Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 10 Փետրվար 2016 15:58

1921Թ. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ ՌԴ-ԻՆ ԷԼ Է ՁԵՌՆՏՈՒ

Երկուշաբթի օրը ՌԴ Հարավային ռազմական օկրուգում ¥որի ղեկավարությամբ է գործում նաեւ հայաստանյան 102-րդ ռազմաբազան¤ սկսված անակնկալ ստուգումներն ու այդ համատեքստում՝ ծավալուն զորավարժությունները ¥այդ թվում՝ Սեւ ու Կասպից ծովերում¤ ոչ միայն արեւմտյան առաջատար լրատվամիջոցների, այլ նաեւ՝ ռազմական եւ քաղաքական փորձագետների խոսակցության հիմնական թեմաներից մեկն է: Դա կարելի է հասկանալ. այս ռազմական օկրուգը գործում է մասամբ՝ ուկրաինական, մասամբ էլ՝ Մերձավոր Արեւելքի ռազմավարական ուղղությամբ, եւ մկանների ցուցադրման նկատվող այդ զորավարժությունները չէին կարող պատահական լինել:

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

 

Չնայած՝ ռուս ռազմական փորձագիտական հանրությունն այդ մասին խոսում է բարձրաձայն: Օրինակ՝ «Ազգային պաշտպանություն» պարբերականի խմբագիր, հեղինակավոր ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոյի գնահատմամբ՝ այդ զորավարժությունները մասնավորապես Հարավային ռազմական օկրուգի մարտունակությունն ի ցույց դնելու քայլ է, որը՝ «Անշուշտ դիտարկում ենք նաեւ Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունների, Թուրքիայի հետ հարաբերությունների հարթության մեջ»: Հաշվի առնելով, որ հայաստանյան ռազմաբազան այս օրերին նույնպես էական ակտիվություն է դրսեւորում: Իսկ ավելի կոնկրետ՝ այս ամենը Թուրքիային ռազմական տեսանկյունից «դեղին քարտ» ցույց տալու պես մի բանի է նմանվում: Առավել եւս, որ նաեւ քաղաքական հարթակում Անկարան ոչ պակաս հետաքրքիր «դեղին քարտ» ստացավ` 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական տխրահռչակ պայմանագիրը չեղյալ համարելու նախաձեռնության տեսքով: Դա հենց այնպես չէ, որ այս օրերին մտավ օրակարգ:
Բայց մինչ Թուրքիային հասնելը` նախ նկատենք, որ մյուս կողմից էլ՝ ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ համարելու պատմությունը նաեւ Ադրբեջանին հղված ծանր նախազգուշացում է. մի կողմից՝ ռուսական հիշատակված զորավարժությունները նաեւ Կասպից ծովում են ընթանում, իսկ դա Բաքվին պետք է հուշի, որ այդ ծովից ռուսներին եւ պարսիկներին հավասար բաժին ստանալու հին երազանքների մասին պետք է մոռանալ: Այսինքն՝ Կասպից ծովում անարգել ռուսական նավեր են լողում, եւ դա նշանակում է, որ այն նորից ռուսական ռազմավարական տիրույթ է, ու Ադրբեջանը լավագույն դեպքում պետք է բավարարվի միայն սեփական մերձափնյա ջրերով: Մյուս կողմից էլ՝ 1921թ. մոսկովյան պայմանագրի արդյունքում էր, որ Ղարաբաղն ու Նախիջեւանն անցան Ադրբեջանի ենթակայության տակ, եւ եթե այդ պայմանագիրը չլինի, նախ՝ ղարաբաղյան բանակցությունները կարող են լուրջ շրջադարձային փուլում հայտնվել, եւ ապա՝ այս խառը ժամանակներում, ով իմանա՝ ինչպիսի՞ն կլինի Նախիջեւանի ճակատագիրը: Այլ հարց է՝ պայմանագիրը չեղյալ համարելու այս նախաձեռնությունն ընդամենը Թուրքիային եւ Ադրբեջանին միայն վախեցնելու իմա՞ստ է պարունակում, թե Մոսկվան կարող է մինչեւ վերջ գնալ: Թերեւս, քանի առիթը կա, Մոսկվան կցանկանար մինչեւ վերջ գնալ: Վերջին հաշվով, այդ պայմանագիրը թեեւ Հայաստանին հասցված ծանրագույն հարված էր, նկատելիորեն տուժեց Վրաստանը, սակայն այն միաժամանակ արդեն մոտ 100 տարի ռազմավարական առումով խնդիր է նաեւ Ռուսաստանի համար: Իսկ այս պահին այն դառնում է շատ ավելի ընդգծված խնդիր. ռուսական հարավային ռազմավարության մեջ ակնհայտորեն դրված է դեպի Իրան-Իրաք-Սիրիա առանցքը ծավալվելու եւ աշխարհաքաղաքական իմաստով՝ այս ուղղությամբ Միջերկրական ծով եւ Հնդկական օվկիանոս դուրս գալու հարցը: Թուրքիային Արեւմուտքից պոկելու եւ այդ առանցքի մասնիկը դարձնելու փորձերն ակնհայտորեն ձախողվեցին: Ադրբեջանն էլ իր հերթին բաց կերպով ցույց տվեց, որ մնում է Թուրքիայի հետ: Գումարած դրան՝ ֆինանսական այս ծանրագույն վիճակում Ալիեւը ստիպված էր մի քանի միլիարդ դոլար խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից, իսկ դա նշանակում է Արեւմուտքից կախվածության աճ, որը գործնականում բացառում է դեպի Ռուսաստան Ադրբեջանի շրջադարձը: Եվ այս իրավիճակում 1921թ. պայմանագիրն արդեն ոչ թե պարզապես ավելորդ բեռ է Մոսկվայի համար, այլ այն չեղյալ համարելը ռազմավարական բավականին հետաքրքիր ուղղություններ է բացում: Եվ ոչ միայն Հայաստանի ուղղությամբ, այլ նաեւ՝ այդ պայմանագրի չեղյալ համարումը վրացիների համար եւս հակաթուրքական եւ ռուսամետ ուղղվածության նոր հրապուրանքներ է առաջ բերում՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ:
ԷՐԴՈՂԱՆԸ ՄՆՈՒՄ Է
ՓԱԿՈՒՂՈՒՄ
Այսպիսով՝ 1921թ. պայմանագրի հարցը, թերեւս, կախված է նրանից, թե այս նախազգուշացումից հետո ինչ ուղղությամբ կգնա թուրքական քաղաքականությունը: Եվ առաջին հերթին Սիրիայում` նկատի ունենալով նաեւ հետեւյալ հանգամանքը:
Սիրիական բանակի հարձակումն այս օրերին շարունակվում է նույն աշխուժությամբ: Գործնականում ավարտին է մոտենում Հյուսիսային Լաթակիայի ազատագրումը: Հալեպում էլ Ասադի զորքերը «կախվել» են Թուրքիայից «Իսլամական պետության» համար եկող օժանդակության հիմնական բազա-քաղաքների վրա, որից հետո արդեն այդ հատվածում եւս դուրս կգան թուրքական սահման: Ընդ որում, ռուսներն ակնհայտորեն` ի թիվս բուն ռազմական գործողություններից եւ ռազմական պլանավորումից, այս ամիսներին զբաղված էին նաեւ սիրիական բանակի վերակազմավորմամբ: Ներկայիս հաջող հարձակումները ցույց են տալիս, որ այդ վերակազմավորման գործընթացը եւս հաջող ընթացքի մեջ է, իսկ դա էլ հուշում է, որ սիրիական բանակը գնալով միայն ավելի էֆեկտիվ կառույցի է վերածվելու: Այս տեմպերի պահպանման դեպքում՝ պատերազմից դուրս գալով՝ նախագահ Ասադը կունենա տարածաշրջանում ամենամարտունակ բանակներից մեկը: Հաղթանակի դեպքում կպահպանվի նաեւ Իրանի հետ սերտ համագործակցությունը, եւ այդ դեպքում` սիրիա-պարսկական զինված ուժերը փաստացի կդառնան ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ՝ աշխարհի մասշտաբով լուրջ ռազմական միավորներից մեկը: Այսինքն՝ Թուրքիան ¥եթե նույնիսկ մի կողմ ենք թողնում քրդերին¤, գումարած՝ Սաուդյան Արաբիան սիրիական այս մեծ խաղը տանուլ տալու հեռանկարից զատ, հայտնվում են նաեւ հետպատերազմյան ժամանակաշրջանում` ռազմական առումով թույլ դիրքերում հայտնվելու հեռանկարի առաջ: Այդ վտանգից խուսափելու միակ տարբերակը սիրիական պատերազմի այս ընթացքը շրջելն է, եւ այն, որ անցած շաբաթ Սաուդյան Արաբիան սկսեց պաշտոնապես խոսել ¥երեկ էլ՝ վերահաստատեց¤ թուրքերի հետ միասին Սիրիա զորք մտցնելու մասին, հուշում է, որ ԻՊ-ի միջոցով պատերազմում բեկում մտցնելու տարբերակը բացառվում է:
Եվ այն, որ ռուսական հիշատակված «դեղին քարտերը» ի հայտ եկան հենց այս պահին, հուշում են, որ զգուշացնում էին Թուրքիային՝ մտքովն անգամ չանցկացնել` Սիրիա զորք մտցնել:
Արդյունքում՝ Սիրիայում վիճակը չփոխելը Թուրքիային տխուր հեռանկարներ է խոստանում: Վիճակը փոխելու համար զորք մտցնելը կարող է շատ ավելի ծանր հեռանկարների բերել, ընդ որում, նաեւ ռուս-թուրքական պայմանագրի չեղյալ համարելու տեսքով: Եվ այն, որ վերջին օրերին Էրդողանը նորից լացուկոծ է դրել, թե ոչ մի կերպ չի կարողանում ոչ թե հանդիպել, այլ նույնիսկ հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, հուշում է, որ Անկարան փորձում է այս փակուղային իրավիճակը ռազմականից արագորեն տեղափոխել քաղաքական հարթություն, որտեղ միգուցե համեմատաբար ձեռնտու մի ելք կգտնի: Այլ բան, որ Թուրքիայում ռուսական դեսպան Անդրեյ Կառլովն այդ տարբերակն էլ զրոյացրեց՝ հայտարարելով, որ Պուտին-Էրդողան հանդիպումն իմաստ կունենա միայն այն դեպքում, երբ Թուրքիան պաշտոնապես ներողություն կխնդրի ռուսական ՍՈւ-24-ը ոչնչացնելու համար, փոխհատուցում կտա եւ բոլոր մեղավորներին ցուցադրաբար կպատժի: «Թուրքական կողմի հայտարարությունը, թե՝ ցավում են այդ միջադեպի համար, ակնհայտորեն անբավարար է»,- վերջակետ է դնում ռուսական դեսպանը: Այլ բան, որ հիմա արդեն այդ պահանջը կատարելը նոր «մրաջրի» մեջ է գցում Անկարային: Ներողություն խնդրել. սակայն դա նշանակում է` մեղքն ընդունել: Բայց դա էլ ՆԱՏՕ-ին «քցել» կնշանակի. Դաշինքն ի սկզբանե ստիպված էր Թուրքիային արդարացնել եւ հիմա, եթե Անկարան իրեն մեղավոր ճանաչի, ՆԱՏՕ-ն պետք է բացատրի, թե այդ ինչո՞ւ է իր անդամ-պետությունը Ռուսաստանի նկատմամբ նման բան արել, Դաշինքն էլ փորձել է այդ թշնամական սխալ քայլը ճիշտ համարել: Գումարած դրան, եթե Անկարան սկսի մեղավորներին պատժել, չէ՞ որ թելը կարող է գնալ ու հասնել առնվազն՝ պաշտպանության նախարարին եւ, միգուցե, նախագահին. նրան, ով հրամանը տվել է: Այսպիսով՝ Անկարան հազիվ թե ռուսական պայմանը կատարի: Իսկ դա հուշում է, որ սիրիական իրավիճակը քաղաքական հարթություն տանելու Անկարայի ձգտումներն էլ կմնան անհասանելի՝ հիշատակված բոլոր սպասելի հեռանկարներով հանդերձ: Համենայնդեպս՝ Դավութօղլուն երեկ պաշտոնապես խոստացավ՝ «Թուրքիան կանգնած է Հալեպի հերոս պաշտպանների թիկունքին»: Իսկ դա հուշում է, որ 1921թ. պայմանագիրը չեղյալ համարելու հավանականությունը միայն աճում է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ