Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Աղանդավորությունը  պատահական երեւույթ չէ - 3

այլըտրանքային ծառայության մասին օրենքի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ելույթը ԱԺ-ում 27.02.2013թ.


 

Հարգելի գործընկերներ, հարցը շատ սկզբունքային է եւ շատ լուրջ։ Ի վերջո, այո՛, տպավորությունը ստեղծվում է այնպիսին, որ միջազգային ստանձնած պարտավորությունները Հայաստանի համար դարձել են բեռ եւ ոչ թե օգտակար գործոն։ Ստացվում է այնպես, որ մենք մեր ինքնիշխանության մի մասը կորցրել ենք։ Եվ եթե սովետի ժամանակ մենք պարտավորվածություններ ունեինք Մոսկվայի առաջ, այսօր այդ պարտավորվածությունները կամաց-կամաց սկսում են կենտրոնանալ եվրոպական տարբեր օղակներում։

Արդյոք միակողմանի՞ պետք է լինեն միջազգային պարտավորությունների հարցերը, արդյոք Հայաստանը չպե՞տք է ինքն էլ այդտեղից ստանա օգուտ։  Իսկ եթե մենք ասում ենք, որ մենք երկընտրանքի առաջ ենք, որ մեր անվտանգությունն է վտանգված այդ պարտավորությունների արդյունքում, ուրեմն, այստեղ ինչ-որ բան այն չէ։ Եթե մենք, այո՛, պետք է հարգենք այս կամ այն իրավունքը, ապա ինչո՞ւ Հայաստանի իրավունքը ոչ ոք չպետք է հարգի այդ նույն միջազգային ասպարեզներում։

Երբ մենք համագործակցում ենք ԱՊՀ շրջանակներում, նման պահանջներ մեր առջեւ չեն դրվում։ Երբ մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, հակառակը, ոնց որ թե մեր առջեւ ավելի շատ ուրիշներն են պարտավորվածություններ ստանձնում, քան մենք։ Այս դեպքում միակողմանի պարտավորվածություններ ունենք միայն մենք։ Այդպես է ստացվում։

Այո՛, կամովին ենք վերցրել, այո՛, ուզում ենք, ուզում էինք եւ էլի ենք ուզում, որպեսզի եվրոպական չափանիշները գործեն մեր երկրի հանդեպ եւ մեր երկրի ներսում։ Բայց երբ մենք կամովի ստանձնում էինք, ավելի քան 10 տարի առաջ, մենք ենթադրում էինք, որ Հայաստանն այլեւս չի ենթարկվի շրջափակմանն Թուրքիայի կողմից, եւ մեր եվրոպական բարեկամներն իրենց գործընկեր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային կստիպեն, որպեսզի նա բացի սահմանը եւ դադարեցնի շրջափակումը Հայաստանի նկատմամբ, մենք ենթադրում էինք, որ մենք գնում ենք այն ընտանիքը, որտեղ Սաֆարովին չեն ազատելու, իսկ ազատելուց հետո բռնելու են, դատապարտելու են եւ նորից են բերդ նստացնելու։ Մենք այդտեղ էինք գնում, այդպիսի եվրոպական չափանիշների էինք գնում։ Մենք ենթադրում էինք, որ դիպուկահարները չեն սպանելու մեր զինվորներին եւ չեն կրակելու մեր գյուղերի վրա։ Այո՛, մենք ենթադրում էինք, այդ դեպքում, իհարկե՛, մի աղանդ չէ, չորս հատ աղանդ թող լիներ, թող չծառայեն, Աստված իրենց հետ, մենք ենթադրում էինք, որ Հայաստանն ամեն օր չի լսելու սպառնալիքներ ագրեսիայի վերաբերյալ։

Այնպես որ, մենք, այո՛, գնում էինք այդ ճանապարհով, բայց այդ ճանապարհը ցույց տվեց, որ ճանապարհ է՝ առայժմ ոչ մի տեղ։ Եվ այստեղ մենք պետք է ոչ թե Ֆինլանդիայի, Էստոնիայի եւ Ավստրիայի օրինակները բերենք, այլ բերենք Իսրայելի օրինակը, որը շրջափակված է իրեն թշնամացած ազգերով եւ պետություններով։

Եվրադատարանի մասին, եթե հիշում եք, նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ես դիմեցի հարգարժան պրն նախարարին եւ ստացա պատասխան, որ մենք կրվել ենք այնպիսի դատեր, ոչ թե կրոնական առումով աղանդավորներին ինչ-որ իրավունքները չպաշտպանելու համար, այլ մենք այլ առումով ենք այդտեղ պարտվել։ Ոչ թե Եվրադատարանը մեզ դատապարտել է Հայաստանում կրոնական, հիշում եք, պրն նախարար, ես ձեզ հարց տվեցի, դուք էլ պատասխանեցիք։ Կրոնականը չի ճնշվել, խախտվել են այլ իրավունքներ, որոնք տվյալ դեպքում հենց Եհովայի վկայի կրոնական համոզմունքի հետ կապ չունի։ Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ մենք Եվրադատարանում մեր այդ դատերի պարտություններն իհարկե մտահոգիչ են, բայց ուղղակիորեն ես չէի կապի այս օրենքի գործունեության կամ չգործունեության հետ։

Հարց եմ տալիս ավելի խոշոր առումով։ Մենք ուզում ենք պաշտպանել այսօր ամենաշատը հարյուր հոգու իրավունքները, բայց դրանով, եւ ինքներս դա ընդունում ենք, կասկածի տակ ենք դնում երեք միլիոնի իրավունքն արտաքին ագրեսիայի պաշտպանված լինելու, ճանապարհները բաց ունենալու, իրենց երեխաներին, առաջին հերթին սահմանամերձ գյուղերի մասին է խոսքը,  անվտանգ պայմաններում դպրոց ուղարկելու, բայց իրավունքը մեր եվրոպացի ընկերները չեն տեսնո՞ւմ։ Երեք միլիոնինը չեն տեսնում, 100 հոգունը տեսնո՞ւմ են։

2-րդ հարցը՝ մենք ստեղծում ենք պայմաններ՝ 30կմ գնալ, գալ, տանը քնել, մայրիկի պատրաստած ճաշն ուտել, երեկոյան գաղափարակից ընկերների հետ քննարկել, ուրեմն, Աստվածի հետ կապված խնդիրները, թեոլոգիական խնդիրներ, հա՞, գիշերը, առավոտյան վեր կենալ, 4-ին գնալ փողոցն ավլել, հետո գնալ տուն, 30 ամիս եւ այլն։ Կարծում եմ ոմանց համար, կա այդպիսի մի շերտ, ոմանց համար դա կարող է դառնալ շատ գրավիչ, նորմալ։ Հայրենիքի պաշտպանի համար դա, իհարկե, նվաստացուցիչ է։ Ես ընդունում եմ, բայց կարծում եմ, որ կա շերտ, որը կհամարի, որ դա շատ գրավիչ տարբերակ է, քննություն պետք է հանձնեն աղանդավորության վերաբերյալ, այդ քննությունը կհանձնեն, առավել եւս, որ չգիտեմ ո՞վ է ընդունում քննությունը, այսինքն՝ աղանդավորության մասնագետնե՞ր պետք է լինեն մեր փոխնախարարները։ Ինչպե՞ս է դա լինելու, չեմ պատկերացնում։ Եվ, ուրեմն, լինելու է ցանկ այդ աշխատանքների։ Այդ ցանկը, կարծում եմ, պետք է լինեն բացառապես սահմանամերձ գյուղերը, բացառապե՛ս, ուրիշ ոչ մի տեղ, ոչ մի 30կմ, ոչ մի տանը քնել, ոչ մի մայրիկի ճաշն ուտել։ Սահմանամերձ գյուղերում եւ ոչ մի այլ տեղ չպետք է լինի այդ այլընտրանքային ծառայությունը։ Իհարկե, սա կոռուպցիայի բուն է, որովհետեւ եթե այսօր... Ընդունում եմ ձեզ, ձեր ասածը, պրն նախարար, որ հայ մարդը չպետք է տրվի այդպիսի բանի, որ հայրենիքի պաշտպանության հաշվին ինչ-որ հարցեր լուծի, բայց մենք ունենք հազարավոր նման օրինակներ, երբ մարդկանց  խոսեցնում ես, հարցնում ես մարդկանց՝ ինչպե՞ս եք, լա՛վ ենք, ինչի՞ մեր տղան պետք է ծառայի, մեր հարեւանի տղան չպետք է ծառայի, հազարավոր օրինակներ։ Այդպիսի ավանտյուրիստների մի մասը ձերբակալված են, ցույց են տալիս լրատվամիջոցներով, դատախազությունը գործ է հարուցում, ոստիկանությունը գործ է հարուցում։ Հիմա դրանք հա՛յ են, թե հա՛յ չեն, չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ։

Աղանդավորության աճն այսօր տարբեր էքսպերտների կարծիքով թիվը հասել է 300-350 հազար մարդ։ Այդ 300-350 հազար մարդու մոտավորապես կեսը, դա տոտալիտար քայքայիչ աղանդներ են։ Մենք, փաստորեն, գնում ենք դեպի օրենքի գերակայություն, բայց այդ օրենքի հանդեպ, փաստորեն, այդ աղանդավոր կազմակերպությունները կատարում են ոտնձգություն, ամենուրեք, զոռով կարելի է ասել, քարոզելով իրենց տեսությունները։ Եվ երբ մենք ուզում ենք ընդունել օրենք, որ կարգավորի այդ հարցը, ես էլ այդ օրենքի համահեղինակներից մեկն եմ, «Կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու, նույն Վենետիկի հանձնաժողովն այդտեղ էլ է խոչընդոտներ մտցնում։ Այսինքն՝ մի կողմից ասում ես՝ նրանց բերեք, տվեք բոլոր իրավունքները, մյուս կողմից, երբ ուզում ես ասել՝ բա, մենք էլ իրավունք ունենք, այսինքն՝ ես որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, ունե՞մ իրավունք, որպեսզի  չգան, ինձ փողոցում չբռնեն, ինձ չվիրավորեն, ասում են՝ չէ՛, դու դրա իրավունքը չունես։

Առաջարկում եմ հետաձգել օրենքը...մինչեւ լուծենք բոլոր մնացած հարցերը։