Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ԵՐԵՎԻ

«ԲԼԵՖ» ՖԻԼՄՆ ԵՔ ԴԻՏԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունք»-ը երեկ տեղեկացրել էր Հրանտ Բագրատյանի եւ Վարդան Այվազյանի բանավեճին, որը վերաբերում էր պետական տուրքի մասին նախագծին: Այդ բանավեճը շարունակվեց նաեւ այսօր: Հրանտ Բագրատյանը տեղի ունեցողը համարեց բլեֆ: Վարդան Այվազյանն էլ  հակադարձեց` երեւի Բագրատյանը «բլեֆ» ֆիլմն է դիտել: «Բարի եղեք նայեք` օրենսդրական բոլոր կարգավորումները»,- ասաց Այվազյանը:


Մանրամասները` տեսանյութերում:






ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Ընթերցել...
 

ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ՁՄՌԱՆԸ

ՉԸՆԿՆԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ՝ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՈՒՄԱՐ

ՀԱՅԹԱՅԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացնում էր  2015 թ-ի տարեկան զեկույցը եւ պատասխանում պատգամավորների հարցրին: ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը մի քանի հարցեր եւ առաջարկներ ներկայացրեց պարոն Նազարյանին մասնավորապես.


1 Հայտնի է, որ ձմռան ամիսներին բնակչությունը ավելի շատ է սպառում թե՛ գազ, թե՛էլեկտրաէներգիա: Սակայն կան մարդիկ, ովքեր թոշակառու են, գործազուրկ, անապահով են կամ հիվանդանում են եւ չեն կարողանում գումարը վճարել, որի դիմաց մի բան էլ պատժվում են՝ անջատում է թե՛ գազը, թե՛ հոսանքը: Հնարավոր չէ՞ սահմանել մի կարգ, սոցիալապես անապահով մարդիկ ունենան վճարման հետաձգման հնարավորություն, կամ պայմանագիր, ըստ որի կարող են ամառը ավելի շատ վճարեն, քան սպառում են, իսկ ձմռանը՝ չընկնեն ճգնաժամի մեջ:


2. Չե՞ք կարծում, որ նոր բաժանորդների համար սակագները բավականին բարձր թվեր են՝ անգամ գործարարների, փոքր ու միջին բիզնես ունեցողների, կամ անհատ բաժանորդների համար: Արդյոք Դուք ուսումնասիրել եք, իսկապես արդա՞ր է այդ սակագինը, քանի որ կարծում եմ` այն բարձր է եւ եթե անգամ արդար է, ինչո՞ւ հնարավոր չէ կնքել պայմանագիր տարաժամկետ վճարելու համար, որպեսզի մարդիկ չվճարեն միանգամից մի քանի միլիոն դրամ, այլ վճարեն որոշ մաս, հետո բիզնեսը սկսի աշխատել եւ սկսեն վճարել մնացածը ամսե ամիս:


3. Շարունակվում են քաղաքացիների բողոքները, որ շատ է գրվում հոսանքի, գազի թիվը: Կան բողոքներ որակի մասին: Դուք մեծ աշխատանք եք կատարում դրա համար, բայց որտեղի՞ց պետք է իրազեկվեն քաղաքացիները իրենց իրավունքների մասին: Ասեք իրազեկման տեղը, մենք էլ փոխանցենք մեր ընտրողներին եւ եթե իրենց իրավունքները ոտնահարվել են, ինչպես դիմեն ձեր հանձնաժողովին, ինչ փաստաթղթեր ներկայացնեն:


«Ինչ վերաբերում է տեղեկացվությանը, ապա օրինակելի ձեւը, որը մենք հաստատել ենք եւ ստորագրվում է մատակարարի եւ սպառողի միջեւ, այնտեղ ամրագրված են եւ պատասխանատվությունը եւ պարտավորությունները երկու կողմերի համար: Ցավոք, մեր քաղաքացիների մեծ մասը կարդալ չի սիրում, ստորագրում է մտածելով սովետական կարգերի նման: Դե մեր պետությունն է, բան է  տվել, ստորագրենք, անցնի գնա: Իսկ եթե չի հասցրել կարդա, թող գոնե այսօր կարդա»,- պատասխանեց Նազարյանը,- «Բացի այդ` մեր  կայքում կա էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնները, որտեղ էլ ամրագրված են մատակարարի եւ սպառողի իրավունքներն ու պարտականությունները: Թող դիմեն մեզ, եթե կլինեն առանձին դրույթներ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք կունենան, սիրով պատրաստ ենք պարզաբանել»:

Ինչ վերաբերում է թոշակառուներին,  Նազարյանի խոսքով, եթե դրանք չարամիտ չվճարողներ չեն, այլ ձեր նշած թոշակառուներն են, շատ դեպքերում ՀԵՑ-ը ընդառաջ է գնացել. «Եղել են դեպքեր, դիմել են եւ քննարկման արդյունքում առաջարկել ենք տարաժամկետ վճարման կարգ: Սակայն իրավունք չունենք գնանք մասսայական նման քայլի, քանի որ պատկերացրեք, եթե գնանք նման մոտեցման ինչ կստացվի: Դրա մեջ  վճարում ենք էլեկտրոէներգիա արտադրողներին, նրանք էլ միջուկային վառելիքի դիմաց եւ այդ շղթան շարունակակն է եւ չենք կարող ֆինանսական եկամուտների նկատմամբ մեծ շռայլություն ցույց տալ»:

Նոր բաժանորդների պարագայում, ըստ ՀԾԿՀ նախագահի` ուսումնասիրել են միջազգային փորձը. «Կարող եմ ասել, որ ամենաէժանը Հայաստանում է: Մարդ կա մեկ միլիոն դոլարանոց առանձնատուն է կառուցում, բայց չի ուզում դրա դիմաց երկու միլիոն դրամ ծախսել միացման համար: Առաջ տրվում էին տեխնիկական պայման, պատվիրատուն իր միջոցներով կառուցում էր: Իսկ հիմա տեխնիկական պայման չի տրամադրվում, դիմում է գրում, պատվիրում է հզորության մեծությունը  եւ լարման մակարդակը, ինքը նախագիծն է անում, իսկ պատվիրատուն վճարում է այդ ողջ ծավալի 40 տոկոսը, մնացած 60 տոկոսը տարիների ընթացքում վերադարձվում է տոկոսների տեսքով: Շատն ու քիչը գալիս է մեր եկամուտներից, որը հարաբերական հասկացողություն է եւ չեմ կարող ասել շատ է, թե քիչ»,- ասաց Նազարյանը:

«Գազի վերաբերյալ նոր բանակցություններում  արդյոք չի քննարկվում ռուբլով սակագինը սահմանելու հնարավորությունը» Հ.Բաբուխանյանի հաջորդ հարցին Ռ. Նազարյանը նշեց, քանի որ չի հանդիսանում կողմ այդ քննարկումների ժամանակ, հետեւաբար չի տիրապետում՝ քննարկվում է նման հարց, թե ոչ:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


 

Ընթերցել...
 

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՆԱԽԱՐԱՐԻ ՊՈՐՏՖԵ՞Լ Է

ՑԱՆԿԱՆՈՒՄ

 

Այսօր «Իրավունք»-ը նկատեց, որ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը սահուն քայլերովնստեց արդեն նախկին  պատգամավոր, էկոնոմիկայի նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանի պատգամավորական աթոռին: Մեկ-երկու րոպե ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ  խոսելուց հետո Լյովա Խաչատրյանը դուրս եկավ դահլիճից: Կես կատակ կես լուրջ  Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցինք` չլինի՞ պատգամավորը նախարար դառնալու ցանկություն ունի: «Խորհրդարանում միմյանց հետ քննարկում ենք շատ հարցեր: Արմեն Ռուստամյանի հետ հարցեր էի քննարկում, դրա համար նստեցի Արծվիկ Մինասյանի նախկին տեղը»,- պատասխանեց ԲՀԿ պատգամավորը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ընթերցել...
 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՀՈՒՆՎԱՐ)

 

Հայկ Գաբրիելյան

Կուսակցություններ.– 2016թ. հունվարին տեղի ունեցան ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ) ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների (ԺԴԿ) համագումարները, ընտրվեցին նրանց առաջնորդները։ ԺԴԿ համագումարի արդյունքներով նրա համանախագահների պաշտոններում վերընտրվեցին Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը։ Համագումարին ներկա 1049 պատվիրակից քվեարկությանը մասնակցել է միայն 626-ը, որոնցից 624-ն իր աջակցությունն է հայտնել նրանց (մնացա] 2 քվեն ճանաչվել է անվավեր)։ Հունվարին հաղորդվեց, որ ԺԴԿ պատգամավոր Լեյլա Զանան իր 8 համակիրների հետ կարող է լքել կուսակցությունը։ Լեյլա Զանայի և ԺԴԿ ղեկավարության միջև հարաբերություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Զանան «Քրդական հարցի» քննարկման համար հանդիպում խնդրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից։ Վերջինս, սակայն, հրաժարվեց հանդիպել Զանայի հետ, հայտարարեց, որ Թուրքիայում չկա «Քրդական հարց» և դեմ արտահայտվեց քրդերի ինքնավարությանը։

ԺՀԿ համագումարի արդյունքներով կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 1238 քվեից հավաքելով 990 քվե (մնացյալ 248 քվեն ճանաչվել է անվավեր)։ Իր ելույթում Քըլըչդարօղլուն քննադատեց Էրդողանին՝ նրան անվանելով «բռնապետի ծաղրանմանակ»։ Դրանից հետո Էրդողանը դատի տվեց նրան՝ պահանջելով մոտ $33 հազարի փոխհատուցում։ Բացի այդ, Քըլըչդարօղլուի նկատմամբ հետաքննություն սկսվեց՝ երկրի նախագահին վիրավորելու համար։ Հունվարին Էրդողանը պարտվեց Քըլըչդարօղլուի դեմ ներկայացրած մեկ այլ հայցում, որը կապված էր 2015թ. մայիսին Քըլըչդարօղլուի այն հայտարարության հետ, որ 1000 սենյականոց նախագահական նստավայրում դրված են ոսկե զուգարանակոնքեր։ Սակայն դատարանը Քըլըչդարօղլուի խոսքերը համարեց քաղաքական քննադատություն և Էրդողանին պարտավորեցրեց վճարել դատարանի ծախսերն ու Քըլըչդարօղլուին փոխհատուցել փաստաբանի ծախսերը։

Թուրքիայի խորհրդարանի չորրորդ խոշոր ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին, որը հունվարին ենթարկվել է սրտի վիրահատության, հայտարարեց, որ կուսակցության համագումարն անցկացվելու է 2018թ. մարտի 18-ին։ Բահչելին նաև հայտարարել է (իր ընդդիմադիր) Սինան Օղանին և Մերալ Աքշեներին կուսակցության շարքերից հեռացնելու անհրաժեշտության մասին, որոնք ԱՇԿ նախագահ դառնալու ֆավորիտների թվում են։

Ահաբեկչություն.– Հունվարի 12-ին մահապարտ ահաբեկիչը Ստամբուլի պատմական կենտրոն համարվող Սուլթանահմեթի հրապարակում պայթեցրեց իրեն, որի հետևանքով զոհվեց Գերմանիայի 11 քաղաքացի։ Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրեց ԻՊ-ին։ Ստամբուլի ահաբեկչությունը ծանր հարված հանդիսացավ ողջ Թուրքիայի զբոսաշրջության համար՝ հաշվի առնելով, որ արտերկրից ժամանող զբոսաշրջիկների թվում առաջին տեղում հենց Գերմանիայի քաղաքացիներն են, իսկ երկրորդ տեղում՝ Ռուսաստանի քաղաքացիները (2015թ. Թուրքիայի զբոսաշրջային եկամուտները նվազել են 8.3%-ով)։ Թուրքիայում շատերը զբոսաշրջության համար ավարտված են համարում 2016 թվականը, իսկ ծովափնյա մոտ 1300 հյուրանոց հանվել է վաճառքի։ Նրանց համարների թիվը հասնում է 153 հազարի, իսկ ընդհանուր արժեքը գնահատվում է $10 մլրդ։

Հունվարին Անկարայի դատախազությունը հայտնեց, որ 2015թ. հոկտեմբերի 10-ին Անկարայում Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչությունը (103 զոհ, 500-ից ավելի վիրավոր) հեղինակած երկրորդ մահապարտ ահաբեկիչը Սիրիայի քաղաքացի է, սակայն չներկայացրեց նրա անունը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ մահապարտ ահաբեկիչներից մեկը Յունուս Էմրե Ալագյոզն է, որը մեկ այլ մահապարտ ահաբեկիչ Շեյխ Աբդուռահման Ալագյոզի եղբայրն է, որն էլ իր հերթին 2015թ. հուլիսին ահաբեկչություն էր իրականացրել Սուրուչում (զոհվել է 33 մարդ)։ Փաստորեն, Թուրքիայի իշխանություններն ահաբեկչության բոլոր երեք դեպքերի համար էլ մեղադրել են ԻՊ-ին։

Բռնություններ և PKK (Քրդստանի բանվորական կուսակցություն).– Հունվարին շարունակվեց Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ մի շարք շրջաններում թուրք ուժայինների հատուկ գործողությունը, որոնք Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) մեղադրում են ռազմավարությունը փոխելու, մարտերը քաղաքներ տեղափոխելու, խաղաղ բնակիչներին որպես «կենդանի վահան» օգտագործելու համար։ Բախումների հետևանքով փախստական է դարձել մոտ 150 հազար մարդ։ Թուրքական կողմն անգամ կրակել է հուղարկավորության մասնակից անզեն քրդերի վրա. ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել հետաքննել այդ ողբերգական միջադեպը։ Ի դեպ, Քըլըչդարօղլուն, դիմելով Թուրքիայի իշխանություններին, հայտարարել է. «Կասե՞ք, թե ինչով են երկրի հարավ-արևելքի դեպքերի լուսանկարները տարբերվում Սիրիայի դեպքերի լուսանկարներից»։

Հունվարին 89 համալսարանի 1128 թուրք և օտարազգի գիտնականներ հրապարակեցին «Մենք այդ հանցագործության մաս չենք կազմի» անվանմամբ դիմում, որտեղ Թուրքիայի կառավարությանը կոչ արեցին դադարեցնել հարավ-արևելքում իրականացվող սպանդը և վերադառնալ քրդական խնդրի խաղաղ կարգավորմանը։ Դա հարուցել է Էրդողանի զայրույթը. «Այդ ամբոխը, որն իրեն անվանում է գիտնականներ, իր դիմումում մեղադրում է պետությանը: Հեյ, դուք, այսպես կոչված մտավորականներ, դուք ոչ թե լուսավորված, այլ մութ մարդիկ եք: Դուք բոլորովին նման չեք մտավորականների: Դուք տգետ եք և ոչինչ չգիտեք Թուրքիայի հարավ-արևելքի մասին: Իսկ մենք գիտենք այդ շրջանը՝ ինչպես մեր տան հասցեները։ Եթե դուք ցանկանում եք զբաղվել քաղաքականությամբ, ապա եկեք խորհրդարան և արեք դա, իսկ եթե ոչ, ապա կարող եք բարձրանալ լեռները»։ Էրդողանը կոչի տակ ստորագրած օտար գիտնականներին հրավիրեց այցելել Թուրքիա: Ապա անմիջապես սկսվեցին դիմումի տակ ստորագրած թուրք գիտնականների հալածանքները։ Թուրքիայի կրթության Բարձրագույն խորհուրդը հայտարարեց, որ վարչական միջոցներ կձեռնարկի կոչը ստորագրած թուրք գիտնականների նկատմամբ: Նրանց մի մասին ձերբակալեցին, ապա ազատ արձակեցին։ Գիտնականների հանդեպ նման վերաբերմունքի համար մտահոգություն հայտնեց Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, ինչից հետո Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը նրան կոչ արեց լքել երկիրը. «ԱՄՆ-ում ոստիկանությունը մարդկանց վրա կրակում է ինչպես տանձերի, և դա՝ նրա համար, որ մարդը չի բարձրացնում ձեռքը, իսկ մեզ դու խորհուրդ ես տալիս համբերատար գտնվել մեր ոստիկանների ու զինվորների վրա զինված ահաբեկիչների հարձակումների հանդեպ։ Ո՛չ, մենք համբերատար չենք գտնվի դրա հանդեպ, հարգելի դեսպան։ Դու սխալ ընտրություն ես ԱՄՆ-ի համար, վերադարձի՛ր քո երկիր, և թող գա մեկ այլ դեսպան, որը ճանաչում է մեզ»։ Ուշագրավ է, որ հունվարին Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հանդիպումներ ունեցավ 2007թ. հունվարի 19-ին սպանված «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի (2016թ. հունվարի 19-ին Ստամբուլում և այլուր հարգեցին նրա հիշատակը) այրի Ռաքել Դինքի, Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի (սպանվել է 2015թ. նոյեմբերի 28-ին) այրի Թյուրքան Էլչիի և կալանավորված լրագրող Ջան Դյունդարի կնոջ` Դիլեք Դյունդարի հետ, ինչն, անկասկած, ԱՄՆ-ի կողմից Թուրքիային արված ուղերձ է պարունակում։

Հունվարին թուրքական ընդդիմադիր Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը դատապարտվեց 14-ամսյա պայմանական ազատազրկման՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու համար։ Բացի այդ, Ստամբուլի դատախազությունը պահանջեց ցմահ ազատազրկել Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլին, որոնք լրագրողական հետաքննություն էին իրականացրել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիա զենքի գաղտնի մատակարարումների մասին։ Ընդ որում՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը լրագրողների միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին չի թույլատրել հանդիպել նրանց հետ։ Հունվարին Թուրքիայում դատական գործընթաց է սկսվել Մարդինի քաղաքապետ, քուրդ հանրահայտ քաղաքական գործիչ Ահմեթ Թուրքի դեմ, որին սպառնում է 7.5-18 տարվա ազատազրկում։ Ահմեթ Թուրքը մեղադրվում է «ահաբեկչական զինված կազմակերպության անդամի օգտին քարոզչություն կատարելու» համար։ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել CNN Türk հեռուստաընկերության ներկայացուցիչների դեմ, որոնք մեղադրվում են Էրդողանի հասցեին Քըլըչդարօղլուի հնչեցրած վիրավորական խոսքերը («բռնապետի ծաղրանմանակ») մեջբերելու համար։ Ի դեպ, Քըլըչդարօղլուի այդ խոսքերից հետո Էրդողանի օգնականներից Յըղըթ Բուլութը հայտարարել է Թուրքիայի Isbank խոշորագույն մասնավոր բանկն ազգայնացնելու անհրաժեշտության մասին, որի բաժնետոմսերի 28.09%-ը պատկանում է ԺՀԿ-ին՝ համաձայն Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և ԺՀԿ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կտակի։ Բուլութն ընդգծել է, որ կուսակցությունը չի կարող բանկ ունենալ (Isbank-ը Աթաթուրքի հրամանով ստեղծվել է 1924թ.)։ Գյուլենականների դեմ պայքարն ընթացքի մեջ է։

Նոր սահմանադրություն.– Հունվարին թուրքական մամուլը գրեց, որ Էրդողանն Անկարայում տվել է նոր սահմանադրությանն ու կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու մեկնարկը՝ հայտարարելով, որ երկիրը կարիք ունի նոր սահմանադրության, որն առանց կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու կլինի ոչ լիարժեք. «Աներևակայելի է, որ ժողովրդի կողմից ընտրված նախագահը խաղա միայն խորհրդանշական դեր։ Թուրքիան կարիք ունի նոր սահմանադրության և նախագահական համակարգի, քանի որ խորհրդարանական համակարգը հնացել է և հարմար չէ։ Տվյալ հարցի շուրջ որոշում պետք է կայացնի ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը»։ Էրդողանը հասկանում է, որ խորհրդարանի միջոցով իր լիազորությունների ընդլայնմանը հասնելը կլինի շատ ավելի դժվար, քան հանրաքվեի դեպքում։ Չի բացառվում, որ հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասերում տեղադրվի երկու առանձին քվեատուփ, որոնցից մեկն առնչվելու է նոր սահմանադրության ընդունմանը, իսկ մյուսը՝ կառավարման նախագահական համակարգին անցում կատարելուն։ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ ներկա սահմանադրությունը Թուրքիայի զարգացման գլխավոր խոչընդոտն է, և որ այն չի համապատասխանում ժամանակակից Թուրքիայի շահերին: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը հայտարարել է, որ «Նոր Թուրքիային անհրաժեշտ է նոր սահմանադրություն»։ Թուրքիայում ներկայումս գործում է 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո (1982թ.) ընդունված սահմանադրությունը։

Ընթերցել...
 

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԵՆ ԳՆՈՒՄ Է

Ներկա զարգացումները հիբրիդային պատերազմների ենթատեքստ ունեն: Եվ այս համատեքստում պատերազմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն ընթանում է, դրա բոլոր բաղադրիչները կան՝ տնտեսական, տեղեկատվական և այլն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավանական է համարում ռուս-թուրքական պատերազմ վերջին զարգացումների ֆոնին:

Նրա խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունները դիտարկվում են որպես աշխարհաքաղաքական անհամատեղելիություն: Գ.Հարությունյանը հիշեցրեց, որ միայն երկու շրջանում են եղել ռուս-թուրքական սերտ հարաբերություններ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո և 1990-ական թվականներին՝ ազատական հեղափոխությունից հետո, երբ այդ հարաբերությունները սերտաճեցին ամեն առումներով.

«Ռուսաստանն այսօր փոխել է աշխարհակարգը. եթե 1990-ական թվականներին աշխարհակարգը միաբևեռ էր, ապա հիմա այն դարձել է բազմաբևեռ, և Ռուսաստանը վերադարձել է աշխարհաքաղաքականություն, ինչպես դա երևում է Սիրիայում ընթացող գործողություններից: Ըստ ամենայնի, դրանով Ռուսաստանը հակառակվում է բավական խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների կամքին ու նրանց ցանկություններին, որոնց հլու-հնազանդ կամակատարն էր ինչ-որ մի ժամանակ Թուրքիան: Ես գտնում եմ, որ ՌԴ ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից պատահական չէր, դա հաշվարկված ծրագիր էր, բայց և այնպես՝ Թուրքիան մի փոքր ավելի հեռուն է գնացել, քան կարող էր: Եվ դա բազմաբևեռ աշխարհում ես համարում եմ իշխանությունների շքերթ, ինչպես եղել է 1990-ական թվականներին, երբ բոլորն ուզում էին լինել ինքնուրույն: Հիմա այս բազմաբևեռ աշխարհում Թուրքիան է փորձում ինքնուրույնություն ունենալ»,- նշել է նա:

Կրկնելով, որ հիբրիդային պատերազմ այս երկու պետությունների միջև արդեն ընթանում է, Գ.Հարությունյանը նշեց, որ տեղեկատվական գործոնի դերը դրանում բավական բարձր է, և երբեմն փորձ է արվում օգտագործել նաև Հայաստանը: Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանը պետք է խոհեմ դիրքորոշում ունենա, և ամեն խայծ չէ, որ պետք է կուլ տա։

«Օրինակ, այս վերջին նախաձեռնությունը Մոսկովյան համաձայնագրի հետ կապված: Ես նման զարգացումն իրատեսական չեմ համարում, քանի որ այսօրվա պատերազմները տարածքների զավթման պատերազմներ չեն, դրանց բնույթն է փոխվել: Իսկ Ռուսաստանն աջակցում է քրդերին, և սա արդեն պատերազմ է Թուրքիայի դեմ, այնպես որ՝ պատերազմը գնում է, և մենք պետք է լինենք ռուսների հետ այդ պատերազմում, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկուստեք պայմանավորված են աշխարհաքաղաքական և քաղաքակրթական շահերով։ Եվ մենք պետք է ուրախ լինենք, որ խոշոր պետությունն ունի այդ շահերի համատեղելիություն»,- շեշտել է նա:

http://www.aysor.am/am/news/2016/02/20/

Ընթերցել...
 

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՈՒՆԵՆԱ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱԳԵՆՏՆԵՐԸ

Նախորդ երեքշաբթի Իսրայելի պառլամենտը առաջին ընթերցման ժամանակ 50-ը 43-ի հարաբերակցությամբ հաստատեց պետական օրինագիծ, որի համապատասխան, հասարակական ոչ պետական կազմակերպությունները պարտավորվում են հայտնել այն մասին, արդյոք նրանք ստանում են ֆինանսական աջակցություն այլ (օտար) պետություններից: Այս նախագծի գործառնմանը ենթարկվում են այն բոլոր կազմակերպությունները, որոնք ավելի քան 50% տոկոսով ֆինանսավորվում են այլ (օտար) պետություններից կամ պետական մարմիններից:

Օրենքը ուժի մեջ մտնելու համար պետք է երկու ընթերցում անցնի, սակայն տեղական դիտորդները նշում են, որ կառավարության հաղթանակը այդ օրինագծի քննարկման հարցում առաջին ընթերցման ժամանակ առանցքային կարևորություն ունի:

Օրինագիծը արդեն իսկ թեժ քննարկումների առիթ է տվել երկրի ներսում և առիթ է հանդիսացել լարվածության արտահայտման Իսրայելի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Իսրայելի Արդարադատության նախարար Աելետ Շակեդը, օրինագիծը Քնեսետում ներկայացնելիս պնդում էր, որ այն ուղղված չէ կոնկրետ ոչ պետական կառույցների դեմ, այլ բացառապես անհրաժեշտ է այն բանի համար, որ այդ կազմակերպությունների ֆինասավորումը առավել թափանցիկ լինի և նվազեցնի Իսրայելի գործերում արտերկրյա միջամտությունը: «Թափանցիկությունը ձեր սեփականությունը, չէ, այն չէ ինչ դուք ժառանգաբար ստացել եք»,- նշել է նա պառլամենտում թեժ դեբատների ընթացքում:

Այնուհանդերձ, օրինագծին դեմ հանդես եկողները վստահ են, որ դրա թիրախ հանդիսանում են անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու ձգտող բազմաթիվ պաղեստինյան կազմակերպություններ: Հենց նրանք են հաճախ ստանում գրանտներ, այդ թվում՝ կառավարական, որոնք Եվրոպայից են գալիս, այն դեպքում, երբ աջակողմյան հրեական կազմակերպությունների ֆինանսավորման գլխավոր աղբյուրը մասնավոր նվիրատվություններն են արտերկրից, որոնք օրինագծին համապատասխան հայտարարելը անհրաժեշտ չէ:

http://www.kommersant.ru/doc/2901156

Ընթերցել...
 

Էկոնոմիկայի նոր նախարար. Մի՛ խեղդեք, ամեն բան իր ժամանակին


Հայաստանի էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանը խնդրում է չշտապել եւ իրեն մի փոքր ժամանակ տալ։ Այս մասին նա լրագրողներին ասել է փետրվարի 25-ի Կառավարության նիստից առաջ։

Հարցին, թե նա Էկոնոմիկայի նախարարությունում ՀՅԴ կադրեր բերելու է արդյոք, Մինասյանը պատասխանեց, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում է ընդամենը մեկ ժամ։ «Մի՛ խեղդեք։ Ես այն մարդն եմ, որը հասարակությանը ներկայացնում է իր աշխատանքի բոլոր մանրամասները՝ հիմնավորելով յուրաքանչյուր որոշում»,- վստահեցրել է նոր նախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ քաղաքական համաձայնագրի շրջանակներում ՀՅԴ-ն 3 նախարարական պաշտոն է ստացել։


Ընթերցել...
 

Աշոտյանը մինչ 2017-ի ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ. վարչապետ

 

Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանում  աշխատակազմին նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանին ներկայացնելու ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում  կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում եւ  շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:

Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Լեւոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ վստահություն հայտնել, որ պարոն Մկրտրչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

Աշոտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին, վարչապետին եւ նախարարության աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի եւ աջակցության համար:

Լեւոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ վստահեցրել, որ ՀՀ Նախագահի հանձնարարականները եւ կառավարության ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերը լավագույնս կյանքի կկոչվեն:

Նորանշանակ նախարարի խոսքով՝ այս ոլորտն այն համակարգն է, որը 20 տարուց ավելի է ինչ սահուն կերպով իրականացնում է շարունակական ու փոխլարցնող բարեփոխումներ:

Ընթերցել...
 

Ուկրաինայում գրիպի համաճարակից 333 մարդ է մահացել

 

Ուկրաինայում գրանցվել է գրիպից մահացության 333 դեպք, որոնցից հինգը՝ երեխաներ: Այս մասին ասված է երկրի Պետական սանիտարահամաճարակաբանական ծառայության (ՍՀԾ) մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Համաճարակային սեզոնի սկզբից առայսօր, ըստ օպերատիվ տվյալների, գրանցվել է գրիպից 333 լաբորատոր հաստատված մահացության դեպքեր», - ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտոնական տվյալներով, մահացածների շարքերում մինչեւ 17 տարեկան հինգ երեխա կան (Վինիցայի, Վոլինի, Դնեպրոպետրովսկի ու Պոլտավայի շրջաններում) ու երկու հղի կին (Զապորոժյեի ու Կիրովոգրադի շրջաններում):

Ամենաշատ մահացության դեպքերը գրանցվել են Օդեսայի շրջանում՝ 41 դեպք, Կիեւում՝ 38, Դոնեցկի շրջանում՝ 28, Չերկասկի շրջանում՝ 22, Լվովի շրջանում՝ 20:

Ինչպես հայտնում է ՍՀԾ-ն՝ հիվանդների միայն 40.7 տոկոսն է ժամանակին բուժօգնության դիմել: Իսկ մահացու դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ մահացածներից ոչ մեկը գրիպի դեմ պատվաստված չի եղել:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Ուկրաինայի առողջապահության նախարարությունըպաշտոնապես հայտնել է Ուկրաինայում գրիպի համաճարակի ավարտի մասին: Այդ պահին զոհերի թիվը 326 էր:

Հիշեցնենք նաեւ, որ Վրաստանում խոզի գրիպից տարեսկզբից մահացել է 18 մարդ՝ նույնքան, որքան Հայաստանում:

 

Ընթերցել...
 

Google-ը Եվրոպայի 128 լրատվական կազմակերպությունների 27 մլն եվրո կհատկացնի

 

Google-ը Եվրոպայի 128 լրատվական կազմակերպությունների 27 մլն եվրո կհատկացնի Digital News Initiative նախագծի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Սունդար Փիչաին։

Նրա խոսքով՝ ֆինանսավորման նպատակն է թվային լրագրության ոլորտում խթանել նորարարությունները։

Փիչաին հայտնել է, որ ֆինանսական օգնություն կստանան նաեւ տարբեր կազմակերպություններ՝ սկսած փոքր ստարտափներից մինչեւ վաղուց գործող խոշոր լրատվական կազմակերպություններ։

Այդ ծրագրի դափնեկիրների ցուցակը կհրապարակվի մոտ ժամանակներս, սակայն Agence Franse-Presse-ի տեղեկություններով՝ այդ ցուցակում հայտնվել է 6 աշխատանքային լեզուներով բջջային սարքավորումների համար ինտերակտիվ գրաֆիկի իրենց նախագիծը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընթերցել...
 

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ «ՎԱՐՊԵՏԸ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏԱՆ» ՍԵՐԻԱԼԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿՈՒ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ


Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը վարձութային վկայագրերից և պետական գրանցումից զրկել է ռուսական 21 ֆիլմ ու սերիալ, որոնցում իրենց մասնակցությունն ունեն Սերգեյ Բեզռուկովը, Ֆյոդոր Բոնդարչուկը, Օլեգ Գազմանովը և Իոսիֆ Պրիգոժինը: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Իլյենկոն, փոխանցում է meduza.io-ն:

Մասնավորապես արգելքի տակ են հայտնվել «Տոնածառեր-2», «Բնակելի կղզի», «Ստալինգրադ», «Ես մնում եմ», «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես», «Վարպետը և Մարգարիտան» սերիալը։ Իլյենկոյի խոսքով` ներկայում Ուկրաինայում արգելված է 423 ֆիլմ և սերիալ: «Մոտ ժամանակներում այդ աշխատանքը կշարունակվի»,- նշել է պաշտոնյան:

«Հետևապես, անհրաժեշտ է ուսումնասիրել այն մարդկանց ֆիլմերը, ովքեր սպառնալիք են ներկյացանում ազգային անվտանգության համար, համոզվել արդյոք նրանք մասնակցում են այս կամ այն ֆիլմում, պարզել արդյոք այդ ֆիլմերը ունեն վարձութային վկայագրեր թե ոչ«,-հայտարարել է Իլյենկոն։

• 2015թ. փետրվարին Ուկրաինայում ընդունվել է օրենք, որն արգելում է 2014թ. հունվարի 1-ից հետո թողարկված ռուսական ֆիլմերի ցուցադրությունը և տարածումը։ Ինչպես նաև արգելվել է ցուցադրել ցանկացած ֆիլմ, որտեղ պրոպագանդվում է ռուս իրավապահ մարմինների և Զինված ուժերի գործունեությունը։

• Ուկրաինայի Մշակույթի նախարարությունը օգոստոսին հրապարակել էր այն մշակույթի գործիչների «սև ցուցակը», ովքեր սպառնում են պետության ազգային անվտնագությանը։ Ցուցակում ընդգրկված էին Սերգեյ Բեզռուկովը, Միխայիլ Պորեչենկովը, Միխայիլ Բոյարսկին և Իվան Օխլոբիստինը։

 


Ընթերցել...
 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ


Կառավարության այսօրվա նիստը մեկ ժամով հետաձգվել է: Այս մասին տղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:

Հետաձգման պատճառն այն է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկայացրել է նորանշանակ նախարարներին` կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին և տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի համաձայն բացի վերը նշված նախարարություններից` ՀՅԴ-ին է հատկացվել նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պորտֆելները:

 

 


Ընթերցել...
 

Պատերազմը Սիրիայում, հայկական կյանքի հատվածներ

"REPAIR"


Պատերազմը Սիրիայում, հայկական կյանքի հատվածներ

Մարի Թիբո Դը Մեզիեր

Մարի Թիբո Դը Մեզիեր

Բելգիացի հրատարակիչ

Մարի Թիբո Դը Մեզիերը բելգիացի հրատարակիչ է և մանկական գրքերի հեղինակ: 2015 թվականի դեկտեմբերին նա՝ բելգիացի մի պատգամավորի հետ, ուղեկցել էր լրագրողների ու հումանիտար ոլորտի աշխատողների՝ Բելգիայի Արեւելյան քրիստոնյաների կոմիտեին, դեպի Իրաքյան Քուրդիստան ու Ռոժավա (սիրիական Քուրդիստան) ուղեւորության ընթացքում: Փեշմերգաների, YPG-ականների և ասորական ուժերի խիստ հսկողության տակ տեղի ունեցած ճանապարհորդության ընթացքում նա կարողացել է հավաքել մի շարք հայերի դիմանկարներ, որոնց կյանքը խաթարվել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող պատերազմի հետեւանքով: Հոդվածն սկզբնապես լույս է տեսել Hay Stories բլոգում:

Ահա և մի քանի պատմություններ հայերի մասին, որոնց կյանքը փոխվել է Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմի պատճառով: Որոշ պատմություններ տխուր են, մյուսները՝ ոչ: Այս դիմանկարների միջոցով կփորձեմ բացատրել, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում:

Ինչո՞ւ հայերի պատմություններ: Նախ, այն պատճառով, որ հայերն իմ կիրքն են. տանը հինգ հոգի ունեմ: Հետո, քանի որ, իմ կարծիքով, հայոց պատմության միջոցով մենք ավելի լավ ենք հասկանում տարածաշրջանի պատմությունը, ես կասեի նույնիսկ, համեստորեն՝ ամբողջ մարդկության պատմությունը:

Իբրեւ առաջին քրիստոնյաներ և շատ անգամ մահմեդականների հարեւաններ, հայերը կրոնների միջեւ առկա դիալեկտիկան լավ են հասկանում: Նրանք գիտեն նաեւ «ցեղասպանություն», «աքսոր» և «ինտեգրում», երբեմն էլ «բարեկեցություն» բառերի իմաստը՝ մերօրյա աշխարհն ընկալելու համար առանցքային հասկացությունները: Ըստ իրենց ընտրած կամ ակամա հայտնված երկրների՝ հայերն ապրել են ժողովրդավարությունների կամ բռնապետությունների տակ, մաս կազմելով կամ չկազմելով իշխանությանը, ապրելով պատերազմը կամ խաղաղությունը, բայց գրեթե միշտ պահպանելով իրենց հատուկ հզոր ինքնությունը: Նրանց պատմությունն է մեզ այդ մասին պատմում: Մեկ խոսքով՝ կրոնները, պատերազմները, ցեղասպանությունները, քրիստոնեությունը, ինքնության հարցը, հանդուրժողականությունը և խաղաղությունը հասկանալու դուռը բացելու հայկական բանալին է դա: Ինչո՞ւ ոչ:

Սոսի


Սոսին Ղամշլի քաղաքի հայ փախստականների և ներքին տեղահանված անձանց օգնության կոմիտեի պատասխանատուն է: Նա հաշիվները ձեռքով է գրում՝ դոլար առ դոլար, շատ հաստ, գծավոր տետրում, որի էջերի մեծ մասը դեռ դատարկ է: Նա անձամբ է ճանաչում Ղամշլիի 540 հայ ընտանիքներից յուրաքանչյուրին: Եւ նրանց կարիքները՝ դոլար առ դոլար:

Նա մեզ պատմում է, որ Ղամշլիի հայերի ավելի քան կեսը հեռացել է տարածաշրջանից: Բայց նրանց փոխարեն նոր հայեր են ժամանել Իսլամական պետության կողմից գրավված քաղաքներից (ինչպիսին Ռաքքան է) կամ դրանց սահմանակից տարածքներից (ինչպիսին Հալեպն ու Հասաքեն են): Ղամշլին արդեն շատ վտանգավոր էր: Այնտեղ նախկինում  մահապարտի հարձակումներ էլի էին եղել, բայց 2015թ դեկտեմբերից հետո դրանք գնալով շատանում են ու ավելի մահացու են դառնում: Մահապարտ ահաբեկչի կողմից ականապատված մեքենայի կամ բեռնատարի միջոցով իրականացված  հարձակումներ՝ այսպես է կռվում ԴԱԻՇ-ը, պայթեցնելով խաղաղ բնակիչներին և հարձակումներ կատարելով ճակատային գծերի վրա: «Զարմանալի թշնամի, որ մարտից հետո տուն վերադառնալու կարիք չունի», - ասում է ինձ մի փեշմերգա1: Մեկ ուրիշն էլ մեզ ասում է, որ այլեւս միայն զինյալները չէ, որ իրենց պայթեցնում են քաղաքներում, այլ երբեմն հուսահատ խաղաղ բնակիչներ, որոնց ԴԱԻՇ-ը խոստացել է 10 հազար դոլար՝ ընտանիքին փոխանցելու համար:

Հայերը Ղամշլիում մնում են կամ այլ ելք չունենալու պատճառով, կամ էլ իրենց պարտքն են համարում այս հողում մնալ ու ոչինչ չզիջել: Իսկ կյանքը շարունակվում է, մերթ լաց են լինում, մերթ ծիծաղում: Դեռեւս գոյություն ունեն շատ համեղ ուտեստներով ռեստորաններ, ընտանեկան հավաքներ՝ աղմկոտ ու կենացներով լի, որտեղ միշտ հայտնվում է չափից շատ խմած մի զարմիկ՝  Արմեն կամ Պետո, ու շատ երկար պատարագներ:


Սոսին ֆեմինիստ լինելու կարիք չունի արդյունավետ լինելու համար: Նա լուռ է մնում համայնքի վարչության ժողովներում, որտեղ գրեթե միայն տղամարդիկ կան. նա սուրճ է մատուցում, բայց բոլոր հարցերը իրեն են տալիս՝ ստույգ պատասխաններ ստալու ակնկալիքով:

Նա այդ մասին մեզ չի ասելու, բայց Սոսին որդեկորույս մայր է: Որդին զոհվել է ամենահիմար ու տխուր կերպով: Ինչպես շատ երիտասարդ տղամարդիկ, նա համայնքի պաշտպանության խմբի մաս է կազմել՝ մի տեսակ հայկական կամավոր աշխարհազորայիններ, որոնք ամբողջ գիշեր պարեկում են թաղամասը: Ավելի շատ զինված փոքր սկաուտների նման, քան թե ռազմիկների: Նա 19 տարեկան է եղել, հրացանը մաքրելիս փամփուշտն արձակվել է:

Արձակված մի փամփուշտ, մի սուրճ, գծավոր հաստ մի տետր՝ դոլար առ դոլար: 540 հայ ընտանիք, որ Ղամշլիում դիմակայում է, որոշ չափով, Սոսիի շնորհիվ:

 


Ղամշլիի մասին

Ղամշլին Սիրիայի հյուսիս-արեւելքում գտվնող Թուրքիային սահմանակից քաղաք է՝ Ռոժավայի (Սիրիական Քուրդիստան) «մայրաքաղաքը»: Սիրիական Քուրդիստանի ինքնավար մարզ, որը պաշտոնապես գոյություն չունի, բայց այսօր, ըստ էության, Սիրիան մասնատված, երկատված է.

1.Մի մասը՝ արեւմուտքում, դեպի Լիբանան, ինչ-որ չափով Բաշար ալ-Ասադի կառավարության վերահսկողության տակ է (որը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ՝ Ռուսաստանի, Իրանի և Հըզբոլլահի՝ լիբանանյան շիական աշխարհազորայինների օգնությամբ):

2. Արեւելքում՝ մի մասը գտնվում է ԴԱԻՇ-ի կազմավորումների վերահսկողության տակ:

3. Հյուսիս-արեւելքի մի մասը՝ սիրիական Քուրդիստանը, գտնվում է Թուրքիայի քրդերի PKK-ին մոտ կանգնած քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) ջոկատների վերահսկողության տակ: Տարածաշրջանի մի փոքր մասն էլ վերահսկվում է ասորական ուժերի կողմից:

4. Այլ տարածքներ վերահսկվում են ապստամբ խմբավորումների կողմից, այդ թվում՝ ջիհադական Ալ-Նուսրա ճակատը (Ալ-Քաիդայի ընկերները), Սիրիայի ազատ բանակը (արաբական գարնան քաղաքացիական շարժումներից ծնունդ առած ազգայնական ապստամբները) սալաֆիական այլ խմբեր... Բայց եկե՜ք չբարդացնենք ամեն ինչ:

Լինելով ֆեմինիստ, ես անձամբ համակրում եմ PYD-ին՝ սիրիացի քրդերի կուսակցությանը։ Մարքսիզմից ներշնչված այդ կուասկցությունը պաշտպանում է տղամարդ-կին կատարյալ հավասարությունը (ինչը տարածաշրջանում զարմանալի բացառություն է): Նրանց ռազմական թեւի՝ YPG-ի շարքերում, կանայք 40% են կազմում, ինչը, ըստ ոմանց, նրանց առավելություն է տալիս ջիհադականների նկատմամբ, քանի որ վերջիններիս «թվում է, թե դրախտից կը զրկվեն եթե կնոջ ձեռքով սպանվեն:»: Երբ ես հանդիպեցի Ասորական ռազմական խորհրդի կանանց (ասորական աշխարհազորայիններ), նրանցից մեկն ինձ ասաց, որ կին մարտիկների թողած զենքերը ԴԱԻՇ-ը չի վերցնում, քանի որ դրանք համարվում են հարամ:


Ժորժ


Ժորժը քսան տարեկան է, վարակիչ ժպիտով ու ֆուտբոլիստի կազմվածքով: Նա ոչնչով չի տարբերվում աշխարհի միլիոնավոր այլ Ժորժերից: Բայց այս մեկը ծնվել և մեծացել է Ռաքքայում, որը 2013թ հունիսից դարձել է Իսլամական պետության մայրաքաղաքը: Քանի որ նրա ընտանիքը վաղուց էր Ռաքքայում ապրում և չէր ուզում ամեն ինչ կորցնել,  բոլորը մնացել են Ռաքքայում՝ եւս մեկ տարի ու կես, և ի վերջո լքել են քաղաքը:

Ռաքքան շատ սիրուն քաղաք էր, որի միջով Եփրատ գետն է անցնում։ Այն հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին։

Ժորժը մեզ պատմում է Ռաքքայում տեսածի մասին. մի շուկա, որտեղ վաճառում են եզդի կանանց՝ ոտքերը կապած: Թաղամասում նորեկ իր հարեւաններից մեկը՝ մի դաիշական, նրանցից մեկին գնել է:  Նա իր կնոջ հետ է գնացել ընտրելու: Ժորժը այդ կնոջ ամեն օր էր տեսնում պատշգամբում՝ լվացք փռելիս:

Ժորժը մեզ բացատրում է, որ Ռաքքայում հայկական դպրոց չի հաճախել, այլ գնացել է պետական դպրոց: Այնտեղ բոլորը խառն են եղել. «Ոչ ոք չէր ասում՝ դու հայ ես, դու շիա ես: Դա նշանակություն չուներ»:

Ժորժն ասում է, որ երբ դաիշականները հասան, բոլոր քրիստոնյաներին հավաքեցին և ասացին. «Կամ կգնաք, կամ կրոնափոխ կլինեք, կամ էլ ջիզիե2 կվճարեք՝ այլակրոնության հարկ»: Հայրս որոշեց ջիզիե վճարել:

Առաջին հերթին նրանք շիական մզկիթները քանդեցին: Հետո շիաներին սպանեցին կամ նրանք փախան։ Քրիստոնյաներին չսպանեցին, բացի եթե նրանք կառավարական բանակի մաս էին կազմում։ Վերջիններս գլխատվեցին։

Ժորժը Ռաքքան շատ է սիրում: Նա երազում է այնտեղ վերադառնալ և նորից ապրել: Երբ ԴԱԻՇ-ը հեռացած կլինի:

Ժորժը պնդում է. «Դաիշականները Ռաքքայից չեն։ Սրանք օտարերկրացիներ են, որ այս ամենը պարտադրեցին: Ռաքքայի Ժողովուրդը նման բան չէր ուզում»: Ես, փոքրիկ բրյուսելցիս, միշտ հավատացել էի, որ մեզ մոտ ահաբեկչությունը Ռաքքայից է գալիս։ Իսկ հիմա, կողքս կանգնած ռաքքացի այս երեխան ինձ ասում է, որ ռաքքացի գժերն իրականում իմ մոտից են գալիս:

Վերջում Ժորժին հարց եմ տալիս՝ «իսկ որտե՞ղ են քո ծնողները»։ Նա պատասխանում է. «Հայրս ու մայրս Ռաքքայում են, գնացել են ջիզիեն վճարելու, վաղը կվերադառնան»:

Մինչեւ այդ Ռաքքան ինձ միայն հիշեցնում էր գլխատումները. եզդի գերուհիներին ու ծեծի ենթարկված կանանց, որոնց կրած բուրքան լիովին չէր ծածկում իրենց սեւ գուլպաները: Այժմ, երբ ես Ռաքքայի մասին եմ լսում, մտաբերում եմ Ալեքսանդր Մակեդոնացուն, Ժորժի ժպիտը և մտահոգված եմ նրա մոր համար, որ թերեւս գնացել է այնտեղ վճարելու ջեզիեն, ինչպես անում է յուրաքանչյուր ամիս:

 


Փոքրիկ մանրամասներ


2011-ից 2013 թվականները՝ սիրիական քաղաքացիական պատերազմի համատեքստում, քաղաքը առճակատումների բեմ է դառնում Բաշար ալ-Ասադի գլխավորած կառավարական ուժերի և  Ալ-Քաիդայի հետ կապված Ջաբհաթ ալ-Նուսրայի ապստամբների միջեւ: 2013թ մարտին Ռաքքան առաջին խոշոր քաղաքն է, որ ալ-Նուսրայի ապստամբների ձեռքն է անցնում: Նույն տարվա հունիսին քաղաքը ԴԱԻՇ-ի իսլամիստների հսկողության տակ անցավ, դառնալով նրանց մայրաքաղաքը:

Իսլամական պետությունը միեւնույն ժամանակ շատ հպարտ էր Մոսուլի գրավումով (մեծ քաղաք Իրաքում), երբ նրանք, ըստ էության, վերացրին Սիրիայի և Իրաքի միջեւ սահմանը, որն արհեստականորեն էր ստեղծվել (Արեւմուտքի պատեհապաշտությամբ և ոչ թե տեղական ժողովրդագրական նկատառումներով)՝ Օսմանյան կայսրության անկման պահին, անգլիացիների և ֆրանսիացիների միջեւ 1916-ին ստորագրված Սայքս–Պիկոյի համաձայնագրով:

Ինչու ենք ընդգծում Ալ-Քաիդայի ու Ալ-Նուսրայի  տարբերությունը: Որովհետեւ նրանք այլեւս ամենեւին դաշնակիցներ չեն: Թեեւ ինքն էլ է Ալ-Քաիդայի ծնունդ, բայց ԴԱԻՇ-ը եղբայրասպան պատերազմ է մղում Ալ-Նուսրայի դեմ: Թեեւ երկուսն էլ սալաֆիական գաղափարախոսությունից են սնվում, սակայն գուցե այն պատճառով, որ Ալ-Քաիդան Խալիֆաթը հաստատելու համար համաշխարհային ջիհադ է քարոզում, իսկ ԴԱԻՇ-ը Խալիֆայություն ստեղծելուց հետո է ուզում աշխարհով մեկ տարածել ջիհադը: Կամ գուցե այն պատճառով որ նրանք գիժ են՝ Աստծո գժերը, իշխանության գժերը: Պարզապես գժեր, որոնք բոլորի դեմ են պայքարում, քանի որ գիժ են:


Եւա


Եւան Ղամշլիի հայկական երեք դպրոցների հաշվապահն է: Նա երիտասարդ է, սիրուն, հագին ընձառյուծի բծերով սվիտեր է, նորաձեւ, իսկ գրասեղանին անհայտ մի գրամեքենա, որի ստեղծման ժամանակ Սթիվ Ջոբսը դեռ չէր անցել Apple-ի ղեկին:

Ուսումնական այս տարվա սկզբին 500 աշկերտներից 120-ի ծնողները չէին կարողացել դպրոցի վարձը վճարել: «Բայց մենք չենք կարող երեխաներին թողնել առանց դպրոցի, այնպես որ  նրանց, այնուամենայնիվ, ընդունեցինք», - ասում է Եւան: Եթե ամեն ինչ լավ ընթանա, դպրոցը աշխարհի տարբեր վայրերի հայ համայնքներից նվիրատվություններ կստանա՝ բացերը լրացնելու համար: «Ապա թե ոչ՝ մեկ այլ լուծում կգտնվի, առջեւում դեռ մի քանի ամիս կա...»

Իրականում, կարծես դա նրան այդքան էլ չի մտահոգում: Դպրոցի տնօրինությունն ավելի շատ մտահոգված է աշակերտների թիվը պահելով: 2013 թվականից Ղամշլիի հայ համայնքի թիվը կիսով չափ կրճատվել է՝ դպրոցականների թիվը գնալով պակասում է: Իսկ եթե նրանց թիվը շարունակի անկում ապրել, ապա կառավարությունը այն կարող է բռնագրավել, և այլեւս Ղամշլիում հայկական դպրոց չի լինի:

Վճարովի, թե ոչ, տարրական դպրոցում ուրախություն է տիրում: Միշտ էլ ուրախ է տարրական դպրոցում, նույնիսկ եթե այն Իսլամական պետությունից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող քրիստոնեական դպրոց է:

 


Երկրորդական վարժարանում մթնոլորտը նվազ անհոգ է՝ քննությունների շրջան է:

Եւային հարցնում ենք, թե նա հնարավորության դեպքում կթողնի արդյոք Սիրիան: «Այո, ինչու ոչ. թերեւս Գերմանիա գնամ», - ասում է նա, առանց առանձնապես համոզված լինելու, ինչպես կպատասխաներ «սուրճ կխմե՞ս» հարցին: Եւան իր աշխատանքն է  անում՝ հաշիվները, կյանքը շարունակվում է:

Միքայել



Միքայելը հունական աստվածների կամ նորաձեւ նյույորքցիների նման գեղեցիկ է: Եթե նա Գլենդեյլում մեծացած լիներ (Լոս Անջելեսի արվարձան՝ ԱՄՆ-ի ամենահայահոծ քաղաքը), գուցեեւ Հոլիվուդում հայտնվեր: Սակայն Միքայելը ծնվել է Հասաքեում, վրադիր՝ շատ ամաչկոտ է:

Միքայելը վարժ չի խոսում հայերեն  (նա խոսում է արաբերեն՝ Բաշար ալ-Ասադի հանրային դպրոցի արտադրանք է: Եվ քանի որ Ռոժավայից է՝ Սիրիայի քրդերով բնակեցված շրջանից, խոսում է նաեւ քրդերեն), բայց մեծ հայրենասեր է: Այո, այո, նա իր հեռախոսի էկրանին կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշն է դրել (ինչը մեծ բան չի նշանակում, քանի որ ամեն հայ այդ գույներն օգտագործում է, որտեղ կարող է) և պատրաստ է տալ իր կյանքը հայ ժողովրդի համար:

Ուստի, քանի որ նա Գլենդեյլում չի ծնվել, ամաչկոտ է ու հայրենասեր, Միքայելը Սութորոյին է անդամագրվել՝ պաշտպանելու համար հայերին ու քրիստոնյաներին ընդհանրապես:

Սա թույլ է տալիս ինձ բացատրել, թե ինչ են Սութորոն ու Հասաքե նահանգի  ասորիները.

- Սութորոն ռազմական ոստիկանություն է, ինչպիսիք շատ կան: Բազմաթիվ ռազմական մարմիններ կան՝ նրանք, որոնք մարտնչում են ԴԱԻՇ-ի դեմ և առաջնագծում են: Ուրիշներ ներքին բնակչությանն են պաշտպանում ԴԱԻՇ-ից և նրա տխրահռչակ հարձակումներից:


- Ասորիները խոսում են արամեական լեզուներ (ինչպես Քրիստոսը): Նրանք միջագետքցիներ են՝ առաջին քրիստոնյաները: Շատ տարբեր տեսակի են նրանք` մարոնիտ, ասորի կաթոլիկ, քաղդեական կաթոլիկ, ասորի ուղղափառ եւ այլն: Կարող ենք երկար շարունակել, ամեն դեպքում, միեւնույն է, դժգոհողներ լինելու են, քանի որ ոչ ոք չի համաձայնում, թե ինչ է նշանակում «սրյանի». Տեսականորեն (և իրականում) հայերը սրյանի չեն, քանի որ իրենց լեզուն արամեական բարբառ չէ և մի ամբողջ այլ պատմություն ունեն: Բայց քանի որ «Արեւելյան քրիստոնյաներ» են և մանավանդ, որ գտնվում են նույն նավակի մեջ, որոշ հայեր միացել են ասորական ուժերին3:

 




1. Փեշմերգե քրդերեն նշանակում է «մահի երեսին նայող»: Նրանք իրաքյան Քուրդիստանի զինվորական ուժերն են: Սիրիայում քրդական զինուժը կոչվում է YPG՝ Ժողովրդական պաշտպանության ուժեր (Լրագրողները երբեմն նրանց էլ են անվանում փեշմերգաներ, ինչը շփոթմունքի տեղիք է տալիս): Իրաքի Փեշմերգա ուժերն ու Սիրիայի YPG-ն հյուսիսում և արեւելքում ԴԱԻՇ-ի դեմ են պայքարում: ԴԱԻՇ-ը վերահսկում է Սիրիայի ու Իրաքի միջեւ ընկած մի մեծ տարածք:

2. Ջիզիեն ամենամյա գլխահարկ է, որ գանձվել է 15—60 տարեկան ոչ մուսուլման տղամարդկանցից։ Զիզիե վճարողները իրավունք են ունեցել լինել օրենքի պաշտպանության ներքո, ազատվել են զինվորական ծառայությունից և իսլամական հարկ վճարելու մահմեդական պարտավորությունից:

Այն իր հիմնավորումը գտնում է Ղուրանի սուրա 9,29-ում:

3. Բաշար ալ-Ասադի կառավարության և ապստամբական/ահաբեկչական շարժումների միջեւ Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի համատեքստում, որը ծնունդ տվեց ԴԱԻՇ-ին, Ռոժավայի շրջանում մեծամասնություն կազմող քրդերը Իսլամական պետության դեմ պայքարելու համար բանակ ստեղծեցին՝ YPG-ն (ժողովրդական պաշտպանության ուժեր): Քրդական մեծամասնության կողքին կա նշանակալի մի քրիստոնեական փոքրամասնություն, որը Ասորական ռազմական խորհուրդ անվանումով աշխարհազորայինների խումբ է ստեղծել:

Ընթերցել...
 

Ստրանջա-2016. ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՄԻԱՅՆ ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ

 

 

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր տեղի ունեցան 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ դուրս գալ հաջողվեց միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, ով 3 ռաունդներում էլ առավելության հասավ վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Արամի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն:

Վաղը ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ, որոնք պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` Կրիստիան Դիմիտրովի հետ: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Բուլղարիան:

Հիշեցնենք, որ այսօր ռինգ էին դուրս եկել նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովիկյանը: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ԹԻՄԱՅԻՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ

 

 

Հունգարիայի Գիոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը: Տղամարդկանց 10 մ. վազող թիրախ վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մինասյանը խոցել է 540 միավոր և զբաղեցրել 11-րդ տեղը: Մյուս ներկայացուցիչները՝ Շանթ Սարգսյանը՝ 13-րդն է 536 միավորով, իսկ Հովհաննես Խաչատրյանը 535 միավորով 14-րդ տեղում է: Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան եռյակը վազող թիրախ տղաների վարժության թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը: Պայքարին մասնակցող 5 թիմերից 1677 միավորով 1-ին տեղն է գրավել Ուկրաինայի թիմը, Ռուսաստանը 1643 միավորով 2-րդ տեղում է և 1611 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի թիմը:

Կանանց պայքարում 14 մրցակցուհուց Լիլիթ Մկրտչյանը խոցելով 348 միավոր` զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:  10մ. օդամղիչ հրացան վարժության 52 երիտասարդ տղաների պայքարում Հայկ Բաբայանը 613,8 միավորով գրավել է 31-րդ տեղը, իսկ Վրեժ Թորոսյանը 611,2 միավորով` 41-րդ տեղը: Վաղը` Հայաստանի ժամանակով ժամը 16:30-ին 10մ, օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների վարժությանը կմասնակցի Զավեն Իգիթյանը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը խաղարկվում է Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ: Տեղեկատվությունը՝Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>