Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ԱՐԴՅՈՔ ՈՐ ԵՐԿԻՐՆ Է ԱՅՍՕՐ ՉԱՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակից Սնոուդենը բացահայտելով այդ երկրի հատուկ ծառայությունների կեղտոտ խոհանոցը, համաշխարհային հանրությունում առաջ քաշեց մի մեծ բանավեճ. արդյոք ով է իրական ժողովրդավարը, եւ արդյոք ԱՄՆ-ն իրավունք ունի հանդես գալ աշխարհում ժողովրդավարության առաջամարտիկի ու ջատագովի դիմակով: Միլիոնավոր մարդիկ եւ դրանց թվում բազմաթիվ ամերիկացիներ Սնոուդենին համարում են ժողովրդավարության իդեալների համար անձնազոհության գնացած մարտիկ:
Այդպես է կարծում նաեւ  ԱՄՆ-ի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Սնոուդենի հայրը:

Իհարկե, կան նաեւ այնպիսիները, ովքեր Սնոուդենին համարում են որեւէ այլ երկրի հատուկ ծառայությունների գործակալ կամ հենց ԱՄՆ-ի գերգաղտնի ծրագիրն իրականացնող:
Ժամանակին, երբ ԽՍՀՄ-ում գտնվում էին մարդիկ, այդ թվում եւ հատուկ ծառայությունների սպաներ, որոնք փախչելով Արեւմուտք, բացահայտում էին ԽՍՀՄ-ի ղեկավարության այս կամ այն հակաժողովրդական քայլը, Արեւմուտքում անվանվում էին այլախոհներ, մեծարվում էին որպես դեմոկրատիայի մարտիկներ, սակայն, չգիտես ինչու, սեփական այլախոհին ԱՄՆ-ի ղեկավարությունը ջանում է պարտադիր ձերբակալել եւ պատժել: Իսկ թե ինչպես են պատժում իրենց անհաճո մարդկանց ամերիկացիները, բացահայտեց նույն Սնոուդենը: Վերջերս ի հայտ եկավ զարհուրելի ճշմարտություն ԱՄՆ-ի ղեկավարության վերաբերյալ: Ըստ դրա` ամեն երեքշաբթի ԱՄՆ-ի նախագահի մոտ անց են կացվում խորհրդակցություններ, որտեղ քննարկվում են ոչնչացման ենթակա մարդկանց անուններ: Խորհրդակցությունների ընթացքում օգտագործում են հատուկ եզրույթներ: Այսպես` տանջանքների ենթարկելու փոխարեն օգտագործվում է ՙուժեղացված հարցաքննություն՚ բառակապակցությունը եւ այլն: Իսկ խորհրդակցությունների հիմնական խնդիրն է կազմել ոչնչացման ենթակա մարդկանց ցուցակներ, որոնք կոչվում են ոչնչացման մատրիցա: Այդ մասին հոդվածը տպագրվել է անգլիական ՙԳարդիան՚ թերթում: Լրագրողները պնդում են, որ գոյություն ունի տվյալների հսկայական բազա, որտեղ կուտակվոմ են բազմաթիվ տեղեկություններ այն մարդկանց մասին, որոնք անհաճո են ԱՄՆ-ին: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնում են վերոհիշյալ մադկանց ոչնչացման մի քանի տարբերակ, օրինակ` մարդուն կարող են հափշտակել եւ տեղափոխել Արեւելյան Եվրոպայի գաղտնի բանտ, որտեղ նա կենթարկվի տանջանքների: Մեկ ուրիշին կարող են ոչնչացնել ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինները, եւ եթե դա էլ հնարավոր չէ, ապա որեւէ ռազմակայանից կարող է օդ բարձրանալ անօդաչու թռչող սարք եւ աշխարհի ցանկացած կետում թիրախավորել իր զոհին: Ի դեպ, վերջին մեթոդը ամենատարածվածն է:
Մահապարտների ցուցակի մեջ մարդու անունը ներգրավելու համար որեւէ ապացույց չի պահանջվում:  Խորհրդակցությունից հետո, եթե Բ. Օբաման ասում է. ՙYes՚, ապա հենց որ հայտնի է դառնում մահվան դատապարտվածի փաստացի տեղը, օդ է բարձրանում թռչող սարքը, եւ ԱՄՆ-ի թշնամուց որեւէ հետք անգամ չի մնում: Ըստ չինացի մասնագետների` թշնամիներին հետեւելու եւ նրանց ոչնչացնելու ամերիկյան համակարգը վերջին շրջանում մեծ աճ է տվել: Այդտեղ զբաղված են միլիոնավոր մարդիկ, որոնց աշխատանքի համար ծախսվում են միլիարդավոր դոլարներ: Ահա այսպիսին է ԱՄՆ-ի իրական դեմքը: Եվ դժվար թե որեւէ մեկն այսքանից հետո ի դեմս ԱՄՆ-ի` կարողանա տեսնել ժողովրդավարության առաջնորդին:
Ի դեպ, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից զանգվածային հետապնդումները նոր երեւույթ չեն: Եվ այն ժամանակ, երբ Ռեյգանը ՄԱԿ-ի ամբիոնից ՍՍՀՄ-ին մեղադրում էր Չարի կայսրություն լինելու մեջ, իր իսկ երկիրն ուներ հատուկ ծառայությունների կողմից միլիոնավոր սեփական երկրի քաղաքացիներին հետեւելու եւ հետապնդելու մեծ փորձ: 1967թ. ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնի պահանջով ԿՀՎ-ի խորքերում ստեղծվում է ՙՔաոս՚ գաղտնի խումբը, որը հետեւում էր այլախոհ ուսանողներին եւ ընդհանրապես ոչ վստահելի բոլոր տարրերին: ՙՔաոսի՚ գաղտնի զեկույցները դրվում էին նախագահի սեղանին: 1975թ. ԿՀՎ-ի վերաբերյալ լսումներում նշվում էր, որ այդ խումբը հետեւում էր եւ նյութեր էր հավաքում ավելի քան 300 հազար ԱՄՆ քաղաքացիների վերաբերյալ: Բացի դա, ԿՀՎ-ն ակտիվ գործում է նաեւ Եվրոպայում: Ինչպես խոստովանում է ֆրանսիական ուսանողական շարժման առաջնորդը, ԿՀՎ-ի միջնորդները նրան առաջարկել էին շատ մեծ գումարներ: Ի դեպ, ՙՔաոս՚ խումբը նաեւ ուսումնասիրում էր այն մեթոդները, որոնցով կարելի է հասարակության մեջ ստեղծել իրական քաոս: Այնպես որ, ԱՄՆ-ն  տասնամյակներ շարունակ զբաղված է եղել զանգվածային հետապնդումներով, եւ Սնոուդենի բացահայտումները որեւէ սկզբունքային նորություն` այդ երկրի մասին չեն ներկայացնում:
Այսքանից հետո եւս մեկ անգամ կցանկանայի անդրադառնալ ԱՄՆ-ի Պետդեպի զեկույցին, որը վերաբերում է աշխարհում կրոնական ազատությունների հարցին, որտեղ իմ անունը նշվում է որպես Հայաստանում կրոնական ազատությունների դեմ հանդես եկող քաղաքական գործչի ու պատգամավորի: Նույն զեկույցում փորձ է արվում նսեմացնել մեր ազգային ինքնության հենասյուներից մեկը` Հայ առաքելական սուրբ եկեղեցին` վերջինս հավասարեցնելով տարբեր տեսակի աղանդներին: Ի պատասխան ասեմ.
ա) ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որն իրավունք ունի խոսել ժողովրդավարության ու ազատության մասին
բ) Ժողովրդավարությունը, այսինքն` ժողովրդի մեծամասնության պահանջը Հայաստանում միանշանակ է. պահպանել մեր ազգային ինքնությունը եւ ընդգծել ու գերապատվություն տալ մեր ազգային եկեղեցուն
գ)  Ես շարունակելու եմ պայքարել հայ ազգի միասնության համար, ինչը ենթադրում է մեր համախմբումը ազգային այնպիսի կառույցների շուրջ, ինչպիսին է մեր ազգային եկեղեցին եւ պայքար մեր միասնությունը քանդող, ազգի հոգեւոր դաշտը պառակտող, մարդկանց առողջությանը սպառնացող աղանդների դեմ: Ընդ որում, դա անելու եմ անկախ նրանից, թե ԱՄՆ-ի որ ցուցակում կամ որ զեկույցում է հայտնվելու իմ անունը:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ