընտրել եւ դրանով միայն շարժվել: Վստահ եմ, որ ունենք մեր ուղին եւ չպետք է 100 տոկոսով հանձնվենք այս կամ այն ուղղությանը: Պետք է մերը առաջ տանենք` ուղղակի, հաշվի առնելով եւ լավագույնը քաղելով տարբեր ուղղություններից: Իսկ այս պահին Եվրոպա, թե Ռուսաստան, անձամբ ինձ համար ավելի հարազատ են ոչ արեւմտյան գաղափարները, բայց էլի եմ շեշտում, որ այնտեղ էլ կան շատ լավ բաներ:

Դուք այն արվեստագետներից եք, ով միշտ անկաշկանդ խոսել է իր քաղաքական հայացքների մասին: Հետաքրքիր է ձեր կարծիքը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: (ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻ)

– Ըստ իս` խորը ճգնաժամ է մեզ մոտ, եւ այդ ճգնաժամը ընդհանուր առմամբ հակադրությունների է վերածվում տարբեր ճամբարներում: Համերաշխություն չկա շատուշատ հարցերում, եւ շատ անգամ կատաղի կռիվ է գնում, չես հասկանում` ինչի համար: Ուղղակի, ընդհանուր մթնոլորտն է շատ վատը, եւ սա խանգարում է աշխատելուն, ինչ-որ ճիշտ լուծումներ գտնելուն եւ ճիշտ գաղափարներ բարձրացնելուն: Այնպես որ, ծանր, բարդ իրավիճակ է, եւ ես անձամբ` դժվարանում եմ այսօր ինչ-որ գնահատականներ տալ:


«ԿԱՏԵԳՈՐԻԿ ԴԵՄ ԵՄ ԱՅՆ ԿԱՐԾԻՔԻՆ, ԹԵ ԱՐԱՄԻ 30-Ն ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐԱՅ ԷՐ»


Անիմացիոն ֆիլմերն արտասահմանում թռիչքային արագությամբ տարածվում են, ու մեծ գումարներ են վաստակում դրանցով: Բայց Դուք մնացիք Հայաստանում, սա հայրենասիրությո՞ւն է, թե՞ ինքնախարազանում: (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր)

– Երբեք չեմ մտածել այստեղից մեկնելու մասին: Իմ կյանքում եղել է մի երկու պահ, որ շատ դժվար էր, բայց այդ «պանիկան» ինքս իմ մեջ կարողացել եմ մարել: Չգիտեմ` դա ինչ է, կարծում եմ` որոշ չափով պատասխանատվություն է: Կյանքում ոչինչ պատահական չի լինում, եթե ծնվել եմ այս երկրում, եթե կապ ունեմ այս երկրի հետ, ժամանակ է գալիս վերադարձնելու այն ամենը, ինչ ստացել եմ այս հողից, այս երկրից, ազգից, մշակույթից: Ես այն տարիքում եմ հիմա, որ պետք է վերադարձնեմ եւ պարտավորված եմ անել աշխատանք` գտնվելով հենց այստեղ: Համարում եմ, որ իմ առաքելությունն է այստեղ ստեղծագործելը, ինչքան էլ դժվար լինի, եւ ինձ հաճելի է դա: Հիմա սեր է սա դեպի երկիրը, հողը, ինչպես ուզում եք կոչեք: Սա ուղղակի իմ մեջ նստած է եւ, փառք Աստծո, շատերն իմ կողքին են եւ համաձայն են ինձ հետ:

Որպես արվեստագետ` հետաքրքիր է Ձեր կարծիքը` արդեն քանդված Արամի 30 շենքի վերաբերյալ: (ԱՐՓԻՆԵ, ք. Արմավիր)

– Ցավալի հարց է, որովհետեւ այն Երեւանից, որտեղ ես ապրել եւ մեծացել եմ, գրեթե ոչինչ չի մնացել: Ուղղակի, մենք հայտնվել ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ամեն ինչ փողն է որոշում: Ցավոք, այդ գումարը, որով կարելի է գնել փողոց, շենք կամ քաղաք, գյուղ եւ այլն, այն տեսակ մարդկանց ձեռքում է հայտնվել, որոնք երեւի չեն ունեցել ճիշտ կրթություն, դաստիարակություն, ճաշակ, եւ նրանք իրենց թույլ են տալիս այդպես ավերել քաղաքը: Իմ պատկերացմամբ`  համոզված եմ, որ եթե ճիշտ ճարտարապետներ աշխատեին այս հարցի վրա, կարծում եմ` հնարավոր կլիներ հին Երեւանը պահպանելով` կառուցել նորը, լինի ֆասադի տեսքով, թե օգտագործելով մեր հին շենքերի էլեմենտները: Եվ կատեգորիկ դեմ եմ այն կարծիքին, որ թե Արամի 30-ն ուղղակի սարայ էր: Ինքս այդ շենքի կողքով անընդհատ անցել եմ, եւ այն ինձ համար շատ գեղեցիկ խաչմերուկ էր, որն արդեն գոյություն չունի: Մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Իհարկե, ժամանակը կանցնի, եւ մեր թոռները չեն էլ հիշի, որ այդտեղ ինչ-որ շենք է եղել, բայց սա չի նշանակում, որ պետք էր քանդել: Սարսափելի վիճակ է, որովհետեւ, իսկապես, Երեւանը դեմքը փոխել է:

Իսկ ի՞նչ կասեք «Զվարթնոցի» կլոր շենքի նախատեսված քանդման մասին:

– Նույնը կարող եմ ասել «Զվարթնոցի» մասին: Ժամանակին այն լավագույն ճարտարապետական լուծումներից մեկն էր: Նույնիսկ մի չեխական, թե լեհական ֆիլմի համար իրենց ինչ-որ արտառոց վայր էր պետք` իբրեւ այլմոլորակայինների բազա նկարելու համար, եւ «Զվարթնոց» օդանավակայանը դարձավ դրա համար իդեալական նկարահանման վայր: Այսինքն` այն գնահատվեց` որպես ճարտարապետական նորություն: Ընդհանրապես, քանդելը շատ ավելի հեշտ է, քան վերանորոգելը կամ պահպանելն այն հինը, որը կա: Մեր ազգի ամենակարեւոր հարցերից մեկն այն է, որ պետք է սովորենք պահպանել հինը: Մենք այսպես ոչնչի չենք հասնի, պետք է խնայողաբար վերաբերվենք այն ամենին, ինչը ունենք: Ու կարծում եմ` այդ հարցը չի լուծվի, քանի դեռ գումարը բռի եւ տգետ մարդկանց ձեռքում է:


«ԱՅԴ ՖՐՈՆՏՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ»


Գաղտնիք չէ, որ Ձեր «Կիլդիմ» մուլտֆիլմերի շարքը` ընդդեմ Ադրբեջանի, հզոր քարոզչական զենք է մեր ձեռքում: Հնարավո՞ր է նոր սերիաներում արտացոլվեն, օրինակ, ԵԽԽՎ-յան ընդգծված պրոադրբեջանական իրադարձությունները: (ԼԻԼԻԹ ԱՍԱՏՐՅԱՆ, ք. Երեւան)

– Այս նախագիծը շատ եմ սիրում, որովհետեւ հնարավորություն է տալիս, չգտնվելով սահմանում, կոնկրետ գործ անել: Եթե այսպիսի գնահատական է տրվում, որ հզոր զենք է, ես միայն կարող եմ ուրախ լինել դրա համար: Մենք հենց «Կիլդիմի» վերջին սերիայում ցույց ենք տվել հենց ԵԽԽՎ-ից դրվագներ, որտեղ Ալիեւը խավիար է բաժանում: Իհարկե, կլինի նաեւ նոր սերիա, մենք արդեն աշխատում ենք սցենարի վրա: Պարզապես, երկար է տեւում «Կիլդիմ» ստեղծելը, որովհետեւ ուզում ենք շատ ավելի խորքային անել, մանավանդ, որ  թշնամին շատ լուրջ է վերաբերվում մեր նախագծին: Յուրաքանչյուր սերիան պետք է լինի տեղին եւ խփի ճիշտ նշանակետին:

Այս առումով ոչ միայն սահմանում է թշնամու կողմից հարձակումը, այլ նաեւ օնլայն տիրույթում, ամեն «Կիլդիմի» հրապարակումից հետո ինչպե՞ս եք դիմակայում ադրբեջանական հարձակումներին: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

– Փորձում եմ ընդհանրապես չկարդալ այն, ինչ գրում են «Յութուբի» մեկնաբանություններում: Այնտեղ մի առանձին պատերազմ է գնում` մեր եւ Ադրբեջանի միջեւ: Բնականաբար, մեր կողմից միայն գովասանքներ ենք լսում, իրենցից էլ միայն թուքումուր ենք ուտում, ինչը բնական է: Ավելին` պարբերաբար, իրենց թերթերում են գրում մեր մասին: Փաստորեն, մեր այդ արտահայտման միջոցը` «Կիլդիմը», որի ստեղծագործական խումբը դարձել է պատերազմող դասակ, ճիշտ ուղու վրա է, եթե այդ աստիճան զայրացնում է մեր «հարեւանին»:

- Իսկ ե՞րբ է լինելու «Կիլդիմի» նոր սերիան: (ՀԵՆՐԻԽ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ք. Երեւան):

- Հիմա սցենարի վրա ենք աշխատում, հուսով եմ` մոտ ամիսներին լույս կտեսնի:

Որպես «Կիլդիմին» հակադրություն` ադրբեջանական արտադրության հակահայկական մուլտֆիլմեր հանդիպե՞լ եք:

– Ինչ-որ մեկ փորձ եղել է, բայց խայտառակ անորակ: Սա միակ դեպքն է, որ տեսել եմ: Ադրբեջանը մուլտիպլիկացիայի պատմություն գրեթե չունի, միակ ճանապարհը մուլտերով մեզ հակադրելու, այլ միջոցների դիմելն է: Այնպես որ, այդ ֆրոնտում մենք հաղթում ենք:


Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` Սամվել Չոբանյանի


Հ.Գ.- «Ուղիղ կապի» մշակութային հատվածը կարդացե՛ք թերթի ուրբաթ օրվա համարում: