Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քաղաքական
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:16

 

ԶԿՈԱԼԻՑԻԱ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ...


Եվ այսպես, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորման իրողությունը արդեն կայացած փաստ է: Ճիշտ է, այդ երկու կուսակցությունները պաշտոնապես դեռեւս մանրամասներ չեն հայտնում, եւ Էդուարդ Շարմազանովի խոսքով` վերջնական ճշտելու որոշակի հարցեր կան մինչեւ այս շաբաթվա վերջ, բայց, կարելի է ասել, որ Տրնդեզը դառնում է այն սահմանագիծը, որից մեկնարկում են փոփոխությունները:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԱՐՆԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Գործադիր իշխանությունում ակնկալվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք կոալիցիա կազմելու իրողությունից դուրս են: Նաեւ առջեւում է մեծ օրենսդրական աշխատանքը` օրենքները նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ, եւ այդ նպատակով Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել: Ու, բնականաբար, այդ օրենսդրական փոփոխություններում կարեւորագույնը Ընտրական օրենսգիրքն է: Իսկ այսօր արդեն ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը կայացնելու է որոշում օմբուդսմենի թեկնածուի վերաբերյալ, եւ Արման Թաթոյանը ներկայացվելու է խորհրդարանի դատին: Իսկ որ հենց նրան է իր նախընտրությունը տալու հանձնաժողովը` ակնհայտ է ցանկացած ողջամիտ մարդու:
Հանձնաժողովական քննարկումներում, կարելի է ասել, որ «Ալյանսի» թեկնածուին կպաշտպանի միայն Տիգրան Ուրիխանյանը, ընդդիմադիրների մի մասը կհասցնեն գովաբանել Զարուհի Փոստանջյանին, իսկ Արման Թաթոյանի թեկնածությունը կպաշտպանի նաեւ ԲՀԿ-ն: Այսպես, ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը մատնանշեց, որ ԲՀԿ-ն չի օգտվել թեկնածու առաջադրելու իր շանսից. «Հավանաբար, տեխնիկական ընթացակարգերը թույլ չտվեցին, որ այդ փոփոխությունը կատարվեր, ժամանակ չկար երեւի»: «Դե, ուշացրեցինք, հավանաբար»,- փաստեց Լյովա Խաչատրյանը: Ի դեպ, ԲՀԿ-ական այդ պատգամավորը մտադիր է ձայն տալ հենց Արման Թաթոյանին. «Թաթոյանն ապարանցի է, իսկ դա արդեն մեծ արգումենտ է... Ամեն դեպքում արյունը ջուր չի դառնա... Արդեն իսկ հույս կա, որ լավ ՄԻՊ կլինի»: Ի դեպ, միանգամայն դրական է արտահայտվել ՀՀԿ առաջադրած թեկնածուի մասին եւ ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը:
Այնպես որ, ԱԺ-ում Արման Թաթոյանը ստանալու է ոչ միայն ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ որոշ անկախ պատգամավորների քվեները, այլեւ ԲՀԿ-ից էլ է ձայներ ունենալու: Դե, բնականաբար, օմբուդսմենի թեկնածուի հարցի շուրջ ԱԺ ամբիոնից աղմուկ բարձրացնողներ էլ կլինեն, սակայն հետաքրքիր է, որ «Ժառանգություն» խմբակցությունում է, մեղմ ասած, միասնական կարծիք չկա Զարուհի Փոստանջյանի շուրջ: Այսպես, Թեւան Պողոսյանը ուղղակիորեն ասում է, որ Զարուհի Փոստանջյանն իր նախընտրած թեկնածուն չէ: ԲՀԿ խոսնակն էլ նշում է, որ իրենց կուսակցության համար Զարուհի Փոստանջյանը պարզապես անընդունելի է: Դե, մնում է «Հայկական վերածնունդ» դարձող ՕԵԿ-ի հույսին, գումարած նաեւ ամենայն հայոց «լուսավորիչ» Էդմոն Մարուքյանը:
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ
Հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում հատուկ շեշտվում էր, որ սույն աստվածահաճո կառույցի շատ ու շատ հանձնարարականներ հանրաքվեի ժամանակ անտեսվել են: Ահագին մուննաթ էր պարունակվում եւ նույնականացման քարտերով քվեարկության վերաբերյալ, ու ընդհանրապես այն ամենը, ինչ հայտարարել էին տարբեր տեղամասերում դիտորդություն արած գրանտակեր ՀԿ-ների ակտիվիստները, զեկույցի մեջ ընդունվել է հալած յուղի տեղ:
Նույն այդ զեկույցում շատ տեղ է տրվում ակնկալիքներին, թե ինչպիսին կլինի Ընտրական օրենսգիրքը, եւ հույս է հայտնվում, որ այն կհամապատասխանի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականներին: Այսինքն` Արեւմուտքը ջանքեր է գործադրում, որպեսզի Ընտրական օրենսգրքում հենց «նարնջագույն» ընդդդիմադիրների ճաշակին համապատասխան դրույթներ ներառվեն, որպեսզի նաեւ ներդրվեն «ականներ», որոնք հնարավոր լինի պայթեցնել հետընտրական շրջանում: Ի դեպ, այդ նույն «առաջադեմ» Արեւմուտքը իր ներդրումն ունեցավ, որպեսզի չներդրվի այնպիսի առաջադեմ տեխնոլոգիա, ինչպիսին է էլեկտրոնային քվեարկությունը եւ քվեների հընթացս էլեկտրոնային հաշվարկը: Այնպես որ, դժվար թե նույնականացման քարտերի տերերը 2017-ի ընտրություններին օգտվեն այնպիսի հարմարավետ ձեւից, ինչպիսին է տան համակարգչին միացրած ընդամենը 3 հազար դրամ արժեցող սարքի օգնությամբ սեփական քարտով ընտրություններին մասնակցելը` առանց տնից դուրս գալու եւ տեղամաս հասնելու:
Դե ինչ, ընտրական գործընթացում բարձր տեխնոլոգիաները զոհ գնացին այն մերկապարանոց թեզին, թե «հանցավոր վարչախումբը» անպայման կվերահսկի, թե կոնկրետ որ քաղաքացին ինչպես է քվեարկել էլեկտրոնային քվեարկության ընթացքում,  ու դրանով իսկ իբր կստեղծի վախի մթնոլորտ: Չնայած ծիծաղելի է մտածել` ոչ պետական սեկտորում զբաղված հիմնականում երիտասարդ քաղաքացիներին ընդհանրապես ինչը կարող է ստիպել քվեարկելու ոչ իրենց նախընտրած քաղաքական ուժի օգտին, անգամ եթե կա տեսական ենթադրությունը, որ ինչ-որ «բոբո քեռիներ» ստուգելու են, թե ում է նա քվե տվել իր տան համակարգչի մոտ նստած:
ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ «ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐ», ԿԱՄ ԱՐԱ ԱՐՇԱՎԻՐԻՉԸ ԿՓՈԽԻ՞ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Բոլոր «նարնջագույն» ուժերին մեկ դաշինքի համախմբվելու կոչով հանդես եկավ որձ կովերի անգերազանցելի մասնագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Սակայն նման է, որ պարոն Բագրատյանի նախաձեռնությունից բան չի ստացվի, քանզի գլխանց չեմուչումեր են անում, օրինակ, Նիկոլի կուսակցությունը, ՀԱԿ-ը, հարցը օդում է կախում «Ժառանգությունը»,  ՀՀՇ-ածին այլ ուժերն էլ, այդ թվում եւ նորացված ՀՀՇ-ն առայժմ որոշակի բան չեն ասում:
Յուրահատուկ կոալիցիա է եւ այն, ինչը նախաձեռնել է ՕԵԿ-ը` «Հայկական վերածնունդ» կուսակցական բրենդի ստեղծումը, ուր միաձուլվում են ե՛ւ ինքը` ՕԵԿ-ը, ե՛ւ մի գլուխ մարդ-կուսակցություններ, որոնց անունները հանրությունը հասցրել էր վաղուց մոռանալ: Ի դեպ, դեպի «Հայկական վերածնունդ» որոշակի ներհոսք կա եւ «Ժառանգությունից», քանզի այդ կուսակցությունում ընդգրկվածները էապես սկսել են կասկածել, որ Րաֆֆու գլխավորած միավորը ընդհանրապես ապագա ունի: Սակայն  արդյո՞ք Արա Աբրահամյանը կփորձի գալ քաղաքական դաշտ «Հայկական վերածնունդ» բրենդի տակ, թե այլ տարբերակներ կփորձի, դեռեւս այնքան էլ պարզ չէ:
Ալամ աշխարհի հայերի նախագահը հանդես է եկել հսկայածավալ հարցազրույցով, ուր բացի գեղեցիկ կարգախոսներ առաջ քաշելուց, նաեւ անդրադարձել է իր հնարավոր մուտքին ՀՀ քաղաքական դաշտ: Տեսնենք, թե ինչ է նա ասում. «Ի՞նչ քաղաքական ուժի հետ եմ ես հույսեր կապում: Ինձ համար գլխավոր քաղաքական ուժը հայ ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացիները: Եթե իմ նախընտրական ծրագիրը հոգեհարազատ եւ ընդունելի կլինի նրանց համար, ապա ես համոզված եմ մեր հաջողության հարցում:
2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ Ընտրական նոր օրենսգիրքը կբացառի մեծամասնական համակարգով առաջադրումն ու ընտրությունները: Մնում է միայն կուսակցական ցուցակը: Ինչ վերաբերում է կուսակցաշինությանը եւ (կամ) համագործակցությանը, դեռեւս որեւէ հստակ բան ասելը համարում եմ վաղաժամ: Ներկա պայմաններում նոր քաղաքական կուսակցության ստեղծումը կլիներ շատ ավելի ռացիոնալ որոշում, բայց, թե ինչպես կլինի, ՀՀ արդարադատության նախարարությունն այս նախաձեռնությանը օբյեկտիվ վերաբերմունք կցուցաբերի՞, թե` ոչ, դժվար է ասելը: Նաեւ քաղաքական համագործակցության հնարավորություն կա գործող որոշ կուսակցությունների հետ, որոնց մոտեցումները համահունչ կլինեն մեր գաղափարներին: Բայց, թե ովքե՞ր են նրանք եւ ո՞ւմ հետ մենք կարող ենք համագործակցել, ցույց կտա մոտ ապագան»:
Այսինքն` Արա Աբրահամյանն ասում է, որ դեռեւս փնտրտուքի մեջ է, թե ինչպես մտնի ՀՀ քաղաքական դաշտ, բայց որ ուզում է մտնել` դա հաստատ է: Իսկ հիմա ծանոթանանք նրա մտքի գլուխգործոցին. «Իսկապես, 2015թ. աշնանը ես ցանկություն հայտնեցի մասնակցել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին` հաշվի առնելով իմ ունեցած` Հայաստանի քաղաքացիությունը, եւ գլխավորը` մտահոգությունը իմ Հայրենիքի ճակատագրով»: Բնականաբար, ինչ վերաբերում է հայրենիքի ճակատագրով նրա մտահոգությանը, ապա կկրկնենք Ստանիսլավսկու «Չեմ հավատում» բանաձեւը: Բայց առավել հետաքրքիր է, թե ինչ է ասում այդ մասնակցության մասին ՀՀ Սահմանադրությունը: Ըստ 48-րդ հոդվածի 2-րդ կետի «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:
Հիմա արդյո՞ք բացի ՀՀ անձնագրից, վերջին չորս տարում Արա Արշավիրիչն այլ անձնագիր չի ունեցել: Արդյո՞ք կգտնվի մեկը, որ կպնդի, թե նա վերջին չորս տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Եվ վերջապես, արդյո՞ք նրա երեւանյան ասուլիսին մեր հանրությունը չհասցրեց համոզվել, որ հայերենի իմացության տեսակետից պարոն Աբրահամյանի համեմատությամբ անգամ մեր մականունավորները կարող են համարվել լեզվաբանության պրոֆեսորներ: Մի՞թե նրա թիմում գտնվող նրա իսկ հիշատակած 300 իրավաբանները չեն հայտնել այն պարզ փաստը, որ Արա Աբրահամյանը չի կարող լինել պատգամավորության թեկնածու, այսինքն, եթե կուսակցություն էլ ստեղծի, չի կարողանալու գլխավորել այդ կուսակցության համամասնական ցուցակը: Նաեւ չի կարողանալու լինել այդ կուսակցության առաջադրած վարչապետի թեկնածու, քանզի Սահմանադրության 148-րդ հոդվածով «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»:
Ահա այդպիսի բաներ: Հետագա քաղաքական գործընթացների վրա, անշուշտ, իր կնիքը դնելու է այն, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը չի կարողանալու լինել ինչ-որ ուժի ստվերային առաջնորդ, իսկ Արա Աբրահամյանը, եթե որոշի մտնել ՀՀ քաղաքական դաշտ, ստիպված կլինի դառնալ այնպիսի առաջնորդ, որը չի կարող սեփական կամ իրեն պաշտպանած քաղաքական ուժի ցուցակը գլխավորել, կամ լինել դրա վարչապետացուն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ