Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՀԱԿԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ»

Այսօր «Նովոստի Արմենիա» գործակալությունում տեղի ունեցավ հեռուստակամուրջ` նվիրված Մաքսային Միությանն ու եվրասիական միության ձեւավորմանը: Ուղիղ կապ էր հաստատվել Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Աստանայի միջեւ: Հայկական կողմից իրենց կարծիքները ներկայացրեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Մհեր Շահգելդյանը, ինչպես նաեւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Հայկական կողմից առաջինը իր խոսքը ներկայացրեց ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՅԱՆԸ` նշելով, որ աշխարհը փոխվում է եւ հիմա լրիվ այլ իրավիճակ է տիրում աշխարհաքաղաքական առումով.

«Այո, աշխարհում պետք է հարմոնիկ վիճակ ստեղծել, եւ հիմա այն հավասարակշիռ վիճակը չէ, ինչ կար ԽՍՀՄ գոյության տարիներին: Սակայն բոլոր ճիգերը հարմոնիա ստեղծելու համար, այսինքն`տարբեր երկրների կողմից ներդրված ջանքերը  հանդիպել են որոշ խոչընդոտների: Եվ այդ խոչընդոտների հիմնական պատճառը, իմ կարծիքով, այն էր, որ ՆԱՏՕ-ն զարգացավ դեպի արեւելք եւ գործակցության եզրեր չհաստատեց ՌԴ-ի հետ: Այս խոչընդոտից հետո Ռուսաստանը իր համախոհ երկրների հետ չէր կարող իր մասնակցությունը չունենալ աշհարհի վերաձեւման հարցում: Եվ ահա այսօր մենք ունենք  դժվար իրավիճակ աշխարհում:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մենք միշտ փորձել ենք բարեկամական հարաբերություններ զարգացնել եւ ՌԴ-ի հետ, որը մեր գլխավոր դաշնակիցն է, եւ արեւմտյան եվրոպական երկրների հետ, եւ  Միացյալ Նահանգների  հետ: Փորձել ենք եւ կփորձենք շարունակել մեր փոխհարաբերությունները: Ըստ իս Եվրասիական միությունը դա իրական ապագա ունեցող մակրոտնտեսական միություն է, որը թույլ կտա մեր  եկրներին ունենալ միասնական տնտեսություն եւ դուրս գալ  ավելի բարձր մակարդակների վրա եւ զարգանալ: Կարծում ենք նաեւ, որ հենց այս հարցը լուծելով` մենք  լուծում ենք թե տնտեսություն ինտեգրման, թե քաղաքակրթական հարցերը, քանի որ ՀՀ-ի համար ՌԴ-ի հետ սերտ համագործակցությունը ունի նաեւ քաղաքակրթական նշանակություն, այդ թվում նաեւ հումանիտար, մշակութային եւ այլն: Այն արժեքները, որոնք մենք` հայերս ձեռք ենք բերել որպես առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդ, որն էլ քարոզում ենք վերջին 2000 եւ ավել տարիների ընթացքում, կարծում ենք` պետք է դրանք պահպանվեն: Այդ թվում պետք է զարգանան նաեւ դեմոկրատական արժեքները աշխարհում: Իսկ այն երկակի չափորոշիչները, որոնք, ցավոք, վերջին շրջանում ավելի հաճախ ի հայտ են գալիս, պետք է ինչ-որ կերպ սաստվեն»:

Նշենք, որ տեսակամուրջի ընթացքում Վրաստանի ներկայացուցիչը իր խոսքում օռինակ բերեց` ասելով, թե հարեւան Ադրբեջանի խաղը երկու ուղղությամբ` եւ Արեւմուտքի , եւ Ռուսաստանի, արժանի է ընդօրինակման: Սրա հետ կտրականապես չհամաձայնվեց Հ. Բաբուխանյանը,  ասելով.

«Ինչ վերաբերվում է վրացի գործընկերոջ դիտարկմանը, ով խոսեց Ադրբեջանի  օրինակի մասին, պետք է ասեմ, որ դա շատ անհաջող օրինակ էր, քանի որ մենք տեսնում ենք, որ հենց Ադրբեջանում լուրջ դժվարություններ կան դեմոկրատիայի հետ կապված, եւ այդ պետությունը կառուցվում է հակադեմոկրատական մեթոդներով, որը  անթույլատրելի է»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ