Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Առողջապահություն
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 18:06

«ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է ՄՈՏ 25 ՏՈԿՈՍՈՎ»

Ամեն տարի փետրվարի 16-ին նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Ըստ վիճակագրական տվյալների՝ տարեկան աշխարհում օնկոլոգիական հիվանդություններով տառապում է 175 հազար երեխա, որոնցից 90 հազարը հետագայում մահանում է: Մինչդեռ, բժիշկների կարծիքով, վաղ եւ ճիշտ ախտորոշման եւ ժամանակին բուժում նշանակելու դեպքում չարորակ ուռուցքների 70%-ը հնարավոր է բուժել:Մանկական քաղցկեղների տարածվածության առումով թե ի՞նչ իրավիճակում է գտնվում Հայաստանը, եւ որոնք  են առավել շատ տարածված տարատեսակները՝ փորձեցինք պարզել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ ԳՐԻԳՈՐ ԲԱԴԱԼՅԱՆԻՑ, ով ի ուրախություն մեզ` նշեց.

 

 

 

- Վերջին տարիներին քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը նվազել է մոտ 25 տոկոսով: Հիվանդության նվազումից բացի, կրճատվել է նաեւ մահացության ցուցանիշը: Այն դեպքում, երբ վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության աճ` տարեկան 3-4 տոկոսով: Հայաստանում 2014թ., ընդհանուր առմամբ, առաջնային չարորակ ուռուցքի 8365 դեպք է ախտորոշվել, որոնցից 53-ը` մինչեւ 17 տարեկան երեխաներ են: Վերջին 11 տարվա ընթացքում Հայաստանում 0-17 տարեկանում հայտնաբերվել է չարորակ նորագոյացություններով 767 առաջնակի հիվանդ, տարեկան միջինը` 70 հիվանդ: Հիվանդացությունը համեմատաբար բարձր է եղել 2004-ին (82 դեպք ) եւ 2005-ին (97 դեպք): Այնուհետեւ տարեցտարի նվազել է` հասնելով 2014 թվականին ընդամենը 53 դեպքի: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում է ստանում չարորակ ուռուցքով հիվանդ տասը երեխա, հսկողության տակ է երեսունից երեսուն հինգ երեխա: Բաժանմունքի հսկողության տակ է նաեւ մոտ 400 երեխա, որոնք վերջին 10-15 տարվա ընթացքում արդեն բուժվել են:
- Կարող եք ասել, քաղցկեղի ո՞ր տեսակներն են  հայտնաբերվում մանուկների շրջանում:
- Երեխաների մոտ հիմնականում նկատվում են արյան քաղցկեղ, ավշային համակարգի չարորակ ախտահարումներ, գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներ: Ավելի քիչ են հանդիպում ոսկրային, երիկամի, սեռական օրգանների քաղցկեղները: Հայաստանում երեխաների քաղցկեղը շուտ է հայտնաբերվում եւ բուժվում է ավելի լավ, քան մեծահասակներինը: Հիմնական մեթոդը, որը թույլ է տալիս փրկել երեխաներին, քիմիաթերապիան է: Պետք է նշեմ, որ Հայաստանում մանկական քաղցկեղի բուժումը իրականացվում է պետական պատվերով: Հիվանդ երեխաները դեղորայքի որոշ տեսակներ ստանում են պետության կողմից, իսկ թանկարժեք դեղերի ֆինանսական ծախսն արդեն մի քանի տարի է, ինչ հոգում է «Նվիրիր կյանք» հիմնադրամը` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ: Քաղցկեղի բուժման համար Հայաստանում կիրառվում են զարգացած երկրներում առկա բուժման մեթոդները: Հիմնականում չի իրականացվում ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստումը, սակայն նախատեսվում է նման կենտրոններ բացել Հայաստանում: Եթե Հայաստանն ունենար ժամանակակից բոլոր սարքավորումները, ապա քաղցկեղից լիովին բուժված երեխաների տոկոսը կհասներ զարգացած երկրների ցուցանիշին:
Խոսելով մանկական քաղցկեղի բուժման եւ դրա կանխարգելման մասին` չեմ կարող չնշել, որ Հայաստանում լրջագույն խնդիրներից մեկը մանկական ուռուցքաբանների պակասն է: Այսօր երիտասարդ կադրեր չկան, ինչն իսկապես լուրջ խնդիր է: Նախկինում լավ կադրեր ունեինք, իսկ հիմա` չունենք: Պատճառներից մեկը Երեւանի պետական բժշկական համալսարանում այդ առարկայի դասավանդման բացակայությունն է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ«ԷՐԵԽՈՒՍ ՀՈՂԻ ՏԱԿ ՊԱՌԿԱՑՆՈՂՆԵՐԸ
ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ»
«Հղի էրեխուս գլուխը կերան բժիշկները: Եթե ժամանակին հետեւեին ու հասկանային` ինչ է, հետո էլ տային համապատասխան դեղորայք, էրեխես էսօր հողի տակ չէր լինի: Սկզբից հույս են տվել, թե ոչ մի վտանգավոր բան չկա, հետո, իբր միանգամից, հայտնաբերել են թոքաբորբ, ու երբ արդեն թոքաբորբը խորացել էր, նշանակել են դեղեր, որոնք այլեւս ի զորու չէին փրկել բալիս կյանքը»,- մեզ հետ զրույցում արցունքները մի կերպ զսպելով` պատմեց հունվարի 2-ին Հանրապետական ծննդատանը մահացած 20-ամյա հղի Գրետա Տոնոյանի մայրը՝ Արմինե Տոնոյանը: Դստերը կորցրած մայրը վստահեցնում է. «Մենք գնալու ենք մինչեւ վերջ, որ էրեխիս գերեզման հասցնողները պատժվեն: Էրեխուս հետ բերել չեմ կարա, բայց իրեն հողի տակ պառկացնողները պետք է պատասխան տան»:
Նշենք, որ վերոհիշյալ դեպքով հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: