Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Հինգշաբթի, 27 Սեպտեմբեր 2012 00:00

ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ

 

 

Հարցազրույց ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ
-Ի՞նչ եք կարծում, սեպտեմբերի 15-ին կառավարությունում անցկացված խորհրդակցությամբ մեկնարկած գործընթացը շարունակություն կունենա՞, թե՞ կդառնա նախընտրական արշավի հերթական օղակը, ինչպես պնդում են արմատականները։ 
-Կտրականապես համաձայն չեմ այդ պնդումներին։ Նախագահն առաջին անգամը չէ, որ անդրադառնում է ֆինանսական կարգապահության, բյուջեի արդյունավետ օգտագործման խնդիրներին, այնպես որ՝ դա ընտրությունների հետ կապելը ճիշտ չէ։ Ավելին՝ միանշանակ սխալ է։ 
Մեր ընդդիմախոսները, երբ տեսնում են, որ նախագահը զբաղվում է այդ կարեւորագույն հարցերով եւ խիստ կերպով դնում իր պահանջները, ասում են՝ ինչո՞ւ հիմա է դա արվում։ Եթե չաներ՝ ասելու էին՝ ինչո՞ւ չի արվում։ Կարծում եմ, սա լուրջ վերաբերմունք չէ։ 
Այո, նախագահը դրել է խնդիրներ, եւ այդ հարցադրումները պետք է ունենան ինչպես վարչական, այնպես էլ այլ բնույթի հետեւանքներ։ Եթե մարդը մտել է պետության գրպանը, անպայման պետք է կրի քրեական պատասխանատվություն։
-Ընդդիմադիրները, դրան ի հակակշիռ՝ ասում են, որ նախագահը նախկինում էլ է խիստ հանձնարարականներ տվել ոլորտների պատասխանատուներին, բայց իրավիճակը չի փոխվել։
-Չեմ ընդունում այդ քննադատությունը։ Ի վերջո, տեսնում ենք, որ խորհրդակցությունից անմիջապես հետո գործի դրվեցին վարչական պատասխանատվության մեխանիզմները։ Սա՝ մեկ։ 
Երկրորդ՝ այո, Հայաստանում ձեւավորվել էր արատավոր ավանդույթ, երբ պետբյուջեն դիտվում էր որպես կերակրատաշտակ եւ դարձել էր չինովնիկական ապարատի «բոստանը», որտեղից յուրաքանչյուրը փորձում էր գողանալ։ Բյուրոկրատիան Հայաստանի հինգերորդ շարասյան 5-րդ սյունն է, որ այսօր տրամադրված չէ պետականաստեղծ գործունեության՝ տրամադրված է գողանալու, կաշառք վերցնելու, պետբյուջեից իր «բաժինը» պոկելու եւ տանելու։ 
Այդ առումով շատ ծանր աշխատանք է մեզ սպասում ե՛ւ կադրային քաղաքականության, ե՛ւ վարչական, ե՛ւ իրավական ոլորտներում։ Այստեղ իր անելիքներն ունեն թե՛ իրավապահ մարմինները, թե՛ մեր ամբողջ հասարակությունը, որովհետեւ այդ բյուրոկրատիան մեր հասարակական մտածելակերպի հայելային արտապատկերն է։ Այսինքն՝ հասարակական մտածելակերպը պետք է փոխվի. ոչ թե՝ անցար պաշտոնի, պետք է գողանաս, պետք է թալանես, այլ՝ անցար պաշտոնի, պետք է ծառայես ազգին։ 
-Ահարոն Ադիբեկյանի հրապարակած վերջին հարցումները, որոնց համաձայն՝ ընդդիմության ամենացանկալի միասնական թեկնածուն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ամենաանցանկալին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անկումային տրամադրություններ են առաջացրել «լեւոնասեր» հանրության շրջանում։ Այս «նորությունն» անակնկա՞լ էր ձեզ համար։ 
-Նախ՝ հարցումը ոչ թե արդեն առաջադրված, այլ ենթադրյալ թեկնածուների վերաբերյալ էր։ Երբ ենթադրյալ թեկնածուները դառնան իրական թեկնածուներ, բնականաբար նրանք մրցակցության մեջ կմտնեն իշխանության թեկնածուի, այսինքն՝ գործող նախագահի հետ, եւ այդ պահին՝ գոնե ընտրությունների ժամանակահատվածում, կլինեն ընդդիմադիր։ 
Ընտրություններից հետո, որտեղ, համոզված եմ, երկրի նախագահը համոզիչ հաղթանակ կտանի առաջին իսկ փուլում, թեկնածուների մի մասը իրենց գլխավորած ուժերի հետ կմտնեն կոալիցիա, ինչպես տեղի ունեցավ ՕԵԿ-ի եւ Դաշնակցության պարագայում, մյուսները կմնան ընդդիմադիր դաշտում, մի մասն էլ հնարավոր է մնան այսօր ձեւավորված երրորդ՝ այլընտրանքային ուժի դաշտում։ 
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ո՞վ չգիտի, որ ԲՀԿ-ն Հայաստանում երկրորդ քաղաքական ուժն է Հանրապետականից հետո։ Այդ առումով, չեմ կարծում, թե հարցման արդյունքները որեւէ մեկի համար անակնկալ էին։ Արդյոք այդ ուժը կդառնա՞ նախագահական ընտրարշավի ինքնուրույն մասնակից՝ ժամանակը ցույց կտա։ 
-ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի երգը կարելի՞ է երգված համարել, թե կարող է գտնվել մեկ այլ առաջնորդ, որ ավելի ընկալելի կլինի արմատական ընտրազանգվածի համար։
-ՀԱԿ-ի երգը վաղուց է երգված։ Երեւանի քաղաքապետի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ՀԱԿ-ի նավը խորտակվում է։ Դրա վկայությունը ՏԻՄ ընտրություններն էին, որ եւս մեկ անգամ եկան ապացուցելու, որ ՀԱԿ-ը գործնականում ոչնչացված կառույց է։ ՀԱԿ-ի որեւէ ներկայացուցիչ նույնիսկ չփորձեց առաջադրվել եւ մտնել մրցակցության մեջ։ Սա ցույց է տալիս, թե որքան ջլատված եւ անգործունակ է այդ կառույցը։ 
Տեր-Պետրոսյանի վերջին՝ «տոնական» հանրահավաքին ընդամենը 100-150 մարդ էր մասնակցում, 2008թ. ընտրություններին նախապատրաստվում էին 2007թ. սեպտեմբերից՝ արդեն կար հստակ ֆինանսավորում, մշակված ծրագիր, մարտավարություն եւ ռազմավարություն, այսօր որեւէ մեկը հոդաբաշխ ձեւով չի ասում՝ որն է ՀԱԿ-ի ռազմավարությունը, ընդհանրապես, սեփական թեկնածուո՞վ են մասնակցելու ընտրություններին, թե՞ ոչ։ 
Այնպես որ, ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, որեւէ հետաքրքրություն այլեւս չի ներկայացնում, այլ բան է, որ միշտ պարունակում է իր մեջ քրեական վտանգ, ինչպիսին էր «Մարտի 1»-ը։

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 

www.armworld.am
27.09.12թ.