Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏԸ ԴԱՐՁԱՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՄԵԾՆ ՎԱՐՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԸ


Օրերս Լոս Անջելեսում կայացել է «Namm show» երաժշտական ցուցահանդեսը, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ բասկիթառահար ԳԱԳԻԿ ԹՈՐՈՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում երաժիշտը պատմեց, որ ցուցահանդեսը երաժշտության հետ առնչություն ունեցող մարդկանց  հնարավորություն է տվել շփվելու եւ ծանոթանալու ինչպես աշխարհահռչակ երաժիշտների, այնպես էլ` նրանց համար կերտած երաժշտական գործիքների հետ:-Կիթառի ֆրանսիացի հանրահայտ վարպետ Պաուլ Լաիրատի պաշտոնական կայքում Դուք ներկայացված եք որպես արտիստ, հետաքրքիր է ի՞նչ կապ ունի հայ բասկիթառահար Գագիկ Թորոյանը ֆրանսիացի երաժիշտների հետ:

- Ինձ համար մեծ պատիվ էր այդ ցուցահանդեսին ներկայանալ իբրեւ Պաուլ Լաիրատի բասկիթառների ցուցադրող-մեկնաբան: Իսկ ընդհանրապես, զուր չեն ասում, որ հայերը այն բացառիկ ազգերից մեկն են, ովքեր կարողանում են կապ ստեղծել եւ բարեկամանալ այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Ուրախ եմ, որ արժանացել եմ Պաուլ Լաիրատի մասնագիտական ուշադրությանը եւ դարձել եմ բասկիթառի մեծն վարպետի պաշտոնական արտիստը: Ի դեպ, բացի նրա հետ համագործակցելուց, նաեւ Իսրայելում մասնակցություն եմ ունեցել իրենց գործունեությունը ծավալող Յոնի Էլիավի եւ Դավիդ Դավիդովի երաժշտական նախագծերում:

 

- Կարելի՞ է ենթադրել` նշանակում է, որ մուտք եք գործել միջազգային ասպարեզ եւ այսուհետ աշխատելու եք նաեւ համաշխարհային մեծության արտիստների հե՞տ:
- Վաղվա օրը միշտ էլ լի է անակնկալներով եւ նորանոր հաջողություններով: Ինչու ոչ, այս համագործակցությունը գուցեեւ միակը չլինի ու շատ ու շատ միջազգային դռներ բացի իմ առջեւ:
- Մի փոքր էլ խոսենք հայաստանյան երաժշտական իրականության մասին. այն, ինչ այսօր կատարվում է այդ ասպարեզում, ինչպե՞ս կորակեք եւ արդյո՞ք տեսնում եք մի նոր ճանապարհ: Թե՞ դեռ շատ հեռու ենք նոր ճանապարհներից:
- Կարծում եմ` յուրաքանչյուր ասպարեզում իրականությունը եւ երազելին իրարից փոքր-ինչ հեռու են, բայց եւ այնպես ամեն ասպարեզ, այդ թվում եւ երաժշտականը, միշտ էլ փորձում է կատարելագործվել եւ նորանոր հաջողությունների հասնել: Այս դեպքում, կարծում եմ, որ օպտիմիզմը չէր խանգարի: Համոզված եմ` մենք դեռ նորանոր հաջողություններ կունենանք երաժշտական ասպարեզում:
- Այսօր Հայաստանում արտիստը կարծես թե լճանում է, մի մասը ելքը գտնում է դասավանդելով, մյուս մասը` հայրենիքը լքելով ու օտար ափերում իր կարիերան «ծաղկեցնելով»: Մի մասն էլ` իր անվան շուրջ սկանդալներ հորինելով: Մի խոսքով` փորձում են ամեն կերպ մնալ «ջրի» երեսին:
- Եկեք չհամաձայնեմ այն մտքի հետ, որ դասավանդումը արտիստին «վերակենդանացնելու» միջոց է: Ինքս դասավանդում եմ Երեւանի էստրադային եւ ջազային պետական քոլեջում եւ կարծում եմ, որ դասավանդումը ինձ  հնարավորություն է տալիս էլ ավելի կատարելագործվել եւ ինչու ոչ` նաեւ տարիների իմ փորձը փոխանցել շատ տաղանդավոր երիտասարդների:

- Համերգների պատճառով ստիպված եք լինում քիչ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, ինչպե՞ս են նրանք վերաբերվում Ձեր հաճախակի բացակայություններին:

- Այո, իսկապես իմ ողջ գործունեության ընթացքում շատ եմ բացակայել երկրից եւ դեռ շարունակում եմ: Այդ պատճառով, ցավոք, քիչ ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս, բայց աշխատանքը մնում է աշխատանք: Հակված եմ այն կարծիքին, որ յուրաքանչյուր աշխատանք պահանջում է զոհողություններ, եւ ուրախ եմ, որ ընտանիքիս անդամները համակարծիք են ինձ հետ:

- Երաժիշտի համար ո՞րն է երջանկության բանաձեւը:

- Քրտնաջան աշխատանքը եւ դրանից բխող այն նվիրումները, որոնք անքակտելի կապ են ստեղծում ներկայի եւ ապագայի միջեւ: Յուրաքանչյուր մասնագետ, այդ թվում եւ երաժիշտը, պետք է լինի շարժման մեջ եւ չկորցնի  հավատն ու հույսը ապագայի հանդեպ:


Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ