Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

՛՛ՃԻՇՏՆ ԱՍԱԾ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԱՍԵԼԻ Է՛՛

Այն պահից հետո, երբ Փոստանջյանը նույն ԵԽԽՎ-ում թուրքերի և ադրբեջանցիների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության դեմ գործողություններ էր կատարում, ճիշտն ասած, Փոստանջյանից ամեն ինչ սպասելի էր, քանի որ նա այն ժամանակ, ըստ էության, արդեն իսկ դիմեց դավաճանության»,-  ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

- Այնպես որ, այդպիսի անձնավորությունից սպասելի է ամեն ինչ: Հայաստանի համար շատ պատասխանատու շրջանում, երբ երկրի նախագահը մեկնել էր հատուկ, որպեսզի եվրոպացիներին ներկայացնի մեր երկրի քաղաքականությունը, պատասխանի վարվող քաղաքականության վերաբերյալ հարցերին, Փոստանջյանը կատարելով իր տերերի պատվերը, փորձեց խափանել նախագահի այդ առաքելությունը: Սակայն որևէ լուրջ բան չգտավ, քան կազինոների մասին խոսելը, ընդ որում, առանց որևէ հիմնավորման, որոշակիացման:

Ընդհանրապես, կազինո մտնել-չմտնելու հարցը քաղաքական կատեգորիա չէ, դա այլ ոլորտի խնդիր է, և քաղաքական հարթակում խոսելը նման կատեգորիաներով պարզապես ծիծաղ առաջացրեց ներկաների մոտ, ինչպես երևում է Փոստանջյանի դեբոշի տեսաձայնագրությունում: Սակայն յուրաքանչուրը խոսում է իրեն հարազատ եւ հասկանալի բաներից, հետեւաբար մայրուղու հոգեբանությամբ ապրող Փոստանջյանը իրեն դրսեւորեց համապատասխան կերպով: Նա փորձեց զրպարտել մեր երկրի նախագահին, և այս առումով , կարծում եմ, պետք է կրի պատասխանատվություն, որովհետև հնչեց և վիրավորանք երկրի նախագահի նկատմամբ, և զրպարտանք: Ընդ որում՝ զրպարտանքը ոչ միայն կազինոյի, այլև այն առումով, որ երկրի նախագահը իրավունք չունի ներկայացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին:

Արդեն մեր կուսակցության բազմաթիվ անդամներ զանգահարել են, ցանկություն են հայտնել, որպես հայցվոր, հանդես գան դատարանում, որովհետև ասվածը համարում են վիրավորանք հենց իրենց հանդեպ, քանի որ, իբրև հայ ժողովրդի մի մաս, իրենց քվեները տվել են Սերժ Սարգսյանին: Նրանք խիստ վիրավորված են Փոստանջյան Զարուհու այդ արարքից, որին սկսել են Զուլֆիա անվանել:

Կարծում եմ, պետք է ուսումնասիրել Փոստանջյանին պատասխանատվության ենթարկելու հարցը` զրպարտանքի, վիրավորանքի համար, ընդ որում, դա ոչ թե զրպարտանք և վիրավորանք է զուտ Սերժ Սարգսյանի հանդեպ որպես անձի, այլև մեր ժողովրդի, երկրի նկատմամբ: Այդպիսի ստոր արարքները չպետք է թողնել անհետևանք, իրավական դաշտի շրջանակում այդպիսի արարքները պետք է ստանան իրենց գնահատականը: Բացի այդ, կարծում եմ, քաղաքական պատասխանատվություն պետք է կրի Փոստանջյանին այնտեղ գործուղած կուսակցությունը և խմբակցությունը, որովհետև քայլ է կատարվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: «Ժառանգություն»-ը եթե պարզապես ծախու և թուրքերի, ադրբեջանցիների կամքը կատարող չէ, հենց ինքը պետք է դատապարտի այդ անձնավորության ստոր արարքը, և քայլեր կատարի` նրան պատգամավորական մանդատից և Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունից զրկելու ուղղությամբ: