Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Առաջին անգամ իշխանությունները ներողություն խնդրեցին իրենց թիմակցի պահվածքի համար

«Երկու անձերի միջև վիճաբանությունը պետք չէ տարածել ժողովրդի ապահովության զգացողության վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և Ա1+ կայքի լրագրող Մհեր Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպին և այն դիտարկմանը, թե որքանո՞վ է դա համահունչ ՀՀ նախագահի հնչեցրած «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսին, նշեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Վերջինիս դիտարկմամբ, երկրի ապահովությունը ոչ թե նման դեպքերով ու դեմքերով է պայմանավորված, այլ արտաքին աշխարհում մեր անվտանգության ու ինքնիշխանության երաշխիքների, իսկ ներքին քաղաքականութան մեջ՝ քրեական իրավիճակի նվազեցման, տնտեսական կայունության և օրենքի գերակայության հետ:

«Այդ բոլոր խնդիրները արծարծված են երկրի նախագահի ծրագրային ելույթում: Իսկ դրանից առաջ այդ ուղղությամբ կատարվել են բազմաթիվ գործողություններ իրավական հարթությունում, կոռուպցիայի դեմ պայքարում, երբ բազմաթիվ պաշտոնյաներ այսօր գտնվում են ճաղերի ետևում հենց կոռուպցիայի պատճառով, ինչը նախկինում չի եղել, և այլն: Իհարկե նման դեպքեր ու տգեղ պահվածք կարող են լինել, բայց դրանով չի պայմանավորված մեր երկրի ապագան»,- ասաց Հ. Բաբուխանյանը:

Հարցին, թե սեփական կուսակցի նման վարքագծի համար Հանրապետական կուսակցությունը պատասխանատվություն չի՞ կրում՝ Հ. Բաբուխանյանը հակադարձեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարությունը ներողություն է խնդրել այդ միջադեպի համար:

«Խնդրել են ներողություն, ինչը մինչ այդ չի եղել: Սա առաջին դեպքն է, որ երկրի իշխանությունները պատասխանատվություն վերցրեցին և ներողություն խնդրեցին իրենց թիմակցի այդ պահվածքի համար: Պետք է նշել, որ կան լոկալ տգեղ դեպքեր և կա ընդհանուր միտում: Իսկ ընդհանուր միտումն այն է, որ կա հարգանք լրագրողների, ազատ խոսքի և մամուլի հանդեպ»,- եզրափակեց Հայկ Բաբուխանյանը: