Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քաղաքական
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 15:45

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

Եվ այսպես, հանդիսավոր ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Բաղրամյան 26-ում սույն արարողությունը վերապահվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: Մի տեսակ ճակատագրի հեգնանքի պահ էլ կար, որ ՀՀԿ-ի կողմից դա վերապահվեց նախարարի պաշտոնը լքող Արմեն Աշոտյանին, իսկ ՀՅԴ-ի կողմից ժամանակին նախարար եղած, բայց այժմ այդպես էլ պորտֆել չստացած Աղվան Վարդանյանին: Սակայն առավել կարեւոր են ոչ թե այդ դետալները, այլ այն, թե ինչ շարունակություն դա կունենա: Եվ այդտեղ հնարավոր են քաղաքական շարունակության ամենատարբեր սցենարներ: ՍՑԵՆԱՐ 1.

 

 

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԴԱՇԻ՞ՆՔ
Հարկ է նշել, որ կուսակցությունների ստորագրած փաստաթուղթը բավականին լայն ընդգրկում ունի եւ կոնկրետ ժամկետ նշված չէ: Նշված չէ նաեւ, կապը կոնկրետ իրադարձության, զորօրինակ` 2017-ի ԱԺ ընտրությունների հետ: Արդեն հնչել են բազում մեկնաբանություններ, որ դա նոր Սահմանադրության տառից ու ոգուց բխող երեւույթ է, եւ այդ փաստաթղթով հիմք է դրվում քաղաքական նոր կուլտուրայի ձեւավորման համար:
Խոշոր հաշվով, եթե դիտարկենք ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի գաղափարախոսությունների տեսակետից, ապա դա ազգային պահպանողականություն դավանող ՀՀԿ-ի եւ ազգային սոցիալիզմ դավանող ՀՅԴ-ի դաշինք է: Գաղափարաբանական տեսակետից այդ կուսակցությունները փոխլրացնող են, եւ սկզբունքորեն հնարավոր է երկարատեւ համագործակցության սցենարը, եթե ընթացիկ քաղաքական անցուդարձերը եւ շրջադարձերը ավելի զորավոր ազդեցություն չունենան: Միգուցե, դա «երկկուսակցական» հայկական տարբերակ է, որը, ասենք, դասական ամերիկյանից տարբերվում է նրանով, որ ոչ թե «փոխանջատման» սկզբունքով երկու կուսակցություն իշխանության մոտ մեկը մյուսին փոխարինում է, այլ, որ միասին են երկարատեւ ծավալում համատեղ գործունեություն` լինի դա իշխանական, թե ընդդիմադիր դաշտում, եւ ընդամենը ԱԺ ընտրությունների արդյունքներով որոշվում է այդ կուսակցությունների տեսակարար կշիռը համատեղ լուծումների դաշտում: Իդեպ, նախատեսված է երկու կուսակցությունների կողմից եւ համագործակցության խորհրդի ստեղծում, նկարագրված են տարաձայնությունների հաղթահարման մեխանիզմներ եւ այլն: Եվ եթե վերը նկարագրված սցենարը իրականանա երկարատեւ կտրվածքով, դա իրոք կլինի նոր խոսք քաղաքագիտությունում եւ քաղաքական պրակտիկայում:
ՍՑԵՆԱՐ 2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻ
ԳԵՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
Բնականաբար, ՀՀԿ-ՀՅԴ փաստաթղթի ստորագրմանը հետեւած նախարարական եւ մարզպետական նշանակումները չեն կարող հարց չառաջացնել` այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՅԴ-ն ստանում է նույնքան պորտֆել, որքան պատգամավոր ունի ԱԺ-ում: Այդ ինչո՞վ է ՀՅԴ-ի քաղաքական քաշը դարձել այդքան ծանր:
Դաշնակների «գեղեցիկ աչքերի» տարբերակը մի կողմ ենք դնում, մի կողմ ենք դնում նաեւ այն նկատառումը, որ ՀՅԴ-ի ընտրազանգվածը  էապես կբարելավի ՀՀԿ-ի դիրքերը: Քաղաքական պրագմատիզմի տեսակետից միգուցե կարելի է ենթադրել, որ դրանով կանխվում է ՀՅԴ-ի մասնակցությունը ինչ-որ ոչ իշխանական քաղաքական դաշինքին, ուր դաշնակների «բրենդը» կարող է էական նշանակություն ունենալ: Խոսքը, նախեւառաջ, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ամբիցիաներին, առավել եւս, որ ժամանակին ՀՅԴ-ն եղել էր երկրորդ նախագահի քաղաքական հենարաններից մեկը, ու նաեւ շրջանառվում էր տեղեկատվություն դաշնակների եւ քոչարյանական ճամբարի ստվերային շփումների մասին: Անշուշտ, պորտֆելներ վերցնելը ՀՅԴ-ին հետ կպահի քոչարյանական ճամբարում կրկին հայտնվելու գայթակղությունից:
Դրանով բացատրվում է եւ կոալիցիայի այդքան բարձր ու առաջին հայացքից ոչ համարժեք «գինը»: Բայց միաժամանակ նույն միջկուսակցական փաստաթղթում հստակ արձանագրված է կետ, համաձայն որի` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հավասարապես պատասխանատու են համատեղ իշխանական գործունեության համար: Այսինքն, այնպես չի լինի, որ կոալիցիայի «պուպուշ» հատվածը պորտֆելների տեսքով ՀՅԴ-ի բաժինն է լինելու, իսկ պատասխանատվության «քըխ» հատվածը ամբողջովին կհասնի ՀՀԿ-ին:
Իհարկե, Հայաստանում ՀՅԴ-ն ունի իր մշտական կայուն ընտրազանգվածը, որը, սակայն, դանդաղորեն նվազում  է ու այժմ 5-6 տոկոսի միջակայքում է: Միգուցե, դաշնակցական խորհրդանիշները, բառապաշարը, պատմությունը եւ այլ ատրիբուտները սիրող քաղաքացիները աստիճանաբար արտագաղթում են, միգուցե մի մասը կամաց-կամաց հիասթափվում է: Սակայն պորտֆելները ՀՅԴ-ին օժտում են որոշակի վարչական ռեսուրսով, ինչն անշուշտ «ֆորա» է առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ու ինչքանով դա ՀՅԴ-ին կօգնի ավելացնել ընտրությունների արդյունքում ստանալիք տոկոսները` դա արդեն կախված է հենց դաշնակներից: Եթե չկարողացան ավելացնել սեփական պատգամավորական մանդատների քանակը, ապա ՀՀԿ-ից նեղանալու տեղ չունեն, քանզի ՀՀԿ-ից ստացել են լծակներ ու նույն ՀՀԿ-ն չի կարող պարտավորություն ունենալ ՀՅԴ-ի համար քվեներ հավաքել:
ՍՑԵՆԱՐ 3. ՀՀԿ-ՀՅԴ
ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉԻ ԴԱՌՆԱ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Առաջին հայացքից, կարծես թե, հենց ՀՅԴ-ի համար են լավագույն պայմաններն ապահովված այս նախընտրական մեկ տարվա համար: Ինչ-ինչ պատճառներով այժմյան թիվ 2 խորհրդարանական ուժին` ԲՀԿ-ին, չի առաջարկվել կոալիցիա ՀՀԿ-ի հետ, եւ ինքը` ԲՀԿ-ն էլ այժմ ներքին տարաձայնությունների, մի տեսակ ճգնաժամի փուլ է մտել, որը միգուցե նույնիսկ հարցականի տակ դնի այդ կուսակցության միասնական քաղաքական ապագան: Ինչ վերաբերում է «ռեբրենդինգ» անցած եւ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ին, ապա անվանափոխությունը այդ կուսակցությանը ռեալ օգուտ չտվեց, միգուցե, նաեւ դրա հետ կապված որոշ դրվագներ հակառակ ազդեցությունն ունեցան: Ըստ ամենայնի, արանքից դուրս է եկել եւ մեծահարուստ քավորի` Արա Աբրահամյանի գործոնը, որը պետք է նաեւ կապակցեր Արթուր Վահանիչի եւ Ռոբերտ Սեդրակիչի ճամբարները եւ մեծ շանսեր ապահովեր: Դե, որեւէ ողջամիտ մարդ չէր էլ հավատացել, որ Արա Աբրահամյանը իբր այրվում է հայրենիքի ցավով, ու բոլորը հասկանում էին, որ այդ մարդուն նախեւառաջ հետաքրքրում են սեփական գերդաստանի բիզնեսը եւ կարիերայի հնարավորությունները: Խոշոր քաղաքական խաղ խաղալը դարձել է ռիսկային, քանզի ՀՀ իշխանությունը Արա Արշավիրիչի քաղաքական նկրտումներին, մեղմ ասած, նայում է շատ սառը, իսկ ռուսական իշխանություններն էլ ավանտյուրայի գնացող միլիարդատերերին ունեզուրկ կամ անգամ բանտարկյալ դարձնելու հարուստ փորձ ունեն: Ուստի «Հայկական վերածնունդը» ստիպված պետք է բավարարվի ընտրություններին 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու բավականին համեստ գերխնդրով:
Բայց, այնուամենայնիվ, քաղաքական կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է: Չպետք է բացառել սցենարներ, որոնց արդյունքում նույն ԲՀԿ-ն կվերագտնի իր միասնությունն ու հզորությունը եւ կպահպանի թիվ երկու ուժի կարգավիճակը: Այդ դեպքում, միգուցե, ընտրությունների արդյունքում ստեղծվի ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ, այլ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն կառավարություն:
Ի վերջո, հնարավոր է եւ նոր ռեզոնանսային խաղացողների մուտքը քաղաքական դաշտ: Նոր արեւմտամետ քաղաքական նախագծեր` ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի», արդեն կան, սակայն այս պահին դեռեւս ոչ ոք չի գրավել դեպի Հյուսիս կողմնորոշված քաղաքական միավորման դաշտը, այն հիմա ազատ է ու միգուցե ժամանակի ընթացքում լրացվի:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», ապա երկուսն էլ, քաղաքական առումով, «հոգնած ձի» են, ու այդ տեսակետից, դժվար թե, «քեռի Սեմը» ցանկություն ունենա նրանց հետ հույս կապել: Բայց, ինչպես հայտնի է, երբեմն «բառադի» կերպարների բախտը բերում է, ու չպետք է ամբողջովին բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում ինչ-որ վարիացաներով կրկնվի 2007-ի սցենարը` Վաշինգտոնից հնչած ուղղակի խնդրանքի տեսքով: Միգուցե, Րաֆֆի՞ն էլ կփորձի «ռեբրենդինգ» անցնել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ