Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Մշակույթ
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 16:02

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՉՍՏԱՑՎԱԾ ԴԵՐԸ

Картинки по запросу hovhannes tumanyanԱրդեն 8 տարի ամենայն հայոց բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ծննդյան օրը յուրահատուկ տոնի է վերածվում. այդ օրը հռչակվել է գիրք նվիրելու օր:
Ուստի այդ առթիվ ներկայացնում ենք բանաստեղծի կյանքից համեղ պատառիկ` նրա դստեր` Նվարդ Թումանյանի «Թումանյանի մանկությունը» գրքից: Պարզվում է, ամենայն հայոց բանաստեղծը «չստացված» դերասան է:
1890 ական թվականներին Ներսիսյան դպրոցի խիստ ռեժիմը աշակերտներին արգելել է թատրոն հաճախելը, բայց նրանք գաղտնի են ներկայացումներ դիտել: Աշակերտութունն առանձնապես ոգեւորված է եղել Պետրոս Ադամյանի խաղով: Ինչպես ռուս գրող Մ. Լերմոնտովն է դրամատուգիական փորձեր արել` թատրոն հաճախելուց եւ Մոչալովի խաղը տեսնելուց հետո, այնպես էլ` Թումանյանը պատանի հասակում ոգեւորվել է Պետորս Ադամյանի խաղով եւ պիես գրելու փորձեր արել:

 

 

Թումանյանն առաջին անգամ թատրոն գնացել է իր ուսուցիչ Տիգրան Տեր-Դավթյանի հետ, որի մասին Թումանյանը գրում  է. «Ահա էս ժամանակ, Ադամյանի թունդ ժամանակը, Լոռուց Թիֆլիս եկավ իմ հին ուսուցիչը` Տիգրան Տեր-Դավթյանը, որին պարտական են իմ հասակակից գրեթե բոլոր լոռեցիները եւ իր նախկին աշակերտներից մի քանիսին հավաքեց, թե` եկեք ձեզ տանեմ Համլետի ներկայացմանը, Ադամյանին տեսեք Համլետի դերում: Տարավ: Տեսանք: Էդ գիշերը ինձ համար եղավ մի կախարդական գիշեր եւ գրեթե վճռական նշանակություն ունեցավ իմ ամբողջ գրական կյանքում: Էտ գիշեր ես էնքան սիրեցի Համլետը եւ հետո էլ Շեքսպիրը, որ մի քանի դրամա գրեցի ու միշտ ոչնչացրի, որովհետեւ Շեքսպիրի գործերի նման չէին դուրս եկել: Սակայն, էնքան ուժեղ էր կախարդանքը, որ մինչեւ օրս էլ ես ինձ ավելի դրամատուրգ եմ համարում, քան ուրիշ մի բան: Էն գիշերից հետո ես գաղտնի ճանապարհով դարձյալ ընկա Ադամյանի ներկայացումներին եւ մինչեւ անգամ մի գիշեր էլ խաղացի նրա հետ: Էդ խաղը, որ բոլորովին անակնկալ մի սկանդալ դուրս եկավ ու խեղճ Ադամյանին գրեթե սպանեց բեմի վրա: Հենց էդ խաղն էլ պատճառ եղավ, որ ծանոթացա նրա հետ: Էդ էլ էսպես եղավ, Պոլսից Թիֆլիս էր եկել ժամանակին հայտնի դերասան Կյուրեղյանը, եւ, եթե չեմ սխալվում, տիկին Հրաչյայի հետ «Վարդան Մամիկոնյան» էին խաղալու: Ահա այդ խաղի մեջ Ադամյանը վերցրել էր Եղիշեի դերը: Վարդան Մամիկոնյա՜ն... Եղիշե՜... Ադամյա՜ն... Ես էլ Ներսիսյան դպրոցի աշակերտ, վճռեցի տեսնել, ինչ ուզում է լինի, թեկուզ դպրոցից դուրս անեն: Մի բարի հոգի ինձ սովորեցրեց, թե էնպես մի կարճ ու ապահով ճանապարհ կա, որ հա՛մ Ադամյանին կտեսնեմ, հա՛մ Վարդան Մամիկոնյանին: Դեռ նրանց հետ էլ կխաղաս, ու քեզ էլ դպրոցից դուրս չեն անիլ:
- Ինչպե՞ս:
- Թե` ներկայացումից առաջ կգնաս բեմի հետեւը, կհայտնես, որ ուզում ես զինվոր խաղալ, կընդունեն, շորերդ կփոխեն, բեխեր կշինեն ու կլինես բեմի վրա: Էլ ոչ կճանաչեն, ոչ դուրս կանեն:
Փոխանակ մի ժամ առաջ գնալու` ես մի քանի ժամ առաջ գնացի, մինչեւ իրիկնապահ սպասեցի: Իրար հետեւից եկան, հարց ու փորձ արին, վերջապես ինձ ընդունեցին հայոց զինվոր: Շորերս փոխեցին, տրիկո հագցրին, գույնզգույն լանջապանակ հագցրին, մի ոսկեզօծ կարտոնե սաղավարտ կոխեցին գլուխս, մի փայտե սուր կախ արին կողքիցս` սուր ծերը արծաթե գույն թղթով պատած, մի նիզակ էլ ձեռս տվին, եւ արդեն կազմ ու պատրաստ էի մեծ պատերազմի համար:
Էսպես կերպարանափոխված ու զինված` որ հայելու մեջ ինքս ինձ տեսա`  լցվեցի գործի լրջության գիտակցությամբ: Ռուս զինվորներ էին բերել, նրանց հետ տարան մի 2 անգամ էլ բեմի վրա պտտեցրին, փորձ արինք, թե որ կողմից պետք է մտնեինք, ինչ անեինք ու ինչ ասեինք- եւ ընդամենը ասելիքներս մի քանի բացականչություններ էին. «Կեցցե՛ Վարդան», «Կեցցե՛ զորավար» եւ սրա նման բաներ: Նրանից հետո մեռնել պիտի խաղայինք` իբրեւ պատերազմի դաշտում- Ավարայրի դաշտում սպանված հայ զինվորներ: Ահա, հենց այդ սպանված զինվորների դերն էր, որ ես չկարողացա կատարեմ ու դուրս եկավ սկանդալ: Վերջին գործողությանը, վարագույրը բանալուց առաջ մեզ տարան պառկեցրին զանազան տեղեր` թե՛ դաշտում, թե՛ լեռնալանջերին` իբրեւ սպանված ու թափված զինվորներ: Ես ընկա մի լեռնալանջ: Բանն էն է, որ այդ լեռնալանջ ասածը կտավի վրա նկարած լեռներ ու ժայռեր են, հետեւից տեղ-տեղ արանք-արանք տախտակներով շինած: Էտ տախտակների վրա պառկեցինք` իբրեւ լեռնալանջերին: Ես էլ, ինչքան կարող էի, պատմական մեծ ողբերգությանը վայել մի դիրք ընդունեցի, սաղավարտս ու նիզակս էլ կողքիս ընկած, տախտակի լենքով մին պառկեցի, բայց էնպես պառկեցի, որ կարողանամ ներքեւ-դաշտին նայեմ, ուր մի սեւացած արկղի վրա, իբրեւ ժայռի վրա գալարվելով ու. «Ա՜խ, Հայաստան, Հայաստան...» մրմնջալով, մեռնում էր Վարդան Մամիկոնյանը` Կյուրեղյանը: Նրա մոտ պիտի գային եւ Վասակի կինը` տիկին Հրաչյան, եւ վերջապես Եղիշեն` Ադամյանը` ծեր Ծառուկի հետ:
Վարագույրը բացվեց, առաջին անգամ էի բեմից հասարակություն տեսնում, անհամար գլուխներ ու աչքեր` բոլորը հառած դեպի մեզ: Բեմի վրա կես մութ, լուսնյակ գիշեր եւ խորհրդավոր լռություն, միայն Վարդանն է, որ ոլոր-մոլոր է գալիս ու ցավալի մրմնջում.- «Ա՜խ, Հայաստան, Հայաստան...»:
Ահա եկավ Սաթենիկը, մի բաժակ գինի ձեռքին, որ Վարդանի համար է բերում Հայաստանից:Картинки по запросу hovhannes tumanyan
Ոտներս ինձ քաշեցի, սրան ճանապարհ տվի, գնաց ներքեւ, սկսվեցին նրանց փոխադարձ ողջագուրանքները, գուրգուրանքները ու սրբազան ուխտերը...
Մին էլ հանկարծ թատրոնը թնդաց ծափերից, գլխիս վրա հայտնվեց Եղիշեն` Ադամյանը, ծեր Ծառուկին հենված:
- Ծո՛, ճանապարհ տուր...
Ոտներս դարձյալ ինձ քաշեցի, սա էլ անցավ:
- Վարդա՛ն, իմ Վարդա՛ն... - մրմնջալով Ավարայրի դաշտն իջավ: Հենց դաշտն իջավ թե չէ, որ պիտի խաղա- ս՜ըս՜... հասարակությունը ամեն կողմից ս՜ըս՜արավ ու լռեց, պատրաստվեց: Էդ ժամանակ ես էլ ուզեցի, պատրաստվեմ, որ լավ լսեմ ու տեսնեմ. վիզս որ ծռեցի, թեքեցի դեպի ներքեւ, անկանոն դիրքի պատճառով` թուքս կաթիկս թռավ թե ինչ` հանկարծ մի հազ բռնեց ինձ: Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում, ու ճռճռում է ամբողջ դեկորացիան, բոլոր տախտակներն ու կտավները, այսինքն` բոլոր սարերն ու ժայռերը, եւ հակառակի նման էս հանդիսավոր րոպեին, թատրոնի խորին լռության մեջ: Թատրոնում ընդհանուր ծիծաղ բարձրացավ, գալերեան սկսեց աղմկել ու աղաղակել- բրա՜վո՜, բի՜ս, կեցցե՜ն հայոց քաջերը եւ այլն, եւ այլն: Խեղճ Ադամյանը մնացել էր քարացած, մեջտեղը կանգնած: Վերջապես հազս դադարեց, ժողովուրդը հանգստացավ նորից ս՜ըս՜, նորից լռություն: Ադամյանը մի փոքր էլ սպասեց ու խաղաց: Գործողությունը վերջացավ: Վարագույրն իջավ չէ` ժողովուրդը սկսեց դղրդալի ծափահարություններով Ադամյանին կանչել: Իսկ Ադամյանը թռավ դեպի մեռելները` կատաղած գոռալով.
- Ան ո՞վ էր, ծո՛... - բայց ժամանակ չկա, էնտեղ կանչում են, վարագույրը բարձրացնում են: Գնաց: Էս խայտառակ դրությունից օգտվելով` փախա, զինվորական համազգեստս հանեցի ու փախա դեպի պարտերը: Ճանապարհին դեպի բեմի հետեւը եկողները հարցնում էին, թե էն ո՞վ էր, որ էնպես հազում էր, ու աչքերն էլ բաց` ներքեւ նայում: Ես մտածեցի, որ էս աչքերի բացն էլ քանի չեն իմացել, շուտով թողնեմ բեմական ասպարեզը, գնամ տուն:
Մյուս օրն էր, թե մեկ երկու օրից հետո, պատմեցին, թե այժմ Ադամյանն էլ բարկացած չէ, ծիծաղելով է պատմում էդ դեպքը եւ հարցնում էր, ուզում էր ինձ տեսնի: Ես գնացի, զարմանալի սիրով ու քաղաքավարությամբ ընդունեց, մանավանդ, երբ իմացավ Ներսիսյան դպրոցի աշակերտ եմ եւ ինչ պատճառով էի գնացել: Իրեն գրքերից մինն էլ նվիրեց` ի հիշատակ իմ կարճատեւ, բայց աղմկալի բեմական գործունեության: Նրանից հետո մի քանի անգամ եղա մոտը:
Ինձ թվաց մի շատ քաղաքավարի ու քնքուշ, բայց հիվանդ մարդ, եւ, չգիտեմ ինչու` մենակ մարդ: Գուցե էն էր պատճառը, որ հյուրանոցում էր ապրում, չգիտեմ, բայց մենակ մարդ...»:
Թումանյանն իր հուշերում գրում է, թե զինվորի դերը անհաջող խաղալուց հետո բեմական ասպարեզը պետք է թողնի, բայց ինչպես երեւում է նրա կենսագրական փաստերից, 1890-ական թվականներին իր ընկեր գրողների հետ` որպես սիրող, մասնակցել է զանազան ներկայացումների: Ինչպես օրինակ` 1894 թվին Ղազարոս Աղայանի, Շիրվանզադեի հետ մասնակցել է «Ուրիել Ակոստայի» բեմադրությանը, որի մասին ժամանակին գրվել է մամուլում:
Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ