Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Հայաստանի նկատմամբ ճնշումները նարնջագույն իշխանափոխություն իրականացնելու միտում ունեն


“Վերջին 20 տարիների ընթացքում ԱՊՀ  տարածքում անընդհատ փորձեր են իրականացվում իշխանության բերել նարնջագույն ռեժիմներ և այդ ռեժիմների միջոցով այս կամ այն երկիրը տանել այնպիսի քաղաքական կուրսով, որը ձեռնտու է արևմտյան այս կամ այն ուժին կամ պետությանը: Եվ այս առումով Հայաստանը գտնվում է շատ կարևոր աշխարաքաղաքական առանցքի մեջ, որը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Միջին ասիական որևէ երկիր: Սա Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքն է, որը հասնում է մինչև Սիրիա և այդ տարածքում Հայաստանը գրավում է շատ կարևոր օղակի դիրքը”,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Այնուհետ Հայկ Բաբուխանյանն ավելացրեց. “Հայաստանի նկատմամբ անընդհատ իրականացվում են այնպիսի ճնշումներ, որպեսզի իրականացվի իշխանափոխություն և նարնջագույն ռեժիմ բերվի Հայաստան: 2008թ. նարնջագույն հեղաշրջումը, որը  փորձեցին իրականացնել ընտրությունների առումով, տապալվեց մարտի 1-ին:  Այն ժամանակ հիմնական դերակատար էր ընտրված Լևոն Տեր Պետրոսյանը: Հիմա նորից է եկել այդ ճգնաժամային իրավիճակը, որովհետև մոտենում են ընտրությունները և այն ուժերը, որոնք Հայաստանում երազում են իրականացնել նարնջագույն հեղաշրջում, ակտիվացել են: Այդ ուժերը ակտիվանալով ընտրում են իրենց համար նոր դերակատար, որովհետև հին դերակատարը` Լևոն Տեր- Պետրոսյանը, իսպառ դուրս է եկել քաղաքական  լուրջ գործընթացներից:  ՀԱԿ-ն այլևս ի վիճակի չէ լուրջ  դերակատարություն ունենալ այս գործում: Մնացած արևմտամետ ուժերը, որոնց  աճեցնում էին ամերիկացիները երկար ժամանակ, փորձում էին կոմբինացիաներ ստեղծել,  նույնպես ցույց տվեցին, որ այս ուժերը կենսունակ չեն”:

(ՍԻՄ) նախագահը նկատեց նաև, որ այս գործընթացում ի հայտ եկավ նոր դերակատարը Օսկանյանի դեմքով, ով, ըստ բանախոսի, ժամանակին  ամերիկացիներին խոստացավ իրականացնել լիբիական տարբերակ. “Այստեղ համընկան երկու  ուժի  շահերը` արտաքին ուժերի, ովքեր ցանկանում են ունենալ կամակատար ռեժիմ Հայաստանում  և ներսում Ռոբերտ Քոչարյանի ցանկությունը, ով ցանկությունն ուներ վերադառնալ  քաղաքականության մեջ: Այստեղ այդ երկու ուժերի  ցանկությունները  հատվեցին Օսկանյանի ֆիգուրի վրա”:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի և “Սիվիլիթասի” հայտնի գործի մանրամասներին` Հայկ Բաբուխանյանը ասաց, որ այս պատմության հիմքերը գալիս են դեռ 1999թ. նոյեմբերի 4-ից, երբ, ըստ բանախոսի, Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց օրենք` Երկաթ-բետոնի կոնստրուկցիաների գործարանը Հանթսմանին նվեր տալու մասին` ընդամենը 1  դոլարով, որը այսօր բերեց 2 մլն դոլլար. “Այսինքն ես կարող եմ ենթադրել, որ և այդ փողերը և գործարանը, իրականում, Ռոբերտ Քոչարյանի փողերն էին: Եվ այն խոսակցությունները, որ դրանք տրվում էին “Սիվիլիթաս”-ին բարեգործության  նպատակով կամ քաղաքացիական հասարակություն ստեղծելու նպատակով, մաքուր ծխածածկույթ է: Իրականում գումարները  տրվել է Ռոբերտ Քոչարյանի կադր Օսկանյանին` քաղաքական  նպատակներով: Այդ քաղաքական նպատակների մասին Օսկանյանը ասել է սույն թ. ապրիլի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում ելույթ ունենալու ժամանակ, որտեղ նա ասել է, որ Հայաստանում պետք է իրականացնել իշխանափոխության լիբիական տարբերակ”:

Հայկ Բաբուխանյանը նշեց նաև, որ այս հարցում շատ տարօրինակ իրավիճակում է հայտնվել ԲՀԿ-ն, քանի որ, ըստ բանախոսի, նկատվում է “եթե մերոնքական է, ապա բոլոր դեպքերում պետք է պաշտպանենք” սկզբունքը այն դեպքում, երբ Վարդան Օսկանյանի ստաժը ԲՀԿ-ում մի քանի ամսեկան է:

Նշենք նաև, որ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը առաջարկեց Վարդան Օսկանյանին և Վարդան Օսկանյանին ջանասիրաբար պաշտպանող քաղաքական գործիչներին բանավիճելու այս բոլոր հարցերի շուրջ հենց “Փաստարկ” ակումբում”

Ասյա Մուրադյան