Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ՆՎԵՐ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ»

 

Շատերի համար քաղաքական տեսանկյունից խիստ տրամաբանական, բայց մարդկային ու բարեկամական առումով անհասկանալի եղավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում երկու հակահայկական բանաձեւերին Վրաստանի խորհրդարանական պատվիրակության «կողմ» քվեարկելը, որը բացահայտ հարված էր Հայաստանին ու յուրատեսակ տուրք էր մատուցում ադրբեջանական լոբբինգին: Սրա հետ կապված` բազում տեսակետներ շրջանառվեցին Հայաստանում, իսկ թե ինչպիսին է վրացական մոտեցումը, «Իրավունքը» հետաքրքրվեց Վրաստանի «Եվրասիական ընտրություն կոալիցիա» եւ «Իրակլի Երկրորդ» ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈԻՁԵԻՑ:


ԻՆՉՈ՞Ւ ՎՐԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԻՆ


Պարոն Չկոիձե, ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված, որ վրաց պատգամավորները որոշեցին բացահայտ աջակցություն ցույց տալ Ադրբեջանին` անտեսելով Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները:

– Բազմիցս ասել եմ, որ վրացական իշխանությունները ու այդ թվում` պատգամավորները, շատ մտերմիկ կապեր ունեն ադրբեջանական բիզնեսի հետ: Ու նոր չէ այդ միտումը, ադրբեջանական «Սոկար» նավթաընկերությունն ամենամեծ ընկերություններից մեկն է Վրաստանում, եւ նրանք զբաղվում են ոչ միայն նավթային բիզնեսով, այլեւ իրենց գլխավոր նպատակներից մեկն է եղել ֆինանսավորել քաղաքական եւ հասարակական գործիչներին, որպեսզի վերջիններս սատարեն ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումները: Դրա արդյունքներից մեկն էլ այն է, որ վրաց պատգամավորները կողմ արտահայտվեցին հակահայկական բանաձեւերին: Ավելին` կարող եմ ուղիղ ասել, որ այստեղ կա բիզնես կամ կոռուպցիոն հետաքրքրություններ, եւ այդ պատգամավորներն ինչ-որ կերպ կապված են դրա հետ:

Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն պետք է լիներ Վրաստանի դիրքորոշումը ԵԽԽՎ-ում, որպեսզի չխաթարեր ոչ Հայաստանի հետ բարեկամական, ոչ էլ Ադրբեջանի հետ ունեցած բիզնես հարաբերությունները:

– Կարծում եմ` ավելի լավ կլիներ, իրենք ձեռնպահ մնային, եւ այս հարցում իրենց դիրքորոշումները լինեին նեյտրալ ու ընդհանրապես չխառնվեին հայ-ադրբեջանական կոնֆլիկտին:


«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՇԱՏ ՎԱՏ Է ԱՇԽԱՏՈՒՄ»


Ի վերջո, ո՞րն է սխալը, որ հայ-վրացական հարաբերություններում ինչ-որ թերացում կա, ինչն էլ այսպիսի հետեւանքների է բերում:

– Միշտ էլ ընդգծել եմ, որ հայ-վրացական հարաբերությունների ջերմացման համար պետք է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, ավելի շատ կապեր ստեղծել հայ-վրացական հասարակական կազմակերոպությունների միջեւ, որպեսզի լինի հավասարակշռվածություն այս հարցում: Ինչպես նաեւ պետք է լինեն հայ-վրացական ֆորումներ, որտեղ  երիտասարդությանը կսովորեցնենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի իրական պատմությունը, որը 20-25 տարի է հետեւողականորեն խեղաթյուրվում է թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների ֆինանսավորմամբ: Եվ ստիպված եմ ուղիղ ասել, որ Վրաստանում ՀՀ դեսպանատունը շատ վատ է աշխատում: Իրենք ընդհանրապես չեն աշխատում վրացական այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն ոչ միայն բարիդրացիական, այլեւ եղբայրական հարաբերություններ Հայաստանի հետ:


«ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ»


Բայց չէ՞ որ Վրաստանում մեծ դեր ունի նաեւ հայկական Սփյուռքը:

– Որքան էլ զարմալի է` ե՛ւ Սփյուռքի մի ստվար զանգվածը, ե՛ւ դեսպանությունը ոչ էֆեկտիվ են աշխատում: Ավելի պարզ ասեմ` նրանք աշխատում են ոչ թե այն կազմակերպությունների հետ, որոնցից հնարավոր է գտնել աջակցություն, այդ թվում` նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, այլ նրանք աշխատում են այնպիսի մարդկանց, այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք դուրս են գալիս եւ խոսում են ընդդեմ Հայաստանի եւ պաշտպանում են թուրք-ադրբեջանական լոբբինգը: Սա շատ զարմանալի է, բայց այդպես է: Եվ որպես վերջաբան` ուզում եմ ավելացնել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ցանկացած լարվածություն մեծ նվեր է թուրքերին ու ադրբեջանցիներին: Ու ամենակարեւորը` այն պետություններին, որոնք ուզում են վերացնել Կովկասում քրիստոնեությունը: Եվ ԵԽԽՎ-ում տեղի ունեցածն էլ ոչ թե հայերի, այլ քրիստոնյա պետությունների դեմ էր: Ադրբեջանը ուղղակի ուզում է սեպ խրել հայերի եւ վրացիների միջեւ` վերջ դնելով նրանց դարավոր եղբայրությանը, ու սա պետք է ընդունեն ե՛ւ հայերը, ե՛ւ վրացիները:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ