Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Հ. Բաբուխանյան. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չունի մրցակից

«Այս տարվա դեկտեմբերի 28-ին ՍԻՄ կուսակցությունը հրավիրելու է խորհրդի նիստ, որի ընթացքում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին, նշեց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Վերջինս պարզաբանեց այդ որոշումը նրանով, որ ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում արձանագրված երկրի արտաքին և ներքին քաղաքականության զարգացման ուղղությունները ամբողջությամբ համահունչ են ՍԻՄ կուսակցության քաղաքական գծին:

«Պետք է գիտակցենք, որ մեր տարածաշրջանը գտնվում է շատ բարդ իրավիճակում, և մեր երկրին պետք է փորձառու առաջնորդ, ով ընկալելի է աշխարհի համար և կարողանում է ապահովել կայունությունը թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ: Եվ երկրի առաջնորդ մենք տեսնում ենք երկրի նախագահին, ով ապացուցել է իր այդ կարողությունները»,- ասաց Հ. Բաբուխանյանը:

ՍԻՄ առաջնորդի կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանը ընտրություններում կհաղթի հենց առաջին փուլում, քանի որ քաղաքական դաշտում երկրի նախագահն այսօր չունի մրցակից:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին ընդդիմության մասնակցությանը՝ Հ. Բաբուխանյանը նշեց, որ այսօր ընդդիմությունը գտնվում է թշվառ վիճակում:

«Ընդդիմությունը, ասենք ՀԱԿ-ը, կամ այն, ինչ մնացել է ՀԱԿ-ից, իսկ ՀԱԿ-ից բան չի մնացել. մնացել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ընդհանրապես չի խոսում, և Լևոն Զուրաբյանը, ով ավել-պակաս խոսում է իր ընկերների հասցեին, լավագույն դեպքում իրենց հնարավորությունները ընտրություններում գնահատում են 10%, և դա հենց իրենք են խոստովանում»,- ընդգծեց Հայկ Բաբուխանյանը: