Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ.

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՎԱՐՁՈՎ Է ՏՎԵԼ,

ՄԵՆՔ ԷԼ ԻՐ ՎԱՐՁՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ»


«Իրավունքն» արդեն անդրադարձել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում տիրող քաոսային մթնոլորտին, որի հեղինակը տասը տարի անց կրկին թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն է: Չնայած դերասանների այն պահանջը` չենք աշխատելու Մելիքսեթյանի հետ, հունվարի 29-ին կայացած գեղարվեստական խորհրդի նիստից հետո չբավարարվեց, ու Մելիքսեթյանը դեռեւս շարունակում է մնալ որպես թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ դերասանները` իրենց պնդմանը: Հավելենք, որ Մելիքսեթյանի դեմ ըմբոստացած նույն դերասանների կազմում են նաեւ հենց Մելիքսեթյանի նախկին ուսանողները, որոնց նա անվանում է ապաշնորհ դերասաններ: Զավեշտալի է ստացվում, փաստորեն Մելիքսեթյանն ինքն է հիմք դրել ապաշնորհ դերասանների ինստիտուտին ու հիմա էլ կռվում է ինքն իր դեմ:

 

«ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ՈՒՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ՆԵՂԱՑՐԵԼ Է»


«Իրավունքի» հետ զրույցում դերասանուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, ով մարմնավորում է թատրոնի գրեթե բոլոր ներկայացումների գլխավոր կերպարները, վիրավորված է Մելիքսեթյանի անպատասխանատու արտահայտություններից. «Նա հարցազրույցներ է տալիս ու ասում, որ ապաշնորհ ենք, պարել, երգել չգիտենք: Ուզում եմ ուղղակի հուշման կարգով ասել` Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ընդունված եւ ավարտած դերասանական բաժնի ցանկացած ուսանող պարտավոր է երգել ու պարել իմանալ: Մենք նույնիսկ պետական քննություն ենք հանձնել այդ առարկաներից: Այլ հարց է, որ մյուզիքլի կուրսում շատ ավելին են այդ դասաժամերը, բայց ասել, որ մենք երգել չգիտենք` մեր դիպլոմն է ապացուցում, որ գիտենք, պարզապես ճաշակի հարց է, գուցե իրեն չենք գոհացնում: Եվ հետո, տասը տարուց ավելի մեր թատոնում կան ներկայացումներ, որոնք, ի դեպ, երաժշտական են, ու բոլոր դերասաններս էլ երգում ենք, ձայնագրվում: Մելիքսեթյանը նաեւ կենդանի երգեցողության մասին է խոսում: Թատրոնում կենդանի երգեցողություն չկա ոչ թե նրա համար, որ մենք չենք կարողանում կենդանի երգել, այլ որ չունենք տարրական բարձրախոսներ, տեխնիկա, որը ժամանակի ու գումարի հարց է»,- հույս հայտնեց դերասանուհին ու անդրադառնալով Մելիքսեթյանի այն հայտարարությանը, թե թատրոնում գրանցված 18 դերասան է, ու մնացած 30-ից ավելի ստորագրությունները որտեղի՞ց, Անահիտը պարզաբանեց. «Մեզ են միացել նաեւ հաշվապահական կազմը, կադրերի բաժինը: Պատկերացրեք, ինչ տեսակի մարդ պետք է լինի, որ դեմ լինեն նույնիսկ այդ աշխատողները: Ամեն մեկն ունի իր պատճառները, եւ ստորագրողների ցուցակում չկա մի մարդ, որին, ասենք, ստիպել են, որ ստորագրի: Օրինակ` հավաքարարը չի ստորագրել` նա խնդիր չունի, թե որ ղեկավարի սենյակն է հավաքում: Ստորագրել են այն մարդիկ, ում Մելիքսեթյանը նեղացրել է` սկսած պարուսույցից մինչեւ կադրերի բաժնի աշխատող»:

Դերասանուհին հստակորեն շեշտեց` հարցին լուծում տալու համար գնալու են մինչեւ վերջ, հետ չեն կանգնելու. «Պիտի ապացուցենք, թե մենք ով ենք, բայց չեմ կարծում, որ դա պետք է արվի քասթինգի միջոցով: Ապացուցում են գործով, ներկայացումով: Հարցը բնավ անձնական չէ, մենք այն խումբն ենք, որ պատրաստ է աշխատել ցանկացած ռեժիսորի հետ, ով մեզ ասելիք ու փոխանցելու բան ունի: Նույնիսկ մի քանի օր աշխատել ենք Սամսոն Ստեփանյանի հետ, ու այնքան հավեսով էին անցնում փորձերը, բայց դադարեցվեցին Մելիքսեթյանի կողմից: Այսինքն` հնարավորություն չի տրվում այլ ռեժիսորի հետ աշխատել: Լավ, իրեն ընդհանրապես չեն գոհացրել մեր ընթացիկ ներկայացումները, բայց ինքն էլ ոչինչ չի արել, որ այդ ընթացիկ ներկայացումները դառնան ավելի լավը: Նա միայն ասում է` ուղղակի լավը չէ: Ուղղակի չեն ասում, գործում են»:


«ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ՎԱՏ ՄԱՐԴ ՉԷ, ՈՒՂՂԱԿԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒԽՆԴԻՐ ՈՒՆԻ»


Ի տարբերություն իր գործընկերուհու` նույն թատրոնի դերասանուհի, ջազ երգչուհի ԻԼՈՆԱՆ չի վիրավորվել Մելիքսեթյանի խոսքերից. «Ինչ ուզում է թող անվանի, եթե մեզ համարում է ապաշնորհ, դա իր խնդիրն է:Սովորաբար պրոֆեսիոնալ մարդուց են այդ վիրավորանքի իրավունքը պահանջում: Եթե նա իմ աչքին պրոֆեսիոնալ չէ, չեմ նեղվում, ես հո հիմար չե՞մ: Մելիքսեթյանը վատ մարդ չէ, ուղղակի մարդկանց հետ շփվելու խնդիր ունի, չի կարողանում լեզու գտնել: Վիրավորական տոնով է խոսում` սկսած իր բարեւից`այնպիսի տպավորություն է, որ աշխարհը վարձով է տվել, մենք էլ իր վարձն ուշացնում ենք: Գուցե,ժամանակին լավ ռեժիսոր է եղել, բայց երբ ժամանակին չես հեռանում բեմից, կապ չունի, թե ինչ բնագավառի մարդ ես, առավել եւս, որ գործ չես անում` չես էլ հեռանում ասպարեզից, հետեւաբար քո բոլոր շնորհքը քո ներսում բռնաբարվում է, ու դրանից ոչ մի պրոֆեսիոնալիզմի հետք չի մնում: Հետեւաբար, այդ մարդն ինչ խոսքեր էլ իմ հասցեին ասի, ուղղակի ծիծաղելի կլինի: Նա չի կարող աշխատանքից հեռացնել 38 դերասանի` օդից` առանց հիմնավորման: Եթե այս մեկ տարվա ընթացքում գործով ապացուցեր, որ բոլորս անտաղանդ ենք, ես կխոնարհվեի իր շնորհքի առջեւ ու կասեի` ճիշտ եք, ես էլ արդեն կասկածում եմ, երգել գիտե՞մ, թե` ոչ: Բայց նա գործ չի անում, խոսքերով ես էլ կարող եմ սարեր շուռ տալ: Այստեղ խնդիրը մարդկային գործոնն է»,- ասաց դերասանուհին ու հավելեց. «Մի գաղտնիք ասեմ, եթե շատ վատ ռեժիսոր լիներ, բայց շատ լավ ընկեր` դերասանների համար, ապա ամենաանտաղանդ դերասանն էլ իր ձեռքը կդառնար ամենաշնորհքով: Կրկնում եմ, եթե մարդկային մոտեցումցուցաբերի, ամենաապաշնորհն էլ շատ լավ դերասան կդառնա: Ամեն դեպքում հակված եմ այն բանին, որ ամեն ինչն արմատից է պետք փոխել` դպրոցը հիմքից է պետք փոխել, որ զարգանա, ու Հայաստանում մելիքսեթյանների «կոլեկցիա» չհավաքենք»:

Ըստ Իլոնայի` իրավիճակը ստեղծվել ու բորբոքվել է Մելիքսեթյանի մարդկային տեսակից, եւ նրա կարծիքով` չի բացառվում, որ վաղը, ասենք, թատրոն գա անտաղանդ ռեժիսոր, ով կոլեկտիվին համախմբելու շնորհ ունենա. «Ուզում եմ, թատրոնն այնքան զբաղված լինի աշխատանքով, որ մեր բամբասանքը լինի իրար օգնելու շուրջ»:


«ԿԵՆԴԱՆԻ ԵՐԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԱՏՐՈՆԸ ՉՈՒՆԻ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»


Նույն թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որը նաեւ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասան է, անդրադառնալով թատրոնում տիրող թոհուբոհին, մասնավորապես ՀՀ մշակույթի նախարարին ուղղված Ա. Մելիքսեթյանի բաց նամակին` նշեց. «Նշանակվելով թատրոնումգլխավոր ռեժիսոր` Ա.Մելիքսեթյան դիտեց ընթացիկ ներկայացումները, այնուհետեւ ստեղծագործական խմբի ներկայությամբ «Թոմ եւՋերի» մանկական երաժշտական ներկայացման երգերի վերաբերյալ (ներկայացման երաժշտության եւ բառերի հեղինակը ես եմ) դրական արտահայտվեց: Սակայն, բաց նամակից պարզվեց, որ այդ նույն երգերը ցածրորակ են ու անճաշակ: Պարոն Մելիքսեթյանը հայտարարում է, որ դերասանները երգում են ձայնագրություններով, բայց նա հաշվի չի առնում, որ ոչ ոք դա չի հերքում, դերասանները ներկայացումների ընթացքում երգում են ձայնագրություններով միայն մեկ պատճառով` կենդանի երգելու համար թատրոնը չունի տեխնիկական հնարավորություններ, չունի համապատասխան բարձրախոսներ... Դա է պատճառը, հարգելի պարոն Մելիքսեթյան, ոչ թե այն թյուր կարծիքը, որ ստեղծագործական խումբը սպառել է իրեն, առավել եւս, որ դերասաններից շատերը հենց երաժշտական թատրոնի դերասան են եւ ավարտել են հենց ձեր արվեստանոցը»,- եզրափակեց դերասանը:


Ինչեւէ, «Իրավունքը» թատրոնի մի քանի, ըստ Մելիքսեթյանի, «ապաշնորհ» դերասաններից պարզեց, որ հիմնականում խնդիրը գլխավոր ռեժիսորի մեջ է, ով մարդկանց հետո շփման խնդիր ունի:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ