Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Արդյո՞ք ԲՀԿ-ի մեջ էլ չկային մարդիկ, որոնք աջակցել են կոռուպցիային

Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսելում արած հայտարարությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարում են մարդիկ, որոնք թաղված են կոռուպցիայի մեջ, ՍԻՄ նախագահ ,ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց. «Նման հայտարարությունները, որոնք կրում են ավելի շատ քաղաքական բնույթ, ոչ թե գործնական, կարող են բերել ավելորդ լարվածության՝ նախընտրական շրջանում: Իսկ դուք գիտեք, որ  երկրի նախագահը միշտ կոչ է արել չվերածել ընտրությունները հակամարտության: Դարձնել դա պարզապես մրցույթ՝ գաղափարների, առաջարկությունների, մեր երկրի, մեր ժողովրդի ապագան կառուցելու առումով: Հետեւաբար կարծում եմ, որ պետք չէ նման հայտարարություններով շիկացնել մթնոլորտը: Երկրի ղեկավարությունը՝ նախագահի ղեկավարությամբ, վարում է հակակոռուպցիոն հստակ ընդգծված քաղաքականություն, դրա համար երկրի նախագահը, երկրի վարչապետը բազմիցս խոսացել է օլիգոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին եւ այն փաստերը, որ այսօր բանտում են գտնվում մի շարք  ղեկավար անձինք, այն փաստը, որ բազմաթիվ պաշտոնյաներ նաեւ ադմինիստրատիվ պատասխանատվության են ենթարկվել, հեռացվել են աշխատանքից ապացուցում է, որ իրական պայքար է տարվում»:

Հարցին՝ չե՞ ք կարծում, որ դա ընդամենը նախընտրական հնարք  էր, պարոն Բաբուխանյանը վստահեցրեց, որ դա ոչ թե նախընտրական շրջանում է եղել, այլ՝ ընտրություններից  ավելի շուտ. «Պետավտոտեսչության պետի գործը եղել է 1 տարի առաջ: Ի՞նչ նախընտրական...»:

Հարցին՝ դուք ներկայումս կոռումպացված պաշտոնյայի գիտե՞ք, նա պատասխանեց. «Եթե իմանայի, անպայման կդիմեի դատախազություն: Իհարկե, մեր երկրում կա կոռուպցիա, բայց բացահայտել դա, հանել ջրի երես, դա լուրջ խնդիրներ են: Միայն ցանկությունով կամ ենթադրությունով չես կարող մարդուն վերցնես, տանես բանտ: Չմոռանանք նաեւ, որ ԲՀԿ-ն ինքը վերջին 5 տարիներին հանդիսացել է իշխող ուժ, կոալիցիայի անդամ, այսինքն՝ եթե կոռուպցիա կա երկրում, կարող ենք հարցադրում անել մեր ԲՀԿ-ական գործընկերներին՝ լավ, 5 տարի դուք գտնվել եք կոալիցիայի մեջ, եթե կար կոռուպցիա, իսկ այն կար, ապա ինչո՞ւ չէիք պայքարում: Եւ արդյո՞ք ձեր մեջ էլ չկային մարդիկ, որոնք աջակցել են կոռուպցիային, որպեսզի այն չբացահայտվի»: