Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Պետք է համագործակցենք Եվրոպայի հետ այնքանով, որքանով չեն վտանգվում մեր ազգային արժեքները

Համաժողովը կարևոր է նրանով, որ տեղի է ունենում Եվրասիական գաղափարի ծննդյան 20-րդ ամյակի ժամանակահատվածում: 1994 թվականի մարտին Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հնչեցրեց Եվրասիական միության ձևավորման միտքը: Այսօր՝ 20 տարի անց , երբ որ այդ թեմայով համաժողով է տեղի է ունենում Հայաստանում, կարող ենք փաստել, որ այո Հայաստանը ներգրավվում է մի միության մեջ, որն ապահովում է մեզ համար մեծ շուկա, «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով օրերս տեղի ունեցած համաժողովի ժամանակ euraspravda.com-ի հետ զրույցում ընդգծեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով, որ համաժողովը կարևոր է այնքանով, որ ամփոփվում են սեպտեմբերի 3-ից՝ Մաքսային միությանն անդամակցելու մեր որոշումից, մինչ այս կատարված աշխատանքները և ծրագրվում իրականացնել ինտենսիվ գործընթաց , որը պետք է մեզ թույլ տա ոչ միայն անդամագրվել Մաքսային միության մեջ՝ որպես լիարժեք անդամ, այլ դառնալ Եվրասիական միության հիմնադիր անդամ-երկիր, ինչը շատ կարևոր է:

« Մենք արդեն կարողանում ենք հիմնադիր փաստաթղթերի մեջ ներդնել այդ համատեքստում մեր պատկերացումները միավորման մասին: Մեր տնտեսական զարգացվածության հնարավորությունից բացի ես շատ կարևորում եմ հումանիտար զարգացվածության հնարավորությունները»,- նշեց Բաբուխանյանը:Պատգամավորի խոսքով՝ մենք մեր՝ արևելաքրիստոնեական քաղաքակրթությամբ շատ մոտ ենք Ռուսաստանի, Բելառուսի հետ: Ցավոք, այսօրվա եվրոպական քաղաքակրթությունը, որը նոր նեոեվրոպական քաղաքակրթություն է, մեզանից ավելի հեռու է, քան անգամ Ղազախստանինը:

«Երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ ուղղությամբ է զարգանում քաղաքակրթական մակարդակը Եվրոպայում, սկսում ենք մտածել՝ արդյո՞ք դա այն ճանապարհն է, որը մեզ քիչ, թե շատ մոտ է և մենք ուզում ենք գնալ այդ ուղղությամբ: Իհարկե, ոչ: Եվրոպական այն ուղղությունները, որոնք սեռական, կրոնական փոքրամասնություններին ոչ թե հավասարություն են տալիս, այլ գերակայություն, քրիստոնեկան հիմնական դրույթների, նույնիսկ դեմոկրատական որոշ արժեքների մերժման ուղղությամբ է գնում, մեր կողմից մերժելի են: Վերջերս մենք ականատես եղանք, որ Ուկրաինայում Եվրոպան աջակցեց հեղաշրջման կողմնակիցներին, որոնք փաստացի ֆաշիստական գաղափարախոսությունն էին առաջ քաշում: Եվ Եվրոպան ,փոխանակ պաշտպաներ այն թեզը, որ իշխանությունը պետք է ընտրված լինի և ֆաշիստական գաղափարախոսությամբ շաղախված հեղաշրջումները մերժելի լինեին, մենք ականատես եղանք հակառակին՝ Եվրոպան ընդունեց, ճանաչեց այդ ամենը: Մյուս կողմից, ազգերի ինքնորոշման իրավունքը, որը միջազգային իրավունքի, ժողովրդավարության, ժողովուրդների ազատության հիմքն է, այսօր մերժվում է Եվրոպայի, Միացյալ Նահանգների կողմից: Եվրոպայի ցիվիլիզացիան գնում է դեպի ուժի դիկտատ : Մենք պետք է համագործակցենք Եվրոպայի հետ այնքանով, որքանով չեն վտանգվում մեր քաղաքակրթական, ազգային արժեքները, տնտեսական հնարավորությունները»,-հավելեց նա:

Նյութը պատրաստեց Դուսյա Ղազարյանը