Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՄԵՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

Հայրենի խորհրդարանը երեկ ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, իսկ շաբաթվա գլխավոր քաղաքական թեմաները շարունակում են մնալ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հնարավոր համագործակցությունը, ՄԻՊ թեկնածուի շուրջ դեռեւս թեժացող պայքարը, իսկ ստվերում` փողոցային պայքար ընտրած ընդդիմադիրների խոստումները` համազգային միտինգներ անելու մասին: Այս ամենի շուրջ էլ որոշակի պարզաբանումներ ստացանք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

 

«ԴԵՌ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»


Պարոն Բաղդասարյան, մամուլում նույնիսկ շրջանառվում է, թե կոնկրետ որ նախարարական պորտֆելներն ու մարզպետների պաշտոններն է ՀՀԿ-ի կողմից զիջվելու ՀՅԴ-ին: Իրականում ի՞նչ փուլում է ՀՅԴ-ի հետ կոալիցիա ստեղծելու գործընթացը:

– Քննարկումները շարունակվելու են այսօր էլ, վաղն էլ, բայց դեռ պորտֆելների հարց չի քննարկվել: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում արդեն վերջնական պատասխաններ կլինեն: Բայց ամբողջ անհանգստությունը կոալիցիա կազմելու մեջ պորտֆելները չեն, ինձ համար սա ամենավերջին խնդիրն է: Նախ հայացքները ճշտելու հարց կա, վերջիվերջո, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կուսակցություններ են, քաղաքական տարբեր ուժեր են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարախոսությունը, իր ծրագրերը: Եվ եթե համագործակցություն ասելով` հասկանում ենք կոալիցիա, ապա այդտեղ բավականին հարցեր պետք է համապատասխանեցվեն եւ գնան մի ուղղությամբ: Չէ որ Ձեր նշած կոալիցիոն գործընկերը վերցնում է ոչ միայն պորտֆելների պատասխանատվությունը, այլ նաեւ` ամբողջ երկրի:

Ամեն դեպքում, հիմնական խոսակցությունները ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի եւ Դավիթ Լոքյանի շուրջ է, որոնք ընկալվում են որպես նախարարների ամենահավանական թեկնածուներ...

– Ես խոսակցություններով չեմ առաջնորդվում, այլ փաստերով: Բոլորի մեջ էլ տեսնում եմ իրենց հնարավորությունները, իրենց ուժերը: Նրանք բավականին կայացած մարդիկ են, բայց կան շատ այդպիսի մարդիկ: Այնպես որ, երբ կքննարկվի այս հարցը, ես ձեզ խոստանում եմ շատ մանրակրկիտ ասել` ով եւ ինչու համար կստանձնի որեւէ պաշտոն:


«ԻՆՉ Է, ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ»


ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավորները բազմիցս նշել են, որ իրենք չեն ստացել կոալիցիայի մաս կազմելու առաջարկ: Ե՞րբ կգա նրանց հերթը:

– Մեր դռները բաց են բանակցությունների համար, եւ մենք բոլորին ենք առաջարկել: Ինչ է, գրավոր առաջարկությո՞ւն են ուզում: Մենք ասել ենք, որ ով բանակցելու բան ունի, մեր կուսակցության դռները բաց են, կարող են գալ, քննարկել:

Այսինքն` ՀՅԴ-ն իր նախաձեռնությա՞մբ է որոշել բանակցել կոալիցիայի մաս դառնալու վերաբերյալ:

– Մեր հորդորին արձագանքել է Դաշնակցությունը, եւ մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել նրանց հետ: Պարտադիր չէ, որ համագործակցությունը միայն լինի կոալիցիա կազմելով, սահմանադրական բարեփոխումների ժամանակ էլ է եղել այդ համագործակցությունը, ինչն աստիճանաբար վերաճել է, որ պետք է լինի նաեւ քաղաքական համագործակցություն:

Իսկ այդ համագործակցությունը ենթադրո՞ւմ է, որ կբավարարվեն ՀՅԴ-ի հայտնի 7 կետից բաղկացած պահանջները:

– Սա էլ է բանակցության թեմա, բայց մենք նախապայմաններով չենք առաջնորդվում: Մենք ունենք այն, ինչ ունենք:


«ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ` ԿԱՅԱՑՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ»


Կհաստատե՞ք այն տեղեկատվությունը, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կլինի ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուն:

– Քննարկվում է նաեւ նրա թեկնածության հարցը, իսկ ով կլինի ամենահավանական թեկնածուն, պարզ կդառնա խմբակցության նիստից հետո:

Եվս մեկ հարց Ազատության հրապարակում տիրող իրավիճակի մասին. ընդդիմության այդ թեւը նախատեսում է համազգային միտինգներ իրականացնել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ինձ անհանգստացնում է նրանց ճակատագիրը` կայացման առումով: Եվ բոլորիս պետք է անհանգստացնի այդ խնդիրը: Իսկ այդ հանրահավաքները կլինեն նախորդների նման` անպտուղ, անարդյունք: Այնպես որ, մենք անհանգստացած ենք իրենց համար, որովհետեւ եղանակն անբարենպաստ է, ու այդքան չարչարվելուց հետո համապատասխան մասսա չի հավաքվելու: Մենք նման հարցերով չենք հետաքրքրվում եւ ժամանակ էլ չունենք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ