Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:39

 

96/7 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, ունենք նորաթուխ օմբուդսմեն: Արման Թաթոյանը 96 կողմ, 7 դեմ եւ 4 անվավեր քվեաթերթիկներով ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան եւ հանդես եկավ օրենքով նախատեսված երդումով: Կանխավ ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարում էին, որ ձգտում են օմբուդսմենի ընտրությունները անցկացնել համերաշխության մթնոլորտում, որպեսզի օմբուդսմենը լինի ոչ միայն իշխող կուսակցության, այլ բոլորի հավանությանն արժանացած օմբուդսմեն: Քաղաքական այդ խնդիրը լուծված է, սակայն կարեւոր է դիտարկել եւ մյուս քաղաքական ուժերի դրդապատճառներն ու միտումները: ՊՐԱԳՄԱՏԻԶՄ
ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ՞

 

 

Բնականաբար, ՀՀԿ-ն ոչ ոքի բկին չոքած չէր, որ անպայման իրենց քվեները տան ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուին: 60 տոկոսից ավելի քվեների առկայությունը, որ ամրագրված է Սահմանադրությամբ, արդեն իսկ քաղաքական համերաշխության երաշխիք է, որն ապահովվում էր ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ մի քանի անկախ պատգամավորների քվեարկությամբ:
Պարզապես ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ջախջախիչ մեծամասնությունը դրսեւորեց իշխանության հետ համագործակցելու ձգտում: Ինքնին խոսուն է նաեւ այն փաստը, որ «կողմ» քվեների նույն քանակի  պայմաններում «դեմ» քվեները ընդամենը 7-ն էին, տեսականորեն հնարավոր առավելագույն 35-ից:
Հիմա ովքեր են այդ «կողմերը», բացի իշխող կուսակցությունից, կոալիցիոն գործընկեր դաշնակներից եւ մի քանի անկախ պատգամավորներից: ԲՀԿ-ի պարագայում հայտարարվել էր ազատ քվեարկության մասին, կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը ինքը չի մասնակցել քվեարկությանը, եւ գործնականում օսկանյանաքոչարյանական թեւը «դեմ» էր, իսկ, այսպես կոչված, գործարարակարիերիստականը` «կողմ»: ՕԵԿ-ի պարագայում, որը կանխավ պաշտպանում էր Զարուհի Փոստանջյանին, այսպես կոչված «ազատ քվեարկությունը» նոնսենս էր, քանզի ինչի մասին է խոսքը հինգհոգանոց խմբակցության պարագայում: Նման է, որ ամբիոնից բոցաշունչ ելույթներ ունենալով հանդերձ, ՕԵԿ-ականները «կողմ» են քվեարկել: Հստակ «դեմ» են Զարուհի Փոստանջյանը, մեկ էլ` ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները:
Բնականաբար, յուրաքանչյուրն ունի սեփական դրդապատճառները եւ լուծում է սեփական խնդիրները, սակայն փաստը մնում է փաստ, որ իրական ընդդիմադիր դիրքերից հանդես եկողները ամերիկյան ազդեցության գործակալ Զարուհի Փոստանջյանն է, մեկ էլ ՀԱԿ-ը, որը բաղկացած է ՀՀ պատմության վատագույն իշխանության իրավաժառանգներից, գումարած հատուկենտ ԲՀԿ-ականներ, ովքեր տրամաբանորեն պիտի որ վաղ թե ուշ հայտնվեն ոչ այնքան բարի հիշողություններ արթնացնող Ռոբերտ Քոչարյանի ճամբարում:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ
ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Նման է, որ օմբուդսմենի քվեարկության արդյունքը որոշակի «պլյուս-մինուսով» կրկնվելու է եւ Ընտրական օրենսգրքի ու այլ սահմանադրական օրենքների ընդունման ժամանակ:
Հիմա հիշելով հանդերձ, որ մյուս տարի ընտրություններն են, հարկ է քննարկել, թե իր այժմյան քաղաքական վարքագծով ով ինչի է ձգտում: Այսպես` մեծ ընդհանրություն ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորող Նիկոլ Փաշինյանը եւ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը: Եթե Փաշինյանը բացեիբաց «կողմ» քվեարկեց օմբուդսմենի ՀՀԿ-ական թեկնածուին, ապա ՕԵԿ խմբակցությունը դա թաքցրեց: Բայց երկուսն էլ խորհրդարանական իրենց վարքագծով աչքի են զարնում ամպագոռգոռ ելույթներով` «ի շահ ժողովրդի», բավականին կտրուկ ընդդիմադիր կեցվածքով: Բայց նման է, որ նրանց ընդդիմադիր վազքը մինչեւ իշխանության հետ գործընկերական հարաբերությունն է: Այսինքն` ընդդիմադիր էմոցիոնալ ելույթները բավականին թատերականացված են: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կողմնորոշումներին, ապա եթե Նիկոլը հանդես է գալիս չափավոր արեւմտամետ դիրքերից, ապա ժամանակին ՆԱՏՕ-ի անունով երդվող, հույժ եվրոպամետ Արթուր Բաղդասարյանը սրընթացորեն դարձավ առավել քան ռուսամետ: Եվ մոբիլիզացնելով դեռ պաշտոնավարման շրջանում ձեռք բերված կապերը ռուսական էլիտայում, «Հայկական վերածնունդը» իր առաջնորդով ստացավ բավականին մեծ տեղեկատվական ծածկույթ Ռուսաստանի լրատվական դաշտում: Եվ դրա ենթատեքստում այժմ ձգտումն է ընտրազանգվածի աչքերում ստեղծել տպավորություն, իբր «Հայկական վերածնունդ» կուսակցության վրա խաղագումար է դնում Կրեմլը եւ նույնիսկ անձամբ Պուտինը: Ժամանակին այդ գիծը որդեգրել էր «քավորը»` Արա Աբրահամյանը, սակայն վերջինիս առանձնահատուկ ակտիվությունը չի երեւում, եւ նույնիսկ համագումարն էր կարծես անտեսված:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, կարծես թե, որպես միասնական կուսակցություն, այդ միավորումը միասնական ապագա չունի: Կարիերիստագործարար թեւի ճանապարհը մեկը կարող է լինել` դեպի ՀՀԿ, սակայն ինչքանո՞վ ուրախ եւ գրկաբաց դրան կվերաբերվի իշխող կուսակցությունը: Ի վերջո, ասենք, համամասնական ցուցակում հանուն ինչի՞ պետք է այդ մարդկանց տեղեր տան: Գործարարները, հավանաբար, կբավարարվեն իրենց ավելի ապահով զգալով` լոյալության դիմաց, դե ոմանք էլ, միգուցե, սեփական բախտը փորձեն` քվեարկվելով ռեգիոնալ ցուցակներում եւ գավառներում քվե բերելով ՀՀԿ-ի համար: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի քաղաքական թեւին, ապա, երեւի թե, տրամաբանորեն նրանք միաձուլվեն եւ ամբողջովին նույնականանան քոչարյանական թեւին, որպեսզի փորձեն լուծել 5 տոկոս քվե հավաքելու գերխնդիրը: Ի դեպ, չնայած մեծ աղմուկի, շքեղ համագումարի, լրատվական լայնածավալ ներկայության, մեծ-մեծ խոսելու եւ այլ «պոնտերի», նույն խնդիրն ունի եւ Արթուր Բաղդասարյանը: Եվ նրա համար մեծ հաջողություն կլինի, եթե 5-6 պատգամավորի փոխարեն կարողանա ունենալ, ասենք, 10-12 մանդատ, եւ ընդհանրապես երանելի երազանք կլինի, եթե հետընտրական դասավորվածությամբ շանս ունենա մտնել կոալիցիա:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրին», ապա արտաքնապես արմատական ընդդիմություն խաղալով, այդ կուսակցությունը կփորձի գրավել մինչ այդ ՀԱԿ-ին եւ մասամբ «Ժառանգությանը» պատկանող քաղաքական բաժինքը: Իսկ իշխանության հետ լավ կապերի մեջ նույնպես վաղուցվանից կասկածվող Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» պարագայում ի հայտ են եկել բավականին նեղ մասնագիտական, բայց ուշագրավ նյուանսներ:
Այսպես, Ընտրական օրենսգրքով էլեկտրոնային քվեարկության մոդելին անցնելը խնդրահարույց է համարվել ինչպես «տիտղոսային» ընդդիմության, այնպես էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Դե պարզ է, իշխանությանը կասկածում են, որ եթե անգամ չկեղծի էլեկտրոնային քվեները, ապա առնվազն կվերահսկի, թե վարչական լծակներից կախվածություն ունեցող  որ ընտրողն ինչպես է քվեարկել: Ու օրենսգրքի աշխատանքները համակարգող Հրայր Թովմասյանը քանիցս հավաստիացրել է, որ էլեկտրոնային քվեարկության անցնելը չի լինի, մինչեւ չստեղծվեն դրա նկատմամբ լիակատար վստահության մեխանիզմներ:
Եվ ահա հայտնվում են բարձր տեխնոլոգիաների մասնագետներ «Լուսավոր Հայաստանի» թիմից, ովքեր առաջ են տանում ոչ միայն սոսկ էլեկտրոնային քվեարկության հարցը, այլ քվեարկության ինտերնետ տարբերակի լոբբինգն են անում: Նրանց փաստարկը հետեւյալն է` համացանցով քվեարկությանը կկարողանան մասնակցել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ե՛ւ շատ են, ե՛ւ որեւէ կերպ վերնահսկելի չեն ՀՀ իշխանության վարչական լծակներով: Այդ փորձագետները պնդում են, որ համացանցային քվեարկությունը կհանգեցնի որակական, քաղաքական, գրեթե հեղափոխական բնույթի փոփոխությունների ՀՀ քաղաքական դաշտում:
Հիմա արդյո՞ք նրանք անկեղծորեն հավատում են, որ արտերկրում երկար տարիներ ապրող, սակայն հայկական անձնագիրը պահպանած մեր հայրենակիցները զանգվածաբար կհետաքրքրվեն ԱԺ ընտրություններով, թե` ինչ-ինչ այլ նկատառումներով չեզոքացնում են էլեկտրոնային քվեարկության ՀԱԿ-իստ, «Ժառանգական» կամ գրանտակեր հակառակորդների փաստարկները:
Դե ինչ, այժմ բավականին շատ են այն խաղացողները, ովքեր ընդդիմադիր գործունեություն են բեմադրում: Սակայն դեր խաղալը ժամանակի ընթացքում դառնում է իրական բնավորության մի մաս, դերը փոխարինում է իրական բնավորությանը, եւ դա որոշակի հույս է տալիս, որ էվոլյուցիոն ճանապարհով միգուցե ժամանակի ընթացքում իրական, նորմալ ընդդիմություն կդառնան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ