Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՀԱՅԵՐՍ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱԴԵԿՎԱՏ ՉԵՆՔ ԸՆԿԱԼՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ

Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

-Վերջին շրջանում ռուսական կողմը հաճախ է դժգոհում պապից ավելի կաթոլիկ արեւմտամետ որոշ շրջանակների թեթեւ ձեռքով Հայաստանում տարածվող հակառուսական տրամադրություններից։ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի երեկվա նիստում Դմիտրի Կիսելյովի մասնակցությամբ տեղի ունեցած «միջադեպը» չի՞ վկայում հայ-ռուսական հարաբերություններում խորացող անվստահության մասին։
-Որեւէ միջադեպ չի եղել, եղել է նորմալ քննարկում՝ ամեն մեկն արտահայտել է իր կարծիքը։ Սա՝ մեկ։ 
Երկրորդ՝ մասնավոր անձի կարծիքը չպետք է ընկալել որպես հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող ինչ-ինչ խնդիրների, առավել եւս՝ անվստահության դրսեւորում։ Ցավոք սրտի, այստեղ որոշ թյուրըմբռնում կա. ռուսերեն խոսող ռուս մարդու ցանկացած հայտարարություն, կարծիք, մեկնաբանություն, անկախ նրանից՝ նա ինժեներ է, հասարակական գործիչ, պատգամավոր թե նախագահի ապարատի ներկայացուցիչ, մեզանում ընկալվում է իբրեւ Ռուսաստանի պաշտոնական տեսակետ։ Այդպես չէ՛։ 
Ուրիշ բան, որ ոմանց տրված է հանձնարարություն՝ ստեղծել թշնամու կերպար, ի դեմս Ռուսաստանի, սեւացնել, վարկաբեկել, նվաստացնել Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ։ Այսինքն՝ մարդիկ ստացել են պատվեր, ստացել են համապատասխան ֆինանսավորում, եւ անում են այն, ինչ անում են։ 
Ինչո՞ւ մեր որոշ ընդդիմադիր պատգամավորներ հիստերիա բարձրացրին Կիսելյովի հայտարարությունների կապակցությամբ՝ այն աստիճան, որ կորցրին նույնիսկ մարդկային կերպարանքը։ Ստիպված՝ մեկին անվանեցի անասուն, չճշտեցի՝ մանր թե խոշոր, եւ ուզում եմ լրացնել այդ բացը՝ մանր եղջերավոր։
Բանն այն է, որ քննարկմանը մասնակցում էր ՀԿ-ների գծով փորձագետ Վերոնիկա Կրաշենիննիկովան, որն իր զեկույցում շատ հետաքրքիր շեշտադրումներ արեց, թե ինչպես են ամերիկացիները, մասնավորապես ԿՀՎ-ի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, USAID-ի միջոցով վարձում հասարակական կազմակերպություններ տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, եւ այդ վարձու ՀԿ-ների միջոցով տարածում այն գաղափարները, որ անհրաժեշտ են ԱՄՆ իշխանություններին տվյալ երկրում։ 
Եվ, իհարկե, մարդիկ, որոնք սնվում են այդ աղբյուրներից, օրինակ՝ Արզումանյան Ալիկը, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում զբաղված է գործակալական գործունեությամբ (չի էլ փորձում դա թաքցնել՝ Թուրքիայից փողերը պայուսակով բերեց, սահմանի վրա բռնվեց, տարան, նստեցրին, եւ ամաչելու փոխարեն դեռ մի բան էլ գլուխ է գովում), պետք է հիստերիայի մեջ ընկնեին, որովհետեւ իրենց «պապաներին» են կպել։

-Այնուամենայնիվ մտահոգիչ չէ՞, որ Կրեմլի «խոսափողերից» մեկը համարվող լրագրողը Հայաստանի անվտանգությունը փորձում է կապել ռուսերենի իմացության մակարդակի հետ։
-Հայաստանի անվտանգությունը պայմանավորված է ոչ թե մասնավոր անձանց՝ Կիսելյովի, Իվանովի, Սիդորովի, Պետրովի հայտարարություններով, այլ միջպետական պայմանագրերով, որ Հայաստանը կնքել է ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Եթե վաղը Սիդորովը հայտարարի, որ ռուսական բազան պետք է դուրս բերվի Հայաստանից, կամ ասի, որ Ռուսաստանն այլեւս չի աջակցելու մեր բանակի վերազինմանը՝ դրանից ոչինչ չի փոխվի, որովհետեւ դա ընդամենը Սիդորովի անձնական կարծիքն է։ 
Ինչ վերաբերում է Կիսելյովին, չեմ կարծում, թե նա այնքան պարզունակ մեկն է, որ փորձեր հրապարակավ «շանտաժի» ենթարկել մեզ։ Նրա ասածը պետք է այնպես հասկանալ, գոնե ես այդպես եմ հասկանում, որ եթե Հայաստանը որոշել է ինտեգրվել Եվրասիական միությանը, ապա ինտեգրացումը պետք է լինի ոչ միայն տնտեսական, ոչ միայն անվտանգության, այլեւ հումանիտար հարցերում։ 
Հումանիտար հարցերի մեջ մտնում է նաեւ ռուսաց լեզվի դասավանդման մակարդակի բարձրացումը. ռուսական կողմը շատ է կարեւորում այդ հարցը, եւ կարծում եմ՝ մենք էլ պիտի կարեւորենք։ 
Ինչո՞ւ։ Որովհետեւ ռուսերենը աշխարհում լայն տարածում ունեցող միջազգային լեզուներից մեկն է, որի իմացությունը, որպես օտար լեզվի, շատ կարեւոր է։ Առավել եւս, որ խնդիր ենք դրել անդամակցելու ԵՏՄ-ին, որտեղ աշխատանքային լեզուն լինելու է ռուսերենը, ճիշտ այնպես, ինչպես Եվրամիության երկրներում կարեւորվում է անգլերենի իմացությունը, երեխաները փոքրուց սովորում են անգլերեն, բացի մայրենի լեզվից, աշխատանքային լեզուն 90 տոկոսով անգլերենն է։ 
Այսինքն՝ չենք կարող ռուսների հետ ունենալ սերտ համագործակցություն պաշտպանության, անվտանգության ոլորտում, տնտեսապես ինտեգրվել ԵՄ-ին, իսկ հումանիտար հարցերում սերտագույնս համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Այդ ամենը պետք է դիտել ամբողջության մեջ, եւ դա, կարծում եմ, շատ տրամաբանական է։ 
Այլ բան է, որ ոմանք, իմ կարծիքով, միտումնավոր պարզունակացնում են այս ամենը՝ Կիսելյովի ասածը ներկայացնելով այնպես, թե՝ եթե ռուսերեն չգիտես, ուրեմն պետք է պատրաստ լինես, որ թուրքերը հարձակվեն քեզ վրա, եւ Ռուսաստանը որեւէ կերպ դրան չխառնվի։

-Նորմա՞լ է, երբ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը բացահայտորեն պաշտպանում է Ադրբեջանի շահերը ինտեգրացիոն գործընթացում, որին Ադրբեջանն առհասարակ չի մասնակցում՝ արժանանալով Ալիեւի երախտագիտության «ցույցերին», մեր դաշնակից Ռուսաստանի արտգործնախարարն էլ հայտարարում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում։
-Մենք՝ հայերս, այնքան էլ ադեկվատ չենք ընկալում աշխարհը։ Մեզ թվում է, եթե մեկն ասում է՝ իմ ընկերն ես, պետք է գնա ու պատերազմի Ադրբեջանի հետ։ Այդպես չի լինում։ 
Ղազախստանն ունի իր շահերը, իր ծրագրերը՝ Ադրբեջանի հետ կապված, եւ, ինչպես ասաց հանրապետության նախագահը, մեզ համար, իհարկե, տհաճ են այդ դրսեւորումները, բայց դրանից շատ բան չի փոխվում։ Լա՛վ, ասենք, Նազարբաեւն ընթերցեց Ալիեւի նամակը, երբ բոլոր որոշումներն արդեն կայացված էին. դրանից ի՞նչ փոխվեց։ Նազարբաեւը նույնիսկ չարտահայտեց իր կարծիքը՝ չասաց, որ դա նաեւ իր կարծիքն է, մեր առաջ որեւէ պահանջ, նախապայման չդրեց. ընդամենը ներկայացրեց Ալիեւի մտահոգությունը։ 
Առավել եւս՝ մենք պետք է լինենք այդ միության մեջ, որպեսզի կարողանանք չեզոքացնել թեկուզեւ թեթեւ, աննշան, պրակտիկ քաղաքականության վրա չազդող ադրբեջանամետ դրսեւորումները։ 
Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, ի՞նչ է, ուզում եք, որ Ռուսաստանն Ադրբեջանին բարեւ չտա՞։ Ի վերջո, յուրաքանչյուր երկիր իր արտաքին քաղաքականությունը վարում է՝ ելնելով իր շահերից։ 
Եթե Լավրովն ասեր՝ սրանից հետո ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է մեր ռազմավարական դաշնակիցը Հարավային կովկասում, հանում ենք Գյումրիի ռազմական բազան, չեղյալ համարում ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրերը՝ գուցե մտահոգվելու տեղ ունենայինք։ Փաստն այն է, որ Ռուսաստանը Թուրքիայի սահմանին կանգնած՝ պաշտպանում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի անվտանգությունը։