Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵԾ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՐՎՈՒՄ»

 

Աշխարհաքաղաքական ամենաթեժ կետերից մեկն այսօր դարձել է Մերձավոր Արեւելքը, մասնավորապես` Սիրիան, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց ուժերն են փորձում, ընդ որում` ոչ թե միջազգային հարթակներում միմյանց վրա մատ թափ տալով, այլ ռազմական գործողությունների լեզվով: Գրեթե Հայաստանի քթի տակ տեղի ունեցող վերոնշյալ իրադարձությունների ու դրանց հնարավոր զարգացումների մասին էլ «Իրավունքը» պարզեց արտաքին քաղաքականությունից իրազեկ գործիչների տեսակետները` այն ներկայացնելով «կլոր սեղան» ձեւաչափով:


«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԼԻՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ»


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ խոսելով վերոնշյալ թեմայի մասին` նախ անդրադարձավ Թուրքիայի վարչապետի ելույթին. «Դավութօղլին Ուկրաինայում հայտարարել էր, թե Ռուսաստանը մինչեւ այսօր մտածում է, որ Սովետական Միությունը չի փլուզվել: Բայց կարծում եմ` Թուրքիան մի շատ պարզ ճշմարտություն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունն էլ վաղուց արդեն գոյություն չունի, եւ իրենց չհիմնավորված նկրտումները Արեւելյան տարածաշրջաններում` հատկապես Մերձավոր Արեւելքում, որեւէ լավ բանի չեն բերելու: Թուրքիան պետք է իր կառուցողական մասնակցությունն ունենա գլոբալ անվտանգության հարցում, եւ այս պարագայում Թուրքիայի եւ Ռուսաստանի որեւէ հակադրություն առաջին հերթին հենց Թուրքիայի շահերից չի բխում: Եվ երկրորդ` Թուրքիան պետք է կարողանա նաեւ միջազգային հանրության հետ անկեղծ լինել: Այսօր եվրոպական շատ պետություններում խոսվում է, թե արդյոք ճիշտ է Թուրքիային վստահել` հենց թեկուզ փախստականների հարցով: Նրանց ոչ ադեկվատ վերաբերմունքը եվրոպական տարածաշրջանի անվտանգության եւ ընդհանուր խնդիրների լուծման վերաբերյալ պետությունների մոտ առաջ է բերել անվստահության հիմնավորված մոտեցումներ: Եվ, ընդհանրապես, Թուրքիայի դերակատարությունը ժամանակակից աշխարհում գնալով մեծ հարցականի տակ է դրվում, եւ դրան գումարվում է նաեւ իր ներքին բազմաթիվ խնդիրների առկայությունը»:

Ըստ պատգամավորի` այս իրավիճակում, բնականաբար, Թուրքիան չի կարող պատասխանատու լինել տարածաշրջանի համար, հետեւաբար, նրանք պետք է իրենց մտքում ունեցած առաջնային դերակատարությունները զիջեն ու անցնեն հետին պլան. «Իսկ այն պետությունները, ովքեր ի զորու են լուծել եղած անվտանգության խնդիրները նաեւ Մերձավոր Արեւելքում, պետք է առանց խոչընդոտների զբաղվեն դրանով»:


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ»


Իսկ թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ կարծիքով. «Ռուսաստանն ու Թուրքիան 2011 թվականից էին Սիրիայում չափում ուժերը, ուղղակի նախորդ աշնանից այն ավելի ակնհայտ եւ ինտենսիվ է ընթանում: Բախումն անուղղակի է` Ռուսաստանն աջակցում է Բաշար Ասադին, իսկ Թուրքիան` Ասադի դեմ պայքարող եւ իր ազդեցության տիրույթի խմբավորումներին: Պայքարը նաեւ դիվանագիտական եւ քարոզչական է: Կարծում եմ` քանի դեռ սիրիական հակամարտությունն այս ձեւով գոյություն ունի, ապա Թուրքիայի եւ Ռուսաստանի հակադիր շահերն ու հետաքրքրությունները բերելու են նոր բախումների, լարվածության պահպանման, երկկողմ եւ տարածաշրջանային բնույթի տարատիպ զարգացումների»:

Թե այս իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա, մեր երկրի ու նրա սահմանների վրա, թուրքագետը նախ շեշտեց, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում կարեւոր տեղ ունի նաեւ Հայաստանը. «Նախ` Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, եւ դաշնակիցներն ունեն մի շարք պարտավորություններ: Եվ հետո` Թուրքիան մի երկիր է, որը թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի դեմ, իսկ պատմական խնդիրներն էլ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ամենասուր ձեւով է արտահայտված: Այս իրավիճակում, իհարկե, Հայաստանն առաջնային փուլում է: Կարծում եմ` հնարավոր թուրք-ռուսական լայնածավալ ռազմական գործողություններն ուղղակի վտանգ կլինեն Հայաստանի համար` հաշվի առնելով ոչ միայն ՀՀ տարածքի ՌԴ ռազմաբազան, այլ նաեւ ՀԱՊԿ-ի անդամ լինելն ու դաշնակցային պայմանագրերը: Սա նշանակում է, որ Հայաստանը եւս կարող է լինել ռազմական բախման թատերաբեմ»:

Բայց, այնուամենայնիվ, Գ. Պետրոսյանը դեպքերի նման զարգացման հավանականությունը շատ փոքր է համարում եւ գտնում է, որ Թուրքիան եւ ՌԴ-ն այս փուլում կշարունակեն պայքարը Սիրիայի տարածքում եւ Սիրիայի շուրջ միջազգային զարգացումների համատեքստում:


ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ


Մինչդեռ Ա. Զաքարյանը կարծում է, որ ոչինչ բացառել չի կարելի. «Այս ընթացքում հետեւելով Թուրքիայի գործողություններին` պետք է ասեմ, որ դրանք միշտ էլ անկանխատեսելի են եղել: Եվ ընդհանրապես Թուրքիան իր պատմության ընթացքում երկակի դիրակատարություն է ունեցել, եւ այն միանշանակ չի եղել: Բայց նույն ժամանակ պետք է ընդգծեմ, որ Հարավային Կովկասի անվտանգության համակարգը կառուցված է այնպիսի մեխանիզմների վրա, որ Թուրքիան թեպետ շատ վաղուց երազում է խաթարել այն, բայց նաեւ ինչ-որ առումով հասկանում է, որ իր ուժերից վեր գործընթաց է»:

Այս համատեքստում Գ. Պետրոսյանն էլ անդրադարձավ Արցախյան հակամարտությանը, որը Թուրքիայի հրահրմամբ կարող է սրվել Ադրբեջանի կողմից. «Այն եւս անուղղակի ազդում եւ ազդելու է ռուս-թուրքական հարաբերությունների սրացման վրա, բայց կրկնում եմ` երկուսի համար կարեւորը Սիրիան է եւ Սիրիային առնչվող իրադարձությունները: Ի վերջո, Արցախյան հակամարտությունում լարվածության նոր չափաբաժինը կշեղի նաեւ Թուրքիային, ով այստեղ նույնպես իր շահերն ունի: Ուստի` Թուրքիայի համար էլ սա կնշանակի նոր ճակատ` իր բոլոր հետեւանքներով»:


«ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ 14-ՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՍՊԱՍԵԼԻ ՉԷ»


Ամեն դեպքում, մեր բանախոսները լավատեսությամբ են զինված եւ չեն տեսնում ռուս-թուրքական հերթական պատերազմի հավանականություն, որում այսպես, թե այնպես կներքաշվեր Հայաստանը: Եվ եզրափակելով թեման` ԱԺ պատգամավորը հավելեց. «Լարվածությունը շարունակություն կունենա, եւ դրա հիմքերը կան` Թուրքիայի ոչ կառուցողական գործողությունների արդյունքում, բայց պատերազմական բախումներ, չեմ կարծում, լինեն»: Նույն տեսակետը հայտնեց նաեւ թուրքագետը. «Ինչպես վերը նշեցի, ռուս-թուրքական 14-րդ պատերազմը մոտ ապագայում սպասելի չէ: Առավել տեսանելի եւ շոշափելի է «ռուս-թուրքական պատերազմը Սիրիայում» իրավիճակը»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ