Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՀՀԿ-Ն ԵՒ ՍԻՄ-Ը ՈՒՆԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՏԱՐՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՚


Ամանորի նախաշեմին, դեկտեմբերի 28-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի ընդլայնված նիստը, որի օրակարգում լսվեց կուսակցության նախագահի զեկույցը 2012թ.-ին կուսակցության կատարած աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվեց ՍԻՄ-ի պաշտոնական դիրքորոշումը նախագահական ընտրություններում, մասնավորապես Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու հարցը: ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ողջունելով կուսակիցներին, հյուրերին, խոսքը հանձնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ` ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ, ով ողջունեց սիմականներին, հյուրերին:
Շարունակելով խոսքը պարոն Շարմազանովը նշեց. ՙՈրպես Ազգային ժողովի փոխնախագահ եւ որպես քաղաքական ուժի` ՀՀԿ-ի գործադիր մարմնի ներկայացուցիչ պետք է կարեւորեմ եւ մեկ անգամ եւս հաստատեմ, որ մեր համագործակցությունը ՍԻՄ-ի հետ ընթանում է նույն ուղղությամբ, այն է ՀՀ-ի հզորացումը, անվտանգության մակարդակի բարձրացումը, ազգային գաղափարախոսության զարգացումը եւ է°լ ավելի տարածումը նոր սերնդի մոտ, ինչպես նաեւ մերժումը ցանկացած հակաքրիստոնեական եւ ցանկացած հակագզային արարքի: Մեր համագործակցութունը ունի ավելի քան 20 տարվա պատմություն, եւ երբ դեռ նոր էր ծնունդ առնում թե ՀՀԿ-ն եւ թե ՍԻՄ-ը, անկախության առաջին տարիներին մենք խփում էինք նույն մեխին, քանի որ մեր համոզմունքները նույնն էին, որ անկախությունը այլընտրանք չունի, ազգային արժեքները եւս: Վերջին ժամանակաշրջանում այս համագործակցությունը նոր թափ է ստացել, եւ ես ՀՀԿ-ի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր սիմականներին, որովհետեւ պետության համար վճռորոշ ժամանակաշրջանում ՍԻՄ-ը ընտրեց կայունության եւ ազգային արժեքների ուղին, իսկ վերջին ԱԺ ընտրություններին գնացինք միասին: Պատահական չէ, որ այսօր էլ Հանրապետական խմբակցությունը արդյունավետ աշխատում է` իր մեջ ունենալով այլ կուսակցությունների առաջնորդներին, այդ թվում` ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին: Ես համոզված եմ, որ մեր բոլոր գործերը միտված են լինելու էլ ավելի անվտանգ, ապահով, ազգային ու ժողովրդավարական Հայաստանի կերտման ուղղությամբ: Այսօր մենք ապրում ենք շատ վճռական ժամանակաշրջանում, ունենք բազում չլուծված խնդիրներ, բայց միեւնույն ժամանակ ունենք շատ կարեւոր երկու հարց. այն է` Արցախի միջազգային ճանաչումը եւ Հայոց ցեղասպանության դատապարտման միջազգային ճանաչումը: Այս երկու հարցերում, իմ կարծիքով, քաղաքական ողջ սպեկտորը պետք է խփի նույն մեխին, եւ ես շատ ուրախ եմ, որ ՍԻՄ կուսակցությունը այն քաղաքական ուժերից մեկն է, որ վերը նշված երկու ազգային, շատ կարեւոր պետական հարցերում ունի շատ ճիշտ կողմնորոշում եւ առաջամարտիկներից մեկն է ազգային գաղափարախոսության: Ես ուզում եմ հիշատակել կարկառուն գործիչներից մեկի` Քենեդու այն խոսքերը, որ ներքին քաղաքականության մեջ մեր ձախողումները կարող են տանել իշխանափոխության, բայց արտաքին քաղաքականության ձախողումները կարող են մեզ տանել դեպի գերեզման: Որպեսզի մենք գնանք ճիշտ ուղղությամբ, մենք ազգային գործերով պետք է կարողանանք համախմբվել եւ վարել ճիշտ քաղաքականություն, ազգային գաղափարախոսությունը կրող քաղաքական ուժերի հետ, որոնցից մեկը ՍԻՄ-ն է: Օրվա հրամայականն է անվտանգ, ուժեղ, ապահով Հայաստանի կառուցումը: Մենք այլեւս չափահաս պետություն ենք եւ իրավունք չունենք մանկական չարաճճիությունների, եւ մենք բոլորս ուզում ենք ուժեղ Հայաստան՚:
Պարոն Շարմազանովն իր խոսքն ավարտեց Ռուսաստանի նախկին վարչապետ Պյոտր Ստոլիպինի հայտնի խոսքի նմանությամբ. ՙԵթե ոմանց հարկավոր են մեծ ցնցումներ, մեզ պետք է հզոր Հայաստան, եւ մենք միասին գնալու ենք այդ ուժեղ Հայաստանի կառուցման ճանապարհով՚: