Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Չորեքշաբթի, 14 Հունվար 2015 19:12

"ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐՆԵՐԻ ՁԵՎ"

Ամանորյա տոներին տեղի ունեցած աշխարհացունց դեպքը փարիզյան  հանդեսի խմբագրակազմի գնդակահարումն էր: Սրտանց ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաեւ կարեկցանք ու աջակցություն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ  ժողովրդին: Բարեբախտաբար  առաջադեմ մարդկությունը համախմբվեց ահաբեկչության սպառնալիքի դեմ, միայնակ չթողեց ֆրանսիացիներին ու հատկապես ֆրանսիացի լրագրողներին, քանի որ այդ ուղտը կարող է չոքել ցանկացածի դռանը: Այս  քստմնելի ահաբեկչությունից, այնուամենայնիվ, պետք է անել որոշ եզրակացություններ.
1. Փարիզում գնդակահարում էին ոչ միայն կոնկրետ լրագրողների, այլ խոսքի ազատությունը: Անկախ նրանից, որ անձամբ  չեմ կիսում  այն խոսքը, որը հնչել է "Շառլի" ամսագրի էջերից, ավելին` դատապարտում եմ ամսագրի տեսակետը, միաժամանակ պետք է պաշտպանեմ խոսքի ազատության սկզբունքը եւ ամենախիստ կերպով  մենք դատապարտում ենք խոսքի ազատության դեմ ցանկացած դրսեւորում, կարծիքի արտահայտման համար ցանկացած հետապնդում:
Բարեբախտաբար, Հայաստանի անկախության տարիներին մեզանում խոր արմատներ է գցել խոսքի ազատությունը, եւ մենք պարտավոր ենք այն պաշտպանել բոլոր միջոցներով: 2014-ին մենք առիթ ունեցանք  խոսքի ազատության իրավունքը պաշտպանել  բազմաթիվ դատական գործընթացներում, երբ "Իրավունք" թերթի գլխավոր խմբագրի եւ մի շարք լրագրողների հանդեպ  սկսվեցին  զանգվածային  դատավարական (եւ ոչ միայն) հետապնդումները` վերջիններիս արտահայտած կարծիքի համար: Կարծիքն էլ այն էր, որ Հայաստանում յուրաքանչյուրը պետք է ամբողջությամբ  օգտվի Սահմանադրությամբ տրված խոսքի ազատությունից, եւ երբ մեզ բոլորիս հայտնի եւ սիրելի  երգչուհիներ Արշակյան քույրերը բացասական կարծիք են հայտնում հոմոսեքսուալիզմի վերաբերյալ, դա չպետք է բերի կարծիք արտահայտողների հանդեպ զանգվածային հետապնդումների, վիրավորանքների ու սպառնալիքների ալիքի: Առավելեւս, որ Արշակյան քույրերի արտահայտած կարծիքն ամբողջությամբ համապատասխանում է մեր ազգային ավանդույթներին ու ժառանգությանը, քրիստոնեական  բարոյականությանը, եւ այդ կարծիքը կիսում է մեր ամբողջ բարեպաշտ ժողովուրդը: "Իրավունքը" պաշտպանեց Հայաստանի քաղաքացիների խոսքի իրավունքը, եւ ինքը հայտնվեց հետապնդումների  դաշտում: Հոմոսեքսուալիզմի լոբբիստները  կամ ինչպես իրենց անվանում են` "կոնչիտայի վկաները", իսկական հետապնդում սկսեցին, այս անգամ` "Իրավունքի" խոսքի իրավունքի հանդեպ: Ցավոք, մեզանում գտնվեցին  փաստաբան կամ  լրագրող կոչեցյալներ, որոնք, հույս ունենալով Արեւմուտքից  մի ավելորդ 30 արծաթի գրանտ  կամ  Արեւմուտքում բարձր վարձատրովի աշխատանք ստանալ, սկսեցին ցեխ շպրտել "Իրավունքի" վրա, ինչը նույնն է, թե խոսքի ազատության վրա: Այսօր նույն այն մարդկանցից ոմանք, ովքեր Հայաստանում արշավ էին սկսել խոսքի իրավունքի եւ իրենց կարծիքը արտահայտող լրագրողների դեմ,  փարիսեցիաբար ծաղիկներ են դնում  Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Դա նույնն է, երբ ահաբեկիչը ծաղիկ է դնում իր զոհի հուշաքարին:
Մենք Հայաստանում նույնպես պետք է համախմբվենք խոսքի ազատության պաշտպանության շուրջ: Ցանկացած կարծիք, առավելեւս համարձակ կարծիք կարող է ունենալ իր հակակարծիքը: Սակայն ոչ մի պարագայում կարծիքների բախումը հանրության մեջ չպետք է ստանա հետապնդումների  եւ հաշվեհարդարների ձեւ:
2. Ցանկացած հասարակության  մեջ կան հակասություններ, հակադիր շահեր, տարբերվող կարծիքներ: Եթե դրանց լուծումը դուրս է գալիս օրենքից եւ հասարակական բարոյականության պահանջներից, ապա տանում է դեպի ահաբեկչություն ու բարիկադներ: Առավելեւս, որ բազմաթիվ արտաքին ուժեր ամեն ինչ անում են, որ հակասությունները վերածվեն բարիկադների: Իսկ այդ հակասությունները կարող են լինել շատ տարբեր, օրինակ` հարուստների եւ աղքատների,  օլիգարխների ու փոքր եւ միջին ձեռնարկատերերի, գործատուների ու աշխատավորների, տարբեր կրոնների հետեւորդների միջեւ եւ այլն: Պետությունը պետք է ժամանակին հայտնաբերի եւ օրենքի ուժով կարգավորի բորբոքման աստիճանի հասնող հակասությունները: Անդրադառնալով փարիզյան ողբերգության հիմքում ընկած կրոնական հակասություններին, պետք է եւս մեկ անգամ փաստել, որ Հայաստանի նման  ավանդապաշտ,  իր ուրույն  ազգային եւ միաժամանակ համամարդկային եկեղեցի  ունեցող պետության մեջ անկասկած պետք է գործի խղճի ազատությունը: Սակայն մյուս կողմից խղճի ազատությունը չպետք է ստանա այնպիսի ձեւեր, երբ վիրավորվում են հավատավոր ժողովրդի կրոնական զգացմունքները: Հետեւաբար պետք է անթույլատրելի համարել ագրեսիվ կրոնական փոքրամասնությունների  հոգեորսության դրսեւորումները եւ կանխել դրանք: Յուրաքանչյուր մարդ կարող է ազատորեն ունենալ իր հավատքը, սակայն անթույլատրելի են  ուրիշին դավանափոխ անելու փորձերը: Եվ պետք է օրենքի ուժով արգելված լինի, երբ ինչ-որ մեկը ծեծի հայ քրիստոնյայի դուռը եւ փորձի նրան "բացատրել", որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդը հրաժարվի իր եւ իր պապերի եկեղեցուց:
3.  Խղճի եւ խոսքի ազատությունները  հզոր գործիքներ են  ազատ մարդկանց,  կուռ եւ համախմբված, ազնիվ եւ բարեպաշտ հասարակություն ու պետություն ձեւավորելու համար: Եվ վերլուծելով փարիզյան զարհուրելի ողբերգությունը` պետք է եւս մեկ անգամ եզրակացնել, որ վերոհիշյալ հզոր գործիքները չի կարելի կիրառել հանրության մեջ հակասությունները բորբոքելու, ծայրահեղականացնելու նպատակով:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ