Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Մշակույթ
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:59

«ՇԱՏԵՐԻՆ ԹՎՈՒՄ Է, ԹԵ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ՍԵՐԻԱԼ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՎ` ՓՐԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ»


Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻՆ:


«ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ»


Պարոն Երիցյան, մի առիթով ասել եք, որ Լեզվի տեսչությունը մնացել է «փոքր եղբոր» կարգավիճակում: Ինչպիսի՞ն է հիմա պատկերը (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր):

– Կուզենայի, որ «փոքր եղբոր» կարգավիճակը չունենար, բայց քանի որ hամապարփակ կառուցվածքային եւ օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները չկան, կարծում եմ` դեռ այդ «փոքր եղբոր» կարգավիճակը մնացել է: Բայց հույս ունեմ, որ այն առաջարկությունների փաթեթը, որը ներկայացրել ենք, կբերի նրան, որ «փոքր եղբորից» կդառնանք «մեծ եղբայր», եւ բոլոր առկա դժվարին խնդիրները կունենան իրենց լուծումները:

- Նախորդ անգամ, երբ «Ուղիղ կապի» հյուրն էիք Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նոր էր ձեւավորվում եւ ասացիք, որ հուսով եք` առիթ կլինի հանդիպել վարչապետի հետ եւ խոսել լեզվի անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մասին: Այս ուղղությամբ ի՞նչ տեղաշարժ կա: (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան)

- Կարճ քննարկումներ եղել են պարոն Աբրահամյանի հետ, բայց դրա հետ մեկտեղ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մոտ 3-4 հանգամանալից քննարկում է եղել` լեզվական խնդիրների վերաբերյալ: Կարծես թե, մի հարցում կամաց-կամաց գնում ենք հանգուցալուծման, խոսքը հայերենի բարձրագույն խորհրդի կամ տերմինաբանական խորհրդի վերաստեղծման մասին է, որը հնարավորություն կտա այն դժվարություններին, որոնք առկա են տերմինաշինության գործում, լուծում տալ` ունենալով կառավարությանը կից համապատասխան բարձրագույն մարմին: Հուսով եմ, որ առաջիկայում այդ խնդրի լուծումը անպայման կլինի: Օրակարգում է նաեւ լեզվի պետական կոմիտեի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա գործադիր հատվածում լեզվական խնդիրներն ավելի գործնական դարձնել եւ դրանց լուծումներին հետեւել` լեզվաքաղաքականության պետական զարգացման ծրագրի միջոցով, որը կհաստատի Ազգային ժողովը: Իսկ դրա հիման վրա կունենանք գործունեության բավականին լայն դաշտ, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր այն մարտահրավերները, որոնք գոյություն ունեն: Արդյունքում մենք  ոչ թե միայն ստուգումներ կիրականացնենք, այլ կփորձենք դրա հետ մեկտեղ իրականացնել այնպիսի գործունեություն, որը ենթադրում է գործնական քայլեր` տերմինաշինության, բառարանագիտության, անձնանունների, տեղանունների, համապատասխան շտեմարանների եւ այլնի ստեղծման ուղղությամբ: Կարծում եմ` առաջիկայում հանդիպում կլինի ՀՀ վարչապետի հետ եւ մենք նրա հետ այդ հարցերը կքննարկենք, որովհետեւ միշտ էլ պարոն Աբրահամյանը լեզվական խնդիրներին արձագանքել է շատ արագ, ու հրատապ լուծումներ են տրվել: Մասնավորապես ելնելով նոր սահմանադրությունից` կարիք կա օրենսդրությունը փոփոխել, համապատասխանեցնել նոր պահանջներին։ Իսկ դա հնարավորություն կտա լեզվական խնդիրների լուծման ուղղությամբ արդյունավետ քայլեր կատարել:

 

«ՑԱՎՈՔ, ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳԻՐ ՉՈՒՆԵՆՔ»


- Տերմինաբանական կոմիտեն, որը ժամանակին առանձին կառույց էր` որոշակի լիազորություններով, լեզվի մասին կարևոր որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված, փոխարինվեց Լեզվի պետական իրավազուրկ տեսչությամբ: Ի՞նչ եք կարծում, չի հասունցել հին իրավունքները վերականգնելու ժամանակը: (ՄԱՐԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ, ք. Երեւան)

-Անկասկած, հասունացել է: Ու ոչ միայն պետք է վերականգնել նախկին կարգավիճակը` իր գործառույթներով, այլեւ ավելացնել այդ ամենին գործադիր՝ կոնկրետ և հասցեական գործառույթներ: Մենք երբեմն ուզում ենք պահանջել ինչ-որ մի բան, բայց այդ պահանջի տակ չդնելով որոշակի կատարած գործ: Այսօր տնտեսվարող սուբեկտները, տաքսի ծառայությունների ղեկավարները եւ այլք շատ անգամ օրենքի պահանջներից  տեղեկացաված չեն: Այսինքն` անգամ նրանց հետ պետք է աշխատանք կատարվի, բայց ստուգող մարմինը նրանց հետ բացատրական եւ այլ նման տիպի աշխատանք կատարելու իրավունք չունի: Կարծում եմ` մենք պետք է գնանք ոչ միայն ինչ-որ մեկին տուգանելու, պատասխանատվության ենթարկելու, այլ զգուշացնելու, բացատրելու, իրավիճակը վերլուծելու ճանապարհով: Այնպես որ, կարծում եմ` ժամանակն է, որ կտրուկ շրջադարձային մոտեցում լինի լեզվի խնդիրների նկատմամբ: Այսօր կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ պետական ծրագիր ունենք, բայց, ցավոք, լեզվաքաղաքականության զարգացման վերաբերյալ պետական ծրագիր չունենք: Նկատե՞լ եք, թե ինչ անուններով են մկրտում մեր երեխաներին` Ալեն, Էլեն, Ադել, Բեն, չգիտեմ ինչ։ Հայկական անձնանունների բառարան է մեզ պետք ունենալ, տեղանունների բառարանները պետք է հստակեցնել, որպեսզի կարողանանք քարոզել, ներկայացնել, թե սարերի, ձորերի, բնության տարբեր անկյունների ինչ գեղեցիկ անվանումներ ունենք, որպեզի այն մեր սեփականությունը դառնա, մեր արյան մեջ այդ ամենը իր հաստատուն տեղը գտնի: Ասում են` լեզուն ինքնազարգացող, ինքնապահպանող, ինքնակարգավորիչ դերակատարություն ունեցող մարմին է, քավ լիցի, այդպես է, բայց մենք պետք է նրան օգնենք, եւ պետությունը պետք է ֆինանսական միջոցներ ներդնի այստեղ:

 

««ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇԱՈՒՐՄԱ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ ԱՅԴ ՇԱՈՒՐՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻՆ»


Չնայած Լեզվի պետական տեսչության ակտիվ միջամտությանը` այսօր էլ դեռ արդիական են այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են` Թումանյանի շաուրմա, Կոմիտասի շաուրմա... Մինչ օրս լուծված չէ նաեւ խանութների անուններն այլալեզու գրելու խնդիրը: Մասնավորապես` Փակ շուկայի շենքում գործող «Кафе Проспект» անվանումն այդպես էլ չփոխարինվեց համարժեք հայերեն անվանումով: Արդյոք մեր պետության լեզվական շահն ավելի ստորադասելի՞ է, քան ինչ-որ գործարարների բիզնես շահերը (ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ, ք. Երեւան):

– Երբեմն շատերին թվում է, թե եթե իրենք լեզվի նկատմամբ անհանդուրժողաբար վարվեն կամ մինչեւ վերջ չհարգեն լեզվական պահանջները, իրենք հերոս կլինեն: Իսկապես, «հանրահայտ» «Թումանյանի շաուրմա» արտահայտությունը պատիվ չի բերում ո՛չ այդ շաուրման արտադրողին, ո՛չ էլ մեզնից յուրաքանչյուրին: Շատերիս ընկալումներում այն դիտարկվում է, որպես հենց Հովհաննես Թումանյանի շաուրմա, որը լեզվական ատաղձով գուցե եւ ճիշտ է, բայց ընկալման հետ կապված այստեղ ուրիշ բան է հասկացվում: Գոնե լիներ «Թումանյան փողոցի շաուրմա», բայց համառորեն տնտեսվարող սուբյեկտը մինչեւ հիմա չի գնում այդ քայլին, որ փոխի անունը, ինչն ինձ համար շատ զարմանալի է: Նամակներ ու հորդորակներ էլ ենք գրել, բազմիցս ելույթ ենք ունեցել, պետք է բոլոր դեպքերում արձագանքը լիներ, բայց այդ տնտեսվարող սուբյեկտը, ցավոք, համառորեն ուզում է, որ լինի Մաշտոցի, Կոմիտասի եւ Թումանյանի շաուրմաներ: Ինչ վերաբերում է «Кафе Проспект»-ին, ցավոք, մեր օրենքն այսօր հետեւյալ մակարդակի վրա է` հայերեն է կամ հայերեն չէ: Այսինքն` եթե նա հայերեն գրել է «Կաֆե պրոսպեկտ», մենք այլեւս օրենսդրությունից ելնելով որեւէ բան չենք կարող անել` այն համապատասխան է օրենքին: Բայց համաձայն եմ Թագուհի Ասլանյանի հետ, որ պետք է առաջ շարժվել դեպի բովանդակություն: Oրինակ, կարող էր լինել «Պողոտա սրճարան», այսինքն` պետք է լինի հայեցի, հայատառ, հայահունչ: Եվ ամենավտանգավոր ձեւն է հայտնվել, ինչ ասես տաքսիների վրա գրված է՝ վենեցիաներից սկսած վերջացրած այնպիսի անուններով, որոնք քավ լիցի աշխարհագրությունը անգամ չես կարող հասկանալ, թե որտեղից է:

- Մյուս կողմից էլ չեմ հասկանում, եթե նորմալ հայկական անուններ ընտրեն իրենց բիզնեսի համար՝ դրանից իրենց գործը կտուժի՞:

-Սկզբնական շրջանում գործարարները մեզ մատնացույց էին անում, որ հանրահայտ անուններ են դնում, բայց Լոռվա ձորում կամ Շիրակում գտնվող Օձունի կամ էլ Հառիճի այսինչ վանքի մասին շատերը չգիտեն, բայց Վիեննա, Փարիզ քաղաքները գիտեն բոլորը, որն ավելի նախընտրելի է: Բայց չեմ կարծում, որ այդպես է: Սա, պարզապես, թյուր մեկնություն է այդ ամենի: Ընդհակառակը` մեր հայկական անունները կամաց-կամաց սովորական կդառնան, կընդունվեն, կսիրվեն:

 

«ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼ»


-Այսօր բջջային կապ ապահովող ընկերություններն ուղարկում են հաղորդագրություններ լատինատառ հայերենով: Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ: (ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ)

-Սկզբունքորեն խախտում չէ, եթե այդ հաղորդագրությունը հրապարակային բնույթ չի կրում, այլ՝ անձնական: Բայց համաձայն եմ, որ օրենքը որոշակի պարտավորություն պետք է դնի տնտեսվարող սուբյեկտների, ցանցային օպերատորների վրա, որպեսզի նրանք իրենց հրապարակային հաղորդագրությունները նախևառաջ տարածեն հայերենով: Եթե շատ ցանկություն ունեն հայերենին զուգահեռ կարող են նույնը տարածել լատինատառ։ Շատերը կարող են պատճառաբանել, որ ոչ բոլոր հեռախոսներն ունեն այդ հնարավորությունը, բայց այսօր հիմնական հեռախոսները հայատառ հաղորդագրություններ կարողանում են ստանալ: Հետեւաբար, գուցե այստեղ պետք է ավելի խիստ կանոններ սահմանել:


«ՈՉ ՄԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՍՏԱՑԱՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ»


Հայկական արտադրության մի շարք սերիալներում հնչում է աղավաղված ու մեծ հաշվով հայոց լեզվի հետ կապ չունեցող խոսք: Ինչո՞ւ Լեզվի պետական տեսչության կողմից որեւէ քայլեր չեն ձեռնարկվում` կանխելու այդպես ազատորեն պրոպագանդվող անգրագիտությունը (ՔՐԻՍՏԻՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ք. Երեւան):

– Մենք որեւէ լծակ չունենք, բայց անցած տարի ուսումնասիրեցինք տասը հեռուստաընկերություններ եւ մոտավորապես 200 էջանոց տեղեկանք պատրաստեցինք` տարբեր հաղորդաշարերի վերաբերյալ: Ուղարկելով տվյալ հեռուստաընկերություններ` առաջարկեցինք  քննարկում կազմակերպել: Բայց ոչ մի հեռուստաընկերությունից չստացանք պատասխան: Լռեցին, փաստորեն, առարկություններ էլ չստացանք, ու սա, կարծես թե, առաջին լավ արձագանքն էր: Այսինքն` համաձայն են այն ամենի հետ, ինչ որ մենք ուղարկել ենք:  Հավանաբար, անհրաժեշտ է այստեղ էլ օրենսդրական փոփոխություններ անել: Գիտեք, շատերին թվում է, թե այդ փողոցային լեզուն սերիալային եթեր եւ այլ հաղորդումներ տեղափոխելով` փրկում են իրենց դրամատուրգիան: Բայց փողոցային լեզուն ոչ մի դրամատուրգիայի փրկել չի կարող: Լավ սերիալներ ունենալու համար, լավ դրամատուրգիա է պետք, իսկ եթե դրամատուրգիան չեն կարողանում ունենալ, այդ փողոցային լեզուն էլ փրկություն չէ:

 

«ՄԵՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՀԵՏԸՆԹԱՑ ՉԻ ԱՊՐԵԼ»


Կրկին մեր պետությունն անցնում է կոալիցիոն կառավարման, ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը կոալիցիայի վերաբերյալ: Հատկապես, որ Դուք էլ ժամանակին կոալիցիոն կառավարման արդյունքում եք դարձել ՀՀ ԿԳ նախարար (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ, ք. Մարտունի):

– Կոալիցիոն կառավարությունը հասարակության տարբեր շերտերի, տարբեր քաղաքական ուղղությունների որոշակի համաձայնեցված գործողություններ են երկրի կառավարման գործում: Կոալիցիոն կառավարության անդամը սկզբունքորեն հաշվի է առնում ոչ միայն իր քաղաքական ուժի մոտեցումները տվյալ բնագավառի հետ կապված, այլեւ իր գործընկերների մոտեցումները: Եվ սա ավելի մեծ պատասխանատվություն է բերում տվյալ քաղաքական գործչին: Այս պարագայում կառավարման համակարգը ավելի հավասարակշիռ ու պատասխանատու է դառնում, ուստի` դրական եմ վերաբերվում: Ընդհանրապես, աշխարհի փորձն էլ ցույց է տվել, որ կոալիցիոն կառավարություններն, թեև երբեմն շուտ-շուտ են փոխվում, բայց նրանք ունեն դրական գործունեության արդյունք: Ցանկացած կառավարող կոալիցիա առաջին հերթին պետք է ունենա արգելակների համակարգ, իսկ այդ արգելակները կոալիցիոն կառավարման համար կարող են լինել սեփական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները եւ երկրորդ` ընդդիմությունը: Հետեւաբար, եթե մենք այս արգելակների անհրաժեշտ համակարգը ունենանք, կառավարման ասպարեզում էլ կարող ենք ավելի լուրջ հաջողությունների հասնել եւ ավելի բարձր արդյունքներ արձանագրել:

Կրթության նախարարի պաշտոնը կրկին ստանձնում են դաշնակները, հետաքրքիր է` ձեր տեսակետը կրթությունը հետընթա՞ց է ապրելու, թե՞ դրական ակնկալիքներ ունեք (ՄԵՐԻ, ք. Երեւան):

– Մեր կրթությունը երբեք հետընթաց չի ապրել եւ ոչ մի նախարարի օրոք, որովհետեւ կրթությունը հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող կյանքի բնագավառ է եւ առնչվում է ամեն մի ընտանիքի: Այս ասպարեզում հասարակական պահանջն այնպես է ձեւավորվում, որ ոչ մի նախարար չի կարող մտածել հետընթացի մասին: Այնպես որ, չեմ պատկերացնում, որ Հայաստանում կլինի որեւէ նախարար, անկախ նրանից, թե քաղաքական որ ուժին է պատկանում, ով կարող է մտածել կրթության հետընթացի մասին: Մեր կրթությունը միշտ առաջընթաց է ապրել եւ այդպես էլ պետք է շարունակվի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ,Գ.- Շարունակությունը կարդացե՛ք Iravunk.com-ում` ուրբաթ օրը: