Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանդիպում
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 17:59

«ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՉԴՐՍԵՎՈՐԻ, Ո՞Վ Է ՆՐԱՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԱՅՆ ՀՈՂԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ»


Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ աշխարհի ուշադրությունը մնում է սեւեռված Սիրիայում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների վրա, որի ֆոնին էլ հասունանում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր բախման հավանականությունը: Այս, ինչպես նաեւ պատմական իրադարձությունների վերանայման ու Հայաստանին առնչվող արտաքին ազդակների մասին «Իրավունքը» զրուցեց Ռուսաստանի կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքական վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՌԻԼՈՎԻ հետ:


«ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՎԵՐԱՆԱՅՎԵՆ»

 

Պարոն Կռիլով, ՌԴ Պետդումայի մի քանի պատգամավոր առաջարկել են ՌԴ նախագահին ու արտգործնախարարին` չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Կարելի՞ է սպասել պատմական նման շրջադարձ:

– Այդ նախաձեռնությամբ հանդես են եկել ՌԴ Պետդումայի կոմունիստական խմբակցության պատգամավորները, որոնց աջակցել է «Արդար Ռուսաստան» խմբակցությունը: Պետք է հասկանալ, որ սրանք իշխող խմբակցությունները չեն, այլ այն քաղաքական ուժերն են, որոնց հիմա հետաքրքրում է, թե ինչպես կարող են հայտնվել խորհրդարանում հաջորդ ընտրությունների արդյունքում: Մեզ մոտ շուտով հերթական խորհրդարանական ընտրություններ են, հետեւաբար, ակնառու է, որ քաղաքական պայքարով պայմանավորված` նրանք պարզապես փորձում են ուշադրություն գրավել: Միեւնույն ժամանակ, ՌԴ պաշտոնական դեմքերի հայտարարությունները, որոնք հաջորդեցին այդ առաջարկին, խոսում է այն մասին, որ նրանք չեն աջակցի վերոնշյալ նախաձեռնությանը: Դրա համար, դժվար թե, ռուս-թուրքական հին պայմանագրի վերանայումը հնարավոր լինի եւ ունենա հետագա զարգացում: Ավելին` կասկածում եմ, որ Պետդուման այս հարցը լրջորեն կվերանայի, որովհետեւ շուտով խորհրդարանի այս կազմը կհեռանա պաշտոնից, իսկ այդպիսի խնդիրները, որպես կանոն, վերանայվում են շատ երկար: Այլ հարց է, եթե խոսենք ընդհանրապես սահմանների վերանայման մասին, որովհետեւ այդ հնարավորությունն իսկապես գոյություն ունի: Եվ սա պայմանավորված է ոչ թե նրանով, որ ինչ-որ մեկը կվերանայի հին պայմանագրերը, այլ այն իրավիճակով, որը հիմա տեղի է ունենում Սիրիայում, Թուրքիայում, վերջինիս հետ Ռուսաստանի  ու իր հարեւանների, ինչպես նաեւ աշխարհի այլ ազդեցիկ խաղացողների հետ  հարաբերություններում: Այնպես որ, շատ հնարավոր է, որ սահմանները Մերձավոր Արեւելքում վերանայվեն:


«ԴԺՎԱՐ Է ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴԻՏԱՐԿԵԼ ՈՐՊԵՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՖԻԳՈՒՐ»


Ի դեպ, Մերձավոր Արեւելքի մասին. Սիրիայում իրավիճակն օր օրի լարվում է: Ըստ Ձեզ` ի՞նչ հետեւանքներ կունենա այս ամենը:

– Սիրիայում իրավիճակը կարող է ավարտվել սիրիական բանակի վերջնական հաղթանակով` ռուսական ավիացիայի աջակցությամբ, կամ էլ այն կբաժանվի մի քանի մասի, եւ կստեղծվի շրջափակված զոնա, որը կվերահսկվի միջազգային կառույցների կողմից: Արդյունքում Թուրքիան ու Սաուդյան Արաբիան, այլ երկրները եւ ԱՄՆ-ն կձեւավորեն իրենց շրջափակման ուղիները: Եվ մի հատված էլ կմնա Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ: Իհարկե, սա առավել հավանական սցենարն է, բայց կարող են լինել նաեւ այլ սցենարներ:

Գաղտնիք չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունները հենց այս համատեքստում գնալով ավելի պայթյունավտանգ են դառնում: Այն կվերաճի՞ ռուս-թուրքական պատերազմի:

– Փաստացի ռուս-թուրքական պատերազմ դժվար թե լինի, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ պարզապես, ԱՄՆ-ն օգտագործում է նրան իր նպատակների համար: Նախագահ Էրդողանը ուշիուշով հետեւում է ԱՄՆ-ին, այնպես որ, դժվար է նրան դիտարկել որպես ինքնուրույն ֆիգուր: Բայց չեմ կարծում, որ իրավիճակը կգնա նոր ռուս-թուրքական պատերազմի ուղիով: Ամեն դեպքում, հիմա աշխարհը շատ ավելի է իրարից կախված, եւ ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ երրորդ համաշխարհային պատերազմ քիչ հավանական է, որ լինի: ՌԴ-ն ու Թուրքիան, ինչպես նաեւ միջազգային կառույցները հնարավորինս ամեն ինչ կանեն, որպեսզի խուսափեն Սիրիայում մասշտաբային բախումներից: Եվ դրա համար ռուսական ավիացիան կշարունակի աջակցել սիրիական զորքերին:


«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՌՎԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՇՎԵԼ»


Իսկ ի՞նչ դերակատարություն կունենա Ադրբեջանը ստեղծված իրավիճակում:

– Ադրբեջանի նախագահ Ալիեւի` ԱՄՆ-ում արված վերջին հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը չի ցանկանում կռվի մեջ ներքաշվել կամ բռնել Թուրքիայի կողմը: Եվ սա շատ բնական է, որովհետեւ իր համար այն հղի է մեծ կորուստներով` ինչպես իշխող ռեժիմի, այնպես էլ Ադրբեջանի պետականության համար: Իրենք հիմա ծանր վիճակում են հայտնվել, քանի որ մի կողմից չեն ուզում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, մյուս կողմից` Ռուսաստանի: Բայց Թուրքիան այնպիսի քաղաքականություն է տանում, որ Ադրբեջանը ստիպված կլինի ընտրել` խաղալ Թուրքիայի օգտին, թե` ոչ: Այնուամենայնիվ, Էրդողանի խարդախությունն այստեղ այնքան ակնհայտ է, որ չեմ կարծում, թե Բաքուն գնա նրան աջակցելու ճանապարհով:


«ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԵՆԱՇԱՀԱՎԵՏ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է»


Ամեն դեպքում, տարածաշրջանը լի է վտանգներով ու նոր իրադարձությունների զարգացումներով: Հետաքրքիր է, թե այն ի՞նչ անդրադարձ կունենա նաեւ Հայաստանի վրա:

– Նախեւառաջ շատ բան կախված է նրանից, թե հենց Հայաստանն ինչպես իրեն կդրսեւորի: Դատելով հայաստանյան մամուլի հրապարակումներից` կարելի է ենթադրել, որ մեծ է ցանկությունը չմնալ ստվերում, որովհետեւ չի բացառվում, որ այս կոնֆլիկտի մեջ Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում ինչ-որ հարցեր լուծվեն` հաշվի առնելով ողբերգական դեպքերն ու սահմանային իրավիճակը: Բայց դժվար է պատկերացնել. եթե Հայաստանը ակտիվություն չդրսեւորի, ո՞վ է նրան նվիրելու այն հողերը, որոնք համարվում են հայկական պատմական: Հետեւաբար, շատ հարցերում Հայաստանն ինքը պետք է որոշի իր անելիքները: Ինչ վերաբերում է Արցախին, այս ամենն, իհարկե, բացասական անդրադարձ կունենա: Ընդ որում ոչ թե ադրբեջանական զորքերի կողմից, որոնք համարվում են մշտական սպառնալիք, այլ այստեղ մեծ է հավանականությունը, որ սիրիական զորքերի հաջող ռազմական գործողությունների արդյունքում, այդ ահաբեկչական, ազգայնական խմբավորումները շրջվեն դեպի Միջին Ասիայի եւ Հարավային Կովկասի կողմը: Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը կարող են բախվել մեծ խնդիրների հետ: Իսկ նման իրավիճակում հարավկովկասյան երկրները չեն կարողանա գոնե քիչ թե շատ միավորված գործել` հանուն իրենց անվտանգության: Ամեն մեկը կփորձի իր խնդիրներն ինքնուրույն լուծել: Ու այս պարագայում Հայաստանն ամենաշահավետ իրավիճակում է, որովհետեւ ՀԱՊԿ անդամ է, եւ իր անվտանգությունը երաշխավորվում է Ռուսաստանի կողմից: Ադրբեջանում իրավիճակն ավելի բարդ է, իսկ թե Վրաստանը որքանով կկարողանա իր անվտանգությունն ապահովել, ցույց կտա ապագան:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ