Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՀՀ–ում «նարնջագույն» հեղափոխություն իրականացնել երազողներն ակտիվացել են, բայց այլ դերակատարով


ԱԺ պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի համոզմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտում ներքին գզվռտոցի գլուխը թաղված է արտաքին քաղաքականության մեջ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա համոզմունք հայտնեց, որ այն ուժերը, որոնք երազում են Հայաստանում իրականացնել «նարնջագույն» հեղափոխություն՝ ակտիվացել են, սակայն այլ դերակատարով: «Հայաստանի նկատմամբ անընդհատ գործադրվում են ճնշումներ, որպեսզի իրականացվի իշխանափոխություն և «նարնջագույն» հեղափոխություն: Նման հեղաշրջման փորձ 2008-ին տապալվեց»,– ասաց նա: «Հիմա կրկին այդ վիճակն է, և, այս առումով, այն ուժերը, որոնք երազում են Հայաստանում իրականացնել հեղափոխություն՝ ակտիվացել են»,- ասաց նա և ավելացրեց, որ նրանց նպատակն է պետությունը տանել այն կուրսով, որը ձեռնտու է Արևմուտքին:


Հայկ Բաբուխանյանը նշեց, որ Հայաստանը կարևոր աշխարհաքաղաքական դիրքում է գտնվում, և, այդ իսկ պատճառով, նրա համար լուրջ պայքար է ընթանում: «Ռուսաստան- Հայաստան -Իրան առանցքում, որը հասնում է Սիրիա՝ Հայաստանը կարևոր օղակ է հանդիսանում»,- ասաց նա:


Այս դիրքը շահելու համար, նույն Արևմուտքն, ըստ նրա, նոր դերակատար է ընտրում, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը իսպառ դուրս է մնացել քաղաքական դաշտից:

«ՀԱԿ-ն այլևս ի վիճակի չէ, իսկ մնացած արևմտամետ ուժերին՝ Րաֆֆիին և «Ազատ դեմոկրատներին» որոնց աճեցնում էին՝տեսան, որ կենսունակ չեն: Րաֆֆին չորս հոգու չի կարողանում կառավարել, ուր մնաց նրան ստանձնեին այդ դերը»,- ասաց նա։ Հայկ Բաբուխանյանը եզրակացրեց, որ այսօր այդ նոր դերակատարը Վարդան Օսկանյանն է, իսկ նպատակը՝ ծրագիրն իրականացնել լիբիական տարբերակով:

«Այսինքն՝ քաղաքացիական պատերազմի միջոցով իշխանափոխություն իրականացնել, և այնպիսի քաղաքական ուժեր հաստատել, որոնց կարող են հօգուտ իրենց ծառայեցնել»,- ասաց նա: ՍԻՄ նախագահի գնահատականով, այս հարցում երկու ուժերի շահերը համընկան:«Կամակատար ընտրելու հարցում դրսի, իսկ ներսում՝ Ռոբերտ Քոչարյանի շահերը, ով ցանկություն ուներ վերադառնալ քաղաքականություն, հատվեցին Օսկանյանի ֆիգուրի վրա»,-ասաց նա:

Իսկ Վարդան Օսկանյանի փողերի պատմությունն, ըստ նրա, սկսվեց 1999թ-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն ստորագրեց օրենք, և դրա հիման վրա Հանթսմանը սեփականաշնորհեց երկաթբետոնի գործարանը, որն ըստ էության նվիրատվություն էր, քանի որ տրամադրվեց ընդամենը 1 մլն դոլարով: «Այսինքն՝ Հանթսմանին տվեց այն գործարանը, որն այսօր տվեց 2 մլն դոլար: Այսինքն՝ ես կարող եմ ենթադրել, որ գործարանը և այդ փողերը, իրականում, Ռոբերտ Քոչարյանի փողերն են, իսկ այդ բարեգործությունը մաքուր ծխածածկույթ է»,- ասաց նա:


Հայկ Բաբուխանյանը ճիշտ չի համարում ԱՄՆ դեսպանի միջամտությունը: «Ընդամենը քննվում էր գումարների տարօրինակ շրջապտույտները, իսկ դեսպանը փորձեց խառնվել և ճնշում գործադրել: Մեր կուսակցությունը հայտարարեց, որ զերծ մնան Հայաստանի ներքին գործերին խառնվելուց»,- հիշեցրեց նա։


ՀՀԿ–ական պատգամավոր նշեց, որ ինքը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծ է ուզում առաջարկել ԱԺ: «Առաջարկում ենք օրենք ընդունել «Օտարերկրյա գործակալների մասին», քանի որ մեր պետականությունն ակնհայտորեն գտնվում է վտանգի ներքո»,- ասաց նա:


Վերջում նա հայտարարեց, որ Օսկանյանին կամ նրան ջանասիրաբար պաշտպանող քաղաքական գործիչներին բանավեճի հրավիրում «Փաստարկ» ակումբ՝ բոլոր թեմաների շուրջ: