Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քաղաքական

 

ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ

Այսօր, թերեւս ժամեր անց, մենք հավանաբար ականատես կլինենք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հռչակմանը: Դրան հետեւելու են նաեւ գործադիրում բավականին ընդարձակ փոփոխություններ, սակայն նրանց մի մասն է միայն պայմանավորված լինելու կոալիցիայի ստեղծման հանգամանքով:
Միաժամանակ շտապ կերպով փորձում է բոլոր «նարնջագույն» ուժերի կոալիցիա ձեւավորել Հրանտ Բագրատյանը:

 

 

ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼՈՒ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ
ՁԵՎԱՎՈՐՈՒՄՈՎ
Սակայն այս պահի դրությամբ դեռ պարզ չէ` ինչպիսի ծրագրով են դաշնակները մուտք գործում կառավարություն, եւ ինչ փոփոխությունների դա կհանգեցնի երկրի այս կամ այն բնագավառում: Բայց գծագրվում է հետեւյալը:
Կան մի շարք սահմանադրական օրենքներ, որոնց ընդունման համար ԱԺ-ում պահանջվում է քվեների 3/5-ը: Մասնավորապես, այդ քվորումով պետք է ընտրվի օմբուդսմենը, եւ հավանաբար մյուս նստաշրջանին ընդունվի Ընտրական օրենսգիրքը: «Աչքաչափով» այդ 3/5-ը ապահովվում է, եթե ՀՀԿ խմբակցությանը գումարվեն ՀՅԴ պատգամավորները եւ որոշ անկախ պատգամավորներ: Այսինքն` ինչ-որ տեղ 3/5-ով ընդունվելիք քվորումը ապահովվում է կոաիլիցիայի միջոցով պորտֆելներ տրամադրելու բավականին թանկ գնով: Բայց, բնականաբար, դա ամբողջը չէ:
Թե էլ ինչ կա կոալիցիա ստեղծելու հիմքում` ժամանակի ընթացքում պարզ կդառնա, սակայն ակնհայտորեն տեսանելի է այն, որ 2017-ի ընտրություններին ՀՅԴ-ի ձեռքում հայտնված վարչական ռեսուրսը կուսակցությանն ապահովելու է որոշակի առավելությամբ, կամ պարզ ասած` «ֆորայով»:
ԲՀԿ-Ի ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սահմանադրական բարեփոխումներին աջակցելու հարցում ՀՅԴ-ից առնվազն ոչ պակաս դեր է ունեցել եւ ԲՀԿ-ն, սակայն ԲՀԿ-ի հետ կոալիցիայի հարց` որպես այդպիսին, չի նշմարվում: Դրա առնչությամբ էլ ԲՀԿ-ի ներսում առկա են ակնհայտ հակասություններ: Առնվազն հրապարակային հայտարարությունների մակարդակով կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ ԲՀԿ-ն կոալիցիա մտնելուն պատրաստ չէ, եւ ընտրություններից առաջ դա նպատակահարմար չէ, իսկ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը, որ` ընդհակառակը` ԲՀԿ-ն պատրաստ է: Ու թեեւ ԲՀԿ-ի քաղաքական եւ գործարար թեւերի միջեւ այդ հարցով հակասությունների ձայնը դեռ կլսենք, բայց հարցը մնում է` ինչո՞ւ ԲՀԿ-ին չառաջարկվեց այն, ինչն առաջարկվեց ՀՅԴ-ին:
Հնարավոր է, որ ԲՀԿ-ին այդպես էլ չի ներվել 2015-ի սկզբներին հնչեցրած բարիկադների եւ փողոցային հեղափոխական գործողությունների սպառնալիքը, ինչը մինչեւ հիմա միգուցե որոշակի անվստահության առիթ է: Նաեւ, կարծես թե, այնքան էլ հստակ չէ, թե ինչ է ուզում ԲՀԿ-ն, քանզի միաժամանակ հնարավոր չէ լինել ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ կոալիցիոն: Չպետք է բացառել եւ, որ ԲՀԿ-ն դիտարկվում է որպես կոալիցիայի «պահեստային» տարբերակ` արդեն հետընտրական շրջանի համար:
Բայց նաեւ իրողություն է, որ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ԲՀԿ-ից ժամանակին անջատված «Ալյանս» կուսակցությունը չկարողացան հանրությանն առաջարկել օմբուդսմենի այնպիսի թեկնածուներ, որոնք գոնե մի քիչ հայտնի լինեն, եւ գումարած դրան նաեւ չկարողացան այդ հարցում փոխհամաձայնության գալ, եւ հրապարակավ փոխադարձ մեղադրանքներ հնչեցին:
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ
ՀԱՐՑԸ
Պարզ է, որ օմբուդսմենի միակ ռեալ թեկնածուն փոխնախարար Արման Թաթոյանն է, եւ հենց նա էլ քվեարկվելու է ԱԺ-ում: Մյուսների առաջադրած թեկնածուները ընդամենը ամբիոն օգտագործելու եւ առիթը նախընտրական քարոզչությանը ծառայեցնելու տարբերակներ են:
Ի դեպ, ինչ-ինչ մեղադրանքներ հնչեցին, թե ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն իրավապաշտպան գործունեության փորձ չունի, եւ այլն, եւ այլն: Բայց պարզվեց, որ թեկնածուն հենց օմբուդսմենի գրասենյակում ավելի երկար է աշխատել, քան Արդարադատության նախարարությունում: Եվ երկրորդը` նրա թեկնածությունը քննադատողները այդպես էլ չեն կարողացել առավել լավ այլընտրանք առաջարկել: ԲՀԿ-ի մասին արդեն ասացինք, ՕԵԿ-ը ավելի լավ տարբերակ չգտավ, քան պաշտպանել Զարուհի Փոստանջյանին, որից ոչ թե օմբուդսմեն, այլ միմիայն սկանդալիստ կարող է ստացվել, դե, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» էլ նույնպես սեփական առաջադրելիքը չգտան: Հիմա օմբուդսմենի պահով որոշակի երկիմաստ վիճակում է ԲՀԿ-ն` ոչ այն է ՀՀԿ-ի թեկնածուին պաշտպանեն, ոչ այն է` զբաղվեն Զարուհի Փոստանջյան պաշտպանելով:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԵՐ
«Նարնջագույն» ընդդիմադիները հույժ ոգեւորվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցով հանրաքվեի վերաբերյալ, եւ Հրանտ Բագրատյանը խանդավառված ձեւով կոչ է անում բոլոր «նարնջագույններից» կազմել ընդդիմադիր կոալիցիա: Թե ով Բագրատյանի նախաձեռնությանը բանի տեղ կդնի` դեռ հարց է, սակայն «Ժառանգությունը» հանած Բագրատյանի առաջարկած սխեմայում բոլորն անխտիր ՀՀՇ-ական ծագում ունեն: Իսկ ինչպիսի բիծ  է այդպիսի ծագումը` երեւում է Դավիթ Շահնազարյանի հարցազրույցից, ուր վերջինս ստանձնել է Էրդողանի փաստաբանի աննախանձելի դերը եւ Մոսկվայում հնչած առաջարկությունը` 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրն ապավավերացնելու վերաբերյալ, պիտակում է որպես զուտ շանտաժ` ուղղված թուրքերին եւ Արեւմուտքին, ինչպես նաեւ Հայաստանը թուրքերի հետ հարաբերություններում մանրադրամի տեղ օգտագործելու միտում: Դե, ճիշտ ժամանակին Դ. Շահնազարյանը հիշեցրեց 1999-ին էներգետիկայի փոխնախարարի հնչեցրած «ՀՀՇ-ի արտադրական թափոններ» խոսքը:
Այլ տեսակի քաղաքական մնացուկներ հավաքում է եւ «Հայկական վերածնունդ» դարձող ՕԵԿ-ը, թեեւ պարզ չէ, թե ինչքանով օգուտ կլինի մարդ-կուսակցությունների հավելումից: Իսկ Արա Աբրահամյանը ասպարեզ մտնելուն է պատրաստվում «Ազգային միասնություն» շարժման անվան տակ, որի վերաբերյալ երեկ տարածվեց մամլո հաղորդագրություն` մարզերում գրասենյակներ հիմնելու եւ դրանք անհրաժեշտ սարքավորումներով համալրելու, ինչպես նաեւ Եվրասիական տարածաշրջանային տնտեսական ֆորում անցկացնելու վերաբերյալ:
Սակայն վերադառնանք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցին, որն այս անգամ ոչ թե ստանդարտ ձեւակերպում ուներ արձանագրված թերությունների, բայց միաժամանակ մեկ քայլ առաջընթացի մասին, այլ հիմնականում սեւ գույնով էր ներկված: Պարզ է, որ Եվրոպան եւ ԱՄՆ-ն ուժգնացնում են ճնշումը Հայաստանի նկատմամբ` նպատակ ունենալով իրենց ձեռնտու երանգներ տալ մայիս ամսին նախատեսված ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին: Պարզ է, որ նրանք ցանկություն ունեն եւ էապես ներազդել 2017-ի ընտրությունների, ինչպես նաեւ ընտրություններից հետո հետընտրական ցնցումներ ստեղծելու լծակներ են փնտրում: Բայց նաեւ անժխտելի է, որ հանրաքվեի նախապատրաստական փուլում կիրառված, այսպես կոչված, «նորագույն քաղտեխնոլոգիաները»` տարատեսակ ռեալիթի շոուների տեսքով, գործնականում օգուտ չտվեցին ոչ քարոզչությանը, ոչ էլ միավորներ գումարեցին հանրաքվեին եվրոպացիների աչքերում:
Իսկ թե ինչ միտումներ են գերիշխելու ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին ընդառաջ, դա կերեւա նաեւ շատ արագ` գործադիրում կատարվելիք փոփոխություններից: Ակնկալելի է, որ այդ պահն էլ հաշվի կառնվի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ