Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ. ՀԱՅԿ

ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

- Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ Ձեզ եւ ամբողջ հայ ժողովրդին Արցախի Հայաստանին վերամիավորման 25-րդ տարեդարձի առթիվ։

25 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը։ Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի ինտեգրացման գործընթացները։

1990 թվականի մայիսին ՀՍՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես Արցախում ձեւավորված 6 ընտրատարածքներում։ Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում։ Վերամիավորման որոշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն, նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն։

Հետագայում ԼՂՀ-ի ձեւավորումը որեւէ կերպ չի հակասում վերամիավորման որոշմանը եւ դրա գաղափարախոսությանը։ ՀՀ-ի անքակտելի մաս հանդիսացող Արցախի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից պետք է դիտվի որպես բանակցությունների արդյունքում հայկական կողմի փոխզիջում եւ ոչ թե վերջնական նպատակ։ Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա երիտասարդ սերնդի կրթության եւ դաստիարակության ասպարեզում։

Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններին, ապա այստեղ նույնպես վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ՝ նշելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէր ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ի անդամակցելու պահին՝ 1922 թվականին, այլ նաեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին՝ սկսած 89 թվականի դեկտեմբերի 1-ից։

Ելնելով վերոհիշյալից, ՍԻՄ կուսակցությունը, որը «Հանրապետական» կուսակցության եւ այլ ազգային ուժերի հետ միասին կանգնած էր վերամիավորման որոշման ակունքներում, անհրաժեշտ է համարում դեկտեմբերի 1-ը հռչակել որպես ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ տոն՝ համապատասխան փոփոխություն կատարելով «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։

Ս.թ. դեկտեմբերի 5-ին Ֆիլհարմոնիայի փոքր Առնո Բաբաջանյան դահլիճում, ժ.15-ին տեղի կունենա  վերամիավորման 25-ամյակին նվիրված գիտամշակութային հանդիսություն, սիրով հրավիրում եմ ձեզ: Շնորհակալություն։

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթը՝ 02.12.2014թ.