Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՍԻՄ-Ը ԿՊԱՇՏՊԱՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ամանորի նախաշեմին, դեկտեմբերի 28-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի ընդլայնված նիստը, որի օրակարգում լսվեց կուսակցության նախագահի զեկույցը 2012թ.-ին կուսակցության կատարած աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվեց ՍԻՄ-ի պաշտոնական դիրքորոշումը նախագահական ընտրություններում, մասնավորապես Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու հարցը: ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ողջունելով կուսակիցներին, հյուրերին, խոսքը հանձնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ` ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ, ով ողջունեց սիմականներին, հյուրերին:

ՙՀՀԿ-Ն ԵՒ ՍԻՄ-Ը ՈՒՆԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՏԱՐՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՚


Շարունակելով խոսքը պարոն Շարմազանովը նշեց. ՙ Որպես Ազգային ժողովի փոխնախագահ եւ որպես քաղաքական ուժի` ՀՀԿ-ի գործադիր մարմնի ներկայացուցիչ պետք է կարեւորեմ եւ մեկ անգամ եւս հաստատեմ, որ մեր համագործակցությունը ՍԻՄ-ի հետ ընթանում է նույն ուղղությամբ, այն է ՀՀ-ի հզորացումը, անվտանգության մակարդակի բարձրացումը, ազգային գաղափարախոսության զարգացումը եւ է°լ ավելի տարածումը նոր սերնդի մոտ, ինչպես նաեւ մերժումը ցանկացած հակաքրիստոնեական եւ ցանկացած հակագզային արարքի: Մեր համագործակցութունը ունի ավելի քան 20 տարվա պատմություն, եւ երբ դեռ նոր էր ծնունդ առնում թե ՀՀԿ-ն եւ թե ՍԻՄ-ը, անկախության առաջին տարիներին մենք խփում էինք նույն մեխին, քանի որ մեր համոզմունքները նույնն էին, որ անկախությունը այլընտրանք չունի, ազգային արժեքները եւս: Վերջին ժամանակաշրջանում այս համագործակցությունը նոր թափ է ստացել, եւ ես ՀՀԿ-ի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր սիմականներին, որովհետեւ պետության համար վճռորոշ ժամանակաշրջանում ՍԻՄ-ը ընտրեց կայունության եւ ազգային արժեքների ուղին, իսկ վերջին ԱԺ ընտրություններին գնացինք միասին: Պատահական չէ, որ այսօր էլ Հանրապետական խմբակցությունը արդյունավետ աշխատում է` իր մեջ ունենալով այլ կուսակցությունների առաջնորդներին, այդ թվում` ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին: Ես համոզված եմ, որ մեր բոլոր գործերը միտված են լինելու էլ ավելի անվտանգ, ապահով, ազգային ու ժողովրդավարական Հայաստանի կերտման ուղղությամբ: Այսօր մենք ապրում ենք շատ վճռական ժամանակաշրջանում, ունենք բազում չլուծված խնդիրներ, բայց միեւնույն ժամանակ ունենք շատ կարեւոր երկու հարց. այն է` Արցախի միջազգային ճանաչումը եւ Հայոց ցեղասպանության դատապարտման միջազգային ճանաչումը: Այս երկու հարցերում, իմ կարծիքով, քաղաքական ողջ սպեկտորը պետք է խփի նույն մեխին, եւ ես շատ ուրախ եմ, որ ՍԻՄ կուսակցությունը այն քաղաքական ուժերից մեկն է, որ վերը նշված երկու ազգային, շատ կարեւոր պետական հարցերում ունի շատ ճիշտ կողմնորոշում եւ առաջամարտիկներից մեկն է ազգային գաղափարախոսության: Ես ուզում եմ հիշատակել կարկառուն գործիչներից մեկի` Քենեդու այն խոսքերը, որ ներքին քաղաքականության մեջ մեր ձախողումները կարող են տանել իշխանափոխության, բայց արտաքին քաղաքականության ձախողումները կարող են մեզ տանել դեպի գերեզման: Որպեսզի մենք գնանք ճիշտ ուղղությամբ, մենք ազգային գործերով պետք է կարողանանք համախմբվել եւ վարել ճիշտ քաղաքականություն, ազգային գաղափարախոսությունը կրող քաղաքական ուժերի հետ, որոնցից մեկը ՍԻՄ-ն է: Օրվա հրամայականն է անվտանգ, ուժեղ, ապահով Հայաստանի կառուցումը: Մենք այլեւս չափահաս պետություն ենք եւ իրավունք չունենք մանկական չարաճճիությունների, եւ մենք բոլորս ուզում ենք ուժեղ Հայաստան՚:
Պարոն Շարմազանովն իր խոսքն ավարտեց Ռուսաստանի նախկին վարչապետ Պյոտր Ստոլիպինի հայտնի խոսքի նմանությամբ. ՙԵթե ոմանց հարկավոր են մեծ ցնցումներ, մեզ պետք է հզոր Հայաստան, եւ մենք միասին գնալու ենք այդ ուժեղ Հայաստանի կառուցման ճանապարհով՚:

ՙ2012-ԻՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԻ՚

ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի նիստին իր խոսքը ներկայացրեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ով իր ելույթում ամփոփեց կուսակցության տարեկան հաշվետվությունը` մասնավորապես նշելով, որ կազմակերպչական առումով կուսակցությունը ունեցել է բավական արդյունավետ տարի.
ՙԱմփոփելով 2012թ. պետք է նշեմ, որ հատկապես կազմակերպչական առումով ունեցել ենք բավականին արդյունավետ տարի, մեր կուսակցությունը այս տարի մասնակցեց ԱԺ ընտրություններին` ՀՀԿ-ի ցուցակով: Մեր մարզային տեղական կառույցները, ինչպես նաեւ լրատվական միջոցները կատարեցին իրենց աշխատանքներն այդ ուղղությամբ: Ուզում եմ ընդգծել, որ այս ընտրությունները տարբերվում էին իրենց օրինականությամբ, արդարությամբ, թափանցիկությամբ: Երկրի նախագահը իր մոտեցումներով նոր երանգ մտցրեց 2012թ ընտրություններում եւ բացի այն, որ ապահովեց ընտրությունների օրինականությունը, նաեւ Հանրապետական կուսակցության շուրջ ստեղծեց ժողովրդական ճակատ եւ ապահովեց ոչ միայն մեկ քաղաքական ուժի` ՀՀԿ-ի ներկայությունը ԱԺ մեծամասնության մեջ, այլ վեց այլ կուսակցությունների, այդ թվում ՍԻՄ-ի: Սա բավական մեծ նվաճում էր մեր քաղաքական համակարգի համար: Նույնը կարող եմ ասել նաեւ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, որոնք անցան աննախադեպ հաջողված եւ որեւէ լուրջ խախտում գրանցված չի եղել, որը նոր մշակույթ է մեր ընտրական համակարգում: Պետք է ասեմ, որ երկրի նախագահը ստանձնել է շատ կարեւոր եւ ծանր աշխատանք, այն է` երկրի, իշխանության, պետական համակարգի դեմքի փոփոխությունը՚:
Անդրադառնալով նաեւ կուսակցության լրատվական գործունեությանը` ՍԻՄ նախագահը նշեց. ՙԿուսակցությունը ողջ տարվա ընթացքում հաջողությամբ տպագրեց ՙԻրավունք՚ թերթը, որը մեր խոսափողն է, մեր գաղափարական առաջամարտիկը: Կուսակցությունը աջակցեց նաեւ ՙԱրգումենտի նեդելի՚ ռուսերեն թերթի կայացմանը, շարունակում է գործել ՙԱզդակ՚ լրատվական ակումբը: Մենք մեր ազգային-պահպանողական գաղափարախոսությունը ներդրեցինք շատ կարեւոր մի ոլորտում` ներկայացնելով հայ ընտանիքում հայ կնոջ կերպարը եւ այն ամփոփեցինք ՙԶարուհի՚ կանանց մասին ամսագրում: 2012թ.-ին www.iravunk.com եւ www.zaruhi.com կայքերը դարձան օնլայն:՚
Ազգային ժողովում կուսակցությունը ներկայացրել է կառավարությանը ծրագրի վերաբերյալ 17 առաջարկություն, բյուջեի վերաբերյալ` 22 առաջարկություն, որից մեկն ընդունվել է ամբողջությամբ. այն է` գիտնականներին սոցիալական փաթեթում ներգրավելը, որը մեր կուսակցության նվաճումն է եւ մեր մոտեցումը գիտության խնդիրներին, որն ընկալվեց եւ աջակցություն ստացավ երկրի կառավարության կողմից: ԱԺ-ում հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով, ներկայացվել են վեց օրենքի նախագծեր, ուսումնասիրվել են բազում նամակներ, դիմումներ քաղաքացիներից, կատարվել են հարցումներ կառավարությանը եւ այլն:
Ինչ վերաբերում է ՍԻՄ-ի միջազգային հանդիպումներին, ապա կուսակցության ղեկավարը այն կարծիքին է, որ այդ ոլորտը բավական ակտիվ էր. ՙՄենք մասնակցել ենք Եվրասիական մամուլի ֆորումներին, ԱՊՀ երկրների գլխավոր խմբագիրների կազմում հանդիպել եմ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի եւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, որոնց հետ ունեցել ենք 3 ժամանոց քննարկումներ, որոնց մի մասը արտացոլվել է հրապարակումներում: Որպես ԱԺ պատգամավոր մասնակցել եմ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին՚:

ՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ` ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ
ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ՚

Պարոն Բաբուխանյանը ներկայացրեց, որ ՍԻՄ-ի համար 2012թ. անցավ հայ ազգային արժեհամակարգի համար պայքարի մեջ. ՙՄեր կուսակցությունն իր առջեւ դրել է նպատակ`ազգային արժեհամակարգի պաշտպանությունը տարբեր գրոհներից ու վտանգներից, որոնք հինգն են: Առաջինը արժեհամակարգի դեմ գործող մի շարք աղանդներն են, որոնց նպատակն է քայքայել հայ ինքնությունը, մտածելակերպը: Այդ տոտալիտար աղանդները ղեկավարվում են դրսից եւ որեւէ կապ չունեն խղճի ազատության հետ, առավել եւս քրիստոնեական հավատի եւ կրոնի հետ: Այդ աղանդների հարձակումը մեր արժեհամակարգի, Հայ առաքելական եկեղեցու դեմ, բավական վտանգավոր է: Դրանցից մեկը ՙԿյանքի խոսք՚ աղանդն է, որը հասավ նրան, որ մեզ հետ մտավ դատական վեճի մեջ, ինչը շարունակվում է մինչ հիմա:
Մենք գտնում ենք, որ անթույլատրելի են հայ ընտանիքի դեմ կատարվող գործողությունները, մեր բարոյականության եւ ազգային պատկանելության դեմ: Իսկ նմանատիպ բազմաթիվ ՀԿ-ներ կան, որոնց մենք անվանում ենք գրանտակեր կամ գրանտածիծ, գրանտասուն, որոնք սնվում են դրսից եկած գումարներով եւ միտված են քայքայելու հայ ընտանիքը: Դրանց թվում է ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ գրանտածիծ ՀԿ-ն, որ կազմակերպում է խայտառակ ներկայացումներ եւ լեզուս չի պտտվում նույնիսկ դրանց անվանումը ասեմ: Չի կարելի թույլ տալ, որ նման կազմակերպությունները քայքայեն հայ բարոյականությունը: Սրանք կազմակերպում են անառակությունը քարոզող միջոցառումներ, օրինակ` ՙկարմիր խնձորի՚ թաղում, որը զուտ ՙկարմիր խնձորի՚ թաղում չէ, այլ հայ ազգային բարոյականության ու արժեքների թաղման արարողությունն է: Մենք պետք է մտածենք, որ նման գործողությունները վիրավորում են մեր ամբողջ ազգին, նրա արժանապատվությունն ու ինքնությունը: Պետք է մտածենք, որ գուցե մենք պետք է նախահարձակ լինենք եւ դատի տանք նման կազմակերպություններին: Կամ վերցրեք այն 20 կազմակերպություններին, որոնք փոձում էին միասեռականներին քարոզող ֆիլմեր ցուցադրեն Հայաստանում: Սա ապտակ է մեր հասարակական բարոյականությանը: Մենք պետք է կարողանանք վստահ լինել, որ մեր երեխաները մեծանում են հայկականության մթնոլորտում: Այստեղ մի շատ կարեւոր բան կա, փոքրամասնությունները փորձում են իրենց իրավունքները պաշտպանել եվրոպացիների դրդմամբ եւ ֆինանսավորմամբ` ագրեսիվ ձեւով: Այսինքն խնդիր է ծագում, որ Հայաստանում պետք է պաշտպանվեն ոչ միայն փոքրամասնությունների իրավունքները, այլեւ առաջին հերթին մեծամասնության` մեր ազգային արժեքներով ապրելու իրավունքը: Ինչպես գիտեք ՀՀԿ-ի 14-րդ համագումարում երկրի նախագահը նշել է, որ հայ ընտանիքը մեր երկրի կարեւորագույն արժեքն է, ինչպես նաեւ նշել է, որ մենք պետք է ունենանք հայկական եւ լավ իմաստով պահպանողական ընտանիք, իսկ մենք մեր կուսակցության գործունեության մեջ պետք է կարողանանք այդ խնդիրները պաշտպանել:

ՙՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ
ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚


Այստեղ պետք է կարողանանք տեսնել, թե ժողովրդավարական արժեքները նույնպես վտանգի են ենթարկվում այդպիսի տոտալիտար աղանդերի ու ՀԿ-ների կողմից: Ամբողջ տարվա ընթացքում ՙԻրավունք՚ թերթը գտնվում էր հարձակումների ներքո` կրոնական փոքրամասնությունների, տարբեր հակազգային գաղափարախոսություններ դավանող կազմակերպությունների հետ դատական գործընթացներում, ովքեր տարբեր միջոցներով փորձում էին ճնշել ՙԻրավունք՚-ին միայն այն բանի համար, որ ՙԻրավունք՚-ն ունի այլ կարծիք: Այսինքն` դրանք վտանգավոր են ոչ միայն նրանով, որ հարձակում են գործում մեր արժեհամակարգի վրա, այլ, որ փորձում են հարվածել ժողովրդավարական արժեքներին, այն է` խոսքի, կարծիքի, մամուլի ազատությունը: Այսինքն` այն ամենն են փորձում խոչընդոտել, ինչի համար մենք պայքարել ենք 25 տարի: Մամուլի ու խոսքի ազատությանը հատուկ կարեւորություն է տրվում երկրի նախագահի կողմից. ՀՀԿ 14-րդ համագումարում հատուկ շեշտեց լրագրողների պաշտպանվածության, մամուլի ազատության մասին: Մեր կուսակցությունը արդեն 25 տարի է ունի թերթ եւ շատ լավ պատկերացնում է, թե ինչ տառապանքների միջով է անցնում լրագրողը: ԼՏՊ-ի կառավարման տարիներին ինչպիսի ճնշումների էին ենթարկվում լրագրողներն ու լրատվամիջոցները, իսկ 2007-ին ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը ենթարկվեց մահափորձի... Այսօր մամուլը ազատ է, հանգիստ կարող է տպագրել այն ինչ գտնում է անհրաժեշտ: Բայց, երբ ՙԿյանքի խոսք՚-ը բացեիբաց հայտարարում է, որ ՙպետք է անենք այնպես, որ մամուլը վախենա մեր դեմ քննադատություններ անելուց՚, սա պարզապես տոտալիտարիզմ է, սա խոսքի, մամուլի ազատությանը հարված է:
Մյուս վտանգը այն քաղաքական կազմակերպություններն են, որոնք փորձում են մեր ներքին կյանքը վերածել բախումների, անկայունության, երազում էին նարնջագույն հեղաջրջումների մասին` երկիրը տանելով դեպի այլ ճանապարհ, մոռանալով ցեղասպանության, Արցախի եւ ազգային ինքնության բոլոր խնդիրները: Վերցնենք Օսկանյանի դեպքը, ով ֆինանսավորվում է արտասահմանից, իր ՙՍիվիլիթաս՚ կազմակերպության միջոցով. թեկուզ այս մեկ օրինակը բավարար է, որ մենք պատկերացնենք, թե ինչպիսի վտանգի է ենթարկվում Հայաստանը եւ այն աղմուկը, որը բարձրացրեցին ԱՄՆ-ի եւ եվրոպական դեսպանությունները, ցույց տվեց, որ Վ. Օսկանյանը ոչ թե ընդամենը լոկ ինքն իրենով է ունեցել այդ նենգ ծրագրերը, այլ նրա թիկունքում էին կանգնած շատ լուրջ միջազգային ուժեր: Հայաստանի սուվերենությունը պետք է պաշտպանենք նաեւ այստեղ եւ պատահական չէ, որ ուսումնասիրելով մանրամասնորեն Օսկանյանի գործը եկանք այն եզրակացության, որ ինչպես ՌԴ-ին այնպես էլ մեզ հարկավոր է ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենք: Եվ այն քաղաքական ուժերը, գործիչները, ՀԿ-ները, ովքեր ֆինանսավորվում են գրանտներով դրսից պետք է դրա մասին շատ պարզ ու թափանցիկ ներկայացնեն: Մյուս կարեւոր խնդիրը դա մշակութային էքսպանսիան է, հեռուստատեսությամբ ցուցադրվում են երբեմն այնպիսի սերիալներ, որոնք թելադրում են օտարերկրյա բարքերը: Գլոբալիզացիան իր հետ բերում է շատ անուղղելի վտանգներ: Մենք պետք է կարողանանք ապահովել մեր երկրում հայկական մտածելակերպը, հայկական մշակույթը, որը չի նշանակում, որ մենք չպետք է շփվենք այլ ազգերի բարձր մշակույթի հետ: Մենք միշտ կոչ ենք անում եվրոպացիներին` բերեք մեզ մոտ ձեր դասական երաժշտությունը, թատերական արվեստը, մենք ուզում ենք տեսնել Շիլլեր, Շեքսպիր, մենք ուզում ենք լսել Բեթհովեն, Բախ, բայց սրան հակառակ բերում են հոմոսեքսուալիստների մասին ֆիլմեր, կամ ադրբեջանական ֆիլմերի փառատոն են ուզում անցկացնել: Եվրոպացիների այս ուղղությունը մեզ համար անհասկանալի է: Մենք կընդդիմանանք եթե մեզ սկսեն համոզել, որ Թուրքիան կամ Ադրբեջանը մեր թշնամին չէ: Իսկ քանի Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, ապա եվրոպացիները պետք է կամ դադարեցնեն Ադրբեջանի ագրեսիվ տրամադրությունները, կամ հարգեն մեր ինքնապաշտպանության եւ սուվերեն ապրելու իրավունքը:
Նախագահ Սարգսյանը իր ելույթում նշեց, որ պետք է պաշտպանենք մեր երկրի մշակութային ժառանգությունը եւ հայկականության ձգողականությունը: Հայաստանի հողի համն ու հոտը շատ կարեւոր է, որովհետեւ համեմատելով այլ երկրների հետ գուցե մեր սոցիալական վիճակն այն չէ, բայց չկա աշխարհում երկիր, որ ունենա հայկական հողի ձգողականությունը եւ այն պահպանելը ունի ստրատեգիական նշանակություն, եւ սա այն կապն է, որը մեզանից յուրաքանչյուրին կապում եւ պահում է իր հողի ու հայրենիքի հետ:

ՙՈՐՊԵՍԶԻ ԱՆՄԱՔՈՒՐ ՄԱՐԴԻԿ ՉԽԱՆԳԱՐԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ
ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՚


Հաջորդ վտանգը մեր ազգային ինքնության պահպանման համար դա կոռուպցիան է: Հարցը դրված է շատ լուրջ եւ պետք է կարողանանք ոչ մաքուր եւ ոչ գրագետ չինովնիկներին դուրս մղել իշխանության եւ պետական մարմիններից: Այս հարցը դրված է ամենաբարձր մակարդակի վրա` երկրի նախագահի հրամայականով, եւ ՍԻՄ կուսակցությունը իր բոլոր հնարավորություններով, մամուլով, կառույցներով, մարզերում, գյուղերում աջակցել եւ աջակցում է այդ նախաձեռնությանը, որպեսզի անմաքուր մարդիկ չխանգարեն կառուցել մեր պետությունը, որ մեր ժողովուրդը հանգիստ ապրի եւ օգտվի իր իրավունքներից: Մենք այս տարի նման բազում դեպքեր ենք բացահայտել ու բարցրաձայնել: Ի±նչ արժե այն դատավորը, որը դատապարտում է մի կազմակերպության, որը գոյություն չունի, չի աշխատում վերջին չորս տարվա ըթացքում, ի±նչ արժե մի բժիշկը, ով չի օգնում վիրավոր երեխային ում բերել են իր առանձնասենյակ, ով մերժում է այդ օգնությունը, ի±նչ արժե այն պետական ծառայողը, ով կաշառք է վերցնում:
Բայց արդյոք կա± պայքար այդ ամենի դեմ, այո°, պայքար կա: Եթե համեմատենք նախորդ տարիների եւ ներկայիս իրավիճակը կտեսնենք կտրուկ փոփոխություն: Այսօր բանտում են այնպիսի մարդիկ, ովքեր համարվում էին իշխանական թիմի անդամ, բայց այդ մարդիկ կրեցին եւ կրում են իրենց պատասխանատվությունը: Նրանց համար ոչ մի, այսպես ասած, զիջում տեղի չունեցավ: Նախագահը` անցնելով գերատեսչությունից գերատեսչություն, նախարարությունից նախարարություն, համակարգից համակարգ, պարզ, հստակ ասել է, որ այն մարդը, ով կփորձի մեր երկրի քաղաքացիների, երկրի բյուջեի հաշվին լցնել իր գրպանը, կհայտնվի բանտում` նրանց կողքին, ովքեր արդեն այնտեղ են: Եվ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ չէին էլ կարող պատկերացնել, որ կարող են հայտնվել ճաղերի հետեւում, բայց հայտնվեցին: Ընթանում է շատ լուրջ պայքար ամենաթողության, անպատժելիության դեմ: Եվ երբ երկրի նախագահը հանձնարարեց բոլոր պաշտոնյաներին քաղաքացու հետ խոսել ԴՈՒՔ-ով, դա նշանակում է շատ պարզ հրահանգ, երկրի քաղաքացու իրավունքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվությունը պետության համար, քաղաքական թիմի համար ամենակարեւոր արժեքն է: Եվ եթե այսուհետ կլինեն պաշտոնյաներ, ովքեր կփորձեն Դուք-ով չխոսել, ապա ձեր պարտականությունն է` որպես մեր կուսակցության մարզային, համայնքային, կառույցների ղեկավարներ, դրա մասին տեղեկացնել, բարձրաձայնել, եւ մենք ունենք հնարավորություն այդ ահազանգը հասցնել` ուր որ պետք է՚:
ՍԻՄ նախագահը իր ելույթում կարեւորեց նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրները. ՙՀասկանալի է, որ խնդիրները շատ են եւ երբեմն այս նախընտրական շրջանում որոշ մարդիկ փորձում են ոչ թե հասկանալ իրավիճակը, այլ օգտագործել մեր դժվարությունները, իբր քաղաքական պայքարի մեջ: Իրականում պետք է տեսնել նախ դրականը. կառուցվում է աղետի գոտին եւ շատ արագ տեմպերով: Իհարկե այստեղ դեռ կան խնդիրներ, եւ մեր Սպիտակ քաղաքի կառույցի կողմից ստացվել է առաջարկ ավելի մեծ ուշադրություն դարձնել բնակարանաշինությանը: Հաջորդը. սոցիալական փաթեթների շնորհիվ առաջին անգամ անցած տարի բազմաթիվ ուսուցիչներ ստացան հնարավորություն հանգստանալու եւ բուժվելու պետության հաշվին: Այս տարի կավելանան նաեւ գիտաշխատողները: Պաշտպանվում են սպառողի շահերը եւ վերջին մեկ տարվա ընթացքում որքան աշխատանք է տարվել այդ ուղղությամբ, քանի տնտեսվարող սուբյեկտներ տուգանվեցին, ստուգվեցին եւ այլն: Այսինքն` կատարվում են աշխատանքներ, որի արդյունքում շահում է սպառողը: Իհարկե, կան բացթողումներ, ով չգիտի, բայց այդ բացթողումների դեմ պետք է պայքարել համապատասխան քայլերով ու տեմպով: Ի վերջո երկրի նախագահի կողմից դրվել է խնդիր, որ բարեկեցիկ կյանքը, յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է դառնա մեր կենսակերպի նորմը՚:

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին, ԱԺ պատգամավոր Հ. Բաբուխանյանն ասաց. ՙՆախագահական ընտրություններին մենք մոտենում ենք բավականին յուրահատուկ եւ յուրատեսակ մթնոլորտում: Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում էին, իբր քննադատել մեր երկրի նախագահի ու նրա քաղաքական թիմի` Հանրապետական կուսակցության եւ նրա հետ դաշինքի մեջ գտնվող կուսակցությունների քաղաքականությունը, նախագահական ընտրությունների շեմին պարզվեց, որ ի վիճակի չեն մասնակցելու այդ ընտրություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդամենը օրեր առաջ հայտնաբերեց, որ 68 տարեկան է, մինչեւ այդ նա չգիտեր: Եվ հայտնաբերելով այդ տարիքը` նա հրաժարվեց պայքարից: Իրականում իրավիճակն այլ է, պարզապես Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց իր իրական դեմքը, իրական նպատակները: Եթե դուք հետեւում եք մամուլին, ապա մենք մարտի մեկից մինչ օրս ասում ենք նույն բանը: Մարտի մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լեւոն Զուրաբյանը օգտագործում էին իրենց նեղ քաղաքական նպատակների համար եւ, ի վերջո, փոխանակեցին յոթ մանդատի հետ: Իրենց խնդիրը ոչ թե այդ դեպքի կանխումն էր կամ բացահայտումը, այլ ինչպես ասում է Լ. Զուրաբյանը, պայքարն ընդամենը իշխանության համար էր: ՀԱԿը, որը նույն ՀՀՇ-ն է, տեսել ենք, թե ինչպես է քանդել երկիրը, կործանել տնտեսությունը: Իսկ այսօր Բագրատյանը, ում խղճի վրա է ողջ տնտեսության ոչնչացումը, փորձում է մտնել նախագահական պայքարի մեջ եւ ինչ-որ նախընտրական հեքիաթներ ներկայացնել մեր ժողովրդին: Նա անգամ չգիտեր, թե ինչ է ազգային արժեքը տնտեսության մեջ, ժամանակին քարոզում էր վուլգար լիբերալիզմ ասելով որ պետությունը ընդհանրապես չպետք է խառնվի տնտեսության մեջ եւ տնտեսությունն ինքն իրեն պետք է զարգանա եւ այդ գազանային պայքարում ով չի դիմանա`թող կմեռնի: Մենք ծանոթ ենք իր կատարած աշխատանքին եւ կարող ենք համեմատել իր եւ ներկայիս նախագահի աշխատանքը, որը հինգ տարիների ընթացքում բացել է աշխատատեղեր, ամեն օր զբաղվել է մեր տնտեսության հարցերով, մտահոգվել է մեր երկրի քաղաքացիների սոցիալական իրավունքները պաշտպանելու խնդրով:
Շատ է խոսվում այն մասին, որ գործող նախագահին չկա մրցակից: Մենք գտնում ենք, որ առաջին փուլով կլինի երկրի ներկայիս նախագահի հաղթանակը: Բայց եկել ենք դրան ոչ այն պատճառով, որ քաղաքական ընդդիմությունը մերժվել է, ճնշվել, մեկուսացվել, ինչպես դա եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ հենց մեր կուսակցության դեմ, երբ թույլ չէին տալիս մասնակցել ընտրություններին, իսկ պարոն Ջհանգիրյանը դրա ջատագովն ու նախաձեռնողն էր: Այդպես է եղել 2003թ. ընտրություններին, 2006-2007թթ-ին, երբ մեր կուսակցությանը անընդհատ ճնշում էին ընդդիմադիր լինելու պատճառով: Իսկ այսօր ընդդիմության համար ճիշտ հակառակ պատկերն է, ավելին` մի բան էլ առավելություններ են տրվում քաղաքական ընդդիմությանը: Օրինակ` ԱԺ-ում ընդդիմությունը շատ ավելի իրավասություններ ունի, քան քաղաքական մեծամասնությունը: Ո±վ է մեղավոր, որ ընդդիմության մեջ չգտնվեցին մարդիկ, ովքեր կզբաղվեին երկրի տնտեսության հարցերով, ովքեր կառաջարկեին նորանոր ծրագրեր եւ ոչ թե առավոտից երեկո զբաղվեին ցեխ շպրտելով քաղաքական մեծամասնության վրա, որպեսզի ապահովեն իրենց ներկայությունը քաղաքական դաշտում: Անցել են այն ժամանակները, երբ քաղաքական դաշտում ներկայանալու համար պետք է պարզապես հայհոյես եւ բանսարկությամբ զբաղվես: Եկել է ժամանակը, երբ պետք է աշխատես, գաղափարներ տաս եւ այդ գաղափարների մրցակցությունն ապահովես, իսկ այդպիսի քաղաքական ընդդիմություն մենք չենք տեսնում, որ հնարավորություն ունենար բանավիճել այն քաղաքական թիմի հետ, որը գլխավորում է երկրի նախագահը: Այսպիսով, նախընտրական վիճակը ես համարում եմ շատ բարվոք: Վստահ եմ, որ առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն ազատ, արդար, բոլոր միջազգային չափանիշներին համապատասխանող, եւ մեր կուսակցությունն այդտեղ նույնպես պետք է իր լուման ներդնի: Բոլոր քաղաքական ուժերն ունեն հնարավորություն արտահայտվելու, բայց միեւնույն ժամանակ համոզված եմ, որ երկրի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը չունի այսօր մրցակից:
Պետք է նշեմ, որ այս դեպքում մենք պետք է մտածենք ոչ միան ներքին այլեւ արտաքին մարտահրավերների մասին: Այսօր շատ ծանր իրավիճակ է ստեղծվել մեր տարածաշրջանում. Սիրիայի, Իրանի խնդիրները, անգամ Աֆղանստանի իրավիճակը կարող է անդրադարձ ունենալ Հայաստանի վրա: Ադրբեջանում քարոզվում է ռասիզմ, ինչի պարզ վկայությունն էին վերջին դեպքերը: Թուրքիան շարունակում է նեոօսմանիզմի քաղաքականությունը, ունի շատ վտանգավոր ծրագիր: Այս պայմաններում շատ կարեւոր է, որ երկրի նախագահը վարի այնպիսի արտաքին քաղաքականություն, որ քննարկման ենթակա չլինի որեւէ մի տարբերակ, որը հաշվի չառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սերժ Սարգսյանը խնդիր դրեց Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է ցեղասպանության հացին, ապա այդ ուղղությամբ եւս տարվում են շատ լուրջ աշխատանքներ եւ նրա ճանաչման կարեւոր խնդիրը դրված է երկրի արտաքին օրակարգի ամենաբարձր տեղում: Այս ամենը մեր կուսակցության համար ոգեւորիչ է, որովհետեւ կար ժամանակ, երբ ամեն օր մենք փորձում էինք մեր երկրի ղեկավարներին համոզել, որ ցեղասպանությունը կարեւոր խնդիր է: Կար ժամանակ, երբ մենք փորձում էինք կանխել Արցախի հանձնումը, եւ հիմա մենք ավելի մանրամասն գիտենք Մեղրիի հանձնման տարբերակի մասին: Իսկ այսօր մեր երկրի նախագահը այնպիսի ազգային խնդիրներ է բարձրացնում, որոնք համահունչ են մեր կուսակցության ոգուն եւ ծրագրերին:
Ինչ վերաբերում է Զինված ուժերին, այս մասին ՀՀ նախագահը նշել է, որ դրանք պետք է լինեն թիվ մեկ գրավականը մեր անվտանգության: Դա այդպես էլ կա եւ մի քանի օր առաջ մեր երկրի արեւելյան սահմաններում ականատեսը եղանք հրաշալի զինված, կարգապահ ու պատրաստված զորքի երդման արարողությանը: Մեր բանակը մեր պաշտպանության հիմնասյունն է:
Շատ կարեւոր է այն քաղաքական կուրսը, որը դրված է ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցությունը խորացնելու հարցում, եւ այդ խնդիրը դրվել է երկրի նախագահի կողմից, իսկ մեր կուսակցությունը միշտ եղել է ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության ջատագովը: Այսօր մենք հայտարարում ենք, որ կողմ ենք, որպեսզի Հայաստանը գնա դեպի Եվրասիական Միություն, լինի այդ շարժման առաջամարտիկը, ավանգարդը: Հիշեք 1918թ. երբ Հայաստանը չընկալեց այն պահը, որ պետք է գնա ՌԴ-ի հետ, որի արդյունքում տուժեց:
Իսկ վերջում կավելացնեմ, որ մեզ պետք է կանխատեսելիություն քաղաքականության մեջ, եւ դա ապահովում է Սերժ Սարգսյանը, ինչպես արտաքին քաղաքականությունում, այդպես էլ ներքին: Մեզ պետք է, որպեսզի երկրի նախագահը լինի փորձառու, եւ մենք ունենք այդպիսի ղեկավար, որը ապահովեց մեր երկրի կայունությունը ե°ւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից, ե°ւ արտաքին սպառնալիքներից: Մեզ հարկավոր է կայունություն, իսկ սոցիալական ոլորտում մենք չունեցանք այն հարվածները, որ ունեցան մի շարք, անգամ եվրոպական երկրներ, մենք ունեցանք խաղաղություն մեր սահմաններում, մենք ունեցանք համագործակցություն մեր ներքաղաքական կյանքում ներկայիս նախագահի շնորհիվ: Սիրելի բարեկամներ, մեր կուսակցությունը 25 տարեկան է: 25 տարին քիչ փորձ չէ, որպեսզի կարողանանք թացը չորից տարբերել, ճիշտը սխալից, եւ ես այսօր հենց այդ 25 տարվա փորձառության շնորհիվ առաջարկում եմ` երկրի ամենակարեւոր` նախագահական ընտրություններում մեր կուսակցությունը պաշտպանի երկրի ներկայիս նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին: