Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԻՆՉՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀՅԴ-Ն ՀՐԱԺԱՐՎԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԵՎ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻՑ


Իշխանության «անառակ որդին»` ՀՅԴ-ն, կրկին կոալիցիա է կազմում քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի հետ: Մինչդեռ նախկինում բացառում էր դա, ավելին` ազատվում էին այն ՀՅԴ-ականներից, ովքեր կոալիցիոն կառավարման մեջ էին տեսնում ինչպես երկրի, այնպես էլ Դաշնակցության ապագան: Նրանց թվում էր նաեւ անվանի բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, ով այս հարցում տարբերվող կարծիք արտահայտեց ու չներվեց հարազատ կուսակցության կողմից: Իսկ թե ինչ էր եղել իրականում, «Իրավունքը», հետաքրքրվեց հենց նախկին դաշնակցական Ռ. Դավոյանից.

–Իրականությունը մի փոքր տարբերվող է: Ո՛չ ինչ-որ ուրիշ խնդիր կար, ո՛չ էլ կոալիցիայի մաս կազմել-չկազմելն էր պատճառը: Նախագահական ընտրությունների քարոզարշավն էր գնում, եւ «Ռադիոլուրն» ինձնից մեկնաբանություն խնդրեց` հարցնելով, թե ով կարող է լինել ՀՀ նախագահ:Այդ ժամանակ իր թեկնածությունն էր դրել նաեւ լուսահոգի Վահան Հովհաննիսյանը, եւ Դաշնակցությունը սպասում էր, որ ես պիտի ասեմ, որ նա պիտի լինի, իմ կարծիքով, ՀՀ նախագահ: Բայց ես հենվեցի ավելի շատ ժողովրդի գնահատականի վրա եւ ասացի, որ ժողովուրդն ում տեսնի, որ գործ է արել ազգի, երկրի համար, նրան էլ պետք է ընտրել: Եվ երբ շատ պնդեցին, թե ով ի վերջո կարող է լինել, ասացի` պարզ երեւում է, որ Սերժ Սարգսյանը ավելի մեծ գործունեություն է ծավալել, եւ այն արժանի է գնահատականի: Դրանից հետո ես ոչ թե հեռացա Դաշնակցությունից, այլ իրենք որոշում կայացրին ու ինձ հեռացրին կուսակցությունից:

Ամեն դեպքում, ինչպե՞ս կգնահատեք, որ ՀՅԴ-ն հերթական անգամ փորձում է դառնալ իշխանության կոալիցիոն գործընկերը:

– Վատ բան չեմ տեսնում այդտեղ: Ամեն ինչ կախված է փոխադարձ կամքից  եւ համագործակցության, երկրին ծառայելու ցանկությունից: Եթե այդ համագործակցությունը կայանում է, նորմալ եմ համարում:

Իսկ ընդհատված համագործակցությունը` մասնավորապես կոալիցիայից դուրս գալը, արդյո՞ք կորցրած ժամանակ չէր ՀՅԴ-ի համար:

– Այդ տեսակ գնահատականներ տալու ցանկություն չունեմ: Կորցրած ժամանակ էր, թե գտնված, համենայնդեպս, բոլոր կարեւորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում, արդեն տեղի են ունեցել: Իսկ ամենակարեւորը` ըստ նոր Սահմանադրության եւ ՀՀ նախագահի կանխատեսումների, դեռ առջեւում է:

Իսկ հնարավո՞ր է Ռազմիկ Դավոյանը կրկին հայտնվի կոալիցիայի ճանապարհը բռնած ՀՅԴ-ի շարքերում:

– Մի անգամ է կյանքիս մեջ պատահել, որ մտել եմ Դաշնակցության մեջ, երկրորդ անգամ նման բան չի կարող լինել` բացարձակապես որեւէ կուսակցության հետ: Գտնում եմ, որ կուսակցությունների խնդիրներն ավելի շատ խմբակային որոշումների խնդիրներ են, իսկ իմ խնդիրն անհատական է եւ կապված է հայ ժողովրդի ազգային իղձերի, գաղափարների հետ: Իմ բաժինը սա է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ