Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՍԵՎԱՆԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԱՎԵԼՅԱԼ ՋՈՒՐ ԿՎԵՐՑՆԵՆ

Այսպիսովª երեկ ԱԺ-ում վերջակետ դրվեց ՙՍեւանի մասին՚ օրենքում չարաբաստիկ փոփոխությունների թեմային: Օրինագիծը, որ շրջանառության մեջ էր դրվել դեռ նախորդ կառավարության օրոք, հիշեցնենք, որ նախատեսում էր առաջիկա 5 տարիներին օրենքով թույլատրված տարեկան 170 մլն խմ-ի փոխարեն` 240 մլն խն ջուր վերցնել Սեւանից:
5 տարի շարունակ հավելյալ 70 մլն խմ ջուր վերցնելու առաջարկը առաջ էր բերել մի շարք հարցադրումներ, որոնց պատասխանները ժամանակին այդպես էլ չտրվեց: Դա առաջ բերեց բնապահպանների դժգոհությունը, եւ ահա, երեկվա քվեարկությունից առաջ արդեն նոր կառավարության անունից Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով հասարակական կարծիքը, մոտեցումները, առաջարկում է օրենքի գործողությունն այս պահին սահմանափակել` տեղավորել մեկ տարվա ժամկետում: Առաջիկայում, տարվա բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով, եզրակացությունները կներկայացվեն: Եվ արդյունքումª 5 տարվա փոխարեն` գյուղատնտեսական նպատակներով միայն այս տարի Սեւանից հավելյալ 70 մլն խմ ջուր վերցնելու օգտին կողմ քվեարկեց 96, դեմª 16 եւ ձեռնպահª 4 պատգամավոր:
Կողմ քվեարկեց նաեւ ԲՀԿ-նª նախապես հայտարարելով, որ հաշվի են առնում որոշ հանգամանքներ: Ամենակարեւորը, որ 5 տարվա փոխարեն` սահմանվեց մեկամյա ժամկետ: Մեզ հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադառնալով վերոնշյալ օրենքին կողմ քվեարկելուն` ասաց. ՙԵթե մնար 5 տարով, հաստատ ԲՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեր, բայց քանի որ մեր առաջարկը ընդունվեց, մենք կողմ քվեարկեցինք: Փաստորեն, նոր ընդունված օրենքով` Սեւանից ջրառի բացթողումը մինչեւ այս տարվա վերջ է: Դրվել է նաեւ պայման, որ տարին երկու անգամ բացասական բալանսի հիդրոմոնիտորինգը անպայման ներկայացվի ԱԺ, որպեսզի մենք ամեն ինչից տեղյակ լինենք: Մեկ տարուց հետո էլ, կվերադառնանք հին ռեժիմին՚:
Նշենք նաեւ, որ մինչ կառավարության կողմից այդ մեկամյա ժամկետի առաջարկը, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն առաջ էր քաշել միջանկյալ տարբերակª այդպիսի թույլտվություն տալ առավելագույնը 2 տարով` հետեւյալ հիմնավորմամբ. ՙԿարելի է ոչ թե 5 տարով կատարել այդ փոփոխությունը, այլ 2 տարով, որից հետո նորից անդրադառնալ հարցին, տեսնել ինչպիսին է վիճակը, ինչ նոր հզորություններ ունենք, ինչպիսի բարեփոխումներ են կատարվել համակարգում: Մենք չգիտենք` հաջորդ տարիները ինչպիսին կլինենª ջրառատ, թե` ընդհակառակը: Չէ որ 2015-16 թվականները կարող են լինել ջրառատ, եւ Սեւանից ջրի բացթողման կարիք չլինի՚:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Ի. ԱԶԱՐՅԱՆ