Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:57

 

«ՀՀ-ՈՒՄ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐԵՐԻՑ ԾՆՎԵԼ Է ՇՈՒՐՋ 800 ԵՐԵԽԱ»

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում փոխնակ ¥սուրոգատ¤ մայրությունն օրենքով թույլատրելի է դարձել 2002 թվականից: ՀՀ առողջապահության նախարարության Մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում 4 բժշկական կենտրոններ են մատուցում փոխնակ մոր բժշկական ծառայություններ: Իսկ թե ի՞նչպես է կարգավորվում փոխնակ մայրերի իրավունքներն ու պարտականությունները, եւ առհասարակ՝ դիմելիության առումով ի՞նչ միտում է նկատվում մեզ մոտ, մեր զրուցակիցը պարզաբանեց.-Դիմելիության առումով կարող եմ նշել, որ վերջին տարիներին փոխնակ մայրերի ծառայություններից օգտվողների թիվը բավական աճել է, բայց կոնկրետ թվերով կդժվարանամ ասել:

 

 

Ինչ վերաբերում է փոխնակ մայրերին, ապա ոչ բոլոր ցանկացողները կարող են նման դեր կատարել: Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկական ցուցումներով: Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաեւ վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն կանայք, ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը: Բայց անգամ նրանք պետք է ենթարկվեն բժշկագենետիկական հետազոտության եւ չունենան նշված հակացուցումները:
- Այնուամենայնիվ՝ պահպանվում է այն մտորումը, որ փոխնակ, թե՝ ինչ, մեկ է, կինը ծննդաբերում է երեխա եւ կարող է հրաժարվել նրան ուրիշի տալ:
- Սուրոգատ կամ փոխնակ մայրերն իրենցից ծնված երեխայի նկատմամբ չունեն որեւէ իրավունք եւ չեն կրում որեւէ պարտականություն` երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:
- Իսկ ինչպե՞ս եւ ո՞վ է որոշում, թե որքան գումար պետք է տրամադրվի փոխնակ մորը:
- Դա եւս կարգավորվում է օրենքով: Փոխնակ մայրը հղիություն կրելու եւ ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում` համապատասխան առողջապահական հաստատության կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձի կամ ամուսինների եւ փոխնակ մոր կողմից նախապես կնքված պայմանագրով սահմանված կարգով: Ինչպես նաեւ՝ փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք կրում են բոլոր այն ծախսերը, որոնք կապված են հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաեւ՝ բժշկական փաստաթղթերով հաստատված բարդությունների վերացման հետ:
- Ունե՞ք տվյալներ, թե որքան երեխաներ են լույս աշխարհ եկել փոխնակ մայրերի միջոցով:
- Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ այս տարիների ընթացքում Հայաստանում փոխնակ մայրերից ծնվել է շուրջ 800 երեխա:
- Փոխնակ մայրը կարո՞ղ է հանդիպել երեխայի հետ:
- Դա կարող են որոշել միայն երեխայի կենսաբանական ծնողները:
Այս ամենով հանդերձ՝ հատկապես վերջին ժամանակներս, առողջապահական շրջանակներում քիչ չեն խոսակցությունները, որ փոխնակ մայրերին վերաբերող գործող օրենքում կան մի շարք հակասություններ, խնդրահարույց կողմեր: Ավելին, որ դրանց արդյունքում գործնական մի շարք բարդություններ են առաջացել մի կողմից՝ փոխնակ մոր կողմից երեխային հանձնելու, մյուս կողմից՝ փոխնակ մորը վճարելու, հետծննդաբերական առողջական խնդիրները լուծելու առումով եւ այլն: Փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ նաեւ «Մոր եւ մանկան գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոեւից, ով, սակայն, չցանկացավ խոսել այդ թեմայով, նշելով, որ այժմ օրենք է փոխվում այդ մասով. «Թող տեսնենք փոխվում է, թե ոչ, հետո կխոսենք»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ