Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Աղանդավորությունը  պատահական երեւույթ չէ - 2

այլըտրանքային ծառայության մասին օրենքի վերաբերյալ ԱԺ ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովի նախագահ Կ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ ԱԺ պատգամավոր Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԱԺ-ում 27.02.2013թ.


Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

-Պրն Նահապետյան, համամիտ եմ ձեզ հետ, որ նախագիծը թերի է։

Կ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

-Այդ մասով։

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

-Եթե ինչ-որ մասով թերի է, ուրեմն, ամբողջությամբ թերի է։

Իմ կարծիքով այն ժամանակավրեպ է։ Այսինքն՝ եթե դուք նշում եք, ասենք, որ հանձնաժողովի աշխատանքի նորմատիվները, չափորոշիչները դեռ որոշված չեն, որոշված չեն այն մեխանիզմները, որոնք պետք է վերահսկեն՝ արդյոք այդ այլընտրանքային ծառայությունն իրականացնողներն իրականում ծառայում են, թե չեն ծառայում եւ այլն։ Այսինքն՝ շատ բաներ կան, որոնք դեռ մնում են բաց։ Ի՞նչ կարծիքի եք, գուցե ժամանակավրեպ է՝ 3 տարի քննարկվել է, մի կես տարի էլ թող քննարկվի, չգիտեմ, օրինակի համար։ Ի՞նչն է պատճառը, որ մենք հիմա այս լարված իրավիճակում, խոսքս արտաքին սահմանների վերաբերյալ է, մենք մտցնում ենք այս օրենքն այս վիճակում։ Սա մեկ։

2-րդ՝ ուզում եմ ձեզնից հարցնել՝ ասվեց, որ Ադրբեջանում  նմանատիպ օրենք կա, բայց նմանատիպ դրույթներ այդ օրենքում կա՞ն, ոնց որ մենք հիմա փոփոխություններ ենք մտցնում, թե՞ կա, այսպես ասած, ձեւական կերպով։ Եթե ունեք տվյալներ, այդ օրենքով քանի՞ հոգի են Ադրբեջանում անցնում այլընտրանքային ծառայություն եւ այլն, եւ այլն։

Եվ նույն հարցերը վերաբերում են Իսրայելի փորձին։ Նախարարն ասաց, որ դեռեւս ուսումնասիրված չի, գուցե հանձնաժողո՞վն է ուսումնասիրել այդ հարցը։

Կ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

-Շնորհակալություն հարցերի համար։

Առաջինը կուզենամ արձագանքել մասի եւ ամբողջ հարաբերակցությամբ, որովհետեւ ես իմ խոսքում ընդամենը մի մասով ասացի, որ կարծում եմ թերի է, իսկ դրանից հետեւություն անել, որ ամբողջապես թերի է, ձեր իրավունքն է, դուք կարող եք նման հետեւություն անել։

Դուք նշեցիք, որ որոշված չեն չափորոշիչները։ Ես ասացի՝ ընթացակարգերը եւ այդ չափորոշիչները որոշված են մեկ այլ օրենքով, եւ անհրաժեշտություն եմ տեսնում, որ հենց այս օրենքով մենք առավել հստակ սահմանենք այդ չափորոշիչները։ Խոսքը վերաբերում էր «վարչարարական վարույթի եւ վարչարարության հիմունքների մասին» համապատասխան օրենքն։

Ժամանակավրե՞պ է, թե՞ ոչ։ Վստահ եմ, որ գիտեք, որ ՀՀ-ն մի շարք գործերով Եվրոպական դատարանում պարտվել է, որոնք վերաբերում էին Մարդու իրավունքների  եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքին։ Ծատուրյանը՝ ընդդեմ ՀՀ, Բայաթյանը՝ ընդդեմ ՀՀ, Բարախաթյանը՝ ընդդեմ ՀՀ, եւ այս գործերի շարքը կարող է ավելանալ։

Որքան գիտեմ, այս պահին բազմաթիվ դիմումներ կան Մարդու իրավունքների եվրոպական դատարան նորից այս նույն խնդրի հետ կապված։ Իսկ դուք լավ գիտեք, եթե  մենք Եվրոպական դատարանում գործ ենք տանուլ տալիս, ապա նաեւ որոշակի ծախսեր ենք վերցնում մեզ վրա։ Ես չեմ տիրապետում այս պահին, թե արդեն իսկ տանուլ տված գործերով մեր պետական բյուջեից որքան միջոց ենք մենք տրամադրել դիմումատուներին, բայց կարող եմ ասել, որ այս ընթացքը շարունակություն է ունենալու։

Անցած տարի ամռանը եվրոպական բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, փաստաբանական գրասենյակներ դիմում էին ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահի անունով։ Բնական է, իրենք ունեն իրենց հետաքրքրությունները, եւ մենք շատ լավ հասկանում ենք՝ այն անձինք, ովքեր հավակնում են այս օրենքից օգտվելու, որտեղից են կառավարվում։ Դրա մասին էլ շատ լավ տեղյակ ենք։ Եվ պատահական չի, որ նաեւ եվրոպական տարբեր կազմակերպություններ սկսեցին ակտիվանալ՝ փորձելով իրենց հավելյալ միջոցները գործադրել գործընթացն ավելի արագացնելու համար, բայց մենք ելնում ենք  մեր սեփական շահերից, մեր անվտանգության շահերից։ Եվ պետք է փորձենք, ի վերջո, կշռել՝ այս պարագայում արդյոք վտանգավո՞ր է հերթական դիմումների ընդունումը Եվրոպական դատարանի վարույթ եւ ՀՀ-ի դեմ նոր վճիռների կայացումը։ Իսկ որ դա կարող է տեղի ունենալ, եթե մենք չանենք այս օրենսդրական փոփոխությունները, դրա հավանականությունը շատ մեծ է։ Այսինքն՝ կան որոշակի խախտումներ, որոնք պայմանավորված են հենց օրենսդրության անկատարությամբ։ Եվրոպական դատարանը այդպիսի իրավասություն չունի որոշելու, որ մեր օրենքը չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի պահանջներին։ Նա արձանագրում է, որ կոնվենցիայով երաշխավորված այս կամ այն  իրավունքն է խախտվել, բայց դրա հիմքում կարող է դրված լինել նաեւ օրենքի ոչ պատշաճ կարգավորումը, որն այս դեպքում կարող ենք արձանագրել, որ առկա է։

Այդ իմաստով՝ այսօ՞ր անենք, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, այսօր պետք է անենք, բայց այս օրենքի հետ մեկտեղ, այս օրենսդրական փաթեթի հետ միասին ճիշտ կլիներ, որպեսզի մենք խղճի ազատության եւ կրոնական կազմակերպություններին վերաբերող օրենսդրությունն ամբողջապես գնահատենք եւ փորձենք նոր օրենսդրական կարգավորումներ տալ։ Եվ շատ ավելի ցանկալի կլիներ, որ հենց այս օրենսդրական փաթեթի հետ միասին մենք քննարկեինք այդ խնդիրը, կդառնար առավել ամբողջական։ Եվ սկզբունքորեն չեմ բացառում, որ մենք առաջիկայում կունենանք նաեւ աշխատանքային մեծ քննարկում՝ ընդլայնված կազմով, կամ անգամ կարող ենք խորհրդարանական լսում անցկացնել՝ ազգային անվտանգությանը սպառնացող այս խնդրի հետ կապված եւ՛ աղանդների մասով, եւ՛ մնացած այլ դրսեւորումների, որոնք սպառնալիքներ են ստեղծում մեր ազգի անվտանգության համար։ Բայց այսօր եթե մենք այս փոփոխությունները չանենք, ապա առաջիկայում հնարավոր է նաեւ նոր որոշումներ ընդդեմ ՀՀ-ի։

Նախագիծը ներկայացվել է դեկտեմբերի 20-ին։ Վենետիկի Հանձնաժողովը սկզբնական նախագծի համար իր վերջնական կարծիքը տվել է 2011թ. դեկտեմբերի 16-17-ը կայացած լիագումար նիստի ընթացքում։ Դեռեւս 2010 թվականից այս աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ինչ-որ մի փուլ պետք է որոշում կայացներ՝ ժամանա՞կն է արդյոք, թե՞ ոչ, եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Կարող ենք եւս մեկ ամիս հետաձգել կամ երկու ամիս, բայց, միեւնույն է, մենք պետք  է խնդրին անդրադառնանք, ընդունենք, որ կա խնդիր եւ փորձենք լուծումներ գտնել, որը կհամապատասխանի մեր ազգային շահերին։

Ես կուզենայի նաեւ արձագանքել երկու պետությունների հետ կապված՝ Ադրբեջան եւ Իսրայել, արդյոք մենք ունե՞նք որոշակի տվյալներ։

Կոնկրետ այս երկու պետությունների մասով ես ձեզ խոստանում եմ, որ լրացուցիչ ուսումնասիրություններ կկատարենք եւ կներկայացնենք ձեզ հետաքրքող տվյալները։