Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Հայկ Բաբուխանյանը հետնըտրական գործընթացում կարեւորում է իշխանության ու ընդդիմության շրջանակների միջեւ առկա հանդուրժողականությունը

14:02, 22 Փետրվար, 2013

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի պատմության մեջ փետրվարի 18-ին կայացած ընտրություններն առաջինն են, որոնք անցան  ազատ, արդար եւ թափանցիկ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: «Մենք բոլորս կարող ենք շնորհավորել միմյանց: Սրանք առաջին ընտրություններն էին, որոնցից մենք հաղթանակած դուրս եկանք, եւ մեր արտաքին թշնամիներին ու նրանց գործակալներին չհաջողվեց պառակտել մեր ժողովրդին»,- նշեց ԱԺ պատգամավորը: 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկ Բաբուխանյանն ընդգծեց նաեւ նախընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանում նախագահի թեկնածուների միջեւ եղած հանդուրժողական մթնոլորտի կարեւորությունը: «Այն հանդուրժողականության եւ հավասարակշռության մթնոլորտը, որ նախընտրական ժամանակաշրջանում կար թեկնածուների միջեւ, շարունակվեց նաեւ ընտրություններից հետո: Այդ մասին վկայում է փետրվարի 21-ին Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ կայացած հանդիպումը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը` հավելելով, որ այդ հանգստությունը փոխանվեց նաեւ ժողովրդին:
Ինչ վերաբերում է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված հանրահավաքին, Բաբուխանյանը նշեց, որ դա եւս մեկ անգամ վկայում է մեր երկրի ժողովրդավարության մասին, ինչը Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա գաղափարակիցներին հնարավորություն է տալիս ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը: 
Ընտրությունների արդյունքները ժողովրդի հաղթանակը հաստատելու հետ մեկտեղ վերջ դրեցին նաեւ թեկնածուների միջեւ մրցակցության բացակայության, ժողովրդի մեջ տիրող վախի մթնոլորտի եւ հանրապետության երեք խոշոր կուսակցությունների` նախագահական ընտրությունների նկատմամբ ունեցած անտարբերության մասին թյուր կարծիքներին: «Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը վկայում է ժողովրդի հետաքրքրված լինելու մասին, իսկ խոշոր կուսակցություններն իրենց մասնակցությունը բերեցին ընտրական հանձնաժողովների ստեղծման եւ ընտրական գործընթացի վերահսկման միջոցով»,- նշեց Հայկ Բաբուխանյանը:
Փետրվարի 18-ին ՀՀ քաղաքացիները վեցերորդ անգամ մասնակցեցին նախագահական ընտրություններին: Քվեարկության արդյունքում հավաքելով առավելագույն` 861 հազար 160 քվե` նախագահի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը: