Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՐՊԵՍ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Եվ այսպես, խորհրդարանի եւ վերջինիս Պետաիրավական հանձնաժողովի դատին ներկայացվելու են օմբուդսմենի երեք թեկնածու` ՀՀԿ-ի կողմից փոխնախարար Արման Թաթոյան, ընդդիմության կողմից` Զարուհի Փոստանջյան, ԲՀԿ-ի կողմից` Մակար Եղիազարյան: Թեեւ առաջադրման վերջին ժամկետն այսօր է, դժվար թե, ասենք, դաշնակները դրան ավելացնեն չորրորդ թեկնածուին:

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՆԱԽԱԳԾԵՐ` ՀՀԿ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԻ ՀԱՇՎԻ՞Ն
ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ հարց հնչեցրեց. «Տարիներ շարունակ օդում կախված են մնում չստուգված լուրերը ԱԺ պատգամավոր, մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակների ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած բարեգործության, օրինակ, անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին»,- իր խոսքն այսպես սկսեց Փաշինյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ օդում կախված լուրեր կան, թե Ախուրյանում Սամվել Ալեքսանյանի հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքավարազ է արտադրում, այլ ստեղծված է կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմ քողարկելու համար: «Ըստ օդում կախված լուրերի` Ալեքսանյանը Հայաստան պատրաստի շաքարավազ է ներմուծում շաքարի հումքի անվան տակ: Դա նրան թույլ է տալիս խուսափել տասնյակ միլիարդավոր դրամների մաքսատուրքերից: Ըստ օդում կախված լուրերի` այդ շաքարավազը հումքի անվան տակ մտնում է Ախուրյանի գործարան եւ որպես տեղում արտադրված շաքարավազ դուրս է գալիս այնտեղից»,- հայտարարեց Փաշինյանը` իր խոսքում նաեւ հիշատակելով Լֆիկ Սամո մականունը եւ ավել-պակաս բաներ ասելով ՀՀ նախագահի հասցեին:Ուշագրավ է, որ Նիկոլին որեւէ կերպ չհակադարձեց օլիգարխ պատգամավորը, ՀՀԿ խմբակցությունը զարմանալի անտարբերության մատնեց ՀՀ նախագահի մասին «բլթոցները» (միակ արձագանքողը եղավ ՍԻՄ նախագահը), իսկ հարցին` իբր պատասխանող, նախարար Դավիթ Հարությունյանը փոխանակ ըստ էության պատասխանելու տնտեսական հանցագործության մասին մեղադրանքին եւ հակադարձելով երկրի ղեկավարի վերաբերյալ խոսքին` ընդամենը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանն իր այս հարցերով փորձում է հանրությանն ապացուցել, որ որեւէ կապ չունի Բաղրամյան 26-ի հետ: Եվ տեղում հավելեց, որ ինքը հավատում է` այդպիսի կապ չկա:
Այսինքն` արդեն ԱԺ-ում հնչեց, որ Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիր» ընդդիմադիր նախագիծը գծվել կամ աջակցություն է ստանում իշխանական միջանցքներում: Ի դեպ, նման խոսակցություններ պտտվում են եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության շուրջ: Բայց ուշագրավն այն է, որ այդ երկուսն էլ բոլ-բոլ եթեր են ստանում առաջատար հեռուստատեսություններում եւ, ի դեպ, «Էլեկտրիկ» Էդմոնը հեռուստաեթերում Նիկոլի վրա գլորեց մեղադրանքը, թե առանց կրակ ծուխ չի լինում: Նաեւ ուշագրավ է, որ նույն Նիկոլին ԱԺ-ում ՀՀԿ-ն չի հակադարձում` երկրի նախագահի անունը «քաջաբար» պախարակելու համար: Էդմոնը, ճիշտ է, համարձակություն չունի նույնն անելու, սակայն առաջադրում է Զարուհի Փոստանջյանին` որպես օմբուդսմենի թեկնածու, դրանով իսկ այդ ճղճղան տիկնոջ համար լրացուցիչ հնարավորություն ստեղծելու` կրկին պախարակելու ՀՀ նախագահին:
Հիմա հարց է ծագում` չեղած տեղից նոր ընդդիմադիր նախագծեր «ռասկրուտկա» անելու համար ինչքանո՞վ է ողջամիտ դա իրականացնել` ՀՀԿ-ի եւ երկրի ղեկավարի վարկանիշին հարվածելով: Չէ՞ որ, եթե ընդդիմադիրները, ում մասին ասվում է, որ առանց կրակ ծուխ չի լինում, մտքներով անցածը հնչեցնում են իշխող կուսակցության հասցեին ու պատասխան չեն ստանում, ապա դա հանրային ընկալման մեջ չի կարող իր հետքը չթողնել: Ընդ որում, արհեստական ընդդիմադիր նախագծերին դժվար թե դա ռեալ օգուտ տա, քանզի ժողովրդին, այն էլ հայերի պես քաղաքականացված ժողովրդին, այնքան էլ հեշտ չէ խաբելը, բայց նախընտրական շրջանում դրանով ՀՀԿ-ի վարկանիշին վնաս հասցնելը ակնհայտ է:
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՅԼ
Խոշոր հաշվով, ՀՀ ցանկացած քաղաքացի արդեն գիտի իր ապագա օմբուդսմենի անուն-ազգանունը` Արման Թաթոյան: Պարզ է, որ մյուս երկու թեկնածուները շանսեր չունեն: Այսինքն` նրանց իսկ առաջադրումը ոչ թե իրական նպատակ է հետապնդում` փորձել նրանց դարձնել օմբուդսմեն, այլ ընդամենը հերթական քարոզչական ամբիոն ստեղծելու համար է:
Դա հատկապես վերաբերում է Զարուհի Փոտանջյանին, որի թեկնածության պաշտպանությամբ հանդես է եկել գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը, ու պարզ է, որ հա՛մ տիկինը բոլ-բոլ կօգտվի ամբիոնից, հա՛մ «առանց կրակ ծուխ» արձակող նորաթուխ կուսակցությունները, հա՛մ ՕԵԿ-ը, որը պատրաստվում է վերանվանվել «Հայկական վերածնունդ» եւ իր կազմում ընդգրկել քաղաքական լուսանցքում անտեր մնացած գրեթե բոլոր կուսակցական կնիքները եւ մարդ-կուսակցությունները:
Ինչ վերաբերում է նոր օմբուդսմենի անձին եւ գործին, ապա առավել կարեւոր է, որպեսզի նախորդ երեքի գործունեության արատները չկրկնվեն: Ի վերջո, օմբուդսմենը պետք է զբաղվի քաղաքացիների ռեալ իրավունքներով` աշխատանքային իրավունք, սոցիալական ապահովության իրավունք, չինովնիկական կամայականությունից զերծ մնալը, դատական «բեսպրեդելից» պաշտպանելը եւ այլն, այլ ոչ թե ինչ-որ տեղից պեղել որեւէ աղանդավոր կամ գոմիկ ու զբաղվել վերջինիս «իրավունքներով»: Կստացվի՞ դա, թե ճիշտ ու ճիշտ Արթուր Մեսչյանի երգի բառերով, այս անգամ էլ «անիվը սայլի կրկին կոտրվեց իր սիրած փոսում»:
ՀՀԿ-Ի ԻՆՉԻՆ ԷՐ ՊԵՏՔ ՀՅԴ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱՆ
Այժմ, կարծես թե, ավարտին է մոտենում ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների փուլը կառավարությունը կոալիցիոն դարձնելու եւ դաշնակներին պորտֆելներ տալու վերաբերյալ: Թեեւ ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարում են, թե վերացված են այն 7 պատճառները, որոնք բերեցին կոալիցիայից դուրս գալուն, բայց դաշնակցական ընկերները տվյալ պարագայում այնքան էլ անկեղծ չեն: Որպես կարեւորագույն պատճառ նրանք ժամանակին հիշատակում էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Բայց չէ՞ որ այդ արձանագրությունների տակից ՀՀ ստորագրությունը հետ կանչած չէ... Այսինքն` այնուամենայնիվ, իշխանական աթոռների եւ լծակների քաղցրությունը շատ ավելի իրական պատճառ է, քան դաշնակների հնչեցրած լոլոները:
Ենթադրելի է, որ դեռ սահմանադրական հանրաքվեից առաջ նախնական ինչ-ինչ պայմանավորվածության սաղմեր կային, բայց արդյո՞ք ՀՅԴ-ի առավել քան համեստ ներդրումը հանրաքվեի ձայնահավաքության գործում համարժեք է ստանալիք պորտֆելներին եւ լծակներին: Բայց, այն պահից սկսած, երբ բացեիբաց գնաց խոսակցություն կոալիցիայի մասին, նկատվեց հետաքրքիր միտում: Ընդդիմադիր կայքերում եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այժմ բավականին տեւական ժամանակ է, ինչ ՀՀԿ-ին գրեթե չեն քննադատում, սակայն դաժանագույն քննադատության է ենթարկվում, հսկայական չափաբաժիններով թուքումուր է ուտում Դաշնակցությունը:  Եվ ակամա այսպիսի միտք է ծագում` իսկ միգուցե կոալիցիայի իմաստներից մեկը հենց դա՞ է` քննադատության սլաքը նախընտրական տարում ՀՀԿ-ից շուռ տալ դեպի ՀՅԴ:
Բայց պարզ է մի բան: Դաշնակները այս անգամ չեն ուզում բավարարվել սեփական ոչ մեծ, բայց կայուն ընտրազանգվածով, եւ մի տեսակ քաղաքական ագահություն են դրսեւորում` տիրանալ վարչական ռեսուրսի եւ դրա միջոցով ավելացնել սեփական քվեները: Եվ դա այն դեպքում, որ շարքերում էլ ոչ միշտ են գոհունակությամբ ընկալում «ղեկավար ընկերների» այդպիսի վարվելակերպը, գումարած դրան` Սփյուռքի ՀՅԴ կառույցները, կարծես թե, այդքան էլ գոհ չեն:
Ի դեպ, «կոալիցիայի ցավն» ընկել է նաեւ ԲՀԿ-ի մեջ: Ու առաջացել են դժգոհություններ Նաիրա Զոհրաբյանի այն դիրքորոշման հանդեպ, որ ընտրություններից առաջ կոալիցիան նպատակահարմար չէ: Ընդ որում, ԲՀԿ ղեկավարը թերեւս այդպիսի դիրքորոշում ունի նաեւ ելնելով քաղաքական ռեալիզմից` որ դժվար թե իմաստ ունի հիմա խնդրել, որպեսզի իրենց կոալիցիայի մեջ վերցնեն, սակայն այդքանը, կարծես, այնքան էլ հասանելի չէ անհամբեր դարձած որոշ կուսակիցների:
Ինչեւէ, առաջիկայում հետաքրքիր բաներ շատ են լինելու: Եվ պարզ է, որ ինչ էլ տեղի ունենա` քաղաքական ուժերն ամեն ինչ ծառայեցնելու են ընտրարշավային նպատակներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ