Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ Ե՛Վ ԱՊՐԵԼՆ Է ՀԵՇՏ, Ե՛Վ ԱՇԽԱՏԵԼԸ

 

Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

-Րաֆֆի Հովհաննիսյանը, մի կողմից, դադարեցրեց հացադուլը՝ ակնարկելով, որ ընդունում է թուղթուգրիչը ձեռքին հետընտրական իրավիճակի հանգուցալուծման ուղիները քննարկելու նախագահի առաջարկը, մյուս կողմից՝ հանդիպումների նոր շարք է սկսել մարզերում։ Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիր է փորձում լուծել ընդդիմության առաջնորդը։ 
-Չէի ասի, թե Րաֆֆի Հովհաննիսյանն է ընդդիմության առաջնորդը։ Նա առաջնորդ էր այն պահին, երբ ընդդիմադիր այլ ուժերի բացակայության պայմաններում ստացավ բողոքավոր ընտրազանգվածի քվեները։ Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ փորձեցին ձեւավորել ավագանու միասնական ցուցակ, եւ ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր ուժերը չճանաչեցին նրան, որպես առաջնորդի, ավելին՝ առաջարկեցին միավորվել իրենց առանցքի շուրջ։ 
Այսօր Ր.Հովհաննիսյանը խնդիր ունի՝ այս կամ այն չափով պահպանելու այն դերակատարությունը, որ երկնքի մանանայի պես «ընկավ» իր գլխին. հասկանում է, որ օպերայի մոտ նստելով, չսափրվելով ու հաց չուտելով չի կարող պահպանել դիրքերը, գիտի, որ մայիսի 6-ի առավոտյան հայտնվելու է կոտրած տաշտակի առջեւ եւ փորձում է փոխել իրադարձությունների ընթացքը։ Դրա համար էլ ժամանակից շուտ սկսել է քարոզարշավը։
-Այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի ուժերը կենտրոնացնել Երեւանում։ Գուցե սա ուղղակի «մկանների ցուցադրությո՞ւն» է նախագահի հետ ենթադրյալ հանդիպումից առաջ։
-Չեմ կարող ասել՝ նախագահը կընդունի՞ նրան, թե՞ ոչ, բայց Ր.Հովհաննիսյանի պարագայում «մկանների ցուցադրություն» արտահայտությունը այնքան էլ տեղին չէ՝ դրանց բացակայության պատճառով։ Սա ավելի շուտ խուճապի դրսեւորում է, այն առումով, որ «Բարգավաճի» եւ ընդդիմադիր այլ ուժերի մասնակցության պայմաններում նրա տոկոսները կիջնեն մոտավորապես ԱԺ ընտրությունների ժամանակ ստացած 5-6 տոկոսի մակարդակին։ 
Իհարկե, դժվար է լուրջ վերաբերվել մի մարդու, որը հայտարարում է՝ Նժդեհը ես եմ, բայց կա մի խավ, որի վրա այդ հնարքները կարող են ազդել։ Նրա մասին անընդհատ խոսում են, գրում են, ցուցադրում հեռուստատեսությամբ. սա հայտնի քարոզչական տեխնոլոգիա է, որից Ր.Հովհաննիսյանը օգտվում է։ 
Բացի դրանից, մարզերի բնակչության ուշադրությունը նորից իր վրա սեւեռելով՝ փորձում է դժգոհներին իր կողմը քաշել, որպեսզի զանգահարեն Երեւանում բնակվող իրենց ազգականներին, ծանոթներին ու բարեկամներին եւ հորդորեն քվեարկել «Ժառանգության» օգտին։ 
-Ձեր ասածից հետեւո՞ւմ է, որ Րաֆֆիի գնացքը արդեն գնացել է՝ նախագահի հետ երկխոսության ողջամիտ ժամկետներն այլեւս սպառված են։ 
-Նախագահը համբերատարության եւ հանդուրժողականության օրինակ է ցույց տալիս, եւ նպատակը մեկն է՝ երկրում համերաշխության, համագործակցության մթնոլորտ ստեղծել, թոթափել անվստահության «գաղջ մթնոլորտը»։ Սա նախագահի որդեգրած քաղաքականությունն է, որը դրսեւորվում է ոչ միայն Ր.Հովհաննիսյանի, այլեւ ցանկացած քաղաքական հոսանքի եւ հասարակական խմբի նկատմամբ, որովհետեւ այդ մթնոլորտում ե՛ւ աշխատելն է հեշտ, ե՛ւ ապրելը։ 
Այլ բան է, որ Ր.Հովհաննիսյանը պարզապես պատրաստ չէ կառուցողական լուրջ աշխատանքի։ Ցավում եմ, բայց նրա պոտենցիալը կարծես չի ներում՝ նստելու եւ թեկուզ ընդդիմադիր դիրքերից լուրջ խոսակցություն վարելու։ Կանգնել հրապարակում եւ ասել անհեթեթ բառակապակցություններ՝ շրջապատված տարօրինակ կերպարներով՝ ավելի շուտ մարգինալ հոսանքի է նմանվում, որը շուտով կմարի, որովհետեւ ավագանու ընտրությունները ամեն ինչ նորից իր տեղը կդնեն։
-Երեւանի ավագանու ընտրությունները իշխանափոխության հանգրվաններից մեկը դարձնելու՝ իշխանությունը վերցնելու «գործընթացը» Երեւանից սկսելու ընդդիմության հավակնությունները հիմք ունե՞ն։ 
-«Բարգավաճը», ՀԱԿ-ը, ինչ-որ չափով Դաշնակցությունը պարզապես փորձում են ռեւանշ վերցնել նախագահական ընտրություններին չմասնակցելու համար, այդ իսկ պատճառով ձգտում են քաղաքականացնել ավագանու ընտրությունները։ Բայց ՀՀԿ-ի ցուցակը, որտեղ ներկայացված են նաեւ ՍԻՄ-ը, «Ազգային միաբանությունը», ՀՔԴՄ-ն եւ ՄԻԱԿ-ը, նաեւ հայտնի մտավորականներ, մարդիկ, որոնք ունեն քաղաքային տնտեսության հետ աշխատելու փորձ, ակնհայտորեն մրցակցությունից դուրս է։ 
Հարց է առաջանում. իսկ ի՞նչ է արել նույն ԲՀԿ-ն Երեւանի ավագանիում նախորդ 4 տարիներին։ Ավելին՝ ունենք օրինակներ, երբ «Բարգավաճն» է ստանձնել այս կամ այն համայնքի ղեկավարությունը, եւ չէի ասի, թե այդ համայնքներում իրավիճակը տարբերվում է մյուսներից։ Գյումրիի քաղաքապետը ԲՀԿ ներկայացուցիչ է, բայց նույն գյումրեցիները ավելի շատ հիշում են նախկին քաղաքապետի գործունեությունը՝ դրական առումով։ Կամ՝ Սիսիանը, որտեղ բնակչությունը ամենեւին հիացած չէ ԲՀԿ-ական քաղաքապետի աշխատանքով։ 
Եվ վերջապես՝ ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող մարդիկ, որոնք անընդհատ հայտնվում են կասկածելի պատմությունների մեջ, բարոյական իրավունք ունե՞ն առաջադրվելու, ունե՞ն համապատասխան փորձ։ 

ՈՐԵՎԷ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

-«Սիվիլիթասի» գործը նոր երանգներ է ստանում, ինչը դիվանագիտական որոշ շրջանակների առիթ տվեց վերստին խոսելու Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին։
-Նախ, այն դեսպանները, որոնք փորձում են քիթը խոթել մեր գործերի մեջ, հերթական անգամ խախտում են դիվանագիտական էթիկան եւ փորձում ոտնակոխ անել մեր ազգային ինքնիշխանությունը։ Դա անթույլատրելի, դիվանագետին անհարիր պահվածք է. երբեւէ տեսե՞լ եք, որ Ռուսաստանի դեսպանը, ԱՊՀ մյուս երկրների դիվանագետները նման վարքագիծ դրսեւորեն։
Հասկանալի է, մարդիկ մտահոգված են, որովհետեւ խոսքը իրենց ազդեցության գործակալների մասին է, որոնց հովանավորում են թե՛ բարոյապես, թե՛ ֆինանսապես։ Իսկ երբ նախկին արտգործնախարարն է օգտվում նմանատիպ «օգնությունից»՝ սա արդեն խոսում է հովանավորների հեռուն գնացող ծրագրերի մասին։ Դա ստանդարտ սխեմա է, որի միջոցով իրականացվում են նարնջագույն հեղափոխությունները տարբեր երկրներում։
Իհարկե, վերջին խոսքը կասի դատարանը, բայց դեսպանները պետք է ճանաչեն իրենց տեղը, եւ, անգամ եթե վախենում են մեր ԱԱԾ մարմինների բացահայտումներից՝ ուր են գնացել, ինչի վրա են ծախսվել այդ գումարները, չանցնեն դիվանագիտական էթիկայի սահմանները։ Եթե թաքցնելու բան չունեն՝ այդ գումարները ծախսվել են բացառապես մեր երկրում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ամրապնդման համար, պետք է հպարտությամբ խոսեն այդ մասին, ոչ թե հիստերիայի մեջ ընկնեն. ինչպես ասում են՝ գող, սիրտը դող։
Եվ բացի նրանից, որ խառնվում են մեր ներքին գործերին, նաեւ ճնշում են գործադրում արդարադատության մարմինների նկատմամբ, ինչը պետք է կտրականապես դատապարտվի, ավելին՝ փորձում են ներխուժել մեր ընտրական գործընթացի մեջ։ Իմ կարծիքով, պետք է լրջորեն մտածել այդ դեսպաններին արտաքսելու մասին։
-Մամուլում հրապարակումներ եղան, թե Հանրապետականը «ուժերի համընդհանուր մոբիլիզացիա» է հայտարարել ավագանու ընտրություններին ընդառաջ, ԲՀԿ-ի 160 շտաբներին ի հակակշիռ՝ որոշել է 450 շտաբ բացել Երեւանում եւ այլն։ ՀՀԿ-ում իսկապե՞ս «արտակարգ իրավիճակ» է։
-Ընտրությունների ժամանակ ցանկացած կուսակցություն պետք է մոբիլիզացնի իր ուժերը՝ դա նորմալ է եւ խիստ տրամաբանական։ Ուրիշ բան, որ որոշ կուսակցություններ մոբիլիզացնում են ֆինանսական ռեսուրսները, իսկ ՀՀԿ-ն կենտրոնանում է կազմակերպչական, քարոզչական ռեսուրսների վրա։
Որեւէ արտակարգ իրավիճակ, իհարկե, չկա եւ չի կարող լինել։ Տարոն Մարգարյանը չունի լուրջ մրցակից, եւ խաղալ հակաիշխանական նոտաների վրա ուղղակի չի ստացվի։ Այդ խոսակցությունները՝ իշխանափոխությունը սկսել Երեւանից եւ այլն, ընդամենը քմծիծաղ են առաջացնում։ Այո, մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր հնարավորությունները, բայց աշխատում ենք հանգիստ, պլանավորված եւ նպատակադրված՝ պահպանելով օրենքի տառը։
-Ապրիլի 9-ը ներկայացվում է որպես «ջրբաժան», որից հետո կամ երկինքը վերջնականապես փուլ կգա մեր գլխին, կամ մութ ամպերը ընդմիշտ կհեռանան հայոց երկնակամարից։ Ձեր կարծիքով, ի՞նչ է լինելու ապրիլի 9-ին։
-Ապրիլի 9-ին նախատեսված «այլընտրանքային երդմնակալության» մասին տաղտկալի խոսակցություններն արդեն հիվանդագին բնույթ են ստանում։ Նույնիսկ անեկդոտ կա, որ Րաֆֆիի «ինաուգուրացիային» մասնակցելու է Նապոլեոն Բոնապարտը Սեւանի հոգեբուժարանից։
Իսկապես ապրիլի 9-ը շատ կարեւոր օր է մեզ համար, եւ ես, որպես ՀՀ քաղաքացի, կուզենայի, որ այդ օրը դառնար ջրբաժան՝ մեր երկրի հզորացման սկիզբ, եւ մեր երկրում առկա բոլոր բացասական երեւույթները լուծվեին այն արագությամբ եւ այն հաջողությամբ, որ մենք ենք ուզում։ Հուսով եմ, այդպես էլ կլինի՝ մեր երկրի նախագահը, ընտրված լինելով մաքուր ընտրություններով եւ որեւէ բանից կաշկանդված չլինելով, ավելի վճռականորեն առաջ կտանի իր հռչակած բարեփոխումների գործընթացը։



ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայոց աշխարհ 03-04 ապրիլի 2013թ.