Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ԱՂՆ ԱՌԱԾ՝ ՎԱԶՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՒՆԳԻ ՀԵՏԵՎԻՑ

Կիսանախագահական համակարգը խորհրդարանականով փոխարինելու օրակարգով քաղաքական խորհրդակցություններ սկսելու ԲՀԿ նախաձեռնության վերաբերյալ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է ՍԻՄ առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
-Զարմանալի նախաձեռնություն՝ այնքանով, որքանով ԲՀԿ-ն նորելուկ չէ քաղաքականության մեջ՝ տարիներ շարունակ գործում է, եւ եթե նման մտադրություն, ծրագրային դրույթ ուներ, պիտի որ ավելի վաղ բարձրաձայներ այդ մասին։
Պետք է ենթադրել, որ այս առաջարկությունը կրում է ոչ թե ծրագրային, այլ իրավիճակային բնույթ, այսինքն՝ նպատակը ներկա քաղաքական իրավիճակից ելք գտնելն է, ոչ թե համակարգային լուծումներ առաջարկելը, ինչպես նշված է ԲՀԿ խմբակցության քարտուղարի տարածած հայտարարության մեջ։ Ինչի՞ն է միտված այս քայլը՝ կարող ենք միայն ենթադրություններ անել։
Ի վերջո, խորհրդարանական ընտրություններից առաջ էլ ԲՀԿ-ն հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ՝ փորձեց իր շուրջը հավաքել ընդդիմադիրներին։ Ստեղծվեց միասնական շտաբ ԲՀԿ-ի առաջնորդությամբ, Հմայակ Հովհաննիսյանը, որն այն ժամանակ ԲՀԿ համամասնական ցուցակի կարկառուն դեմքերից էր, Վարդան Օսկանյանը եւ այլն, հավաքեցին բոլոր ընդդիմադիրներին, եւ պետք է ասել, որ «Բարգավաճ Հայաստանը» այդ «օպերացիայից» շահած՝ 250 հազարով ավելացրեց իր ձայները, իսկ ընդդիմադիրները «տակ տվին»։
Կարծես այս անգամ էլ ԲՀԿ-ն բավական հետաքրքիր հաշվարկներ ունի՝ ընդդիմադիր գործընկերների հետ կապված, եւ միգուցե «միասնական քաղաքական օրակարգի» շուրջ քաղաքական քննարկումների արդյունքում էլի ինչ-որ դիվիդենտներ ստանա։ Թե ընդդիմադիր ուժերն ինչ կշահեն այդ հավաքներից՝ արդեն իրենց դառը փորձից կարող են հետեւություն անել։
-Ընդդիմությունն ուղղակի կամ անուղղակի արձագանքել է ԲՀԿ-ի հրավերին՝ «Ժառանգությունը» պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ քննարկումներին, «Դաշնակցությունը» ողջունել է ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունը եւ ներկայացրել համակարգային փոփոխությունների ի՛ր տեսլականը, ՀԱԿ-ը առաջ է քաշել մի քանի կետից կազմված սեփական «պլատֆորմը»։ Սրանից հետեւո՞ւմ է, որ ընդդիմությունը պատրաստ է համախմբվել ԲՀԿ-ի շուրջ։
-Այդ արձագանքները ցույց են տալիս, որ իրականում ընդդիմությունը չունի որեւէ ծրագրային նպատակ, դրույթ կամ լուրջ ծրագիր։ Այսօր իրենց ընդդիմություն համարողներից շատերը ժամանակին եղել են իշխանության մեջ եւ ցույց են տվել, թե ինչի են ընդունակ։ Մի մասն ուղղակի օտարերկրյա շահեր սպասարկող գործակալներ են՝ հիմնականում իրենց պատեպատ տվող չկայացած գործիչներ, որոնք պարզապես փորձում են մի աղմկահարույց բան գտնել, այդ աղմուկի վրա վազել ու մի նոր աղմուկ բարձրացնել։
Ուղղակի ծիծաղելի է, որ քիչ թե շատ ստանդարտից դուրս ցանկացած նախաձեռնություն ընդդիմության շարքերում ոգեւորություն է առաջացնում, եւ աղը վերցրած՝ վազում են այդ «վարունգին» աղ ցանելու։
-«Բարգավաճի» այս քայլից կարելի՞ է եզրակացնել, որ կամուրջներն այլեւս այրված են՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հարցը փակված է։
-Իմ կարծիքով, խնդիրն այն չէ՝ ԲՀԿ-ն կպաշտպանի՞ գործող նախագահի թեկնածությունը, թե՞ ոչ։ Կպաշտպանի՝ լա՛վ, որովհետեւ դա նշանակում է ուժերի կոնսոլիդացիա, լուրջ վերաբերմունք պետության ներքին եւ արտաքին մարտահրավերների հանդեպ։
Ի վերջո, կույր կամ հիմար պետք է լինել՝ չտեսնելու համար, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում եւ տարածաշրջանի շուրջ, ուր են տանում այդ զարգացումները։ Մեր երկիրը ունի բավական լուրջ խնդիրներ ներքին ճակատում՝ դա առաջին հերթին տնտեսության զարգացումն է, եւ որպես նվազագույն պահանջ, գոյություն ունեցող իրավիճակի պահպանումը, նկատի ունենալով, որ տարածաշրջանային անկայունությունն արդեն իսկ բացասաբար է անդրադառնում տնտեսական զարգացումների վրա։
Մասնավորապես Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետեւանքով կրճատվել է իրանական ապրանքների արտահանումը, որ ինչ-որ չափով հարվածում է Հայաստանի տնտեսությանը։ Այսինքն՝ ունենք լրջագույն խնդիրներ։
-Մշտապես ասվել է, իշխող կուսակցությունն էլ բազմիցս խոսել է այն մասին, որ անձերի շուրջ «ընդդեմ» սկզբունքով ստեղծված դաշինքները հեռանկար չունեն։ ԲՀԿ-ն փորձում է այլ ճանապարհով գնալ՝ միավորել քաղաքական ուժերին գաղափարների շուրջ։ Ինչո՞ւ իշխանությունը կտրուկ արձագանքեց «Բարգավաճի» առաջարկին։
-Որովհետեւ ԲՀԿ-ն անկեղծ չէ իր մտադրությունների մեջ։ Եթե իրենք իրականում նման մտադրություն ունեին, պետք է տարիներ առաջ ասեին այդ մասին։ Այլ քաղաքական ուժեր պարբերաբար հանդես են եկել խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկություններով, բայց ԲՀԿ-ն չի աջակցել այդ գաղափարին։
Ավելին՝ տարիներ շարունակ նրանց բավարարել է գործող կիսանախագահական համակարգը, եւ հանկարծ ընտրություններից 3 ամիս առաջ փոխում են իրենց դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ եւ կառավարման համակարգը փոխելու խնդիր բարձրացնում։
Նախ, զուտ քաղաքագիտական տեսակետից խորհրդարանական հանրապետության անցումն արդեն իսկ վտանգներ է պարունակում՝ հատկապես նկատի ունենալով տարածաշրջանային իրավիճակը եւ տարածաշրջանի շուրջ ծավալվող անկանխատեսելի զարգացումները։ Հասկանալի է, որ պահի թելադրանքն է՝ առաջ քաշել ինչ-որ գաղափար, կառչել դրանից եւ, այդ գաղափարը դրոշ սարքելով, միավորել ընդդիմադիր ուժերին։ Ում է դա ձեռնտու՝ շուտով կտեսնենք։
-Հնարավո՞ր է, որ այդպիսով ԲՀԿ-ն պարզապես փորձում է ժամանակ շահել՝ հետաձգել թեկնածուական հայտ ներկայացնելու կամ այլ թեկնածուի պաշտպանելու վերաբերյալ «ճակատագրական որոշումը»։
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ թեկնածու առաջադրե՞լ, թե՞ ոչ, կամ ե՞րբ հայտարարել այդ մասին։ Ամեն կուսակցություն ունի իր մարտավարությունը։
Ինձ համար առաջնայինն այն է, որ մեր երկիրը հանրապետության նախագահի գլխավորությամբ կարողանա դիմագրավել այն մարտահրավերներին, որ կանգնած են մեր առջեւ։ Նկատի ունեմ ե՛ւ մերձավորարեւելյան իրադարձությունները, ե՛ւ Լեռնալին Ղարաբաղի հարցը, ե՛ւ Թուրքիայի հետ հարաբերությունները, ե՛ւ տնտեսության հետ կապված խնդիրները։
Մնացածը՝ ԲՀԿ-ն թեկնածու կառաջադրի՞, կսատարի այլ թեկնածուի՞, ընդդիմությունը կմիավորվի՞ «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնության շուրջ, թե՞ չի միավորվի՝ ըստ իս, երկրորդական է։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ