Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

«ԱՆԱՐԴԱՐ Է, ԵՐԲ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ
ՄԵԿՆ ՍՏԱՆՈՒՄ Է 10 ՄԻԼԻՈՆ, ԻՍԿ ՄՅՈՒՍԸ` 50 ՀԱԶԱՐ»

Երեկ ԱԺ-ն քննարկեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: Անդրադառնալով օրենքի նախագծին` ԱԺ ամբիոնից ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց, որ այս օրենքի նախագիծը դեմոգրաֆիկ ծրագիր է ու խիստ անհրաժեշտ քաղաքականություն. «Ծերացող ազգ ենք, կենսաթոշակների հարցն իսկապես ընկած է մեր բյուջեի եւ աշխատող հատվածի վրա: Բանակին զինվոր է պետք, տնտեսությանն աշխատուժ է պետք` բոլոր ոլորտներում: Եվ այսօր մենք ունենք դեմոգրաֆիկ խնդիր. անհրաժեշտ է ծնելիության խթանում, բազմազավակների աջակցություն, միայնակ մայրերի պաշտպանություն, անպտղության դեմ պայքար եւ այլն»:

Որոշ ընդդիմադիր պատգամավորներին ի գիտություն, որոնք մտահոգված էին, թե այս օրենքի նախագիծը հակադեմոգրաֆիկ է, պարոն Բաբուխանյանն ասաց. «Դեմոգրաֆիկ խնդիրը զանգվածների միջոցով կարելի է լուծել: Տասնյակ հազարավոր մայրերին աջակցելու միջոցով կարելի է լուծել: Արդեն մի քանի շաբաթ է տասնյակ հազարներին թողել ենք մի կողմ եւ խոսում ենք 15 հոգու մասին (ում աշխատավարձը 1 միլիոն դրամից ավելի է,- խմբ.):


Մենք պետք է հասկանանք, որ խնդիրը ոչ թե 15 հոգու 5 միլիոնների մեջ է, այլ խնդիրը զանգվածների` ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող սերնդի աջակցության մեջ է, ինչը, այո՛, լուծվում է ոչ ամբողջությամբ, բայց առաջին քայլն է կատարվում այս օրենքով: Եվ դրա համար մենք պետք է ողջունենք կառավարության նախաձեռնությունը` 30 հազար մայրերին, այս ո՛չ մեծ, ո՛չ ամբողջությամբ խնդիրներ լուծող, բայց առաջին քայլը կատարող օրենքի ներկայացումը Ազգային ժողովում»:

Մի շարք ընդդիմադիր պատգամավորներին էլ ի պատասխան, ովքեր փորձում էին համոզել, որ սույն օրենքում խտրականություն կա` բանախոսը հարցով դիմեց. «Իսկ խտրականություն չէ՞, որ մի մորը 10 միլիոն արձակուրդային կամ աշխատավարձ տաս, մյուսին` 50 հազար, չէ՞ որ առաջինինն էլ է երեխա, երկրորդինն էլ: Աղքատի երեխան երեխա չէ՞, որ պետք է 50 հազար ստանա իր մայրը, մինչդեռ հարուստի երեխան, որի մայրը 10 միլիոն աշխատավարձ է ստանում, չգիտես ինչի համար, 1 միլիոնով չի բավարարվում: Եվ նրան 10 միլիոն է պետք տալ, որպեսզի իր երեխային երեւի տանեն Միացյալ Նահանգներ կամ եվրոպական որեւէ երկիր ու մեծացնեն 4,5  ամիս»:

Ինչ վերաբերում է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե այս օրենքի նախագիծը հակասահմանադրական է, Հ. Բաբուխանյանը հիշեցրեց` մեջբերումներ կատարելով հենց Սահմանադրությունից. «Սահմանադրության 35-րդ հոդվածն ասում է. «Յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի եւ նոր ծնված երեխայի խնամքի համար արձակուրդի իրավունք»: Այստեղ չի ասված, թե պետք է լինի հավասար կամ պետք է լինի անհավասար, թե պետք է լինի հարյուր տոկոս կամ 95,5, կամ այլ կերպ: Այսինքն` այստեղ հակասահմանադրության հարց չկա: Խնդիրն էլի այդ 15-20 հոգու մեջ է: Այդ 15-20 հոգու աշխատավարձը, եթե դա 1 միլիոնից ավել է` 5 միլիոն է, 10 է կամ` 15, ես ձեզ հարց եմ տալիս` այդ ի՞նչ մի ականավոր աշխատանք է կատարում անձնավորությունը, որը ստանում է այդքան բարձր աշխատավարձ` մի քանի տասնյակ անգամ բարձր, քան թե Հայաստանում  միջին աշխատավարձն է: Ուրեմն` դա կամ հաջողված բիզնեսի ղեկավար է, կամ էլ ղեկավարներից մեկն է, կամ էլ թոփ մենեջեր է, որը կարող է 4,5 ամիս, ինչպես ժողովուրդն է ասում, «յոլա» գնալ մեկ միլիոն դրամով»: Հ. Բագրատյանի մեկ այլ դիտարկմանն էլ անդրադառնալով, թե գործատերը շահագրգռված չէ, որ իր աշխատակիցը մայրանա, ու դա բացառապես պետության ու այդ մոր խնդիրն է, ՍԻՄ կուսակցության նախագահը հավելեց. «Միայն հարուստ հիմնարկները կարող են տալ 10 կամ 15 միլիոն դրամ աշխատավարձ: Օրինակ, գիտությունների թեկնածուն, ամբիոնի վարիչը (խոսքը մինչեւ 40 տարեկանների մասին է) այսօր ստանում է 100-120 հազար դրամ աշխատավարձ: Այդ ի՞նչ մի թոփ մենեջեր է, որը ստանում է այդ ամբիոնի վարիչից 20 անգամ ավել աշխատավարձ: Եթե դա իսկապես անփոխարինելի թոփ մենեջեր է, ապա նրա աշխատանքի վերադառնալուն (4,5 ամսից հետո) ամենաշատը շահագրգռված է նրա գործատերը: Այո՛, այդ գործատուն է շահագրգռված, որ այդ վունդերկինդը հետո չգնա ուրիշ գործատուի մոտ: 4,5 ամսից հետո այդ վունդերկինդը հետ կգա եւ կշարունակի ստանալ իր 10 միլիոն դրամ աշխատավարձը»: Ապա նշեց. «Եթե մեկին տալիս են 10 միլիոն դրամ աշխատավարձ եւ արձակուրդի ժամանակ նրան տալիս են մեկ միլիոն, մնացած 9 միլիոնը կարելի է բաժանել, ասենք, 300 չաշխատող կանանց միջեւ, եւ դա կլինի ճիշտ: Դա կլինի արդար եւ, այո՛, դա խտրականությունը նվազեցնում է: Այդ իսկ առումով աջակցում եմ այս նախագծում մեկ միլիոնի սահմանագծումը մտցնելը, որը ճիշտ է, արդար է, ժողովրդագրական ու ժողովրդական է»:

Որպես վերջաբան` Հ. Բաբուխանյանն անդրադարձավ մեկ այլ խնդրի. «Ինչո՞ւ մենք չենք խոսում 18 հազար դրամ նպաստ ստացող 12 հազար կանանց մասին: Նրանք ստանում են մեկը 100, լավագույն դեպքում 200 կամ 300 հազար դրամ աշխատավարձ, բայց երբ գնում են ֆիզարձակուրդ, երկու տարի ստանում են 18 հազար դրամ փոխհատուցում: Այստեղ է, որ ժողովրդագրական խնդիր կա, որովհետեւ այդ կինը չի կարող 10 միլիոն դրամ աշխատավարձ ստացողի պես մեկին հարյուր հազար դրամ տա, որ իր երեխային պահի, իսկ ինքը վերադառնա իր 100 հազար դրամանոց աշխատանքին: Այդ գումարով երիտասարդ ընտանիքները մի կերպ «յոլա» են գնում: Այսինքն` այդ մայրը պետք է իր 200-300 հազար դրամանոց աշխատանքից հրաժարվի եւ 18 հազար դրամով երկու տարի երեխա մեծացնի: Սրա մասին պետք է մտածել, այստեղ է զանգվածային խնդիրը: 18 հազար դրամը շատ քիչ է, եւ դրանով չենք կարող ծնելիությունը բարձրացնել: Ես առաջարկում եմ այն կանանց, ովքեր 18 հազար դրամ փոխհատուցում են ստանում` երկու տարի տանը նստած, նրանց թույլ տալ, որ գոնե մինչեւ նվազագույն աշխատավարձի չափով հնարավորություն ունենան պայմանագրային կարգով ստանալ լրացուցիչ եկամուտ: Մինչդեռ այսօր ստացվում է, որ 18 հազար դրամ նպաստ է ստանում, բայց եթե 5 հազար դրամի միանվագ աշխատանք է կատարում, այդ նպաստը կտրում են: Ես առաջարկում եմ համապատասխան փոփոխություններն ընդունելով` կողմ քվեարկել սույն օրենքին, որ բարելավվի 42 հազար մայրերի ֆինանսական վիճակը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ