Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԱՎԱՆԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՈՒԹՍՈՒՆ

 

ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼ ԱՆՁԻՔ »

 

«80 հազարից ավել անձինք են մինչ օրս ավանդների փոխհատուցման վճարումները ստացել: Միայն առաջին ծրագրով ավանդների փոխհատուցում են ստացել 60 հազարից ավել անձինք: Այս պահի դրությամբ մոտ 10 հազար տարեց անձինք են ընդգրկված ավանդների ստացման ցուցակներում, բայց ունենք 14,5 հազարից ավել հերթագրված տարեցներ»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքա՞ն ավանդատուներ են մինչ օրս ստացել ավանդների փոխհատուցման վճարումները, ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

- Միաժամանակ` ցուցակներում ընդգրկված են մոտ 3,4 հազար ազատամարտիկներ, բայց հերթագրվածների թիվը 4119-ն է: Ինչպես նաեւ` սահմանամերձ բնակավայրի բնակիչներից 6.3 հազար ավանդատուներ են այս պահին ցուցակում, բայց ընդհանուր առմամբ հերթագրվածների թիվը մոտ 13,2 հազար է:

 

Հ.Գ. Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Ընթերցել...
 

ՆՈՐԱԹՈՒԽ ՊԱՇՏՊԱՆՆ ԻՐԵՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է ԶԳՈՒՄ

ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

 

Այսօր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին են ներկայացրել նորընտիր 4-րդ օմբուդսմենին` ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ: Եվ մինչ հանրությունն ու քաղաքական էլիտան աչքալուսանք են տալիս միմյանց, որ այլեւս մարդու իրավունքները պաշտպանված է մեր երկրում, պարզվում է` Ա. Թաթոյանն իրեն անպաշտպան է զգում ֆեյսբուքյան հարթակում: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ պարոն Թաթոյանը «Ֆեյսբուք» սոց.ցանցից ընդհանրապես ջնջվել է, հուսանք` ժամանակավոր: Թե ինչ է փորձում իր էջում թաքցնել նախկին արդարադատության փոխնախարարը, երեւի թե, ցույց կտա ժամանակը, բայց այդուհանդերձ պետք է փաստենք, որ սոցցանցում շարունակում է բավական ակտիվ գործել Մարդու իրավունքների 3-րդ պաշտպանի ֆեյսբուքյան էջը: Այնպես որ, հանրությունը պետք է մխիթարվի այդքանով, մինչեւ Ա. Թաթոյանը կհաղթահարի ի պաշտոնե ի հայտ եկած բարդույթներն ու կրկին կվերադառնա օնլայն հարթակ կամ միգուցեեւ որդեգրի ճիշտ հակառակ գործելաոճը ու մնա անհասանելի ֆեյսբուքյան մահկանացուներիս համար:


 


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՌԵՖԵՐԵՆՏ ՈՒՆԻ

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ:

Համապատասխան հրամանգրում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ.

Արմեն Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ:

Արմեն Հարությունյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնը:


Ընթերցել...
 

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԿԻՆԸ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է


ԱԱԾ կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի, փետրվարի 15-ին վրաերթի ենթարկված կնոջ՝ Բուրաստան Խաչատրյանի վիճակը լավ է, նա Վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:

Բուրաստան Խաչատրյանը վրաերթի հետեւանքով ստացել է գանգուղեղային վնասվածք, թոքերի այտուց, ծնկան հոդում կոտրվածք:

Վահան Շիրխանյանի կինը հիվանդանոց է տեղեափոխվել փետրվարի 15-ի առավոտյան՝ վրաերթի ենթարկվելուց անմիջապես հետո:

Նշենք, որ Վահան Շիրխանյանին եւս փետրվարի 15-ին կալանավայրից տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն՝ հետազոտության, որից հետո, ամենայն հավանականությամբ, ՊՆ նախկին տեղակալը ստացիոնար բուժում կստանա քաղաքացիական հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

 

Ընթերցել...
 

Փետրվարի 12-23-ը մայրաքաղաքում ծնվել է 676 երեխա

 

 

Փետրվարի 12-23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 676 երեխա՝ 365 տղա, 311 աղջիկ: Իսկ փետրվարի 12-18-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 44818 քաղաքացի:

 

 

 

 

 


Ընթերցել...
 

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԵՐԳՉՈՒՀԻ ՆԱՆԱՆ


Այո-այո, վերնագրում ոչ մի սխալ էլ չկա, պարզապես, պարադոքս է, թեպետ մշտապես սկանդալների կիզակետում հայտնվող երգչուհի ՆԱՆԱՅԻ համար գուցեեւ օրինաչափություն: Պարզվում է` փետրվարի 23-ին` հայրենիքի պաշտպանի օրը, որը թեպետ խորհրդային տոն է համարվում, բայց այսօր էլ շարունակվում է նշվել` որպես տղամարդկանց տոն, YouTube-ը որոշել է ո՛չ ավել, ո՛չ պակաս նվեր-անակնկալ մատուցել Նանային: Ժամեր առաջ այս մասին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երգչուհին. «Միայն տղամարդիկչեն, որ փետրվարի 23-ին նվերներ են ստանում Իմ պաշտոնական էջը այսօրստացավ հաստատման նշան YouTube-ի կողմից»: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս հարցում YouTube-ը բավական ժլատ է ու մեծ լսարան ունեցող եւ պրոֆեսիոնալ օգտագործվող յութուբյան էջերին է միայն երկարատեւ ուսումնասիրությունից հետո պարգեւատրում իր վերիֆիկացման նշանով: Այնպես որ, պարոնայք, այսօր ոչ միայն մեր օրն է, այլեւ երգչուհի Նանայի:

 

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ընթերցել...
 

Ամիրյան 2 հասցեում գտնվող հուշարձանը ոչ միայն կպահպանվի, այլ նաև` կընդգծվի


Ակտիվիստների կողմից մեր ճարտարապետաշինարարական հնությունների և հուշարձանների պահպանմանն ուղղված ջանքերը միշտ էլ ողջունելի են, հատկապես` հաշվի առնելով մեր իրականությունն ու փորձը: Աղմուկն անհրաժեշտ է հասարակության, մամուլի ուշադրությունը գրավելու և այդ միջոցով մայրաքաղաքի հուշարձան շենքերի ոչնչացման փորձերը կանխելու համար: Բայց բողոքի ալիք բարձրացնելիս կամ որևէ ակցիա կազմակերպելիս անհրաժեշտ է համապատասխան ուսումնասիրություններ կատարել և մանրամասն ծանոթանալ խնդրո առարկային:

Խոսքը գնում է Երևանի Ամիրյան 2 հասցեում երկհարկանի շինության ճակատային հատվածի ապամոնտաժման մասին: Այդ շենքն իրոք հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ներառված է հուշարձանների պետական ցանկի մեջ: Ուստի այն քանդելու իրավունք որևէ շինարարական կազմակերպություն չի կարող ունենալ: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր բոլորիս մտավախությունները բարեբախտաբար չիրականացան: Պարզվեց որ ոչ ոք էլ չէր պատրաստվում քանդել 19-րդ դարի հուշարձանը: Ինչպես և բացատրեցին շինարարները, իրականում ապամոնտաժվում է միայն խորհրդային տարիներին` 1976 թվականին, կառուցված կցակառույցը: Դա կօգնի էլ ավելի ի ցույց դնել հնությունը: Ու դա հստակ երևում է և կառուցապատման նախագծից, և տարվող ապամոնտաժմանաշխատանքներից: Ամիրյան 2-ի շենքի նախագիծը երեկ հրապարակվեց նաև մամուլում, ինչից հստակ երևում է, որ ապամոնտաժման արդյունքում ազգային հուշարձան համարվող գիմնազիայի պահպանված ճակատը պահպանվում է և առավել շեշտվում:

Այս հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարությունում, և հուշարձան շենքի ճակատային մասիընդգծման նպատակով, հավանություն է տրվել ապամոնտաժել հուշարձան չհանդիսացող կցակառույցի հատվածը:Երևանի քաղաքապետարանի դիրքորորշումը հստակ է. հուշարձան շենքի հետ կապված որևէ ոտնձգություն թույլ չիտրվելու: Ուրախացնում է նաև մեր երիտասարդության զգոնությունը և կառուցապատողի մոտեցումը` ուղղված հին Երևանի պահպանմանը: Դա է փաստում նաև կառուցապատողի կողմից շինության ետևի հատվածի շենքի` հին քարերով վերականգնումը:

Պարզապես շինարարական կազմակերպությունը կամ ճարտարապետը նախապես պետք է իրազեկեին հանրությանըիրականացվող շինարարության, շենքի վերջնական տեսքի և հուշարձանի միանշանակ պահպանման մտադրությանմասին` հասարակությանը թյուրիմացություններից և տարընկալումներից զերծ պահելու համար:

Ընթերցել...
 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է...

Փետրվարի 22-ին, ժամը 2-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 2:35-ին նշված վայրում հայտնաբերել էր 1972 թ. ծնված Նվեր Քոչինյանի դիակը` գլխի հրազենային վնասվածքով:
Դիակի մոտ հայտնաբերվել էին «ՏՏ» տիպի ատրճանակի համար նախատեսված, 7.62 մմ տրամաչափի մեկ կրակված փամփուշտի պարկուճ և մեկ չկրակված փամփուշտ:
Փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշանակվել էին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Այս պահին պարզված է. փետրվարի 22-ին, ժամը 1-ի սահմաններում, 1974 թ. ծնված Արմեն Կ.-ն ապօրինի ձեռք բերված «ՏՏ» ատրճանակով, վիճաբանության ժամանակ մեկ անգամ կրակել էր Ն. Քոչինյանի գլխին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Կ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ...

Ընթերցել...
 

ՀՀՈ. ՈՒՂԻՂ ԿԱՊ

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Փետրվարի 26-ին հարցերին կպատասխանի ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանը: Քաղաքացիները կարող են հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ հետաքննություն կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելու, դիմում-բողոքներն օրենքով սահմանված կարգով չգրանցելու, դիմումներին պատշաճ ընթացք չտալու, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելու վերաբերյալ:
Կարող եք զանգահարել ժամը 15-ից մինչև 17-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:

 

Ընթերցել...
 

ՕՊԵՐԱՏԻՎ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2  դեպք, բացահայտվել է 1-ը: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը:  Բացահայտվել է գողության` 8, խարդախության 10 և յուրացման  1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետևանքով  6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ընթերցել...
 

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ

 

<>
Ընթերցել...
 

02

 

<>
Ընթերցել...
 

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

ՊԱՇՏՊԱՆ

 

Րոպեներ առաջ  ԱԺ-ում  ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի միակ թեկնածու Արման Թաթոյանը  ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է: 96 կողմ, 7 դեմ, 4 անվավեր` այսպիսի պատկեր է արձանագրել ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ՄԻՊ-ի թեկնածուի օգտին:

Արդյունքների հրապարակումից հետո ՄԻՊ Արման Թաթոյանը ընթերցեց երդման տեքստը, ապա խոստացավ աշխատել բոլորի հետ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Ընթերցել...
 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՀՈՒՆՎԱՐ)

 


Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ

Թուրքիա-Ռուսաստան

Տնտեսական. Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակեցին մնալ լարված։ Հունվարի 1-ին ուժի մեջ մտան Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանած սննդային սահմանափակումները և վիզային ռեժիմը, ինչը խնդիրներ ստեղծեց նաև ավիահաղորդակցության ոլորտում։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանին մեղադրեց «միջազգային ավիացիոն նորմերը խախտելու» համար՝ «կամայականություն» որակելով թուրքական ավիաընկերությունների անձնակազմերի համար վիզայի անհրաժեշտության հարցը, ինչի պատճառով թուրքական մի շարք ավիաընկերություններ (Pegasus Airlines, Onur Air) ժամանակավորապես դադարեցրին չվերթները Ռուսաստան։

Թուրքական մամուլը հունվարին գրեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չեղյալ է հայտարարել թուրքական մասնավոր ընկերությունների համար 2015թ. տված գազային զեղչը։ Խոսքը թուրքական վեց (Bosphorus Gaz, Enerco Enerji, Batı Hattı, Kibar Enerji, Avrasya Gaz և Shell Enerji Rusya) մասնավոր ընկերության մասին է, որոնք 2015թ. հունվարի 1-ից օգտվել են 10.25%-անոց զեղչից։ Դրանք 2013-ից միասին տարեկան ներկրում են 10 մլրդ մ3 ռուսական գազ։ Հիշեցնենք, որ թուրքական մասնավոր այդ ընկերությունները ռուսական գազ ներկրում են Արևմտյան (Անդրբալկանյան) գազատարով, որը Թուրքիա մուտք գործող 4 հիմնական գազատարներից մեկն է։ Դրանից առաջ թուրքական կողմը գազային զեղչ էր պահանջել Ռուսաստանից, սակայն չստանալով այն՝ չէր երկարաձգել 1986թ. 25 տարով կնքված գազային համաձայնագիրը, որով BOTAŞ պետական խողովակաշարային ընկերությունը տարեկան ներկրում էր 6 մլրդ մ3 գազ։ Ի դեպ, BOTAŞ-ը 2015թ. հոկտեմբերին դիմել է միջազգային միջնորդ դատարան՝ բողոքարկելով ռուսական գազի գինը։

Հունվարին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, թե Ռուսաստանը պատրաստ է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործմանը՝ պայմանով, որ եվրոպացի և թուրք գործընկերները հետաքրքրություն ցուցաբերեն դրա նկատմամբ: Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքն իր հերթին հույս հայտնեց, որ կշարունակվի Ռուսաստանի հետ էներգետիկ, այդ թվում նաև ատոմային նախագծերի իրագործումը:

Հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե ընդլայնվելու են շինարարական ոլորտում Թուրքիայի դեմ սահմանափակումները։ Ոլորտում ներկայումս աշխատում է 300 թուրքական ընկերություն՝ $50 մլրդ-ի պայմանագրերով։ Պուտինի խոսքերով՝ դրա շնորհիվ Ռուսաստանում կստեղծվի 87.000 աշխատատեղ: Ակնկալվում է, որ 2016թ. ռուսական պատժամիջոցների պատճառով Թուրքիայի տնտեսական վնասները կկազմեն $4 մլրդ։ Թուրքիան, սակայն, մտադիր է ռուսական պատժամիջոցների կապակցությամբ բողոք հղել ԱՀԿ-ին։ Հունվարին Թուրքիայի դեմ պատժամիջոցներին միացավ նաև Աբխազիան։

Հունվարին չկայացավ Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյայի այցը Ստամբուլ՝ ՍԾՏՀԿ նիստին մասնակցելու համար, որտեղ կազմակերպության նախագահությունը կես տարով հանձնվեց Ռուսաստանին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցը դառնալու է Թուրքիայի կողմից «Սու-24»-ի խոցումից հետո Ռուսաստանից Թուրքիա բարձրամակարդակ առաջին այցը։

Քաղաքական. Հունվարին Ռուսաստանը և Թուրքիան շարունակեցին փոխանակել մեղադրանքներ, որոնք ավելի ու ավելի հնչեղ են դառնում՝ չնայած Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե պատրաստ է ցանկացած ժամանակ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրեց «սիրիացի փախստականների մահվան» համար, որոնք գրեթե ամեն օր խեղդվում են Էգեյան և Միջերկրական ծովերով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ։ ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարեց, որ ԵՄ-ում ներգաղթյալների հոսքն աճել է Թուրքիայի պատճառով, որն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին։ Մեկ այլ դեպքում Դավութօղլուն հայտարարեց, որ եթե Ռուսաստանը չի կարողանում Սիրիայի տարածքում ամբողջովին ոչնչացնել ԻՊ-ին, ապա թող Թուրքիային թույլ տա անել դա: Դավութօղլուի այս խոսքերը կարելի է մեկնաբանել միայն որպես Թուրքիայի կողմից Սիրիա ցամաքային ռազմական ներխուժում ձեռնարկելու ցանկության արտահայտություն, սակայն Ռուսաստանը դարձել է զսպիչ գործոն։ Թուրքիան այդ ներխուժումը ցանկանում է իրականացնել ենթադրաբար ԻՊ վերահսկած Ազեզ-Ջերաբլուս հատվածում (98 կմ)։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտարարեց, թե «Ռուսաստանը չի պայքարում ԻՊ-ի դեմ և ձգտում է Լաթաքիայում ստեղծել իրեն ենթակա գաճաճ պետություն»: Բացի այդ, նա հայտարարեց, թե «Թուրքիան Ռուսաստանին թույլ չի տա Սիրիայի հյուսիսում կառուցել նոր ռազմակայան»՝ մեկնաբանելով այն լուրերը, որ մոտ 100 ռուս զինծառայողր ու փորձագետ է հայտնվել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամըշլը քրդաբնակ քաղաքի շրջանում, որոնց հետաքրքրել է տեղի լքյալ օդանավակայանը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հայտարարություններին, ապա ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թուրքիան քողարկված խաղ է տանում տարածաշրջանում՝ հետապնդելով նեղ շահեր, նկատելով, որ Հալեպի նահանգի զինյալները համալրում են ստացել Թուրքիայից։ Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիային կոչ արեց դադարեցնել երկրի քրդաբնակ շրջաններում խաղաղ բնակչության ոչնչացումը։ Պուտինն իր հերթին հայտարարեց, որ «Սու-24»-ի դեպքից հետո ՆԱՏՕ-ում պաշտպանություն որոնելու գործողությունները ստորացուցիչ են Անկարայի համար՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվել։ Այստեղ պետք է նշել, որ Թուրքիան սիրիական հակամարտության ընթացքում շարունակ փորձել է սահմանային սադրանքների միջոցով ՆԱՏՕ-ին ներքաշել դրանում՝ գործելու համար ՆԱՏՕ-ի քողի ներքո և հետապնդելով նեղ շահեր, սակայն ՆԱՏՕ-ն տուրք չի տվել դրանց։ Թուրքիան այժմ էլ փորձում է ՆԱՏՕ-ին ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտությունում (Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի օդային տիրույթի խախտումը, ՆԱՏՕ օդային տիրույթի խախտում է, և որ այս իրավիճակում առաջնային պլան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ն)։ Արևմտյան մամուլը, փորձագիտական շրջանակները նշում են, որ Թուրքիան հատել է «կարմիր գիծը», դարձել անհուսալի գործընկեր, և թերևս ժամանակն է բարձրացնելու Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հարցը։ Թուրքիան վերջին շրջանում ՆԱՏՕ-ի համար վերածվել է լուրջ գլխացավանքի։

Հունվարի վերջին Թուրքիան վերստին Ռուսաստանին մեղադրեց իր օդային տիրույթը խախտելու համար, ինչի կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվեց Թուրքիայի ԱԳՆ, իսկ Էրդողանը վերստին Պուտինի հետ հանդիպելու ցանկություն հայտնեց։ Թուրքական կողմի պնդմամբ՝ ռուսական «Սու-34» մարտական ինքնաթիռը, չնայած ռուսերեն և անգլերեն արված զգուշացումներին, խախտել է Թուրքիայի օդային տիրույթը։ Թուրքական կողմն այս անգամ չի հայտնել, թե որ հատվածում է գրանցվել միջադեպը և որքան ժամանակով է խախտվել իր օդային սահմանը։ Ռուսաստանը հերքել է իր ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտումը։ Այստեղ, եթե անգամ ընդունենք, որ Թուրքիան ճիշտ է և խնդրին նայենք նրա տեսանկյունից, ապա ծագում են մի շարք հարցեր։

Թուրքիա-ԱՄՆ

2016թ. հունվարը լեցուն էր թուրք-ամերիկյան բարձրամակարդակ շփումներով։ ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբների ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը ժամանեց Թուրքիա, այցելեց Ինջիրլիքի ավիաբազա, հանդիպումներ ունեցավ իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի և Ահմեդ Դավութօղլուի հետ։ Հանդիպումների օրակարգում երկու հիմնական հարց է եղել՝ Բաշիքայի ճամբարում (Իրաք) Թուրքիայի կողմից զորք տեղակայելը, որը հարուցում է ԱՄՆ մտահոգությունը, և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությանն (PYD) աջակցելը, որը հարուցում է Թուրքիայի մտահոգությունը։ Բացի այդ, կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը, ռուս-թուրքական լարված հարաբերությունները, ԻՊ-ի դեմ պայքարը։

Հունվարին հեռախոսազրույց տեղի ունեցավ ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբամայի և Ռեջեփ Էրդողանի միջև, որի ժամանակ նրանք կողմ արտահայտվեցին ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության խորացմանը։ Օբաման դատապարտեց Ստամբուլի և Դիարբեքիրի ահաբեկչական հարձակումները։ Օբաման Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ հունվարին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիային կոչ էր արել Իրաքից դուրս բերել իր զորքը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և Թուրքիային կոչ էր արել անել նույնը։

Հունվարին հաղորդվեց, որ Էրդողանը մարտի 31-ին մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու Մերիլենդ նահանգում իսլամա-օսմանյան համալիրի բացմանը։ Հունվարին երկօրյա այցով Թուրքիա ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որն Էրդողանի և Դավութօղլուի հետ քննարկեց ԻՊ-ի դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության հնարավորությունները, Թուրքիայի և Իրաքի միջև առաջացած լարվածությունը, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարը։ Բայդենը կրկնեց ԱՄՆ այն դիրքորոշումը, թե PKK-ն և PYD-ը տարբեր բաներ են, մինչդեռ Դավութօղլուն պնդեց, թե «PKK-ն ու PYD-ը նույնն են, երկուսն էլ ահաբեկչական կազմակերպություն են»։

Հունվարին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարեց, թե ԱՄՆ-ը անբավարար է համարում ԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի ջանքերը՝ գտնելով, որ այն կարող է անել ավելին՝ կապված Իրաքի և Սիրիայի հետ իր երկար, անպաշտպան սահմանով երկու ուղղությամբ զինյալների շարժի հետ։ Թուրքիան շարունակում է հրաժարվել փակել Սիրիայի հետ սահմանը։

Թուրքիա-ԵՄ

Հունվարին Թուրքիան վիզային ռեժիմ սահմանեց երրորդ երկրներից ժամանող սիրիացիների համար, ինչը, սակայն, չտարածվեց այն սիրիացիների վրա, որոնք հատում են Թուրքիայի հետ ցամաքային սահմանը։ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարեց, որ իրենք պլանավորում են սիրիացի փախստականներին աշխատելու թույլտվություն տալ, ինչը կօգնի նրանց հարմարվել երկրում։ Չնայած այդ ամենին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը, որը հունվարին այցելեց Թուրքիա, հայտարարեց, որ Եվրոպան գոհ չէ նրանից, թե Անկարան ինչպես է լուծում փախստականների խնդիրները։

Հունվարին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարեց, որ Թուրքիան Եվրոպայի միգրացիոն խնդրի լուծման բանալին է (ի դեպ, Թուրքիան բանալի երկիր են համարում նաև ԻՊ խնդրի լուծման հարցում՝ կապված Սիրիայի սահմանը փակելու հետ). «Մենք ունենք Թուրքիայի կարիքը, եթե ցանկանում ենք այս տարի լրջորեն նվազեցնել Եվրոպա փախստականների հոսքը»։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին անհրաժեշտ համարեց հնարավորինս արագ իրագործել փախստականների խնդրի հաղթահարման վերաբերյալ ԵՄ-Թուրքիա պլանը։

Die Welt-ին տված հարցազրույցում Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարեց, թե ԵՄ-ը վտանգավոր կախվածության մեջ է ընկել Թուրքիայից՝ կապված միգրացիոն ճգնաժամի լուծման հետ։

Հունվարին կիպրական մամուլը հայտնեց, որ թուրքերենը կարող է դառնալ ԵՄ 25-րդ պաշտոնական լեզուն։ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կառավարությանը հանձնարարել է զբաղվել այդ հարցով՝ ԵՄ պատկան մարմիններին դիմելով, որպեսզի թուրքերենն ամրապնդվի որպես կազմակերպության հերթական պաշտոնական լեզու։ Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըն ողջունել է այդ նախաձեռնությունը։

Հունվարին Թուրքիա այցելեցին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հահնը։ Նրանք Թուրքիայում քննարկեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը, վիզային ռեժիմի ազատականացումը, փախստականների հոսքի խնդիրը, Թուրքիայի քրդաբնակ շրջանների դեպքերը, Թուրքիայում մարդու իրավունքների հարցը։ Խոսելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացի մասին՝ Մոգերինին հայտարարեց, թե վերջին շրջանում բացվել է բանակցային նոր գլուխ, ինչը շատ կարևոր է։ Մոգերինիի խոսքով՝ Թուրքիայի համար Եվրոպան առևտրային ամենամեծ գործընկերն է, և կողմերը կշարունակեն քայլեր ձեռնարկել հարաբերությունների խորացման ուղղությամբ։ 3 մլրդ եվրոյի հետ կապված՝ Մոգերինին հայտարարեց, որ այդ գումարը Թուրքիային կհատկացվի ոչ թե որպես «գրպանի ծախս», այլ նախատեսված կլինի փախստականների կարիքների համար։ Ընդգծվում է, որ Մոգերինին ցանկացել է այցելել Թուրքիայի քրդաբնակ շրջաններ՝ ռազմական գործողությունների գոտի, սակայն նրան թույլ չեն տվել անել դա, և Մոգերինին ափսոսանք է հայտնել այդ կապակցությամբ։

Թուրքիա-Իրան, Սաուդյան Արաբիա

Հունվարին շարունակեցին սրվել թուրք-իրանական առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Մինչ այդ իրանական կողմը դատապարտել էր Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը և Իրաքում զորք տեղակայելը, իսկ հունվարին տեղի ունեցավ Իրանի և վերջին շրջանում հարաբերությունները Թուրքիայի հետ սերտացրած Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների սրացում։ Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն հայտնեց Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև աճող հակամարտության կապակցությամբ և նրանց հանդարտության, զգուշավորության ու «դիվանագիտական լեզվին» վերադարձ կատարելու կոչ արեց։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, թե իրենք դեմ են ցանկացած մահապատժի, հատկապես երբ դա ունի քաղաքական շարժառիթներ՝ հավելելով, որ իրենք չեն ուզում, որ Սաուդյան Արաբիան և Իրանը հակամարտեն: Էրդողանն անթույլատրելի համարեց Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակումը՝ նշելով, որ Իրանի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել դրա պահպանման համար։

Թուրքական մամուլը հայտնեց, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Իրանական կողմը, սակայն, հերքեց իր դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելը՝ հայտարարելով, որ Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիգդելին ինքն է հանդիպում խնդրել Թուրքիայի ԱԳՆ-ում, որպեսզի ներկայացնի տարածաշրջանի վերջին դեպքերի շուրջ Իրանի դիրքորոշումը։

Հունվարին Մևլյութ Չավուշօղլուն քննադատեց Իրանին՝ հայտարարելով, որ «Իրանի կողմից սիրիական վարչակարգին աջակցելը նպաստում է Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի մեծացմանը»։ Էրդողանը նույնպես քննադատեց Իրանին՝ հայտարարելով, թե «Իրանը փորձում է միջդավանաբական ատելությունը վերածել կոնֆլիկտների, միտումնավոր գնում է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների սրացմանը, աշխատում է վառել վտանգավոր գործընթացի պատրույգը» (Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան Իրանին իրեն հակառակորդ չի համարում՝ չնայած Սիրիայի և Իրաքի հարցերում առկա տարաձայնություններին):

Ուշագրավ է, որ Էրդողանը 2015թ. վերջին հայտարարել էր, թե վերջնական չի համարում Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված «միջուկային» համաձայնագիրը։ Էրդողանի վերջին հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա հուսահատ ջանքեր է գործադրում տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու ուղղությամբ։ Էրդողանը տեսել է, որ Թուրքիան մերձավորարևելյան տարածաշրջանում խստապես տանուլ է տվել Իրանի հետ մրցակցությունը, որն այդ ժամանակ գտնվել էր միջազգային պատժամիջոցների տակ, որոնց զգալի մասն արդեն վերացված է, և ակնկալվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության կտրուկ մեծացում, ինչը չի կարող չզայրացնել Թուրքիային, ինչպես նաև Սաուդյան Արաբիային։ Իրանի (նաև Սիրիայի և Իրաքի) հարցում ընդհանուր շահեր ունեցող սուննի այս երկու երկրների իշխանությունները միավորել են իրենց ջանքերը և այժմ տարբեր կերպ փորձում են Իրանին ներքաշել սադրանքների մեջ՝ նրան «ագրեսորի» կերպար հաղորդելու համար, որպեսզի փորձեն թույլ չտալ, որ այն վայելի «վեցյակի» հետ միջուկային գործարքի պտուղները։

Թուրքիա-Սիրիա, Իրաքշ

Հունվարին Դավութօղլուն և Չավուշօղլուն հայտարարեցին, թե Թուրքիան դեմ է Ժնևում կայանալիք միջսիրիական բանակցություններին PYDմասնակցությանը՝ ընդգծելով, որ այդ բանակցությունների մասնակիցների խմբերի ձևավորման ժամանակ չպետք է թույլ տալ ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությունը։ Չավուշօղլուն հայտարարեց, թե Թուրքիան կբոյկոտի Սիրիայի վերաբերյալ բանակցությունները՝ PYDմասնակցության դեպքում։ Այդ քայլն արդյունք տվեց. PYD-ը չստացավ հրավեր: Հայտարարվեց, որ այն հրավեր կստանա քիչ ավելի ուշ։

Հունվարին հաղորդվեց, թե թուրք զինվորականների խումբը հարվածի է ենթարկվել Սիրիայում ԻՊ վերահսկած գոտուց, ինչից հետո Թուրքիան տանկերով ու հրետանով հասցրել է պատասխան հարված։ Սիրիան բողոք հղեց ՄԱԿ-ին՝ Թուրքիային մեղադրելով վերջին 5 տարում իր սահմանները բազմիցս խախտելու, ագրեսիվ ակցիաներ իրականացնելու, սահմանով աշխարհի տարբեր երկրներից վարձկանների հոսքին նպաստելու համար։ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարեց, թե Թուրքիան, իր սահմանները բաց պահելով ահաբեկչական խմբերի առջև, սպառնալիքի տակ է դրել իր իսկ անվտանգությունը՝ այդպես էլ դասեր չքաղելով նրանից, որ ահաբեկիչները հետ են վերադառնում իր մոտ։

Հունվարին հաղորդվեց, որ ԻՊ-ը հարձակվել է Բաշիքայի ճամբարի վրա, սակայն թուրք զինվորականները հետ են մղել գրոհը։ Իրաքյան կողմը հերքել է դա։ Հայդար ալ-Աբադին հայտարարեց, թե Թուրքիան մտադիր է տարածաշրջանի տարածքներում վերստեղծել Օսմանյան կայսրությունը։ Աբադին ընդգծել էր, որ Բաղդադում չեն տեսնում ապացույցներ, թե Թուրքիան պայքարում է ԻՊ-ի դեմ։

Թուրքիա – Եգիպտոս, Իսրայել, Հունաստան

Հունվարին Հունաստանն ու Իսրայելը միացան ԻՊ-ից նավթ գնելու հարցում Թուրքիային մեղադրող երկրների թվին՝ այդ մասին հայտարարություններ անելով պաշտպանության նախարարներ Պանոս Կամենոսի և Մոշե Յաալոնի մակարդակով։ Կամենոսը Թուրքիային մեղադրեց նաև Հունաստանի օդային տիրույթը խախտելու համար։ Հունվարին շարունակվեցին թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները։ Անգամ հաղորդվեց, որ Դավոսի ֆորումի շրջանակներում կարող է տեղի ունենալ Նեթանյահու-Դավութօղլու հանդիպում, որը կդառնա վերջին 7 տարում Իսրայելի և Թուրքիայի առաջնորդների առաջին հանդիպումը։ Չավուշօղլուն հունվարին հայտարարեց, թե հարաբերությունների կարգավորման համար Իսրայելը պետք է կատարի Թուրքիայի 3 նախապայմաններից մնացյալ երկուսը («Մավի Մարմարայի» միջադեպի համար ներողություն խնդրելուց բացի, պետք է վճարի նաև փոխհատուցում և վերացնի Գազայի հատվածի շրջափակումը)։ Իսրայելական մամուլի հաղորդմամբ՝ Եգիպտոսն Իսրայելից պահանջել է պարզաբանել Թուրքիայի հետ հաշտեցման նախագծի մանրամասները։ Եգիպտոսին մասնավորապես հետաքրքրել է, թե Իսրայելն արդյոք պատրաստ է թույլատրել Գազայի հատվածում Թուրքիայի ազդեցության մեծացում։

Հունվարին Եգիպտոսը Թուրքիայից պահանջեց դադարեցնել իր ներքին գործերին միջամտելը, ընդունել ստեղծված ստատուս քվոն և փոխարենն ուշադրություն դարձնել մարդու իրավունքների խախտումների վրա։ Դրանից առաջ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, թե Եգիպտոսի քաղաքական իրադարձությունները ռազմական հեղաշրջման հետևանքն են։ Հունվարին թուրքական մամուլը գրեց, որ Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ անցկացված բանակցությունների ժամանակ Թուրքիայի իշխանությունները մոտեցել են նրան, որ օրինական ճանաչեն Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կառավարումը՝ պայմանով, որ Եգիպտոսի կառավարությունը չեղյալ հայտարարի «Մուսուլման-եղբայրներ» շարժման անդամների մահապատժի վճիռը։

Թուրքիա-Վրաստան, Ադրբեջան

Հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի ֆորումի շրջանակներում հանդիպեց Դավութօղլուի հետ և քննարկեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ու փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած այլ հարցեր։ Հունվարին տեղի չունեցավ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը պետք է անցկացվեր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։ Հաղորդվեց, որ հանդիպումը Թբիլիսիում կկայանա փետրվարի 19-ին։ Ուշագրավ է, որ նույն օրը Թուրքիայի Քայսերի քաղաքում տեղի է ունենալու երեք երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումը, որին մասնակցելու է նաև այդ երկրները ներկայացնող շուրջ 500 գործարար։ Հունվարին հայտնի դարձավ, որ Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան եռակողմ մեխանիզմի ստեղծման միջոցով մեղմացնում են Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով բեռնափոխադրումների համար մաքսային ընթացակարգերը։ Բացի այդ, նրանք պետք է հստակեցնեն ԲԹԿ շահագործման պայմաններն ու սակագնային քաղաքականությունը։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը հունվարին հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է մասնակցել Ադրբեջանում պետական գույքի մասնավորեցման գործընթացին (ավելի վաղ հաղորվել էր, որ Ադրբեջանում կիրականացվի պետական գույքի մասնավորեցման մասշտաբային գործընթաց)։ Բացի այդ, նա հայտարարեց, որ 2016-ը Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում կդառնա էներգետիկայի և տրանսպորտի տարի, և որ ԲԹԿ բացումը տեղի կունենա այս տարի։ Հայտնի է, որ ԲԹԿ ադրբեջանական և վրացական հատվածները պատրաստ են, և որ պատրաստ չէ միայն թուրքական հատվածը։ Ըստ ամենայնի՝ Թուրքիան միտումնավոր է ձգձգում, քանի որ Ադրբեջանը շարունակ չի համաձայնում վերացնել Թուրքիայի հանդեպ միակողմանի վիզային ռեժիմն ու ստորագրել ազատ (արտոնյալ) առևտրի ռեժիմ։ Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների, այդ թվում նաև առևտրային, կտրուկ վատթարացումը կարող է Թուրքիային մղել ԲԹԿ իր հատվածի կառուցումն արագացնելուն, որով Ադրբեջանի միջոցով դուրս կգա նաև Կենտրոնական Ասիա։

Ընթերցել...
 

ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԵՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԲՀԿ-ՈՒՄ

ՄԻՆՉ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի երեկվա հայտարարությունը, թե այլեւս չի ստանձնելու ԲՀԿ մամլո խոսնակի պարտավորությունները, շարունակվում է  քննարկվել  մամուլի կողմից: Թեեւ ԲՀԿ-ականները հավաստիացնում են, թե տարաձայնություններ չկան կուսակցության ներսում, սակայն «Իրավունք»-ի աղբյուրները հակառակն են պնդում: Կուսակցությունում  կան լուրջ տարաձայնություններ, ու եթե այսպես շարունակվի, մինչ խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ-ից բան չմնա, պնդում է մեր աղբյուրը:

Տարաձայնությունների հիմնական պատճառը  իշխանության հետ կոալիցիա կազմելու  բուռն ցանկությունն է, որը ցանկանում է ԲՀԿ-ի գործարար թեեւը, ի դեմս ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի, ում ազդեցությունն աստիճանաբար կուսակցությունում բարձրանում է, կրկին մեր աղբյուրի փոխանցմամբ: Մինչդեռ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն ու նրա համակիրները  կոալիցիայի մասին լսել անգամ չեն ուզում:

Կրկին մեր տեղեկություններով, չի բացառվում, որ առաջիկայում որոշ ԲՀԿ-ականներ հանդես գան հայտարարությամբ եւ բացեն որոշ փակագծեր: Սպասենք զարգացումներին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>