Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Եվրամիության պատվիրակության, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակների` ՀՀ ներքին գործերին կոպիտ եւ հակաօրինական միջամտության կապակցությամբ

2013թ նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակները   տարածել են հայտարարություն, որով սատարում են ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնության համար կտրականապես մերժելի, հակաբնական եւ հայերի ու Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ազգային ինքնության հետ անհամատեղելի այպես կոչված, գենդերային չափանիշների ներդրումը իրավակիրառական պրակտիկայում: Ավելին, նրանք կոչ են անում  իրավապահ մարմիններին «ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կանխելու եւ պատասխանատվության ենթարկելու գենդերային հավասարության եւ կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների եւ կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները»: Այսինքն` կարելի է ենթադրել, որ գոյություն ունեն ինչ-որ իրական սպառնալիքներ, որոնք դուրս են մնում ոստիկանության ուշադրությունից: Իրականում ոչ մի նման դեպք գոյութուն չունի, իսկ հորինված «սպառնալիքների» մասին հեքիաթը առաջ է մղվում, որպեսզի դրա շղարշի տակ լռեցվի ցանկացած այլակարծություն «գենդերային» քաղաքականության եւ դրա անվան տակ տարածվող այլասերվածության, սեռական սանձարձակության, հայ ընտանիքի եւ հայ ավանդույթի դեմ գործողությունների եւ այլ հակահասարակական դրսեւորումների նկատմամբ:  Ըստ էության, վերոհիշյալ հայտարարությունը գալիս է ոտնահարելու ՀՀ քաղաքացիների եւ նրանց միավորումների, ԶԼՄ-ների` այդ կոնտինգենտի նկատմամբ բացասական կամ քննադատական  կարծիք արտահայտելու անօտարելի իրավունքը: Մինչդեռ խոսքի եւ կարծիքի ազատությունն ամրագրված են ՀՀ սահմանադրությունում, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ՀՀ-ի կողմից վավերացված մի շարք այլ միջազգային փաստաթղթերում, արգելված է խոչընդոտել կարծիքի արտահայտմանը, հարկադրել փոխել կարծիքը կամ հրաժարվել սեփական կարծիքից եւ համոզմունքներից: Բացի այդ, նրանց հայտարարության մեջ պարունակվող «Գենդերային հավասարությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման եւ կայուն զարգացման անկյունաքարը» պնդումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանզի Սահմանադրությունը չի պարունակում  «գենդերային» օտար տերմինաբանությամբ նկարագրված որեւէ նորմ, հետեւաբար դա ՀՀ ինքնիշխանության կոպիտ ոտնահարմամբ բիրտ ազդեցության փորձ է՝ մեր կառավարման համակարգի, ազգային կեցվածքի ու քաղաքական ընտրության վրա:

Փաստացի,  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակները, կոպտորեն ոտնահարելով ՀՀ ինքնիշխանությունը, պահանջում են մեր իրավապահ մարմիններից զանգվածաբար ոտնահարել ՀՀ սահմանադրության նորմերը` հետապնդել մարդկանց արտահայտված կարծիքի համար եւ արտոնյալ դաշտ ստեղծել մեր հասարակության կողմից մերժելի վարք դրսեւորող  անձանց եւ կազմակերպությունների համար: Ըստ էության, ինչ որ անհայտ «սպառնալիքների» վերաբերյալ ստահոդ հայտարարությունները, ոչ այլ ինչ են քան այլասերման ազգակործան ծրագիրը իրականացնողների կողմից շանտաժ, այդ ամենին հակազդողների նկատմամբ: Գենդերային տոտալիտարիզմի, կամ գենդերային դիկտատուրայի փորձերը ամբողջությամբ մերժելի են հայ հասարակության համար, քանի որ 23 տարի առաջ հռչակելով իր անկախությունը Հայաստանը վստահորեն հայտարարել է իր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին եւ մերժել է ցանկացած բնույթի տոտալիտարիզմը եւ որեւէ գաղափարախոսության դիկտատուրան: Բացի այդ, հայ հասարակությունը իր ճնշող մեծամասնությամբ լինելով հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ, ունի իր հստակ պատկերացումը կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունների, ընտանիքի, սեռական վարքագծի էթիկայի վերաբերյալ, որոնք համապատասխանում են քրիստոնեական բարոյականությանը:

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը խստիվ դատապարտում է վերը հիշատակված դիվանագիտական հաստատությունների եւ գրասենյակների այդ քայլը, այն դիտարկում է անթույլատրելի եւ դիվանագիտական էթիկայի նորմերի հետ բացարձակ անհամատեղելի:

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը պահանջում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից պաշտոնապես բացատրել վերը հիշատակված կառույցների ղեկավարներին նրանց քայլի ապօրինությունն ու անթույլատրելիությունը:

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ Ոստիկանությունից եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պաշտոնապես բացատրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Եվրամիության պատվիրակության, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակների ղեկավարներին իրենց այս միջամտության եւ պահանջի ապօրինությունը եւ տեղյակ պահել, թե օրենքով սահմանված կարգով ինչպիսի պատասխանատվություն է նախատեսված սահմանադրության նորմերի զանգվածային ոտնահարման կոչերի համար:

01.12.2013