Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարկերակ
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:47

ԱԼԻԵՎԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ՞ ՎՆԱՍՈՒՄ

Փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով մեկնեց Իրան: Նախատեսված է, որ ադրբեջանական պատվիրակության այցի ընթացքում կստորագրվեն ավելի քան 10 փաստաթղթեր` մի շարք ոլորտներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ: Բացի այդ, Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել էր, որ այցի նպատակներից մեկը Իրանի հետ  տարածաշրջանային մի շարք հարցերի քննարկումն է, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի: Դա նշանակո՞ւմ է, որ Ալիեւը թուրքերի փոխարեն պարսիկներին է փորձում «եղբայր» դառնալ: Եվ եթե հաջողվի Իրանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ նաեւ տնտեսական համագործակցության ոլորտում Ադրբեջանն առաջ չի՞ անցնի Հայաստանից: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

 

 

Քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ կարծիքով` Ադրբեջանն Իրանի հետ հարաբերություններում վաղուց առաջ է անցել Հայաստանից, ինչը կշարունակվի նաեւ առաջիկայում. «Առեւտրի ծավալներով, բարձր պաշտոնյաների փոխադարձ այցելություններով եւ երկկողմ հարաբերություններով Ադրբեջանը մեզանից առաջ է: Չնայած այն հանգամանքին, որ Իրանն ու Ադրբեջանն ունեցել են եւ ունեն աշխարհաքաղաքական մի շարք հակադրություններ, ինչն այս պարագայում չի խանգարում համագործակցությանը: Հայաստանն իրանցի ներդրողների համար պետք է ստեղծի բարենպաստ պայմաններ, եւ ոչ միայն իրանցիների: Իրանցիներն իրենց գումարները դնում են այնտեղ, որտեղ ապահով է եւ եկամտաբեր: Հայաստանը ներդրումների համար պետք է դարձնել գրավիչ երկիր»:
Իրանագետ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ փաստեց, որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է սեփական շահը հաշվի առնելով. «Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի, ունի փող, որը ցանկություն ունի ներդրել  իրանական տնտեսական շուկայում: Եթե Հայաստանն ունենար խոշոր գումարներ, ապա նույնկերպ կվարվեր: Այս իրավիճակում Ադրբեջանն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ ստեղծված դրությունից օգուտ քաղելու համար: Իրանին նույնպես ձեռնտու է իր տնտեսությունում գրանցել նոր ձեռքբերումներ: Իսկ ահա քաղաքական առումով Իրանն ավելի շատ ցանկանում է Հայաստանի հետ համագործակցել, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում անհրաժեշտ է այլընտրանք»:
Տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ խոսքով` Ադրբեջանի նախագահին այժմ մտահոգում է այն փաստը, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելուց հետո վերջինս ինտենսիվորեն նավթ է մատակարարում Եվրոպային, ինչը Ադրբեջանի համար լավ չէ, քանի որ նավթի գները գնալով նվազում են. «Այս այցով Ալիեւը փորձելու է ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ, հաշվի առնելով, որ զարգացած երկրները պաշտոնական պատվիրակություններով եւ նույնիսկ՝ նախագահների մակարդակով հերթի են կանգնել Իրանի ղեկավար մարմինների հետ հանդիպումներ ունենալու համար: Պետք է հաշվի առնենք երկրի տնտեսական եւ համախառն ներքին արդյունքի կառուցվածքը եւ դրանով իսկ ասենք` Իրանի հետ հարաբերություններում Ադրբեջանն առաջ կանցնի՞ Հայաստանից, թե ոչ: Տնտեսական եւ ՀՆԱ-ի կառուցվածքով Ադրբեջանի դիրքերն այդքան էլ բարենպաստ չեն: Նախ` ադրբեջանական մանաթը արժեզրկվել է եւ երկրում առաջացրել է սոցիալական մեծ խնդիրներ: Տնտեսականից զատ, կան չլուծված բազմաթիվ խնդիրներ: Հայաստանի պարագայում Իրանը հստակ գիտակցում է, որ դարերի ընթացքում Հայաստանն իր նկատմամբ դրսեւորել է հստակ եւ կանխատեսելի հարեւանություն, ինչը չի կարելի ասել Թուրքիայի, Ադրբեջանի եւ մյուս երկրների մասին: Այս պարագայում Ադրբեջանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի Իրանի հետ ձեւավորի բարեկամական հարաբերություններ`բնականաբար, ունենալով իր շահը: Իրանն Ադրբեջանի հետ համագործակցությունը չի հակադրի Հայաստանի հետ հարաբերություններին: Յուրքանչյուր երկիր ունի իր յուրահատկությունները եւ այս առումով մտավախություն չունեմ»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ