Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Հայաստանում պետք է դադարեցվի «Գրին քարտի» ծրագիրը. Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ Հայաստանում իրականացվող ամերիկյան «Գրին քարտի» ծրագիրը շատ ավելի վտանգավոր է, քան ռուսական «Հայրենակիցները» և պետք է դադարեցվի: Այս մասին Բաբուխանյանն ասաց galatv.am-ին` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք վարչապետ Տիգրան Սարգսյանի համար նույնքան մտահոգիչ ու անընդունելի չպետք է լինի «Գրին քարտի» խաղարկությունը, ինչպես «Հայրենակիցներ» ծրագիրը: Բացի դրանից, նրա կարծիքով, այդ ծրագրերի նպատակները բավականին տարբեր են:

«Նախ` չափերով եթե վերցնենք, Գրին քարտով Հայաստանից գնացել է 10 անգամ շատ ավելի մարդ, քան թե «Հայրենակիցներով»: Բացի դրանից «Հայրենակիցներն» ասում է` մենք ստեղծում ենք պայմաններ, և գնում են մարդիկ, ովքեր սոցիալապես անապահով խավեր են, որոնց իսկապես պետք է օգնել: «Գրին քարտը» դա հասցեականացված միջոց է, որը, կարծում եմ, ոչ մեկ չի հավատում, որ խաղարկությամբ է իրականացվում: Այն տրվում է այն մարդկանց, ովքեր արդեն կայացած են և կարող են իրենց ներկայությամբ օգտակար լինել Միացյալ Նահագններ պետությանը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին վարչապետը, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ասել էր, որ «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանի համար անընդունելի է և պետք է դադարեցվի:

Ըստ Բաբուխանյանի` «Գրին քարտ» ծրագրով Հայաստանից հավաքվում և հանվում է բարձրորակ մարդկային ռեսուրսը, ուստի դրանք խորապես տարբեր էություն ունեցող ծրագրեր են: Նա համաձայնեց, որ վարչապետը պետք է այս ծրագրին ևս ուշադրություն դարձնի:

«Եթե հարց լինի «Գրին քարտի» մասին, գուցե վարչապետը կարտահայտվի նաև այդ մասին, բայց որ պետք է մենք մտածենք «Գրին քարտի» ծրագիրը Հասատանում դադարեցնելու մասին, դա միանշանակ է»,-ասաց Բաբուխանյանը:


Անի Շաբոյան