Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Հ. Բաբուխանյան. Հայաստանը պետք է հրաժարվի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրից

«Հայաստանը միանշանակ պետք է հրաժարվի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով եվրոպական ու եվրասիական ինտեգրման խնդրին, նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Նրա համոզմամբ, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը ոչ թե զուտ տնտեսական, այլ բացառապես քաղաքական գործընթաց է, որը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ:

«Հայաստանը չպետք է գնա այդ ճանապարհով, քանի որ նախ քաղաքակրթական առումով մենք չենք համընկնում այսօրվա Եվրոպայի պսեվդոեվրոպական արժեքների հետ. մենք հայ ենք, մեր արժեհամակարգը հակադիր է դրան: Անվտանգության առումով երկու կարծիք չկա, որ Հայաստանը պետք է պահպանի Ռուսաստանի հետ դաշինքի հետ կապված անվտանգության երաշխիքները: Եվ երրորդը` տնտեսությունն է. մենք տեսանք Եվրամիության գործընկեր «Ecorys» կազմակերպության ուսումնասիրությունը, որի տվյալների համաձայն Հայաստանում ուղղակի կոչնչանա գյուղատնտեսությունն ու գյուղացիությունը, ինչն էլ կհանգեցնի մոտ 1 մլն մարդու արտագաղթի»,- ասաց Հ. Բաբուխանյանը:

Panorama.am-ի խնդրանքով Հ. Բաբուխանյանը անդրադարձավ այսօր Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի միջև հանդիպմանը` վստահություն հայտնելով, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առումով Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը անփոփոխ է լինելու, և Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը միայն կամրապնդվի այցի արդյունքում:

Պատասխանելով  հարցին, թե ի՞նչ օգուտներ ու վնասներ կարող են լինել Հայաստանի` եվրասիական ինտեգրման պարագայում և ինչպե՞ս է Հայաստանը Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու դեպքում կառուցելու հարաբերությունները Եվրամիության հետ, Հ. Բաբուխանյանն ընդգծեց, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում անորոշ մի հեռանկարում Հայաստանը կունենա ընդամենը 146 մլն եվրո լրացուցիչ օգուտ, որը Հայաստանից մետաղի հումքի արտահանումն է, սակայն Հայաստանը կկորցնի գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, կմեծանա եվրոպական ապրանքների ներմուծումը:

Մինչդեռ, նրա խոսքով, Ռուսաստանը տարեկան Հայաստանին տրամադրում է մոտ 150 մլն դոլարի զեղչ միայն գազի գնի հարցում: Նա նաև նշեց Ռուսաստանից Հայաստան եկող մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլարի տրանսֆերտները, որոնք կազմում են Հայաստանի պետական բյուջեի չափ գումար, ինչպես նաև Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների գործոնը և այլն:

«Մենք կողմ ենք համագործակցությանը, ներդրումներին, տեխնոլոգիաների փոխանակմանը, մշակութային փոխհարստացմանը, սակայն մենք դեմ ենք, որ մեզ դաստիարակեն, ինչ-որ կաղապարների, ստանդարտների մեջ մտցնեն, որպեսզի հարվածեն մեր ընտանիքին, կրոնին ու բանակին: Մենք որքան շատ համագործակցենք Եվրոպայի հետ, այնքան լավ: Տեխնոլոգիաներ բերեք, եկեք առևտուր անենք, բայց մի պարտադրեք մեզ ապրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում»,- Եվրոպային դիմելով` եզրափակեց Հ. Բաբուխանյանը: